Ես գտնվում եմ անազատության մեջ՝ սպանության հոդվածով։
Մի՛ շտապեք քարկոծել, ես այդ արարքին գնացի՝ ինձ ու փոքրիկներիս պաշտպանելու համար։
Ունեմ երեք մանկահասակ երեխա, ովքեր այժմ գտնվում են տարբեր խնամքի հաստատություններում՝ ինձնից հեռու, իրարից անջատված։
Շատ դժվար է…
Ես մենակ էի ազատության մեջ, մենակ եմ նաև այստեղ, չունեմ որևէ հենարան։
Ազատազրկման մեջ ես անճար եմ, որովհետև չունեմ ո՛չ աշխատանք ու գումար, ո՛չ էլ օգնող մեկին։ Տանջվում եմ ամեն վայրկյան՝ չունենալով կապ արտաքին աշխարհի հետ։
Երեխաներս մեծանում են առանց ծնողական սիրո, ինչն անարդար է։ Եթե պատկան մարմինները ժամանակին լսեին ինձ ու խնդրիս լուծում տային, ես այսօր մարդասպան չէի դառնա։
Կարծում եք՝ ես ցանկանու՞մ էի մարդասպան դառնալ: Դա իմ էությունը չէ։ Ես խնդրում էի ոստիկաններին ինձ օգնել, բայց նրանք անտեսում էին իմ բողոքը, և մի օր էլ ես այլընտրանք չունեի, չէի կարող թողնել, որ երեխաս շնչահեղձ լինի գրկումս իր հոր մեղքով
Դա պարզապես մայրական բնազդ էր, որ փրկեց իր զավակին։
Իսկ այժմ ես չունեմ ոչինչ, միայն անսահման վիշտ։
Ես դիմում եմ քեզ, սիրելի՛ ընթերցող։ Երբ քեզ վատ հոգեվիճակում գտնվող որևէ մեկը դիմի օգնության համար, լսի՛ր նրան, մի՛ անտեսիր, մի՛ հեգնիր, օգնի՛ր՝ ինչով կարող ես կամ ուղղորդիր՝ ուր դիմել։
Հավատա՛, այդպես դու ճակատագրեր կփրկես …
Կազմակերպե՛ք սեմինարներ, լսե՛ք ինձ նման մարդկանց՝ անվերջ թվացող խնդիրները, հուսադրեք, քաջալերեք, թույլ մի՛ տվեք կոտրվել։
Եթե դու ուժեղ ես, պետք է օգնես քեզնից թույլին ու ճանապարհ ցույց տաս։
Չէ՞ որ կյանքը թանկ է, ապրելը՝ դժվար…
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կալանավորված կին
Սեպտեմբերի 16, 2021 թվական