Քրեակատարողական համակարգում հայտնվեցի դեռ անցած դարի 1996 թվականին։ 26-րդ տարին է՝ այստեղ եմ։ Այսօր ամփոփ տեսքով ձեզ եմ ներկայացնում, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել քառորդ դար տևած էվոլյուցիայի ընթացքում մի համակարգում, որտեղ մարդիկ պահվում են հասարակությունից մեկուսացված։ Մարդիկ, ովքեր վաղ թե ուշ նորից վերադառնում են իրենց ընտանիքների մոտ, բաց հասարակություն։ Ի՞նչ է հասարակության անունից անում պետությունը, որպեսզի այս կամ այն հանցանքը կատարած մարդկանց վերադարձնի նույն հասարակությանը ֆիզիկապես և հոգեպես առողջ։ Ուղղում, վերասոցիալականացում, պատիժ՝ ի՞նչ են նշանակում այս հասկացությունները, ինչպե՞ս են իրականացվում։
Պատժի տեսակները, դրանց կիրառման հաճախականությունը, քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) ազատազրկված մարդկանց պահելու պայմանները, կրկնահանցագործությունների դինամիկան, անշուշտ, արտացոլում են պետության, հասարակության թե՛ բարոյահոգեբանական, թե՛ սոցիալ-տնտեսական իրավիճակը, խնդիրները։
Բազմաթիվ հետազոտություններ հանգեցրել են այն եզրակացության, որ պատժի խստությունը վերջին հաշվով չի ազդում ոչ հանցագործությունների տեսակի, ոչ էլ քանակի վրա։ Այլ կերպ ասած, խիստ պատիժները անձանց հետ չեն պահում հանցանք կատարելուց։ Հայտնի է նաև, որ գրեթե բոլոր երկրներում, հատկապես զարգացող, հանցագործությունների ճնշող մեծամասնությունը սեփականության դեմ է ուղղված (գողություն, կողոպուտ, ավազակություն և այլն)։ Այսինքն՝ հանցավորության դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակը երկրի տնտեսական զարգացումն է և մարդկանց կենսամակարդակի բարձրացումը։ Հանցավորության նվազեցման և, ինչը շատ կարևոր է, հանրության մոտ արդարության զգացման առկայության համար անհրաժեշտ է, որպեսզի բոլորն օրենքի առջև իրականում լինեն հավասար։ Քրեական իրավունքի մեջ սա հայտնի աքսիոմ է՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը կախված է ոչ թե պատիժների խստությունից, այլ պատժի անխուսափելիությունից և օրենքի առջև բոլորի հավասարությունից։ Երբ, օրինակ, հանցանք կատարած նախարարի որդին առհասարակ պատժի չի ենթարկվում, իսկ միջին օղակի պաշտոնյայի զավակը նվազագույն պատժի է ենթարկվում, որը պայմանականորեն չի էլ կիրառվում, իսկ բանվորի կամ հավաքարարի որդին նույն հանցանքը կատարելու համար դատապարտվում է առավելագույն պատժի, ապա սոցիալական արդարության մասին խոսք անգամ չի կարող լինել։
Անմիջապես ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանում թե դատական, թե հատկապես քրեակատարողական համակարգը անկախության 30 տարիների ընթացքում անհամեմատ զարգացել է։ Այս զարգացումն ու կատարելագործումը չեն եղել հեղափոխական ճանապարհով, այսինքն՝ թռիչքաձև, կտրուկ, արմատական փոփոխությունների եղանակով, այլ՝ աստիճանաբար՝ հանդիպելով ուժեղ դիմադրության, հաճախ պարտադրված Եվրոպայի կողմից։ Այնուամենայնիվ, արդյունքները ակնառու են։
Ո՞վ կպատկերացներ, որ ազատազրկման դատապարտված մարդիկ, այդ թվում՝ ցմահ ազատազրկվածներս, կարող ենք մասնակցել տարատեսակ դասընթացների։ ՀՀ արդարադատության նախարարությունը ՔԿՀ-ներում իրականացնում է Հայոց լեզվի և գրականության, օտար լեզուների, դեկորատիվ կիրառական արվեստի, համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտության և այլ առարկաների, հմտությունների ուսուցման ծրագրեր։ Սա, իրոք, աննախադեպ է և ողջունելի։ Անձանական փորձիցս կարող եմ հավաստել՝ բոլոր դասախոսներն էլ նվիրված են իրենց գործին և դատապարտյալներիս տալիս են անհրաժեշտ գիտելիքներ, սովորեցնում հմտություններ։ Այս ամենը սոցիալական վերականգնման անհրաժեշտ բաղադրիչներ են և վկայում են այն մասին, որ մեր պետությունը գործնականում իրականացնում է կառավարության ծրագիրը՝ պատժողականից անցում դեպի վերասոցիալականացման քաղաքականություն։ Տարատեսակ դասընթացների և միջոցառումների իրականացումն առավել ակտիվ ընթանում է «Արմավիր» ՔԿՀ-ում։ Հուսով եմ, որ այս մոտեցումը կլինի շարունակական և բոլոր ՔԿՀ-ներում։
Տեսնելով և ներգրավված լինելով այս գործընթացներում, անշուշտ, չեմ կարող չհիշել անցած դարի իրավիճակը ՔԿՀ-ներում և մասնավորապես մահապատժի տարիները… Անմիջապես շեշտեմ՝ բախտակիցներիցս ոմանք, ում պետությունը համարել էր անուղղելի և դատապարտել մահվան, այժմ ազատության մեջ են և օրինապահ քաղաքացիներ են։
Հայաստանում մահապատժի դատավճիռներն ի կատար էին ածվում պաշտոնապես մինչև 1992թ։ Այնուհետև, ՄԱԿ-ի անդամ երկիր դառնալով, այլևս ի կատար չէին ածվում, քանի որ հայտարարվեց մորատորիում։ Հետագայում անդամակցելով Եվրոպական Խորհրդին՝ Հայաստանը պարտավորվեց առհասարակ վերացնել մահապատիժը, և 2003 թվականի օգոստոսի 1-ին վերացվեց այս պատժատեսակը։ Պատմական առումով հետաքրքիր է, որ դեռ միջնադարում Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքում» դեմ էր այս պատժատեսակին և գտնում էր, որ այն անիմաստ է և բարոյազուրկ։
Ներկայումս ի դեմս Եվրոպայի՝քաղաքակիրթ աշխարհը պետության կողմից մարդուն կյանքից զրկելն իսպառ բացառել է։ Նման մոտեցումը հիմնավորված է 2 կարևոր գործոններով․
1․ դատական սխալներն անխուսափելի են, և բազմաթիվ անմեղ մարդիկ են ճանաչվում մեղավոր ու դատապարտվում, իսկ մահապատժի պարագայում նման ճակատագրական սխալներն անուղղելի են,
2․ մարդուն կյանքից զրկելը, հատկապես քրիստոնյա երկրներում, մեղք է համարվում և օրենքի տեսակետից անթույլատրելի է, հետևաբար այդ իրավունքը չպետք է տրվի նաև հասարակության անունից հանդես եկող պետական մարմիններին, մասնավորապես՝ դատարանին։
Կարևոր է և ուշագրավ՝ մինչև մահապատժից հրաժարվելը, այսինքն՝ մինչև ԵԽ անդամ երկիր դառնալը, թե՛ ՔԿՀ-ներում, թե՛ ոստիկանական բաժանմունքներում համատարած կիրառում էին ծեծն ու ջարդը։ Այս գործելաոճը ժառանգություն էր մնացել խորհրդային տարիներից։ Հետաքննական լրագրության ոլորտում առաջատար «Հետք» ինտերնետային թերթի ղեկավարությունը, երբ ինձ դեռևս 2014թ-ին պաշտոնապես առաջարկեց աշխատանք՝ որպես բանտային թղթակից, աննախադեպ երևույթ էր, ավելին՝ հեղափոխական մոտեցում։ Սկսեցին կոտրվել «համակարգի անսխալականություն», «անմեղը բանտում չի հայտնվում» և այլ խորհրդային կարծրատիպերը։ ՔԿՀ-ներում առհասարակ և մասնավորապես մահապատժի տարիների անմարդկային պայմանների և վերաբերմունքի մասին մեր հանրության հետ երկխոսել եմ 6 տարի շարունակ՝ «Հետք»-ում հրապարակելով բազմաթիվ նամակ-հոդվածներս։
Այսօր ևս առկա են բազմաթիվ խնդիրներ թե քրեակատարողական համակարգում, թե դատական-դատախազական համակարգերի հետ կապված։ Մասնավորապես, բազմաթիվ են իրավունքների խախտումների մասին բողոքները պայամանական վաղաժամկետ ազատման, ռեժիմների փոփոխության ինստիտուտների կիրառման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է այս կամ այն ռեժիմում պատժի կրման պայմաններին, ապա անհրաժեշտ է արձանագրել, որ դրական փոփոխություններն ակնառու են։ Համեմատելով հատկապես անցած դարի 90-ականների ՔԿՀ-ների հետ՝ մասնավորապես խցային պայմանները այսօր անհամեմատ բարվոք են։ Եթե անցյալում մեկ խցում, այն է՝ 20քմ տարածքում, բնակվում էին մինչև 18-20 ազատազրկվածներ, ապա այժմ խցերի ծանրաբեռնվածության հարցը լուծված է. առավելագույնը մինչև 8 անձ է բնակվում։ Եթե նախկինում մասնավորապես «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շաբաթվա մեջ 1-3 անգամ էին զբոսանք տրամադրում, ապա վերջին տարիներին օրենքի համաձայն փակ ռեժիմում գտնվողների համար ամեն օր առնվազն 1 ժամ զբոսանքն իրականություն է դարձել։
Աննախադեպ ձեռքբերում է նաև ներկայիս քաղաքական իշխանությունների օրոք ՔԿՀ-ներում սննդի մատակարարման բազմաչարչար հարցի լուծումը։ Արդեն 2-րդ տարին է՝ ազատազրկվածներին տրամադրվում են անհամեմատ որակյալ և բազմազան ճաշատեսակներ։
Իմ խորին և փաստարկված համոզմամբ մեր երկրում նաև այս բնագավառում՝ ՔԿ համակարգում, տեղի ունեցած դրական փոփոխությունների հիմքում Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդին անդամակցությունն է։ Այլ կերպ ասած՝ եվրոպական համապատասխան կառույցների կողմից ներկայացվող պահանջների, վերահսկողության, հետևողական աշխատանքի արդյունքում են տեղի ունենում դրական փոփոխությունները և պատժողական քաղաքականությունից աստիճանաբար հրաժարումը։ Ցավոք, 30 տարի պահանջվեց ներկայիս դրությանը հասնելու համար։ Առաջին և ամենադժվար խոչընդոտը ՔԿ համակարգում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած պատժողական մտածելակերպն է, որը հաղաթահարվում է։ Այս ճանապարհով է գնում քրեակատարողական համակարգը։
Ֆիզիկական ազատության մեջ ապրող յուրաքանչյուր մարդ, Աստված չանի, բայց հանգամանքների բերումով կարող է հայտնվել անազատության մեջ։ Հետևաբար, բոլորս պետք է գիտակցենք, որ բանտը ոչ թե մարդկանց տանջելու, ազատազրկվածների ընտանիքներին տառապանքներ պատճառելու համար է, այլ մարդուն հասարակություն վերադառնալ օգնելու համար։ Աշխատանք և ուսում, մարդկային վերաբերմունք՝ ահա վերասոցիալականացման նախապայմանները։ Միայն այս դեպքում բանտից դուրս եկողը շնորհակալ կլինի հասարակությանը և պետությանը։
Միգուցե չունենալով այլ ճանապարհ՝ մարդկությունն իր մութ անցյալում կառուցեց բանտեր։ Համոզված եմ՝ մոտ են այն ժամանակները, երբ քաղաքակրթությունն առհասարակ կհրաժարվի բանտերից։ Ի դեպ, եվրոպական մի շարք երկրներ, գործնականում արժևորելով մարդու ազատության գաղափարը, գնում են հենց այս ճանապարհով։
Մհեր Ենոքյան
Ցմահ դատապարտյալ
Նոյեմբերի 10, 2021 թվական