«Նրանք երբեք չեն ըմբոստանա, քանի դեռ գիտակից չեն դարձել, և գիտակից չեն չեն դառնա, քանի դեռ չեն ըմբոստացել»:
Գ. Օրուել, 1984 թվական
«Ինչպե՞ս վերացնել չարիքն աշխարհից։
-Վերացնել աշխարհը»:
Ֆ. Դոստոևսկի, «Ոճիր և պատիժ»
Խնդիրը, որին անդրադարձել եմ, այնքան բարդ, բազմաշերտ ու միևնույն ժամանակ հակասական է, որ մեկ հոդվածի շրջանակներում հիմնավոր և ամբողջական ներկայացնել հնարավոր չէ։ Սակայն հաշվի առնելով դրա կարևորությունն ու արդիականությունը՝ չէի կարող չօգտվել ընձեռված հնարավորությունից և չխոսել դրա մասին։
Հատկապես վերջին ժամանակներում ժողովրդական երկրներում լուրջ քննարկման առարկա է դարձել, այսպես կոչված, քրեական պատժի «ճգնաժամը»։ Դա հատկապես վերաբերում է պատժի այնպիսի տեսակների, ինչպիսիք են որոշակի ժամկետով և ցմահ ազատազրկումը։ Արդյունքում զարգացած երկրներում լուրջ ջանքեր են գործադրվում ոչ թե այլընտրանքային պատիժներ, այլ, ընդհանրապես, պատժին այլընտրանքներ գտնելու ուղղությամբ։
Խնդիրը փորձենք վերլուծել դրա պատմական զարգացման համատեքստում։
Պատիժը, որպես ներազդման միջոց, մեծ էվոլյուցիա է ապրել։ Հին աշխարհում այն հիմնականում կապված էր կրոնի հետ։ Կրոնական աշխարհայացքը պատժի հիմնական նպատակ էր համարում զղջումը՝ տանջանքների ազդեցության ներքո սեփական մեղավորության գիտակցումը։ Հանցագործները կտտանքների միջոցով քավում էին Աստծո, պետության և հասարակության դեմ գործած իրենց մեղքերը։ Բացի այս, պատժի միջոցով մահ կամ տանջանքներ պատճառելը նպատակ էր հետապնդում նաև հասարակության (համայնքի) մյուս անդամների մեջ վախ սերմանել՝ դրանով իսկ կանխելով նրանց կողմից հանցանք կատարելը: Սա էր հիմնական պատճառներից մեկը, որ թե՛ մահապատիժը և թե՛ մյուս պատիժներն իրականացվում էին հրապարակավ:
Հասարակական կյանքի վրա պատժման և ներազդման համակարգերն ամբողջական ձևավորման հասան մ.թ.ա. IV-III հազարամյակներում՝ Հին Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Միջագետքում և այլն… Այդ շրջանում պատիժը և կրոնական ներշնչանքը լրացնում էին միմյանց։ Պատիժը ստիպում էր հարգել կրոնը, իսկ կրոնն էլ իր հերթին աստվածացնում էր պատիժը։ Այդպիսի փոխլրացման լավագույն օրինակ են Հին Հնդկաստանում գործող Մանուի օրենքները։ Ահա՛ դրանցից մեկը. «Պատիժը ղեկավարում էր մարդկանց, պաշտպանում նրանց, արթուն պահում։ Պատիժն արդարություն է։ Բոլոր դասակարգերը կխառնվեին, սահմանները կվերանային, աշխարհը կվերածվեր քաոսի, եթե պատիժը չիրականացներ իր պարտականությունները»։
Մ.թ.ա. XV դարում Հին Չինաստանում պետական կառավարման տեսության մեջ ձևավորվեցին մարդկանց կառավարման սկզբունքները, որոնցում պատիժը անկյունաքարերից մեկն էր։ Հայտնի ռեֆորմատոր Ջունսուն Կանը գտնում էր, որ իշխանությունը պահելու և ամրապնդելու համար անհրաժեշտ է պատժել վատ արարք կատարելը, որի արդյունքում կվերանան ծանր հանցագործությունները, ինչպես նաև պետությունում կլինի կարգուկանոն։
Թովմա Աքվինացին գտնում էր, որ մեղավոր և գաղափարներին չտրվող անձանց «վնասազերծելու» համար անհրաժեշտ են պատժի վախն ու հարկադրանքը։ Նրա` աստվածային հատուցման տեսությունը նախատեսում էր մեղքերի քավություն՝ աստծո պատվիրանները խախտելու համար։ Այն վերջնական տեսք ստացավ գերմանական դասական փիլիսոփաների մոտ՝ Կանտի նյութական և Հեգելի դիալեկտիկական հատուցման տեսություններում։
Ի միջի այլոց, մտքի թարմությամբ և նորարարությամբ իր ուրույն տեղն ունի Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որը հայ իրավական մտքի մեծագույն նվաճումներից է: «Դատաստանագրքում» մեղքն ընկալվում է երկու իմաստով՝ կրոնական և իրավական։ Ըստ այդմ էլ Գոշը նախատեսում է պատժի երկու տեսակ՝ հոգևոր-եկեղեցական (բանադրանք, նզովք, ապաշխարություն, աստիճանազրկում, պաշտոնազրկում) և մարմնական-նյութական (մահապատիժ, մարմնական պատիժներ, ազատազրկում, գույքային-դրամական տույժեր): Արդարամտության գաղափարը Գոշն ամրապնդում էր օրենքով և բոլոր խավերի համար սահմանում հավասար պատիժ: Բացի այս, ըստ Գոշի, պատիժը պետք է ունենա ոչ թե տանջելու, վրեժ լուծելու, այլ խրատելու, ուղղելու, դաստիարակելու նպատակ: Սա, կարծում եմ, այդ ժամանակի համար առաջադեմ գաղափար էր։
Իրավական միտքը և մասնավորապես հանցագործության և պատժի նկատմամբ վերաբերմունքը հեղափոխական փոփոխություններ կրեցին 18-րդ դարի ֆրանսիացի լուսավորիչների գաղափարներում և դրանց հաջորդած ֆրանսիական մեծ հեղափոխության արդյունքում։ Վերջնական ձևակերպումներ ատացան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են մարդու իրավունքներն ու ազատությունները։ Այդ շրջանին բնորոշ է նաև մահապատժի դասակարգված տեսակներից, մարմնական պատիժներից, տաժանակրությունից աստիճանաբար հրաժարումը։ Պատժի հիմնական տեսակը դառնում է ազատազրկումը, որն ուղեկցվում է ուղղման նպատակով ներազդման միջոցառումներով։ Այդ ժամանակ կարծում էին, որ ուղղման հնարավոր է հասնել ռեժիմային խիստ սահմանափակումների, դաստիարակչական լուրջ միջոցների կիրառման և արտադրողական աշխատանքի միջոցով։ Նշված ժամանակաշրջանի, կարծում եմ, արմատական և նշանակալից նվաճումն այն էր, որ թե՛ մահապատժի և թե՛ դեռևս գործող մարմնական պատիժների իրականացումը հրապարակից տեղափոխվեց բանտ՝ փակ պայմաններ։
Ժամանակագրական հաջորդ շրջանում, որը հայտնի է պոստմոդեռնի դարաշրջան անվանմամբ և որում պայմանականորեն գտնվում ենք այժմ, ընթանում է քրեական պատժի հետագա հումանիզացիան, գրեթե վերանում է մահապատիժը, մեծաքանակ իրավախախտումների համար նախատեսված տարբեր ժամկետներով ազատազրկումները փոխարինվում են տուգանքով, հարկադիր աշխատանքով։
Այժմ այս համատեքստում փորձենք հասկանալ պատժի ժամանակակից ընկալումները, դրա վերաբերյալ առկա մտահոգությունները և հնարավոր բարեփոխումների հեռանկարները։ Նշեմ նաև, որ պատժողական քաղաքականության արդի վիճակը մասնագիտական լայն շրջանակների կողմից գնահատվում է որպես ճգնաժամային։ Ինչու՞մ է կայանում այն։
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածը սահմանում է, որ պատիժը պետական հարկադրանքի միջոց է, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից և ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ։
Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Այժմ առանձին-առանձին անդրադառնանք պատժի՝ օրենքով սահմանված 3 նպատակներին։
Դրանցից առաջինը սոցիալական արդարության վերականգումն է։ Նշված հարցն ուսումնասիրելու համար պետք է ելնել արդարության ընդհանուր հասկացությունից։ Արդարությունը բարոյա-իրավական կատեգորիա է, որը կատարված հանցագործության դիմաց պահանջում է համապատասխան պատիժ։ Հանցանք գործելով՝ անձը խախտում է օրենքով ամրագրված արգելքը՝ վնաս պատճառելով հասարակական հարաբերություններին։ Դրա համար տվյալ հանցագործը պետք է ենթարկվի որոշակի զրկանքների և տանջանքների (ոչ ֆիզիկական), որը համարվում է պետության կողմից հիմնավոր և արդարացված ռեակցիա՝ ի պատասխան կատարված հակաօրինական և հասարակության համար վտանգավոր արարքների։ Մեղավորին պատժելով՝ հնարավոր է դառնում լրիվ կամ մասնակի վերականգնել հանցագործությամբ անձին, հասարակությանը կամ պետությանը պատճառված վնասը։ Ցավոք, շատ հաճախ դա անել հնարավոր չէ, օրինակ, եթե հանցագործության կատարման արդյունքում կա մարդու մահ կամ առողջությանը պատճառված է անդառնալի կորուստ։ Սակայն նույնիսկ նման դեպքերում վնասի մասնակի փոխհատուցումը տուժողին կամ հասարակությանը որոշակի օգուտ է բերում, որը նույնպես արդարացի է։ Սակայն այստեղ կանգնում ենք լուրջ խնդրի առջև, երբ փորձում ենք պարզել, թե ինչ է արդարությունը։
Արդարությունը լավի և վատի, չարի և բարու մասին մեր պատկերացումներն է։ Այսինքն՝ այն գաղափար է, ընդ որում՝ խիստ վերացական և հետևաբար՝ անորոշ։ Կոնկրետության բացակայությունը շատ դեպքերում պատժի այս նպատակը դուրս է հանում տրամաբանության սահմաններից։ Խնդիրն այն է, որ եթե արդարության երևույթին անդրադառնալիս հիմք է ընդունվում դրա հասարակական ընկալումը, այդտեղ ամբողջովին ջնջված են հատուցման, վրեժի ու արդարության սահմանները, հետևաբար նման դեպքում ուղղակի խոսք չի կարող լինել արդարադատության մասին։
Կարծում եմ՝ այստեղ տեղին է անդրադառնալ մի երևույթի, ինչպիսին է հանրային դաժանությունը։ Մասնագիտական գրականության մեջ այն ընդունված է անվանել Պիղատոսի սինդրոմ (հայտնի պատճառով)։ Հանրային (կոլեկտիվ) դաժանությունն ունի խորը պատմական արմատներ։ Դրա վառ ապացույցն են գլադիատորական մարտերը, երբ գրեթե բոլոր պարտված գլադիատորների համար Հռոմի հազարավոր քաղաքացիներ ձեռքի շարժումով մահ էին պահանջում:
Դարեր, նույնիսկ հազարամյակներ շարունակ հանրային մահապատիժները, ֆիզիկական և բարոյական տանջանքները (հրապարակային նվաստացումները) ուղեկցվում էին «հանդիսատեսի» ոգևորիչ և խրախուսական կոչերով։ Բանը նույնիսկ հասավ նրան, որ հատկապես միջնադարում գրեթե բոլոր տոնախմբությունները պարտադիր սկսվում էին հրապարակում իրականացվող մահապատժով (Փարիզում նման մի մահապատժի ականատես է եղել Լև Տոլստոյը, ով տեսածի և ամբոխի վերաբերյալ իր զարհուրանքն արտահայտել է «Խոստովանություն» գրքում)։
Պիղատոսի սինդրոմն առանց էական փոփոխությունների առկա է նաև այժմ, սակայն հմտորեն քողարկված է քաղաքակրթության, հումանիզմի և այլ բարձրագոչ հասկացությունների ներքո։ Կոլեկտիվ հասարակության մոտ սոցիալական արդարության վերականգնումը շարունակվում է նույնացվել վրեժի հետ։ Եվ շատ դեպքերում դատարանները, տուրք տալով այդ պահանջին, արդարադատություն իրականացնելու փոխարեն դատաստան են տեսնում հանցանք կատարած անձի հետ։ «Պիղատոսը, տեսնելով, որ օգուտ չկա, ավելին՝ խռովություն է բարձրանում, ջուր վերցրեց և ժողովրդի առաջ լվաց ձեռքերը» (Ավետարան՝ ըստ Մատթևոսի, 27:24)։
Այսպիսով, այս ամենից կարող ենք եզրակացնել, որ սոցիալական արդարության վերականգնումը՝ որպես պատժի նպատակ, վերացական է, և բացակայում են դրա գնահատման օբյեկտիվ չափորոշիչները։ Այստեղ մեծ անելիք ունի պետությունը։ Միայն հասարակության և «սահմանն» անցած անձանց քաղաքակիրթ փոխգործակցության արդյունքում է հնարավոր հասնել դրված նպատակին։ Բերեմ դրա մի օրինակ. զարգացած երկրներում կան հատուկ մասնագիտացված կառույցներ, որոնք զբաղվում են հանցանք կատարած անձի և տուժողի միջև երկխոսության ստեղծմամբ և հաշտեցմամբ։ Սա մեզ մոտ լրջագույն խնդիր է և ամբողջովին թողնված է դատապարտյալի վրա։
Բացի այս, սոցիալական արդարության վերականգնման որակական նորմը շատ հաճախ չարաշահված է պետության կողմից։ Մարդկության պատմության ողջ ընթացքում դատարանները, պատիժը քողարկելով սոցիալական արդարության վերականգնման և այլ նպատակների տակ, պետության համար լուծել են մեկ խնդիր՝ ապահովելով էժան, շատ դեպքերում՝ ստրկական աշխատանքով (աշխատուժով)։ Ասածիս վառ օրինակն է աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանը, երբ նոր գաղութներում առաջացավ էժան աշխատուժի կարիքը, որը, ի թիվս տեղաբնակների և ստրուկների, համալրվեց նաև տաժանակիրներով: Այդպես ձևավորվեց Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Ավստրալիայի և շատ այլ վայրերի բնակչությունը: Մյուս հատկանշական օրինակը ԽՍՀՄ-ում Ստալինի կառավարման տարիներին ստեղծված լագերների մեծ ցանցն էր, որտեղ կիրառվում էր գրեթե ստրկական աշխատանքը, և որը համալրվում էր դատարանների կողմից՝ վերևից իջեցված քանակային պլանին համապատասխան։ Այդ ամբողջ ցիկլը՝ սկսած մասսայական ձերբակալություններից մինչև տաժանակիր աշխատանք, մանրամասն նկարագրված է Ա. Սոլժենիցինի «Արխիպելագ ԳՈՒԼԱԳ»-ում, Վ. Շալամովի պատմվածքներում և այլն։
Պատժի հաջորդ նպատակն ուղղումն է։ Սա ենթադրում է պատիժը կրող անձի վրա դաստիարակչական ներգործություն։ Այս ներազդման արդյունքն այն է, որ դատապարտյալը փոխում է իր հակահասարակական դիրքորոշումը և հրաժարվում հետագա հանցավոր գործունեությունից։ Չնայած նման նպատակադրումը գեղեցիկ է հնչում և ողջունելի է, ցավոք, հեռու է իրականությունից։
Նշվածի մեջ կարող ենք համոզվել՝ ընդամենն ուսումնասիրելով ռեցիդիվի մակարդակը։ Եթե եվրոպական երկրներում այն տատանվում է 5-15 տոկոսի սահմաններում, ապա Հայաստանում, տարբեր գնահատականների համաձայն (ցավոք դրա վերաբերյալ չկարողացա գտնել պաշտոնական տվյալներ), ռեցիդիվի մակարդակը կազմում է մոտ 35 տոկոս, այսինքն 100 ազատված անձից մոտ 35-40-ը դարձյալ դատապարտվում է։ Իսկ բանտ չվերադարձողների մեջ մեծ տոկոս են կազմում մարդիկ, ովքեր ազատազրկման վայրում են հայտնվել հանգամանքների բերումով՝ ի սկզբանե չունենալով հանցավոր հակումներ։ Սա վկայում է գործող պատժողական քաղաքականության, ուղղման նպատակով իրականացվող միջոցառումների անարդյունավետության մասին։
Խնդիրը շատ ավելի բարդ ու խորն է։ Նախ կարելի է պնդել, որ կամայական պատիժը, նույնիսկ ամենաանմարդկայինը, ունի դաստիարակչական ազդեցություն։ Եթե, օրինակ, հանցագործության համար դատապարտված անձին շղթաներով գամենք պատին և այդ վիճակում պահենք 5, 10 կամ 15 տարի, ապա ազատվելով, ենթադրաբար, նա իր մեջ կերդվի այլևս հանցանք չկատարել։ Ենթադրենք նաև, որ նա կպահի իր երդումը։ Նշանակու՞մ է արդյոք, որ տվյալ անձն ուղղվել է։ Խուսափելով նոր հանցանք գործելուց՝ նա իր մեջ կուտակված ատելությունն ու ագրեսիան ուղղելու է կամ իր շրջապատի վրա՝ ընտանիքի, հարազատների կյանքը դժոխք դարձնելով, կամ ուղղելու է դեպի ներս՝ տրվելով հարբեցողության և այլն:
Բացի այս, բանտում ռեժիմով նախատեսված բազմաթիվ սահմանափակումները բերում են նրան, որ դրանք պահպանելը և դրանց անշեղորեն հետևելը դառնում են խրախուսելի վարքագիծ: Արդյունքում ձևավորվում է հլու-հնազանդ, կամազուրկ անձ, որի մեջ վերջնականորեն մեռնում է անհատականությունը։ Սա, իր հերթին, որքան էլ կարող է անհեթեթ թվալ, պարարտ հող է ստեղծում հանցանք գործելու և դարձյալ բանտ վերադառնալու համար։
Անհատականության կորստի ծայրահեղ դրսևորումները հրաշալի նկարագրել է Վիկտոր Ֆրանկլն իր «Կյանքին ասա՝ այո՛» գրքում։ Նա նշում է, որ նացիստները համակենտրոնացման ճամբարներում մարդուց փորձում էին վերցնել անհատականության վերջին նշույլը՝ անունը՝ այն փոխարինելով համարով, սակայն գիտակից մարդիկ պայքարում էին թաքուն, պատժվելու սպառնալիքի տակ՝ իրենց անունով կոչվելու համար՝ հետապնդելով մեկ նպատակ՝ մարդ մնալ։
Գաղտնիք չէ, որ բանտը ծառայում է որպես քրեական որակավորման «բարձրացման» վայր։ Ճաղերի հետևում տեղի ունեցող այս երևույթն ի չիք է դարձնում մարդու վերասոցիալականացման հույսը։ Բանտում ձևավորվում է «հասարակության կողմից մերժված անդամների» սոցիում, որը համալրվում է նոր դատապարտված անձանցով։ Այս համատեքստում հարց է առաջանում՝ ինչպես վարվել այն հանցագործի հետ, որն արդեն կրել է վճռով նշանակված պատիժը և պետք է ազատ արձակվի, սակայն չի ուղղվել, և բոլորի համար ակնհայտ է, որ բանտից դուրս է գալիս իր կողմից նախկինում կատարած հանցագործությունների ժամանակ թույլ տրված սխալները վերլուծած և դրանցից դասեր քաղած, կալանքի ընթացքում մյուս դատապարտյալների կատարած հանցանքների հանգամանքներն ուսումնասիրած, բանտից այլևս ներքին վախ չունեցող մի անձնավորություն, ով նպատակ ունի ծրագրավորված հանցագործություններ կատարել հնարավորինս «մաքուր»։ Տրամաբանական պատասխանը կլինի՝ շարունակել պատժի կրումն այնպես, ինչպես շարունակում են չբուժված հիվանդի բուժումը։ Ահա այստեղ է առաջանում պարադոքս՝ կապված որոշակի ժամկետով ազատազրկման և ուղղման հետ։
Բացի այս, ըստ մասնագետների, դատապարտված անձի ուղղմանը և վերասոցիալականացմանը հնարավոր է հասնել առավելագույնը 5-6 տարի ազատազրկման դեպքում։ Ավելին,այդ ժամկետը գերազանցող պատիժը ոչ միայն անիմաստ է ուղղման տեսանկյունից, այլ նաև անձի հոգեկան աշխարհի վրա ունենում է անդառնալի հետևանքներ, որն էլ ավելի է բարձրացնում ռեցիդիվի ռիսկերը։
Կարծում եմ՝ հանցանք կատարած անձին ուղղելուն ու վերասոցիալականացնելուն հնարավոր է հասնել միայն մեկ ճանապարհով՝ նրա մոտ խորքային հոգեբանական տրանսֆորմացիաների միջոցով: Խնդիրն այն է, որ դատապարտյալի մոտ գնում է ներքին արժեհամակարգային պայքար: Բանտը տալիս է որոշակի հարմարավետ պայմաններ՝ կեցության վայր, երեքանգամյա որակյալ և բազմազան սնունդ, անվճար բուժսպասարկում, տրամադրում է հագուստ և հիգիենայի պարագաներ, բանտարկյալը չի մտածում հոսանքի, ջրի, ջեռուցման և այլ կոմունալ ծառայությունների համար վճարելու մասին։ Սրա փոխարեն անձը չունի ազատություն և զրկված է մի շարք այլ նյութական և հոգևոր բարիքներից։
Ազատվելուց հետո մարդու մոտ տեղի է ունենում հենց այս ներքին արժեհամակարգային պայքարը. ո՞րն է առաջնային՝ անձնական կենցաղային հարմարությո՞ւնը՝ թեկուզ և ազատության կորստի հաշվին, թե՞ ազատ և օրինապահ կյանքը՝ գուցե նաև որոշակի զրկանքներով։ Այս խնդիրը լուծելու համար պահանջվում է լուրջ կազմակերպչական, մտավոր ջանքեր, դաստիարակչական ներազդման՝ գիտականորեն հիմնավորված համակարգերի, հատուկ վերապատրաստված հոգեբանների առկայություն։
Պատժի՝ նոր հանցագործությունների կանխման նպատակը ենթադրում է, որ քրեական պատիժը հասարակության բոլոր անդամների վրա ունենում է նախազգուշացնող ազդեցություն։ Ակնհայտ է, որ քաղաքացիների գերակշիռ մասը հանցանք չի գործում՝ ելնելով ներքին համոզմունքներից, օրենքի նկատմամբ հարգանքից: Սակայն հասարակության անդամների մի ստվար զանգված հանցանք չի գործում բացահայտվելու և հետագայում պատժվելու վախից։ Դրա արդյունքում քրեական պատժի իրականացման հնարավորությունն ունենում է պրոֆիլակտիկ, իսկ շատ դեպքերում՝ դաստիարակչական ազդեցություն։ Եթե անձը հանցանք է ծրագրում, ապա հենց պատժի նկատմամբ վախը կարող է նրան հետ պահել այդ հանցանքը կատարելուց։ Սակայն երբ փորձում ենք կապ գտնել կատարված հանցագործությունների քանակի և դրանց համար նախատեսված պատիժների միջև, ակնհայտ է դառնում, որ այն թույլ է արտահայտված։
Ավելին, իրականացված բազմաթիվ հետազոտությունները ցույց են տալիս, որ որևէ հանցատեսակի կատարումը կանխելու նպատակով դրա պատժի խստացումը կարճաժամկետ հատվածում տալիս է որոշակի դրական էֆեկտ, սակայն երկարաժամկետ հատվածում նախկին մակարդակը գրեթե վերականգնվում է։ Նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Եմենը, Չինաստանը և այլն, որտեղ լայնորեն կիրառվում է մահապատիժը, հանցագործության մակարդակը ցածր չէ այն երկրներից, որտեղ առկա են լիբերալ պատիժներ, իսկ շատ դեպքերում՝ նույնիսկ բարձր: Նշվածը վկայում է, որ թեև պատիժն ունենում է որոշակի կանխարգելիչ ազդեցություն, պնդել, թե այն ներկայումս ծառայում է իր առջև դրված նպատակին, ճիշտ չէ:
Կարծում եմ՝ առանձին կարևոր ուսումնասիրման առարկա պետք է հանդիսանա հանցագործի ընտանիքը։ Երբ անձը ձերբակալվում է (հիմնականում դրանք տղամարդիկ են, որոնք նաև ընտանիքի կերակրողն են, շատ դեպքերում՝ միակ), դա նրա ընտանիքի վրա ունենում է մեծ ազդեցություն։ Մեկ ակնթարթում կորցնելով կերակրողին՝ շատ ընտանիքներ հայտնվում են անելանելի իրավիճակում։ Բացի այս, մեր հասարակության մեջ շատ են դեպքերը, երբ հանցագործություն կատարած անձի ընտանիքը մերժվում է համայնքի կողմից (դա հատկապես տարածված է փոքր քաղաքներում և գյուղերում), որի արդյունքում ստիպված է լինում փոխել բնակության վայրը: Նյութապես անապահովվածությունը, հասարակության կողմից մերժված լինելը և այս ամենի պատճառով կուտակված ագրեսիան բարենպաստ միջավայր են ստեղծում նոր հանցագործի ձևավորման համար։
Ցավոք, չկա ուսումնասիրություն, թե ներկայումս պատիժ կրող անձանց քանի տոկոսն է մեծացել ընտանիքում, որի անդամներից գոնե մեկը ազատազրկված է եղել, սակայն վստահեցնում եմ, որ դա մեծ թիվ է կազմում։ Նույնիսկ հանդիպել եմ դեպքի, երբ միաժամանակ նույն ընտանիքից կալանավայրերում են գտնվել 3 սերունդ՝ պապը, որդին, թոռը…
Ահա այստեղ ևս մեծ անելիք ունի պետությունը, որը համապատասխան թիրախային ծրագրերով կարող է կանխել մեծ քանակությամբ հանցագործություններ։
Ամփոփելով՝ նշեմ, որ այս հոդվածով նպատակ չեմ հետապնդում ապացուցել, որ պատիժը, հատկապես՝ ազատազրկումը, անիմաստ է և չպետք է լինի։ Այստեղ տեղին է մեջբերել ֆրանսիացի փիլիսոփա Միշել Ֆուկոյի «Հսկել և պատժել» գրքից հետևյալ միտքը. «Բանտի բոլոր թերությունները հայտնի են։ Հայտնի է, որ այն վտանգավոր է, շատ դեպքերում՝ անօգուտ։ Այնուամենայնիվ, ոչ ոք չգիտի, թե այն ինչով կարելի է փոխարինել։ Բանտն այն «զզվելի» որոշումն է, առանց որի, հավանաբար, հնարավոր չէ»։
Խնդիրը այն է, որ այն տեսքով, ինչպես այժմ պատիժ է իրականացվում, անարդյունավետ է։ Անհրաժեշտ են ոչ թե հատվածական, կոսմետիկ, այլ արմատական, համակարգային բարեփոխումներ, որոնք հնարավորություն կտան ներկայումս գործող մեխանիկական մոտեցումների փոխարեն ներդնել մի այնպիսի համակարգ, որն իսկապես կծառայի պատժի՝ օրենքով ամրագրված նպատակներին հասնելուն։
Համենայն դեպս, Մարտին Լյութեր Քինգի կողմից իր հայտնի ելույթում հնչեցրած միտքն այս հարցում ինձ համար փարոսի դեր է կատարում՝ I have a dream – Ես մի երազ ունեմ…
Հ.Գ. 1
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ին և քրեակատարողական ծառայությանը՝ նման հնարավորություն ընձեռնելու համար՝ ակնկալելով, որ բարձրացված խնդիրները կուսումնասիրվեն և հաշվի կառնվեն ոլորտում պետական քաղաքականության մշակման ժամանակ։
Հ.Գ. 2
2019 թ. սեպտեմբերի 15-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը հայտարարեց, որ ցմահ ազատազրկումն անձին զրկում է նոր սկզբի իրավունքից՝ երկրներին կոչ անելով հրաժարվել դրանից։ Ցմահ ազատազրկման նպատակահարմարությունը (ավելի ճիշտ՝ աննպատակահարմարությունը) առանձին մեծ թեմա է, որին ծրագրի շարունակվելու դեպքում կանդրադառնամ հաջորդ տարի։
Արտակ Ճաղարյան
Ցմահ դատապարտյալ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Նոյեմբերի 8, 2021 թվական