Դատվել եմ 2015 թվականին ծանր հանցագործության համար: Ընդհանուր պատժաչափս 8 տարի էր, բաց ռեժիմ են տվել 2019 թվականի օգոստոսին: Այսինքն՝ իմ պատժի կրմանը մնացել էր 3,5 տարի, երբ տեղափոխվեցի բաց ռեժիմ «Վարդաշեն» ՔԿՀ:
Յուրաքանչյուր դատապարտյալ կարող է ժամկետը լրանալուց հետո դիմում գրել բաց ռեժիմ տեղափոխվելու համար: Դիմում ենք գրում պետին, պետը միջնորդագիր է ուղարկում քրեակատարողական ծառայություն: Վերջնական որոշումը կայացնում է տեղաբաշխման հանձնաժողովը:
Բաց ռեժիմ տեղափոխվելը հիմա հեշտացել է: Առաջ ընդհանրապես չէր գործում: Մինչև հեղափոխությունը հիմնարկի պետը նույնիսկ դրական եզրակացություն չէր տալիս, ասում էր՝ չի կարող, քանի որ ծառայությունից «դաբրո» չունի: Ես 5 անգամ դիմել էմ բաց ռեժիմի համար: 3 անգամ մինչև հեղափոխությունն են մերժել: Հեղափոխութունից հետո մի անգամ են մերժել, երկրորդ անգամ թույլատրել են: Հեղափոխությունից առաջ եթե փող կամ ծանոթ չունեիր, պիտի բաց ռեժիմի մասին մոռանայիր: Մերժման մեջ նշում էին՝ չի համապատասխանում, դեռևս քննարկվում է, խրախուսանք չունի:
Մինչև աշխատանք չունենաս, քեզ բանտից դուրս չեն թողնում: Պիտի դիմում գրես, որ գնում ես աշխատանք փնտրելու կամ գործատուի հետ հանդիպելու: Որոշ ժամանակով թույլատրում են, որ դուրս գաս: Եթե այլ հարցեր կան, պետը կարող է դուրս գալու թույլտվություն տալ, բայց ամեն անգամ պիտի դիմում գրես: Երբ աշխատանքդ գտնում ես, անցաթուղթ են տալիս, որով գնում-գալիս ես: Ես մենակ եմ գնում, առանց հսկիչների ուղեկցության:
Բաց ռեժիմի ժամանակ դու ես տեսնում քո գլխի ճարը: Մինչև աշխատանք ես գտնում, հոգիդ դուրս է գալիս: Աշխատանք գտնելը շատ բարդ խնդիր է: Ամեն ինչ ես եմ արել, հիմնարկը ոչ մի բանի չի խառնվում: Ինքնուրույն սկսել եմ աշխատանք փնտրել հայտարարություններով: Մոտ մի ամիս չէր ստացվում: Այդ ընթացքում ամեն ինչ արել եմ՝ բանվորություն, առաքում: Հիմա կազմակերպությունում եմ աշխատում:
Մի քանի լավ գործ եղել է, մերժել են, բայց ոչ այն պատճառով, որ դատապարտյալ եմ: Իմ բնութագրերը, ինքնակենսագրությունը տեսնում էին, ասում էին՝ խնդիր չկա, կընդունենք: Պարզապես բոլոր տեղերում աշխատանքային գրաֆիկը 6-օրյա է: Նույնիսկ սովորական բանվորը 6 օր է աշխատում: Պետական հիմնարկներից բացի մնացած տեղերում շաբաթ օրերին աշխատում են: Քրեակատարողական հիմնարկներում էլ չեն թողնում ոչ աշխատանքային օրերին հիմնարկից դուրս գանք: Այսինքն՝ չենք կարող շաբաթ օրերին աշխատել:
Օրինակ, «Իդեալ»-ում 290 հազար դրամով աշխատանք էի գտել, զանգեցին, կանչեցին հարցազրույցի: Պատրաստ էին ընդունել աշխատանքի, բայց պիտի շաբաթ օրն էլ գնայի: Ասացի՝ շաբաթ օրը մեզ թույլ չեն տալիս: Ասացին՝ մեզ մոտ աշխատանքային շաբաթը 6-օրյա է:
Գործատուն աչք է փակում կարգավիճակի վրա, բայց պայմանագիր կնքելը կամ շաբաթ օրը չաշխատելը գործատուին հետ է պահում: Ասում է՝ հաջողություն, գնա:
Դրա համար էլ հիմնականում մարդիկ ծանոթի մոտ են աշխատանք գտնում, աշխատում, քանի որ ծանոթը շատ բաների վրա աչք է փակում:
Հիմնարկն աշխատանքային պայմանագրի ձև ունի, որը պետք է լրացվի: Այնտեղ նշվում են պաշտոնը, աշխատավարձը և մնացած բոլոր մանրամասները: Քրեակատարողական հիմնարկից պայմանագրի ձև ես տանում, որ գործատուի հետ կնքես: Դրանով հիմնարկը տեղեկանում է աշխատանքային պայմանների մասին՝ ընդմիջման ժամ, պաշտոն: Պայմանագրից բացի տեղեկանք ես ներկայացնում գործատուի գործունեության վերաբերյալ: Աշխատանքային պայմանագիրը կնքել են ինձ հետ, ուղղակի հիմնարկի տված նմուշով: Այնուհետև բանկում հաշվեհամար եմ բացել, որ աշխատավարձը փոխանցեն բանկին Եթե մեծ ընկերություն է, փոխանցումով են աշխատում: Իմ հաշվառումը հիմնարկի վրա է: Մինչև լրիվ չազատվես, հաշվառումը հիմնարկի վրա է: Կիսափակ կամ կիսաբաց ռեժիմի դեպքում եթե այլ գործատուի հետ պայմանագիր են կնքում, աշխատավարձը փոխանցում են հիմնարկի հաշվեհամարին: Այդ 2 ռեժիմի դեպքում դատապարտյալի մոտ արգելվում է գումար կամ հեռախոս պահել: Բացի ժամանակ դու գումար էլ ունես, հեռախոս էլ կարաս ունենաս քեզ մոտ: Պայմանագրի մի կողմը գործատուն է, մյուս կողմը ես եմ, բայց նմուշը տալիս է քրեակատարողական հիմնարկը: Պայմանագիրը կնքվում է 3 օրինակից: Մեկն ինձ է տրվում, մեկը՝ գործատուին, մյուսն էլ պահվում է անձնական գործի մեջ: Չնայած պետք է ասեմ, որ որոշ տվյալների գաղտնիություն չի պահպանվում: Օրինակ, հիմնարկն իմանում է աշխատավարձի չափը: Ես մի քանի անգամ առարկել եմ, սակայն հիմնավորել են, որ պիտի իրենց կողմից որոշակի վերահսկողություն լինի, որպեսզի իմանան, օրինակ, միջին զամբյուղը պահվում է՞, թե՞՝ ոչ:
Հիմնարկից քաղաք տանող տրանսպորտ չկա: Ես իմ մեքենայով եմ գնում, գալիս: Հիմնականում այդպես են անում: Ասում են՝ 500-600 մետր այն կողմ տրանսպորտ է գնում, թող ոտքով գնան: Եթե շաբաթ կամ կիրակի օրերն աշխատելու հարցը լուծվի, մարդկանց իրենց հասանելիք ժամերը տան, տրանսպորտի խնդիրը մարդիկ կլուծեն:
Թույլատրում են, որ առավոտյան 7-ին դուրս գաս հիմնարկից, երեկոյան 10-ին հետ վերադառնաս: 2 ժամ գնալուն են տալիս, 2 ժամ՝ հետ գալուն: Իմ գործը վերջանում է 6-ին: Սա միայն աշխատավայրին է վերաբերում:
Բաց տիպի ռեժիմն այն ինստիտուտն է, որ պիտի հնարավորություն տա և աշխատել, և ինտեգրվել հասարակությանը: Բայց տրված հնարավորությունը կարողանում ես օգտագործել միայն աշխատանքի գնալ-գալու համար: Բոլոր միջոցառումները սկսում են ժամը 6-ից հետո: Ես միշտ առաջարկում եմ, որ երկարացնեն մինչև ժամը 10-ը, որ գոնե կարողանամ կինո, թատրոն գնալ, որևէ առիթների մասնակցել: Այդպես են ինտեգրվում, ոչ թե միայն աշխատանքի գնալով: Աշխատանքից հոգնած հետ ենք գալիս, շաբաթ և կիրակի օրերին էլ մնում փակի տակ: Օրինակ, ես սպորտով էլ եմ զբաղվում, ասում եմ՝ ժամերս երկարացրեք, ասում են՝ չէ:
Ես առաքիչ էի աշխատում, ինձ ասում էին՝ իրավունք չունես: Այնքան պայքարեցի, մինչև թույլատրեցին: Շատ բաներ կան, որ չեն հասկանում, արհեստականորեն սահմանափակում են: Խնդիրն ավելի շատ վերահսկողությանն է վերաբերում: Չեն ուզում իրենց գործը մի քիչ ծանրանա: Բաց ռեժիմի դեպքում նույնպես ստուգումներ են անում: Չէին ուզում՝ ես առաքիչ աշխատեի: Քանի որ իրենց հարմար է մեքենայով գնալ աշխատավայր, տեսնել՝ աշխատում եմ, թե՝ չէ: Եթե առաքիչ եմ, նշանակում է՝ ամբողջ քաղաքում ման եմ գալիս: Չե՞ն ընկնելու, հետևիցս ման գա: Կամ էլ՝ շաբաթ և կիրակի օրերին հիմնարկի աշխատողները հանգստանում են: Իրենց համար ավելորդ ծանրաբեռնվածություն է հանգստյան օրերին դատապարտյալին աշխատանքի թույլտվություն տալը: Հիմնավորում են, որ հսկողության լծակները թուլանում են:
«Վարդաշեն»-ում մի քանի անգամ դիմել եմ աշխատանքի համար: Գրադարանավարի հաստիքն ազատ էր, դիմեցի, չընդունեցին: Ճաշարանն է, գրադարանը, «Վարդաշեն»-ում հնարավորությունները քիչ են: Ինձ ասել են՝ միայն հավաքարարի աշխատանք կա, ես էլ ասել եմ՝ հայոց բանակի սպան իր զենքը ավելով չի փոխարինի: Բահով կփոխարինեմ, ավելով՝ չէ: Տրամաբանությունը կարծես թե այն է, որ ով հավաքարարություն չի անում, ուրեմն չի ուզում աշխատել: Թեև ինչ տեղափոխվել եմ «Վարդաշեն», ասում են՝ կոշիկի արտադրամաս պիտի բացեն, բայց մինչև հիմա չկա:
Ներդնողի համար պիտի շահավետ պայմաններ ստեղծեն, որ հիմնարկում գործ դնի: Ճիշտ է, աշխատուժն էժան է, 70-80 հազար դրամով էլ կաշխատեն: Բայց պիտի գործատուին շահագրգռեն: Օրինակ, կարող են հարկերը թեթևացնել:
Բ. Ղ.
Դատապարտյալ
Նոյեմբեր, 2020թ.
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ և Հանրային քաղաքականության ինստիտուտի խորհդատվական աջակցությամբ 2020թ.-ին իրականացրել է «Ջատագովելով ազատազրկված անձանց աշխատանքի իրավունքի իրացման արդյունավետ մեխանիզմների մշակումը և կիրառումը» ծրագիրը, որի շրջանակներում հետազոտվել են ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքի հիմնախնդիրները: Շուտով կհրապարակվի հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հետազոտության ընթացքում հավաքվել է բավական հարուստ նյութ՝ նախկինում դատապարտված անձանց անձնական պատմությունների մասին, դրանք ներկայացնում ենք հոդվածաշարով՝ հրապարակվելիք զեկույցից զատ:
Հոդվածաշարում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Բաց Հասարակության Հիմնադրամներ–Հայաստանի և Հանրային քաղաքականության ինստիտուտի դիրքորոշումների և տեսակետների հետ: