Ողջույն, հարգելի կազմակերպիչներ: Շնորհակալություն ձեզ այսպիսի ծրագիր իրականացնելու համար: Նմանատիպ նախաձեռնությունների միջոցով է, որ ճաղերից ներս գտնվողներս անտեսված չենք լինում, և ձեր միջոցով է, որ մեր խնդիրները լինում են ուշադրության կենտրոնում, որոնց մի մասն արդեն լուծված են:
Հիմա կցանկանամ նշել մի խնդրի մասին, որը վերաբերում է գրեթե բոլոր ազատազրկված անձանց: Դա արտաքին աշխարհի հետ կապի խնդիրն է: Օրինակ, ցմահ դատապարտյալներիս տարվա ընթացքում տրամադրվում է 2 երկարատև և 4 կարճատև տեսակցություն, ինչը չափազանց քիչ է թե մեզ համար, թե մեր հարազատների համար:
Տեսակցությունների՝ այսքան սահմանափակ լինելը վերաբերում է փակ ռեժիմում պատիժ կրող բոլոր դատապարտյալներին, բայց անհանսգտացնում է հատկապես ցմահ դատապարտյալներիս:
Ինչո՞ւ: Քանի որ մեր դեպքում 20 տարի պատիժ կրելուց հետո է, որ տեսակցություններն ավելանում են: Այսինքն՝ միայն այդ ժամանակ մյուս դատապարտյալների նման կարող ենք ունենալ 2 ամիսը՝ 1 երկարատև և ամիսը 1՝ 1 կարճատև տեսակցություն: Ստացվում է, որ այդ 20 տարիների ընթացքում մենք մեր հարազատներին կարող ենք տեսնել միայն 40 անգամ:
Սա խնդիր է, որն ունի իր հակառակ կողմը: Մեզ հետ պատժվում են նաև մեր հարազատները՝ ծնողներ, կին, երեխաներ, քույր և եղբայրներ: Իմ կարծիքով դա ոչ միայն հարազատներին տեսակցելու մեր իրավունքն է, այլև մեր հարազատների իրավունքն է՝ տեսակցելու իրենց ամուսնուն, հորը կամ որդուն:
Իմ օրինակով ներկայացնեմ, որ խնդիրներն ու դժվարություններն ավելի առարկայական լինեն: Ես ամուսնացել եմ 2013 թվականին՝ պատժիս կրման ընթացքում: 2019 թվականին ծնվել է մեր երեխան, որն արդեն 2 տարեկան է, բայց 2 անգամ եմ տեսել, քանի որ 2 անգամ եմ երկարատև տեսակցություն ունեցել: 2020 թվականին համավարակի հետ կապված սահմանափակումներն էին, իսկ 2021 թվականին արդեն օգտվել եմ ինձ հասանելիք 2 տեսակցությունից: Լրացուցիչ տեսակցություններն էլ այնքան բարդ ու դժվար հասկանալի սահմանումներով են գրված, որ դրանցից գրեթե չենք կարողանում օգտվել:
Հարգելի ընթերցող, խնդրում եմ մի պահ մտածել: Մեր երեխաներին զրկելով իրենց ծնողին տեսնելուց՝ արդյոք չե՞ն խախտում նրանց իրավունքները: Մեր արարքների պատճառով պատժվում են մեր երեխաները, ինչը շատ անարդար է: Հենց երեխաներն ունեն պատշպանության կարիք:
Արտաքին աշխարհի հետ կապը միշտ դրական է անդրադառնում դատապարտված անձանց հոգեբանության, վարքագծի ուղղման և վերասոցիալականացման վրա: Սա իմ կարծիքը չէ, այլ՝ վերադաս ղեկավարության: Հեռուստացույցով բազմիցս արտահայտվել են այս մտքերը: Նշվել է, որ արտաքին աշխարհի հետ կապը խրախուսելի է: Իսկ օրենքներով խիստ սահմանափակումներ են դրված:
Այս բարեփոխումը մեծ ֆինանսական ծախսերի հետ կապված չէ, բարի կամքը և ցանկությունը բավական են:
Մենք այս պայմաններում ձգտում ենք պահպանել մեր ընտանիքները, որ մեր հարազատները մեզնից չօտարանան: Մեր ընտանիքներում էլ լինում են խնդիրներ: Միասին որոշում կայացնելու անհրաժեշտություն շատ հաճախ է առաջանում: Պարզապես պետության աջակցությունն է պետք, որ բոլոր դատապարտյալների նման մեզ էլ տրամադրեն 2 ամիսը մեկ երկարատև և ամիսը մեկ կարճատև տեսակցություն:
Նշված խնդիրը շատ կարևոր է թե մեզ համար, թե մեր հարազատների համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե ձեր միջոցով այս հարցը բարձրաձայնվի և լսելի լինի համապատասխան մարմիններին, որոնք զբաղվում են այս հարցով:
Արեն Չատինյան
Ցմահ դատապարտյալ
ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ
Նոյեմբերի 23, 2021 թվական