Փորձություն, որի ժամանակ մնում ես ինքդ քեզ հետ և թե ինչպես դուրս կգաս այդ փորձությունից, կախված է միմիայն քեզնից…
Ես չեմ բողոքում, քանի որ մեղավոր եմ։ Չբողոքելով՝ ես ընդունում և ընկալում եմ դատապարտվածությունը՝ որպես փորձություն և հնարավորություն՝ վերարժևորելու թե՛ իմ անցյալը, թե՛ մտածելակերպը և թե՛ ապրելակերպը։ Այս տարիների ընթացքում ես կորցրեցի ընտանիք ստեղծելու, երեխաներ ունենալու, իմ մասնագիտության մեջ կայանալու և պարզապես քաղաքացի լինելու իմ հնարավորությունը։ Միաժամանակ կորցրեցի այն, ինչ ունեի՝ ծնողներ, հարազատներ, ընկերներ, աշխատանք… Տարիների ընթացքում այն «պարանը», որը մեզ՝ դատապարտյալներիս, կապում է կյանք կոչվածի հետ՝ հարազատներ, ընտանիք, ընկերներ, մաշվում է, և վերջում մնում է բարակ մի թել՝ մի քանի հարազատ մարդիկ, ովքեր անտարբեր չեն մեր նկատմամբ, և նրանց շնորհիվ հասկանում ենք, որ մենք դեռ ինչ-որ մեկին պետք ենք։ Մենք, հանցանք գործելով, մեզ հետ պատժի ենք ենթարկել նաև մեր հարազատներին, և դեռ հարց է, թե ո՛վ է ավելի շատ տանջվում այդ պատժից։
Մեր՝ պատասխանատվության ենթարկվելը պատիժ է և փորձություն, կորուստ և նոր հնարավորություն, վերջ և ինչ-որ բանի սկիզբ։ Դա կախված է նրանից, թե ինչպես ես ընկալում «ազատազրկում» կոչվածը և ինչ արժեքների ես դավանում։
Ոմանք կորուստների, դժվարությունների ու մեղավորության չընդունման ծանրության տակ կորցնում են իրենց հավատն ապագայի և սեփական ուժերի նկատմամբ և իրենց այստեղ գտնվելու մեղավորությունը փնտրում են ուրիշների մեջ, մեղադրում բոլորին, նույնիսկ ճակատագրին, Աստծուն, բայց՝ ոչ իրենց: Սակայն կան նաև մարդիկ, ովքեր, վերլուծելով անցյալը, շարժվում են առաջ։ Կորուստները որքան էլ ցավալի լինեն, մարդիկ իրենց մեջ ուժ են գտնում պայքարելու համար։ Նման մարդիկ ունեն արժեքներ, ունակ են իրենց սխալներից դասեր քաղել, վերարժևորել անցյալն ու ապագան։ Ի տարբերություն առաջինների, ովքեր կալանավայրում տեսնում են միայն սահմանափակվածություն և դժվարություն, երկրորդները տեսնում են անսահմանափակ հնարավորություններ՝ պայքարելու, ստեղծագործելու և ինքնակրթվելու համար։
Ճիշտ է, օրենքների թերի, անտրամաբանական լինելու կամ չգործելու պատճառով կարող է առաջանալ հիասթափություն, սակայն կան մարդիկ, որոնց պայքարելու և ձգտելու ցանկությունն այնքան մեծ է, որ նույնիսկ այդ իրավիճակում առաջ են շարժվում, քանզի ունեն նպատակ։ Ինքս «կալանավոր», «կալանավայր» կամ «սահմանափակում» բառերը փոխարինում եմ «ազատազրկված» բառով, քանի որ մեզանում կան շատերը, ովքեր, նույնիսկ այս պատերի ներսում գտնվելով, ազատազրկված չեն։ Եվ եթե այս պատերի ներսում մենք զրկված ենք ազատ տեղաշարժից, ընտրությունից, ապա Դուք, գտնվելով այս պատերից դուրս, մեզնից շատ քիչ բանով եք տարբերվում։ Պարզապես Ձեր տեղաշարժի և ընտրության հնարավորությունները փոքր-ինչ ավելի լայն են։ Իսկ հոգևոր ազատությամբ մենք գրեթե չենք տարբերվում։ Եթե ազատ մարդն ինչ-որ բանի արժեքը հասկանում է միայն կորցնելուց հետո՝ կորուստը վերապրելու միջոցով, ապա մենք՝ արդեն իսկ կորուստը վերապրած և դա գիտակցածներս, որոշակիորեն առավել ենք Ձեզնից, քանի որ գիտենք, որ ցանկացած մարդ իր լավ կամ վատ արարքի համար պետք է վաղ թե ուշ պատասխան տա։ Այսպիսով, ազատազրկում, թե կալանավորում ընտրությունը մոտեցման, մտածելակերպի և աշխարհայացքի հարց է։ Բայց այսպես, թե այնպես, դա փորձություն է, որից ոմանք դուրս են գալիս կոտրված, ընկճված, հույսն ու հավատը կորցրած, ոմանք էլ՝ պայքարից կարծրացած, սեփական ուժերի վրա վստահ ու ինքնավստահ։ Ոմանք այստեղ պարզապես տարիներ են անցկացնում, իսկ ոմանք այդ տարիներն ապրում են՝ ունենալով բազում կորուստներ ու ձեռքբերումներ։
Ազատազրկումը բնականաբար չի կարող չթողնել իր հետևանքները։ Հարազատների և ընկերների հետ շփումը, լինելով խիստս ահմանափակ, իսկ որոշ դեպքերում այդ սահմանափակվածությունն անտրամաբանական է, հետզհետե բերում է հեռացման։ Մարդիկ, ապրելով իրենց կյանքով, իրենց ընտանիքներով, չեն զգում մեր ներկայությունը։ Մենք ակնթարթորեն ջնջվում ենք նրանց իրականությունից, և մեր ներկայությունը դառնում է լոկ հեռախոսազանգերի և խիստ սահամանափակ տեսակցությունների միջոցով։ Այդ հեռախոսազանգերը և տեսակցությունները տարեցտարի պակասում են, քանի որ մարդն իր բնույթով անմահ չէ, և թանկ մարդիկ հեռանում են, և նրամց տեղը դատարկ է մնում… Դա կարող է առաջացնել ընկճվածություն, կյանքի նկատմամբ հետաքրքրության բացակայություն, հավատի և ապագայի նկատմամբ հետաքրքության կորուստ։ Սկսում ես գիտակցել, որ ընտանիքն ու հարազատները, որոնք քեզ համար մեծ արժեք են ներկայացնում, այլևս չկան կամ դու չկաս նրանց համար։
Կրթությունդ ու ունեցածդ մասնագիտական գիտելիքներն արդեն համարվում են հին, քանի որ արագ զարգացող աշխարհում հնարավոր չէ պահպանել մասնագիտական հմտությունն առանց վերապատրաստումների։ Իսկ եթե նախկինում ստացած մասնագիտական կրթությունն ու գիտելիքները տեխնիկական են, ապա նորանոր հայտնագործությունները, տեխնիկական զարգացումը և մեթոդներն այնքան են առաջ գնացել, որ մենք մեր «միջնադարյան» գիտելիքներով և աշխատանքային փորձով այս աշխարհում տեղ չունենք։ Ուստի, ինքներս մեզ չկորցնելու համար մեր սուղ միջոցներն ուղղում ենք ինքնակրթվելու, ունեցած մասնագիտական գիտելիքներն արդիականացնելու և կամ նոր մասնագիտություն ձեռք բերելու վրա։ Նոր մասնագիտության ձեռքբերումն այդքան էլ հեշտ չէ։ Բացի այդ, սահմանափակ լինելու պատճառով մենք կարող ենք ընտրել միայն այն, ինչ մեզ է առաջարկվում։ Մենք չենք կարող ընտրել մեր ցանկացած ԲՈՒՀ-ը և մեր ցանկացած մասնագիտությունը։ Դա բնական սահմանափակվածություն է՝ անհավասարություն «մեր» և «ձեր» միջև, բայց վճռական և ձգտումներով լի մարդու համար այդ անհավասարության մեջ նույնիսկ կա հնարավորություն։ Էական չէ, թե որտեղ ես գտնվում և որ ԲՈՒՀ-ում ես սովորում, էական է, թե ինչպես ես դու տրամադրված և որքանով ես տրամադրված գիտելիք ստանալուն և այն կիրառելուն։
Այսպիսով, ազատազրկումն իր հետ բերում է բազում հետևանքներ, բայց այդպիսի հետևանքներ առկա են նաև ազատության մեջ։ Կյանքի ընթացքում մենք բոլորս էլ ունենում ենք բազում խնդիրներ և դժվարություններ, պարզապես կալանավայրն իր սահմանափակումներով այն ավելի է դժվարացնում, հետաձգում դրանց լուծումը, ինչի պատճառով էլ հետագայում այդ խնդիրները դառնում են անլուծելի։
Ինչպես որ այս պատերից դուրս, այնպես էլ ներս՝ կալանավայրում, տարիների ընթացքում մարդիկ մաշում են իրենց առողջությունը։ Պարզապես, եթե այստեղից դուրս մարդիկ ի վիճակի են գնալ ցանկացած բուժհաստատություն և ազատ են հետազոտման հնարավորությունների ու մեթոդների ընտրության հարցում, ապա մենք ստիպված ենք բավարարվել նրանով, ինչ կա։ Այստեղ գրեթե պայմաններ չկան, իսկ հիմնարկների մաշվածությունը, խոնավության հետևանքները և հոգեկան ծանր ապրումներն իրենց խորը հետքն են թողնում առողջության վրա։ Այս ամենին անտարբեր լինել չի կարելի, բայց դե ողբն ու լացն էլ անօգուտ են, իսկ այ անտեսելն ու ոչինչ չանելը՝ մեծ սխալ։ Կան հետևանքներ, որոնք անհնար է վերացնել, և միշտ կկրենք դրանք, որպես չսպիացող վերք, բայց այն, ինչ հնարավոր է ուղղել, պետք է փոխել՝ անկախ մեր գտնվելու վայրից։
Անշուշտ, ես չեմ ուզում ասել, որ «ներսի» ու «դրսի» միջև տարբերություն չկա։ Բայց հնարավոր չէ տալ «ներսի» ամբողջական նկարագիրը (ազատազրկման, դրա հետևանքների, զրկանքների ու կորուստների նկարագիրը)։ Դա պետք է տեսնել, զգալ, վերապրել, ինչը Ձեզ չեմ ցանկանում…
Այստեղ պետք է նշել ազատազրկման ևս մի հետևանքի՝ ժամանակի առկայության մասին, որը ոմանց համար դրական է, ոմանց համար էլ՝ բացասական։ Ժամանակը ճիշտ օգտագործելու դեպքում կարող է լինել ի նպաստ։ Ժամանակ, որն առօրյա կյանքում, թոհ ու բոհի մեջ աննկատ է անցնում և հաճախ չի հերիքում ամենակարևորի համար։ «Մեզ» մոտ այդ ժամանակն առկա է… Այլ հարց է, թե ով ինչպես է այն օգտագործում, բայց, այնուամենայնիվ, այն կա, և այդ հետևանքը կարող է վերաճել հնարավորության։
Անկախ այդ ամենից, անկախ այն բանից, թե անձն ինչ արդյունքով է դուրս գալիս կալանավայրից՝ դրական, թե բացասական, ուղղված, թե ճնշված, նա, միևնույն է, դուրս գալուց հետո հայտնվում է հասարակության մեջ և դառնում լիիրավ անդամ, ազատ քաղաքացի։
Իսկ թե ինչպես նա իրեն կդրսևորի այդ հասարակության մեջ, կախված է ոչ միայն իրենից, այլև հասարակությունից։ Կարևոր է, թե ինչպես է նրան ընդունում այն հասարակությունը, որի մեջ անձը մուտք է գործում։ Բայց դա արդեն ուրիշ պատմություն է…
Միքայել Մարտիրոսյան
Ցմահ դատապարտյալ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Նոյեմբերի 8, 2021 թվական