Մոտ 8 ամիս «Նուբարաշեն»-ում եմ մնացել, տարուց ավել՝ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, բայց այդքանն էլ բավական էր, որ մաշկիս վրա զգայի գաղութի ողջ դաժանությունը։ Բանտում հայտնվելուց հետո բոլորն էլ ունենում են խնդիրներ, բայց ես նախքան դա էլ ունեի…
Կար ժամանակ, երբ ապրում էի բոլորի նման, վայելում ընտանիքիս սերը, ընկերներիս հարգանքը, բայց ամեն ինչ փոխվեց, երբ նրանք իմացան իմ մասին: Ես տրանս եմ: Մեր իրականության մեջ ինձ նման մարդիկ չեն ընդունվում, քարկոծվում են, լավ գիտեք։ Ես էլ «արժանացա» ընտանիքիս կշտամբանքներին, կորցրեցի ընկերներիս մեծ մասին, ունեցա անախորժություններ աշխատավայրում…
Արդեն սովորել էի հաղթահարել այդ խնդիրները և ապրում էի իմ բնականոն կյանքով, երբ 2017 թվականի սեպտեմբերին ապօրինաբար հայտնվեցի ոստիկանությունում: Այնտեղ պահեցին երեք օր: Հետո տեղափոխեցին «Նուբարաշեն»:
Մինչ տեղափոխվելը ծանր ապրումներ ունեի, ինչին գումարվում էր վախը, որն ամեն կերպ սաստկացնում էին ոստիկանները՝ դաժան տեսարաններ նկարագրելով և պնդելով, որ բանտում ինձ նմաններին չեն սիրում: Կարծես թե դրսում շատ էին սիրում: Սովոր էի չհասկացված ու անտեսված լինելուս։
Երբ դատարանից բանտ էին տեղափոխում, նկատեցի, որ մեքենայում մի քանի խցեր կան, բայց ինձ նստեցրին ամենափոքրի մեջ, որտեղ ընդամենը մեկ աթոռ էր տեղավորվում: Հետո, երբ բանտից բանտ էին տեղափոխում կամ տանում էին դատերի, հասկացա, որ դա «մեր» խուցն է: Մեզ առանձին խցում էին նստեցնում, «նորմալ» մարդկանց՝ առանձին: «Մենք» պետք է այդտեղ նստեինք, դե «մեզ» ամենուր առանձնացնում են: Տեղափոխող ոստիկանների վերաբերմունքը միանշանակ չէր: Իմ մազերը երկար էին, կարմիր ներկած ու աչք էին ծակում։ Մարդ կար՝ սովորական էր նայում, մարդ կար՝ զարմացած, մարդ էլ կար՝ ագրեսիվ:
Ոստիկանությունում երեք օր պահեցին, հետո տարան դատարան, դատարանից էլ գիշերը տարան բանտ… Ես էլ՝ հոգնած, վախեցած…
Դեռ չգիտեի՝ գաղութն ինչ է, բայց գաղութի աշխատողներն արդեն գիտեին՝ ես ով եմ: Առանց համաձայնությունս ստանալու՝ ասացին, որ պետք է դիմում գրեմ, այլապես իրենք կգրեն, ես կստորագրեմ։ Դե այնտեղ այնպիսի հոգեվիճակում ես լինում, որ ինչ թուղթ էլ տան՝ կստորագրես։ Դիմում գրեցի, որ ես, լինելով «արվամոլ», խնդրում եմ ինձ տանել «արվամոլների» խուց։ Այդ դիմումը կցում են անձնական գործիդ, և այլ բանտ տեղափոխելու դեպքում նույնպես մնում է քո գործերի մեջ:
Հետո տեղափոխեցին բանտախուց, ուր մտնելու պահից սկսած ինձ համար բացվեցին «սարսափ-սենյակի» դռները՝ ահավոր սանիտարահիգիենիկ պայմաններ, խավարասերներ՝ ամեն սանտիմետրի վրա 10-15 հատով հավաքված… Խցերը չէին ախտահանում, ու եթե մի վայրկյան աչքդ ուտելիքից հեռացնում էիր, լցվում էին ուտելիքիդ մեջ… Եվ խցակիցներ, որոնք ոչ նույնասեռական էին, ոչ տրանս: Պարզապես ժամանակին սեռական ծառայություններ էին մատուցել, որ գումար աշխատեին, գոյատևեին…
Շատ դժվար էր սկզբում… Ես իմ արտաքինով տարբերվում էի: Խցակիցներս սկսեցին սեռական բնույթի առաջարկներ անել, իսկ բացասական պատասխան ստանալուց հետո՝ ճնշել ու ստորացնել… Կարող էի աշխատակիցներից օգնություն խնդրել, բայց դե զուր էր: Նրանց դիտողությունից ոչինչ չէր փոխվի: Արդյունքում իմ և խցակիցների միջև վիճաբանություն եղավ, ինչից հետո խուցս փոխեցի…
Մյուս խուցը դարձյալ փոքր էր… Մենք էլ մոտ տասը հոգի էինք… Օդափոխություն չկար, գարշահոտություն էր… Քրտինքի տհաճ հոտ էր միշտ խցում, իսկ լողանալը՝ մի մեծ պատմություն: Ջուրը ժամով էին տալիս, հավաքում էինք, բայց երբ ուզում էի այդ հավաքած ջրով լողանալ, հետս կռվում էին, որ իրենք շաբաթը մեկ են լողանում, իսկ ես՝ ամեն օր։ Դե ջուրը քիչ էր, ասում էին, որ հաջորդ օրը զուգարանի կամ խմելու ջուր չեն ունենա իմ պատճառով: Ես էլ ստիպված տեղի էի տալիս:
Խցեր կային, որոնց զուգարանի պատերը կիսատ էին: Մեր խուցը «լավն էր», քանի որ զուգարանը խցից պատով էր առանձնացված: Սակայն դրանից մթնոլորտը չէր փոխվում: Այն ճնշող էր: Անընդհատ նույն մարդկանց, նույն դեմքերն էի տեսնում… Պատկերացրեք, ամեն օր առավոտյան աչքերդ բացում ես ու նույն տեսարանը. նույն մարդը՝ միշտ նույն շորերով, նույն տեղում նստած, նայում է դեմքիդ: Այնքան ես տեսնում, որ սկսում ես զզվել… Ուզում ես գնալ մի տեղ, որ օրերով այդ մարդկանց չտեսնես, ու հոգեկանդ չխանգարվի: Վերջապես մարդ ես չէ՞, հոգնում ես…
Ախր չես էլ կարող խցակիցների հետ ընդհանրապես չշփվել: Նախ կգժվես, հետո էլ բոլորը կլարվեն քո դեմ: Բանտում հինգ րոպեն հինգ ժամ է թվում: Ճիշտ է, երբեմն փորձում էի ընդհանուր թեմաներ գտնել՝ ավելորդ լարվածությունից խուսափելու և ժամերն ավելի հեշտ գլորելու համար, բայց այդ շփումից բան չէի հասկանում: Շատ սահմանափակ բաների մասին էին նրանք մտածում. օրինակ՝ ամբողջ օրը պոռնոգրաֆիկ ֆիլմեր էին նայում:
Ուրիշ զբաղմունք չկար «Նուբարաշեն»-ում: Մեկ էլ կարող էինք հեռուստացույց նայել կամ թղթախաղ ու դոմինո խաղալ… Բայց այդքանով հանդերձ խցակիցներս, նախորդների հետ համեմատած, լավն էին: Կամ նույնասեռական էին, կամ տրանս: Դրա համար էլ ավելի հեշտ էի հետները լեզու գտնում: Մոտ 8 ամիս մնացել եմ այդ խցում, ընդամենը մեկ անգամ է մեր մեջ թեթև ընդհարում եղել:
Միակ լուսավոր կետը կարճատև տեսակցությունն էր՝ քննչական սենյակում… Բայց այս հարցում էլ բախտս չբերեց: Ինձ տեսակցության եկած տրանս անձին շատ վատ էին վերաբերվել: Աշխատողները քմծիծաղով հետևից բարձր ասել էին՝ հիմա սա աղջիկ է, թե՞՝ տղա: Նա միակ մարդն էր, որ ինձ հետ մտերիմ էր, տեսակցության էր գալիս:
Վախենալով, որ նա այդ պայմաններում էլ չի ցանկանա այլևս տեսակցել ինձ, որպես բողոք՝ ինքնավնասում արեցի՝ ոտքերիս թուք ներարկելով: Դա իմ առաջին ինքնավնասումն էր: Այդպես փորձել էի բողոքել հիմնարկի աշխատողների դեմ, որ ծաղրել էին ինձ տեսակցության եկած անձին, և նրանք տույժ ստացան իրենց սխալի համար։
Ինձ տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այնտեղ մնացի որոշ ժամանակ, բայց դուրս գրելուց հետո ինձ նորից բերեցին «Նուբարաշեն»:
Դե, բնականաբար ոչինչ չէր փոխվել։ Հասկացա, որ այդ պայմաններում չեմ կարող ապրել: Ես սարսափում էի խավարասերներից: Սնունդ կոչվածն աշխատողներն էին լցնում, բաժանում մեզ, որից միայն հացն էր քիչ թե շատ ուտելու: Այն էլ պիտի շատ արագ ուտեիր, քանի խավարասերները քեզնից առաջ չէին անցել։ Հազիվ էի դիմանում այդ պայմաններին: Բայց դա ոչ մեկին չէր անհանգստացնում: Խցից դուրս այլ բանտարկյալների հետ շփում չունեի, որովհետև փակված էինք, և տեսնվելու, առնչվելու հնարավորություն պարզապես չկար։ Եթե նույնիսկ զբոսանքի էին տանում, ամեն մեկն իր խցակիցների հետ էր: Զբոսահրապարակը վերին հարկում էր, նույն խուցն էր, ուղղակի առաստաղի փոխարեն՝ ճաղեր:
Անգամ ամենավատ մարդու համար դրանք նորմալ պայմաններ չէին:
Բողոքներս լսելի դարձնելու և «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելու համար որոշեցի երկրորդ անգամ ինքնավնասում անել: Ներքին կանոններով՝ խցում ինքնավնասում չի կարելի անել, որպեսզի խցակիցների համար ավելորդ խնդիրներ չառաջանան: Հետո՝ խցում հնարավոր է՝ խանգարեն, չթողնեն: Միակ ելքը ինքնամեկուսացում խնդրելն էր:
Մենախցում ավելի ահավոր էր: Ընդհանուր առմամբ մոտ քսան օր եմ մնացել: Ժամանակն այնտեղ ասես կանգ է առնում: Գժվում էի մենակությունից: Հեռուստացույց էլ չկար: Միայն նվագարկիչ էր։ Որքա՞ն կարելի էր չորս պատերի մեջ անընդհատ նույն երգերը լսել: Ցանկության դեպքում տանում էին զբոսանքի, բայց չէի էլ ուզում տեղիցս վեր կենալ: Տարօրինակ էիր դառնում այդ պայմաններում։ Մի կալանավոր կար, որ 8 ամիս մնացել էր մենախցում: Հոգեկանը շեղվել էր։ Ես երկար չդիմացա ու իրագործեցի մտքինս. երկաթ կուլ տվեցի՝ գդալ և մի հատ մեծ մեխ:
Դե ներքին օրենքներից տեղյակ էի: Գիտեի, որ պետք է համաձայնություն տաս, որպեսզի քեզ վիրահատեն, ինչին ես համաձայն չէի: Կամ էլ պետք է տեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց»՝ բժշկի հսկողության տակ լինելու համար, քանի որ հնարավոր է երկաթները ցանկացած պահի ստամոքսդ ծակեն: Կուլ տալիս երևի ինչ-որ մի տեղ վնասվել էր, արյուն էր գալիս: Կանչում էի հսկիչներին, ասում էի՝ վատ եմ, լուրջ չէին վերաբերվում: Այնտեղ որքան էլ վիճակդ ծանր լիներ, շտապ օգնություն չէին կանչում, միայն ցավազրկող էին առաջարկում։
Մոտ տասը օր դիմանալուց հետո երբ հասկացա, որ ինձ էլ լուրջ չեն վերաբերվում, բուժքրոջը խնդրեցի ցավազրկող ներարկել՝ ցավերս մեղմելու համար: Հենց այդ ժամանակ էլ, հուրախություն ինձ, նա ներարկիչը մոռացավ խցում, որը ես արագ թաքցրեցի, նույն գիշերը թուքը քաշեցի ներարկիչի մեջ ու սրսկեցի ոտքերիս:
Դրանից հետո գրեցի, որ ինձ մեկուսարանից տեղափոխեն ընդհանուր խուց, որտեղ դաժան օրեր էին սպասվում։ Խցակիցներից մեկը սիրահարվել էր և ինձնից հեռու չէր գնում… Հազիվ էի քայլում, ոտքիս վիճակը ծանր էր: Անընդհատ օգնություն էի կանչում, իսկ խցակիցս, հասկանալով, որ ինձ կտեղափոխեն, աշխատակիցներին համոզում էր, որ իրականում ես շատ էլ լավ եմ ինձ զգում։
Բախտս բերեց, որ մի կազմակերպության միջնորդությամբ դիտորդներ եկան, ինչից հետո ինձ վերջապես տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»:
«Դատապարտյալների հիվանդանոցն» իսկական դրախտի էր նման: Զբոսանք, մաքուր օդ, շփում այլ կալանավորների հետ և որ ամենակարևորն էր ինձ համար՝ խավարասերներ չկային։
Ասեմ, որ այնտեղ այլ կանոններ էին: «Նուբարաշեն»-ում չէին պարտադրում, որ աշխատանք անես: «Դատապարտյալների հիվանդանոց»-ում էլ դե յուրե չէին պարտադրում, բայց դե ֆակտո՝ պարտավոր էիր ու գիտեիր, որ չաշխատելու դեպքում ամեն րոպե կարող էին դուրս գրել քեզ: Եթե ուզում էիր մնալ այդ հիմնարկում, ուրեմն պետք է որևէ աշխատանք կատարեիր: Նույնասեռականների համար աշխատանքը հիմնականում զուգարան մաքրելը կամ ավել անելն էր։ Այսպիսին էին ներքին կանոնները, և դա նորմալ էր դիտվում թե՛ աշխատակիցների, թե՛ կալանավորների կողմից։
Ես լվացքատանն էի աշխատում, նաև երբ ուզում էի, խցերի մաքրությունն էի անում և դրա դիմաց բանտարկյալներից վարձատրություն ստանում ՝ 3 տուփ ծխախոտ՝ իմ ուզած, կամ գումար՝ 1500-2000 դրամ, որն իդրամի հաշվին էին փոխանցում: Եղել են դեպքեր, երբ դատապարտյալներն ինձ փորձել են վիրավորել: Ես էլ ասել եմ, որ իրենց խցերն էլ չեմ մաքրի, ու սսկվել են։
Ես իմ արտաքինին շատ էի հետևում: Դե այնտեղ էլ շատ էին երկար պատժաչափով նստած տղամարդիկ, որ տարիներով աղջկա երես չէին տեսել… Մարդ կար՝ բարևում էիր, սկսում էր «ուրիշ բան» խնդրել… Ամեն կերպ ուզում էին ինձ սիրաշահել, որ…
«Նուբարաշեն»-ում եղած ժամանակ խցից դուրս հնարավոր չէր սեռական հարաբերություն պարտադրել: Երբ նույնիսկ զբոսանքի էին տանում, ամեն մեկն իր խցակիցների հետ էր: Խցի ներսում են մի քանի անգամ փորձել բռնաբարել…
Եղել է դեպք, երբ դատերին մասնակցելու համար այլ հիմնարկներից ազատազրկված անձանց են բերել «Նուբարաշեն», մեջների փորձառուները սկսել են վախեցնել: Մի անգամ էլ «զոն նայողն» է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում ստիպել… Չնայած նրանից ինչ «նայող»… Մի քանի օրով «նշանակել էին», մինչև նորմալ փոխարինող կգտնեին: Թեև ոչ մի անգամ էլ ինձ ճնշել չի ստացվել: Ներքին օրենքները գիտեի:
Այնտեղ ոչ ոք իրավունք չուներ քեզ անհիմն նեղացնելու, ինչ է թե տարբերվող արտաքին ունես: Եթե մարդկանց չես խանգարում, նեղություն չես տալիս, իրավունք չունեն քո արտաքինի պատճառով քեզ վիրավորել կամ «ինչ-որ բան» ստիպել: Եթե նման բան լինի, կարող ես «զոն նայողին» դիմել, ու նա ում պետք է՝ կպատժի:
«Դատապարտյալների հիվանդանոց»-ում ես երկու անգամ եմ սեռական հարաբերություն ունեցել, երկուսն էլ՝ իմ կամքով։ Կոնկրետ ինձ 40,000 դրամ են վճարել՝ կախված իմ արտաքինից, իսկ մարդ կար մի տուփ սիգարետի համար էլ էր պատրաստ «դա» անել… Մի խոսքով՝ գինը կարող էր տարբեր լինել՝ կախված նրանից, թե ինչպես ես քեզ պահում, ներկայացնում…
Այնտեղի ներքին օրենքների մասին շատ բան եմ հասցրել սովորել: Բանտարկյալները երեք խմբի են բաժանվում՝ «գողականներ», «հարիֆներ» և գեյեր: Բոլոր խնդիրները լուծում է «զոն նայողը»: Հարիֆը սովորական կալանավորն է, որ ոչ գողական է, ոչ նույնասեռական: Գողական կանոններով դու «հարիֆի» հետ լեզվակռվի մեջ մտնելու իրավունք չունես: Եթե որևէ խնդիր ես ունենում, պետք դիմես «զոն նայողին»։ Նա է բոլոր հարցերը կարգավորում:
Չնայած ժամանակի ընթացքում ես էլ էի արդեն հմտացել: Եթե վստահ էի, որ այդ մարդն իմ ասածը կամ արածը կհասցնի «զոն նայողին», ես էի առաջինը դիմում նրան: Իսկ եթե հասկանում էի, որ պատասխան վիրավորանք հասցնելով հարցը կփակվի, այդպես էի անում:
Բանտում մենք «նորմալ մարդկանց» սպասքից օգտվելու, նրանց հետ նույն սեղանի շուրջ նստելու իրավունք չունենք… «Դատապարտյալների հիվանդանոցի» բաժանմունքներում «նորմալ» դատապարտյալներն իրենց առանձին տաղավարներն ունեին, որտեղ մեր մուտքն արգելված էր: Սովորական նստարաններին էինք միայն նստում։
Անգամ մեր տեսակցությունների սենյակներն էին առանձին: Օրինակ, «Նուբարաշենում» մեր տեսակցությունները քննչական սենյակներում էին կազմակերպում, ոչ թե կարճատև տեսակցության սենյակներում: Իսկ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում մեծ սենյակ էին հատկացրել մեզ՝ իր բոլոր հարմարություններով, որը նախատեսված էր և կարճատև, և երկարատև տեսակցության համար:
… Ինձ մեկ տարի, ութ ամիս ապօրինաբար են պահել այդ հիմնարկներում: Ճիշտ է, երբ դուրս եմ եկել բանտից, հասել եմ նրան, որ պետությունից փոխհատուցում եմ ստացել, բայց սարսափելի ապրումներս ու կրածս չարչարանքները մոռանալ չի լինում: Ինքնավնասումների հետքերը մնացել են: Ամեն անգամ վերհիշում եմ այդ օրերը և զարմանում եմ, թե ինչպես եմ այդ մղձավանջի միջով անցել…
Ոչ մի մարդ արժանի չէ բանտի այդ պայմաններին: Բանտն այնքան վատ տեղ է, որ ինձ մեկ-մեկ հարցնում եմ՝ դա իրականում տեղի է ունեցել ինձ հետ, թե ուղղակի վատ երազ է, վատ հիշողություն: Հնարավոր չէ, որ մարդու հետ նման բան պատահի: Զարմանում եմ, որ ես այդքանի միջով իրականում անցել եմ:
Ես դուրս գալուց հետո ինձ շատ վատ էի զգում, չէի կարողանում հանգիստ քնել, որովհետև բանտում մոտ երկու տարի շարունակ մի աչքս բաց եմ քնել, քանի որ ինչ ասես՝ կարող էր պատահել: Անընդհատ լարված եմ եղել, անգամ նորմալ չեմ էլ քնել: Երբ դուրս էի եկել, դրսում էլ առաջին երեք ամիսը լարված էի:
Կալանավայրի դառնությունը ճաշակելուց հետո քաղցր է ազատությունը, բայց բախվեցի նոր խնդիրների: Չկան առանց այն էլ քիչ մնացած ընկերներս, աշխատանք կամ պետական որևէ աջակցություն։ «Մեզ» ամենուր մերժում են, արժանացնում վատ վերաբերմունքի, զրկում իրավունքներից, և այս ամենին է գումարվում նախկին կալանավոր լինելը։ Էլ ո՞վ աշխատանք կտա կամ կաջակցի մեզ այս հասարակությունում։ Նման խնդիրները ես և ինձ նման անձինք ի զորու չենք լուծել և ունենք թե՛ պետության, թե՛ հասարակության աջակցության կարիքը…
Բայց խելք եմ հավաքել: Էլ առաջվա միամիտը չեմ: Ավելի ինքնավստահ եմ դարձել, փորձում եմ ինքս ինձ հենարան լինել… Դրա հետ մեկտեղ նաև դարձել եմ հիշաչար: Եթե հիմա փորձեն ինձ նեղացնել, տասնապատիկ ուժգին ես կնեղացնեմ… Ես դեռ կրում եմ կալանավայրում անցկացրած օրերի հետևանքը և չեմ կարողանում մոռանալ այդ անմարդկային դաժանությունը։ Ավելի շուտ ինքնասպան կլինեմ, քան նորից կհայտնվեմ բանտում։
Սա է իմ ինքնությունը: Ես չեմ կարող թաքցնել այն, փորձեք մարդկանց ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան… Իմ ինքնությունը չի ազդում իմ մարդկային որակների վրա, փորձեք քարկոծելուց առաջ գոնե փոքր-ինչ ճանաչել…
Տրանս կին
Ապրիլի 15, 2021թ.