Ես պատիժս կրել եմ «Երևան-Կենտրոն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում՝ փակ ռեժիմով, «Վանաձոր»-ում՝ կիսափակ ռեժիմեվ և «Սևան»-ում՝ կիսաբաց ռեժիմում։
Աշխատանքի հնարավորությունները տարբեր են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, քանի որ հիմնարկների միջև տարբերություն կա։ Կան հիմնարկներ, որտեղ աշխատանքի հնարավորություն բացարձակապես չկա: Հիմնարկներ էլ կան, որտեղ ճիշտ է, սահմանափակ թվով, բայց աշխատատեղեր կան:
«Երևան-Կենտրոն»-ում աշխատանքի հնարավորությունն իսպառ բացակայում է: Կիսափակ և կիսաբաց հիմնարկներում աշխատատեղեր կան, բայց սահմանափակվում են հիմնարկի ներքին տնտեսական պահանջներով՝ բաղնիքի և պոմպակայանի սպասարկում, տարածքների բարեկարգում և սանիտարական մաքրություն, ճաշարանի կամ խոհանոցի, էլեկտրիկի, պարենային ապրանքների բեռնման և բեռնաթափման, գրադարանավարի աշխատանքներ և այլն: Կախված հիմնարկից՝ այդ աշխատանքները կարող են լինել վարձատրվող կամ չվարձատրվող: Հիմնականում սրանք են, այլ հնարավորություն այսօրվա հիմնարկներում առկա չէ։
«Վարաձոր»-ում ես կիսափակ ռեժիմում էի պատիժս կրում: Դա եղել է 2013-2014 թվականներին: Այնտեղ աշխատատեղեր որպես այդպիսին չկային: Սանմաքրման աշխատանքները կատարում էին այն դատապարտյալները, որոնք ավանդաբար զբաղվում էին այդ աշխատանքներով։ Խոսքը վերաբերում է սոցիալապես խոցելի անձանց: Այդ աշխատանքը վարձատրվում էր:
Այնտեղ մենք մի անգամ կատարել ենք սեզոնային աշխատանք: Մոտ 4 ամիս է տևել, եթե գումարենք 2 սեզոնն իրար հետ։ Երբ կարտոֆիլ ու պարենային ապրանքներ են բերել հիմնարկ, մենք օգնել ենք այդ ապրանքները պահեստավորել հիմնարկի պահեստում: Դրանից բացի օգնել ենք կաղամբի, գազարի, ճակնդեղի պահածոյացման գործընթացին: Թթու էինք դնում բետոնից սարքված փոքր ավազանի մեջ, որ ձմռանը օգտագործվի։ Դա չվարձատրվող աշխատանք էր, որին մասնակցել են միայն մեր բանտախցի դատապարտյալները՝ 3 հոգի: Ազատազրկման 10 տարվա ընթացքում այդ 3-4 ամսին է եղել, որ ինչ-որ աշխատանք եմ արել։
Նախաձեռնությունը վարչակազմի կողմից էր: Աշխատակիցն ասաց, որ դիմում պետք է լրացնենք, որտեղ պետք է շեշտենք, որ խոսքը վերաբերում է չվարձատրվող աշխատանքներին։ Մենք այդպես էլ վարվեցինք՝ հասկանալով, որ եթե այդպես չնշենք, մեզ այդ աշխատանքների մեջ չէին ներգրավի։ Մեր դիմումներն ուսումնասիրվել և մակագրվել են անվտանգության, օպերատիվ, սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից, ինչից հետո հիմնարկի պետի կողմից է մակագրվել:
«Վանաձոր»-ում մի անգամ նաև համակարգչային դասընթաց էին կազմակերպել, որին մասնակցել էին միայն մեր և հարևան բանտախցի դատապարտյալները, այսինքն՝ 2 բանտախուց, բայց հիմնարկ կա 42 բանտախուց: Մասնակցելը պայմամավորված էր վարչակազմի կողմից թույլ տալով կամ չտալով: Այնպես չէ, որ մնացած դատապարտյալները ցանկություն չունեին: Ինչու թույլ չէին տալի՞ս: Երևի ենթադրում էին, որ կարգապահական խնդիրներ կլինեն: Բայց ենթադրելն ինչպե՞ս կարող է թույլ չտալու հիմք ծառայել: Թող մի անգամ փորձեին, տեսնեին՝ խնդիրներ կան, թե չկան։
«Սևան»-ում ոչ մի աշխատանք չեմ արել, թեև մենք մի շատ հետաքրքիր գաղափար ունեինք: Առաջարկեցինք կազմակերպել համակարգչային դասընթաց, հետո այդ դասընթացն ավարտած դատապարտյալներին ներգրավել հեռավար աշխատանքի մեջ, ինչը չի պահանջում, որ դատապարտյալները լքեն քրեակատարողական հիմնարկի տարածքը։ Դասընթացն ավարտելուց հետո կարող էին, օրինակ, հատուկ կահավորված սենյակում հեռավար ձևով ծառայություններ մատուցել համակարգչային դիզայնի ոլորտում: Այսինքն՝ հանդես կգային որպես ֆրիլանսերներ: Դիմում ներկայացրեցի հիմնարկի պետին, որտեղ նշեցի, որ պատրաստ եմ համակարգչային տեխնիկայով օգնել և վարել այդ դասընթացը: Ես ճարտարապետաշինարարական համալսարանում մի քանի տարի դասավանդել եմ «Համակարգչային մեթոդների կիրառումը տնտեսական խնդիրների լուծման մեջ» առարկան: Փորձն ունեի: Սակայն դիմումը մնաց անպատասխան: Իսկ եթե դիմումը մնում է անպատասխան, նշանակում է, որ պատասխանը բացասական է։
Թեև պետք է ասեմ, որ աշխատել-չաշխատելն էլ շատ հարաբերական է: Ես, ազատազրկման վայրում լինելով հանդերձ, մասնակցել եմ ազատության մեջ իրականացվող ծրագրերի. նախագծեր եմ մշակել, այդ նախագծերի հետ կապված հաշվարկներ եմ կատարել: Ինձ իմ հարազատներն էին տեղեկացրել, որ կա նման նախագիծ, որի շրջանակներում անհրաժեշտ է կատարել որոշ հաշվարկներ: Ես դա արել եմ ապօրինի էլեկտրոնային կապի միջոցով, քանի որ հեռախոս ունենալ մեզ չէին թույլատրում: Այդ ապօրինի կապի միջոցով ես իմ աշխատանքներն ուղարկել եմ շահագրգիռ մարդկանց։ Դա եղել է բանավոր պայմանավորվածություն, աշխատանքային պայմանագրի մասին խոսք չէր կարող լինել: Դատապարտյալի ստորագրությունն ուժ ունի միայն այն դեպքում, երբ վավերացված է հիմնարկի վարչակազմի կողմից։ Իսկ վարչակազմը չի վավերացնի ստորագրությունն աշխատանքային պայմանագրի վրա, քանի որ եթե անձամբ չես կարող մասնակցել, անազատության մեջ ես, բայց նախագիծը դրսում է իրականացվում, ուրեմն ապօրինի կապի միջոց ես օգտագործում: Վարչակազմը, բնականաբար, այդ քայլին չէր գնա։
2018 թվականին պայմանական վաղաժամկետ ազատվեցի: Իմ պատժի կրմանը մնում էր մեկուկես տարի: Պրոբացիայի ծառայություն առաջին այցելության ժամանակ գրանցեցին բնակվելու վայրի վերաբերյալ իմ տվյալները: Իսկ ընթացիկ այցերի ժամանակ պարզապես գրանցամատյանում ստորագրում էի, որ ներկայացել եմ: Դա որպես կանոն լինում էր երկու շաբաթը մեկ անգամ։ Նույն թվականին պրոբացիայի վերահսկողության տակ գտնվող որոշ անձանց դատվածությունը համաներումով հանվեց: Հիմա իմ դատվածությունը մարված է։
Դուրս գալուց անմիջապես հետո աշխատել եմ և մոտ երկու ամիս հետո նշանակվել եմ տնօրեն: Ես աշխատում եմ, բայց դա պետական որևէ կառույցի հետ կապ չունի: Ինձ օգնել են իմ որակավորումը և այն գործնական համբավը, որը ես ձեռք եմ բերել 20 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում։
Ես բարձրագույն կրթություն եմ ստացել տնտեսագիտության և կառավարման ոլորտում: 1992 թվականից ունեցել եմ սեփական կազմակերպություն և զբաղվել եմ իմ սեփական բիզնեսով մինչև 2005 թվականը, երբ նախկին իշխանությունների կողմից ունեզրկվել եմ: Դրանից հետո ընդհուպ մինչև ազատազրկման օրն աշխատել եմ որպես, այսպես ասած, վարձու ղեկավար, մենեջեր: Դուրս գալուց հետո զբաղվում եմ բիզնես նախագծերի էքսպերտիզայով, մշակումով, ինվեստորների հետ աշխատանքով:
Շուրջ տասը տարի անազատության մեջ լինելով՝ ես այն եզրակացությանն եմ հանգել, որ գրեթե բոլոր հիմնարկներում հնարավոր է աշխատատեղեր բացել դատապարտյալների համար: Պարզապես վարչակազմը պետք է չխոչընդոտելու կամք դրսևորի: Դա անվտանգության հետ կապված ռիսկեր չի պարունակում:
Օրինակ, «Վանաձոր»-ն ունի բավականին մեծ հողատարածք, որը դատարկ է և ոչ մի բանի համար չի օգտագործվում: Քանի որ այնտեղ միայն փակ և կիսափակ ռեժիմներն են, անազատության մեջ գտնվող անձինք չեն լքում մեկուսարանի շենքը։ Ճիշտ է, իմ ասած աշխատանքն անելու համար մենք դուրս էինք եկել շենքից, բայց դա բացառություն էր: Մեկ էլ հաց տեղափոխող դատապարտյալն էր դուրս գալիս այդ շենքից: Փռից հացը վերցնում էր և հասցնում էր մեկուսարանի մասնաշենք։ Այդ հողատարածքը կարելի էր օգտագործել և, օրինակ, բանջարաբոստանային մշակաբույսերի, հագուստի կամ կոշիկի արտադրություն հիմնել, որը քրեակատարողական հիմնարկը տեղում կարող էր սպառել:
Նույնը վերաբերում է «Սևան» ՔԿՀ-ին։ Այնտեղ բավականին մեծ հողատարածք կա, կիսաքանդ արտադրական մասնաշենք կա, ջերմոցներ կան: Կարելի է արտադրություն հիմնել: Նաև դպրոցի կիսաքանդ շենք կա, որը կարելի է ըստ նշանակության օգտագործել, քանի որ ազատազրկված անձանց շրջանում ուսման պահանջը մեծ է:
Մենք՝ մի քանի նախկին դատապարտյալներ, անազատության վայրերում աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ ծրագիր էինք կազմել: Հանդիպել ենք քրեակատարողական ծառայության հետ և առաջարկել ուսումնասիրել այն ազատազրկման վայրերը, որտեղ հնարավոր է աշխատանքներ կազմակերպել և պարզել հնարավորությունները, օրինակ, հողատարածքների, բնական գազի, ջրամատակարարման առկայությունը, էլեկտրասնուցման հզորությունը, որպեսզի հասկանանք՝ ինչ կարելի է կազմակերպել։ Մեր հանդիպումը 2020 թվականի հունվարի կեսերին էր։ Ասացին՝ մենք կուսումնասիրենք, և երբ ամփոփ տեղեկատվություն լինի, կտրամադրենք ձեզ: Առ այսօր տեղեկատվություն չեն տրամադրել։ Մեր մեջ տպավորություն է ստեղծվել, որ քրեակատարողական ծառայությունը պարզապես շահագրգռված չէ այս հարցում։
Մեզ առաջարկեցին համագործակցել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ: Առաջարկի բուն իմաստն այն էր, որ մենք գումարը հատկացնենք հիմնադրամին, մնացած քայլերը հիմնադրամն անի: Մենք մերժեցինք այդ առաջարկը, քանի որ հիմնադրամի գործելաոճի հետ մենք քաջ ծանոթ ենք: Կարծում ենք՝ կան կոռուպցիոն ռիսկեր, որոնք մենք չեն կարող վերահսկել: Բացի այդ, հիմնադրամի ողջ գործունեութունը սահմանափակվում է առևտրային կրպակների աշխատանքը կազմակերպելով: Ընդ որում, այդ ապրանքների գները շուկայականից զգալիորեն բարձր են: Դրանից զատ ոչ մի առերևույթ գործունեություն չի իրականացնում։ Ավելին, մենք տեղյակ ենք, որ հիմնադրամը շատ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Ամեն անգամ այդ խնդիրների հետևանքով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար, սակայն ապարդյուն:
Պետությունը նախկին դատապարտյալներին աշխատանքի տեղավորման հարցում ոչ մի աջակցություն չի ցուցաբերում: Ինձ աջակցություն պետք չէր: Բայց մարդ կա, բանտից դուրս գալուց հետո ցանկանում է, օրինակ, աշխատել որպես տաքսու վարորդ, բայց գումար չունի, որպեսզի վարորդական իրավունք ստանալու համար անհրաժեշտ վճարումները կատարի: Խնդիրն ուշադրության բացակայությունն է: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ եղավ մարդու հետ անազատության վայրը լքելուց հետո:
Նախկին դատապարտյալ
Նոյեմբեր, 2020թ.
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ և Հանրային քաղաքականության ինստիտուտի խորհդատվական աջակցությամբ 2020թ.-ին իրականացրել է «Ջատագովելով ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի իրացման արդյունավետ մեխանիզմների մշակումը և կիրառումը» ծրագիրը, որի շրջանակներում հետազոտվել են ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքի հիմնախնդիրները: Շուտով կհրապարակվի հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտության ընթացքում հավաքվել է բավական հարուստ նյութ՝ նախկինում դատապարտված անձանց անձնական պատմությունների մասին, դրանք ներկայացնում ենք հոդվածաշարով՝ հրապարակվելիք զեկույցից զատ:
Հոդվածաշարում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի և Հանրային քաղաքականության ինստիտուտի դիրքորոշումների և տեսակետների հետ: