«Սերատունը» ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ստեղծագործությունն է: Այն գեղարվեստական պատմվածք է սիրո և արդարության մասին։
Մաս 1
Աստղերը բազմանում էին, և նրանց կենարար լույսը տարածվում էր ողջ տիեզերքով։ Նա ժպտում էր, քանի որ լավ գիտեր նոր արևների առաջացման աղբյուրի մասին։ Հազվադեպ հանդիպումների ժամանակ, երբ Սերատայի ու Առնամի մարմինները փարվում էին իրար, Տիեզերքն արձագանքում էր:
-Նայի՛ր Առնամ, էլի նոր աստղ հայտնվեց երկնքում,-փոքր աղջնակի պես ուրախանում էր Սերատան, ու նրա խոշոր աչուկների լույսը կլանում էր, տանում այնտեղ, որտեղից եկել էր…
Օ՜, մարդկային արդարադատություն… այն չի հանդուրժում Սերը, որին հազարամյակներ շարունակ գամում են խաչին, այրում խարույկի մեջ։ Տգիտությունը չի հանդուրժում Լույսը։ Որքան սիրող սրտեր բաժանեցին, գիտնականներ ու վհուկ հայտարարված կանայք ողջակիզվեցին։ Տգիտության համար ամեն ինչ հայտնի է, ամեն բան սահմանափակ է, շղթայված, և խաչվում է յուրաքանչյուր դեպի վեր ճախրող հոգու թևերի առաջին թափահարումը, ազատ մտքի արտահայտումը և Սիրո ցնծության կրակի առաջին իսկ կայծը։
Սև պատմուճանով, խոժոռ դեմքով պետության անունից դատավոր կարգվածը քննության ենթարկեց Սերատայի ու Առնամի Սերը։ Մի խումբ բժիշկներ, ովքեր մարդու մարմինը դիտարկում էին որպես մարդու էություն և ժխտում էին հոգու գոյությունը, հավաքվել էին հրապարակում, գոռում էին․
-Կախաղա՛ն հանեք նրանց, մենք չենք ընդունում սերը, քանի որ մարդու մարմնում չկա սիրո զգայարան։
Սպիտակխալաթավոր մեկի ձեռքին պաստառ էր՝ վրան գրված․ «Մարդիկ զգայարաններ ունեն՝ տեսնելու, լսելու, հոտոտելու, շոշափելու, համտեսելու համար։ Իսկ որտե՞ղ է սիրո զգայարանը։ Այն ՉԿԱ»։
Դատավորը մուրճը խփեց և հայտարարեց, որ Սերատայի ու Առնամի Սերն այնքան մեծ է, որ վախեցնում է, այնքան նվիրական ու քնքուշ, որ կասկած է հարուցում, այնքան ուժգին ու արարչական է, որ նախանձ է ծնում։ Դատարանը հանգեց եզրակացության, որ օրենքով սահմանված Սիրո սահմանները խախտվել են, և հանուն «շղթաների անհրաժեշտության» գերագույն սկզբունքի Կինն ու Տղամարդը պետք է հեռացվեն իրարից ու պատժվեն։ Նրանց չթույլատրեցին նույնիսկ վերջին անգամ գրկախառնվել ու համբուրվել։ Առնամի ականջներում շարունակաբար հնչում էին Սերատայի խոսքերը, երբ ոստիկանները թևերից քաշելով՝ բաժանում էին նրանց․
-Նրանք չեն հանդուրժում Սերը, դրա համար էինք այն փայփայում՝ թաքցրած մեր սրտերում․ ես քեզ նորից կգտնեմ, հիշիր՝ Հավերժ սիրում եմ քեզ։
-Սերատա՛, ես կգամ քեզ մոտ, երդվում եմ, ի՛մ Սեր,- այս ճիչն ընդհատվեց՝ Առնամին գցեցին խավարի մեջ։
Քաղաքը վերադարձավ իր նախկին՝ մռայլ ու ձանձրալի առօրյային։ Քա՛նի անգամներ մարդիկ պետք է դատապարտեն Սերը, վախենան Լույսից, իսկ հետո զղջալով, իրենք իրենց պատժեն՝ պատերազմներով ու ատելությամբ մեկը մյուսի նկատմամբ։ Չկա փոքր կամ մեծ անարդարություն, յուրաքանչյուր մարդու հանդեպ եղած անտարբերությունն անդրադառնում է ողջ հասարակության վրա։ Երբ ամբոխին ստիպում են գոռալ՝ ո՛չ մարդասիրությանը, երբ ատելություն են սերմանում և ճշմարտության վրա հրեշի պատկերով քող են գցում, այդ անարդարության դառը պտուղները վերադառնում են նույն ամբոխին։ Սա է բնության արդարադատության նժարների անխուսափելի հավասարակշռումը՝ Մարդն ավելին է, քան անհատը…
Գիտանականերն ու պոետները հազարամյակներով փնտրում են սիրո բանաձևը, մարդկության շարժիչ ուժը։ Օդանավեր են բարձրացնում դեպի երկինք, սուզվում օվկիանոսի հատակը, ուսումնասիրում սեփական բջիջները, բայց երջանկությունը մնում է մի պատրանք, որին կարծես, թե ուզում են դիպչել, բայց այն նորից հեռանում է։
Քաղաքում քչերն էին փնտրում կորած Սերն ու արդարությունը։ Իսկ Սիրո դեմ դուրս եկած ամբոխը թաթախվեց ատելության մեջ: Ամբոխը չէր գիտակցում՝ ինչու աշխարհը այդպիսին դարձավ…
Այժմ Նրա ժպիտը տխուր էր․ լուռ հետևում էր Երկիր մոլորակի գիտնականների իրարանցմանը։ Աստղերը հեռանում էին՝ կորչում անհայտ վերևում…կենդանի արարածները չէին անում այն, ինչը պահպանում էր կյանքի շարունակությունը կապույտ մոլորակի վրա։ Վերջինս, բացի իր առանցքի և արևի շուրջ պտտվելուց, կարծես, թե վեր էր սլանում՝դեպի անհետացող աստղերը…արբանյակներից ստացված տեղեկությունները վկայում էին՝ արեգակնային համակարգն աննկարագրելի արագություն էր հավաքում օր օրի։ Մասնագետներից ոմանք պնդում էին, որ հակառակ բոլոր պատկերացումների մեր համակարգը, խախտելով պարույրաձև պտույտը, դուրս էր սլանում Ծիր Կաթին գալակտիկայից։
Մոլորակի վրա հայտնվեց մինչ այս անհայտ վիրուս, որը շատ արագ տարածվեց բոլոր երկրներում։ Միլիոնավոր մարդիկ կորցնում էին համն ու հոտը զգալու կարողությունը, հետո շնչահեղձ էին լինում։ Սա դեռ ամենը չէր. մարդիկ կորցնում էին նաև հիշողությունը։ Մեկը մյուսին հարց ու փորձ անելով՝ փնտրում էին սեփական պատմության հուշերը։ Առավել խոցելի դարձան բժիշկները, քանի որ ստիպված էին շուրջօրյա շփվել ախտահարվածների հետ։ Ահագնացան ցունամիները, ջրհեղեղները, հրդեհները, հրաբուխները ժայթքում էին ամենուր, մարդկանց հիշողությունները խառնվում էին իրար։ Սկսվեց պատերազմը…
Մաս 2
Ընտանիքը երջանիկ ապրում էր։ Ծնողները ավազից և ջրային բույսերից սարքել էին իրենց գեղեցիկ տնակը։ Մեծացնում էին 4 ձագուկներին։ Ուտելիք էին բերում նրանց համար, թևերը թափահարելով և բնի կողքին արագ լողալով՝ տաքացնում էին ջուրը, որ ձագուկները չմրսեն։Երբ նրանք մի փոքր մեծացան, ձկների ընտանիքը մեկ-մեկ բարձրանում էր ծովի մակերես և մի քանի վայրկյանով գլուխները հանում էին դեպի անհայտ աշխարհ։ Ձկնիկներից փոքրիկի անունը Հավատ էին դրել, քանի որ այս զավակն անվերապահորեն հավատում էր թե՛ ծնողներին, թե՛ եղբորը և՛ քույրիկներին ամեն հարցում։ Էլի կային ընտանիքներ և նրանք իրար հետ շփվում էին։ Ոչ հեռու ապրող ընտանիքի հայրձուկը գիտնական էր և երկար ժամանակ ուսումնասիրում էր ջրային տարածքը։ Երբ նրանց հյուր գնացին, Հավատը հարցրեց․
-Իսկ մեր աշխարհից այն կողմ որևէ բան կա՞։
-Ներքևում և շուրջբոլորը ջուրը վերջանում է: Ինչ-որ կոշտ մակերես է, ու որքան փորձել ենք ողջ երամով հարվածելով այն ծակել, չի ստացվել։ Իսկ վերևում․․․այնտեղ չի ստացվում լողալ և ձուկը շնչահեղձ է լինում։ Այնտեղ մեծ ստվերներ կան, մե՛կ լույս է, մե՛կ՝ մութ։ Այս առևղծվածը մեր՝ ձկների քաղաքակրթությունը չի կարողանում լուծել։ Մեր գիտությունը ենթադրում է, որ այնտեղ կարող են այլ կենդանի արարածներ լինել և այլ ջրեր, բայց կարծում եմ, որ այնտեղ դատարկություն է, իսկ ստվերները հենց մեր մարմինների արտացոլանքն են,- այսպես պատասխանեց տարեց գիտնականը։
Գրեթե ամեն կիրակի Հավատը մենակ կամ ընտանիքով այցելում էր գիտնականի ընտանիքին․նրա երկու դստրերը և կինը միշտ ուրախ էին, համեղ բլիթներ էին պատրաստում ջրիմուռներից։ Կյանքը շարունակվում էր։
Հավատի ծնողները նրա համար հատուկ ցողուններ էին բերում, որոնց վրա ձկների հնագույն լեզվով գրառումներ էին արված իրենց հեռավոր պատմության մասին։ Արդեն մեկ ամիս էր, ինչ Հավատի հայրը ասում էր, որ գիտնականի ընտանիքում տխրություն է՝ դստրերից մեկը անհետացել է, որոնումները դեռ արդյունք չեն տվել։ Այս իսկ պատճառով նրանք հյուր չէին գնում, որ չանհանգստացնեն։ Հավատը ենթադրեց, որ Արևիկը՝ գիտնականի անհետացած դուստրը, գտել է սահմանից այն կողմ շնչելու ձևը և ջրի մակերեսից հեռացել է, ուսումնասիրում է նոր տեղանքը… Հավատը վաղուց էր սիրահարված Արևիկին և տառապում էր նրա բացակայությունից։ Առավոտից մինչև ուշ երեկո Հավատը ծովի մակերեսին էր, փորձում էր հնարավորինս բարձր թռչել դեպի վերև և շնչել: Այդ ընթացքում նայում էր շուրջը՝ հույսով գտնել իր սիրելիին։ Հետո նա այլևս տուն չէր վերադառնում։ Ե՛վ իր, և՛ Արևիկի ծնողները գալիս էին մոտը, փորձում համոզել, որ տուն վերադառնա, բայց զուր էր։Նա նույնիսկ սովորեց քնել ջրի մակերեսին և գիտեր, թե երբ է լուսանում, երբ՝ մթնում։ Մի օր մութը չէր ընկնում, բայց այդ լույսը ուրիշ էր, և Հավատի մոտ հույս արթնացով…
-Ա՛յ այդպես, ռեստորանի բոլոր լույսերը պիտի վառ լինեն՝ էսօր տղուս ծնունդն ա, համ էլ բանակի քեֆը։
Լսվում էին կանաց և տղամարդկանց բարձր ձայներ, չդադարող երաժշտություն։ Հավատը բան չհասկացավ, միայն այն, որ ստվերները սկսեցին թռվռալ և աղմուկ էր։ Իսկ բացօթյա ռեստորանի այցելուները շարունակում էին զվարճանալ։ Հոբելյարի հայրը կանչեց մատուցողին և պատվեր տվեց․
-Գնա՛ ու ձեր լողավազանից ընտրի՛ր ամենաձիգ արու ձկանը՝ ամենահամով խորովածն արա՛։
Սպասավորն ու խոհարարը նկատել էին, որ այցելուների համար ռեստորանի լողավազանում բուծվող ձկներից մեկը տարօրինակ պահվածք ուներ և մկանների ուժեղ կծկումով կարողանում էր ջրից վեր թռնել։ Խոհարարի անողոք ձեռքը նրան բռնեց հենց հերթական թռիչքի պահին։
-Սրանից շատ համով խորոված կստացվի,- ձկան գլխին ուժեղ հարվածելով ասաց խոհարարը։
Կես ժամից մի փոքր ավելի էր անցել, երբ «Քեֆ ենք անում» երգի հնչյունների տակ սպասավորը, արծաթե սկուտեղը մի ձեռքին բարձր պահած, մոտեցավ գլխավոր սեղանին։ Ձկան մաշկը համեղ կարմրավուն երանգով ախորժակ էր գռգռում, կողքը՝ նուրբ կտրտած կիտրոնի և թարմ սոխի կլորակներն էին, վրան էլ՝ նռան հյութեղ հատիկները։
Հավատն այլևս ոչ մի բան չէր գիտակցում՝ ո՛չ աշխարհի սահմանների և ո՛չ էլ ծովի հատակի ցողունների վրայի պատմական գրառումների մասին։ Բայց նա կար…ինքն էլ չէր հասկանում՝ ոնց և որտեղ, բայց նա ուներ մեկ զգացմունք՝ շարունակում էր սիրել Արևիկին։ Սիրել և փնտրել: Սուր դանակը կամաց կտրում էր նրա խորովված և համեմունքներով ցանված մարմինը, բայց նա ոչ մի ցավ չէր զգում։ Հավատը Լույսի մեջ սավառնում էր և զգում էր՝ Արևիկը մոտ է…
Խնջույքի ընթացքում պատի տակ դրված սեղաններից մեկի անկյունում նստած միայն Մոգ անունով աստղագետը չէր ուրախանում։ Նա չէր ցանկացել մերժել հրավերը, սակայն շատ մտահոգ էր. Սերատայի և Առնամի պատմությունը նրա ներաշխարհը ոտքից գլուխ շուռ էին տվել։ Մոգը լավ գիտեր՝ երբ Սերը քարկոծում են, բնությունը, Արարիչը անպայմանորեն արձագանքում են․․․
Արևածագին քեֆը վերջացավ։ Ձկան փշերը սննդի մյուս մնացորդների հետ թափեցին աղբարկղը։ Տղային տարան բանակ։ Օրեր անց պատերազմ սկսվեց։ Չէին դադարում ծանր հրետանու կրակոցները, անօդաչու սարքերը ռմբակոծում էին քաղաքներն ու գյուղերը։ Ինչպես ամեն պատերազմ, սա էլ վերջացավ, թեկուզ ժամանակավոր։ Երիտասարդ տղաների դիակներն ամենուր էին, շատերը կտոր-կտոր եղած։ Նրանք սիրում էին ու սիրված էին, իսկ հիմա…
Տարօրինակ երաժշտություն էր լսվում։ Աներևակայելի մեծ ստվերներ էին վեր-վեր թռչում։ Խրախճանք էր։ Անհասկանալի լեզվով մեկն ասաց․
-Էն սիրուն Կապույտ մոլորակը ո՞նց է կոչվում, բնիկներն ինչ հետքաքրքիր արարածներ են, շատ աշխույժ են…
Մատուցողը լույսը գցեց այդ ուղղությամբ և պատասխանեց․
-Ծիր Կաթին աստղային համակարգն է, Երկիր մոլորակը, այո՛՝ ճիշտ եք, շատ աշխույժ կենդանիներ են, իրենք իրենց մարդ են կոչում, կարծում են, թե բանական էակներ են ու շատ համեղ են։ Որքա՞ն եք ուզում։
-Դե՛, երիտասարդ արուներից մի 10 հազար հատ խորովի կարմիր հյութի մեջ,- հյուրերս շատ կուրախանան։
Տիեզերական ժամանակով կես ժամ էլ չանցավ, երբ խոհարարը մարմինները դեն նետեց և հոգիները համեմունքներով ցանած, կարմիր հյութի մեջ թաթախած, թափանցիկ սկուտեղներով մատուցեց հաճախորդներին։
Մաս 3
Որքան էլ աներևակայելի թվար, բայց բոլոր գիտահետազոտական կենտրոններից գալիս էր նույն տեղեկությունը՝ Երկիր մոլորակի ուղեծրում հայտնվել է նմանակ: Ճիշտ նույն կառուցվածքի՝ չափսերը, մայրցամաքները, օվկիանսներն ու ծովերը։ Երկիրն ավելի արագ էր շարժվում և օր օրի մոտենում նրան։ Կառավարությունները տեսակապով միջպետական ժողով հրավիրեցին, օրակարգում ամենակարևոր հարցն էր՝ ինչպե՞ս անել, որ երկու նմանակների միջև բախում տեղի չունենա։ Ուժային կառույցները միաձայն պնդեցին, որ անհրաժեշտ է պայթեցնել Երկրի նմանակը։ Միայն իր խելացնորհ մտքերով հայտնի մի աստղագետ զգուշացրեց, որ այդ անծանոթ մոլորակի պայթյունը անմիջապես կկործանի նաև մեր մոլորակը։ Նա հանգստության կոչ արեց․ բացատրեց, որ գիտնականները սխալվում են, թե իբր ձգողության ուժն է ստիպում առարկաներին վայր ընկնել մեր երկրագնդի վրա, և որ արեգակնային համակարգը մոլորակների փոխադարձ ձգողության շնորհիվ է գոյատևում։ Աստղագետը, որին մտերիմներըՄոգ էին կոչում, բացատրեց, որ իրականում մոլորակները իրար վանում են, իսկ Երկրի վրա առարկաները վայր են ընկնում, քանի որ արեգակնային համակարգի բոլոր մյուս մոլորակների համատեղ վանող ուժը ավելի մեծ է, քան մեր մոլորակինը։ Նույն կերպ գոյատևում են աստղային համակարգերը ՝ փոխադարձ իրար վանելով տիեզերական տարածության մեջ։ Հենց այս պատճառով է, որ տիեզերքը, ինչպես հայտնի է, գնալով լայնանում է՝ աստղերն իրարից հեռանում են։
-Այնպես որ,- եզրակացրեց Մոգը, – մի՛ անհանգստացեք, երկուԵրկիրները կմոտենան իրար, բայց վանող ուժը թույլ չի տա, որ բախվեն։
Կառավարությունները լուռ էին, վախենում էին չընդունել զինվորականների՝ պայթեցման ծրագիրը։ Մոգը, տեսնելով, որ վարանում են ճիշտ որոշում ընդունել, ասաց․
-Լա՛վ իմացեք, տիեզերքում ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Քանի որ մեր ուղեծրում հայտնվել է մեր նմանակը, ուրեմն մենք խախտել ենք բնության հավասարակշռությունը, Արարչի օրենքները։ Զգայարանները պարալիզացնող՝ համ ու հոտից զրկող, մարդկանց հիշողությունները մթագնող և սպանող վիրուսի տարածումը, ահագնացած պատերազմները, ջրհեղեղները, հրաբուխները, հետևանք են մեծ անարդարության Սիրո հանդեպ…
Բարձրաստիճան զինվորական մի պաշտոնյա հարցրեց աստղագետին․
-Չե՞ք կարծում, որ ձեր ասածները ցնորք են՝ինպե՞ս կարող է նման պատճառահետևանքային կապ լինել․ դուք գիտնական եք և պետք է սթափ, մաթեմատիկական դատողություն ունենաք։ Գիտական բանաձևերով են ստեղծվում հրթիռները, ատոմային ռումբերը, որոնց միջոցով էլ մենք կվերացնենք մեր ուղեծրում հայտնված մոլորակը։ Իսկ դուք ավելի լավ կլինի սիրո մասին բանաստեղծություններ գրեք։
Մոգը միայն ժպտաց և լռեց։
-Չե՞ք ցանկանում հակազդել, – հարցրեց եվրոպական երկրներից մեկի նախագահը։
-Լսե՞լ եք թիթեռնիկի էֆեկտի մասին, -վերջապես խոսեց աստղագետը,- հասունանում է մի պահ, երբ երկրի մի ծայրում թիթեռնիկի թևերի մեկ թափահարումը առաջացնում է ցունամի մոլորակի մյուս ծայրում։ Սա գիտություն է, ոչ թե՝ մոգություն։ Տիեզերական մասշտաբում նույնն է տեղի ունենում։ Հավասարակշռության նժարները խախտվել են, ուզում եք՝ այլ կերպ անվանենք՝ Արարչի համբերության բաժակը լցվել է։ Ինքներդ դատեք՝ չկա կյանք առանց Սիրո։ Եվ երբ այն քարկոծում են, բնության արձագանքն անխուսափելի է։
Մեկ այլ զինվորական հեգնանքով հարցրեց․
-Եվ որտե՞ղ է այժմ քարկոծվում սերը, ինչպե՞ս գտնենք այդ չարագործներին, որ պատժենք և կանխենք երկու մոլորակների բախումը։
Այս անգամ Մոգը շատ խիստ պատասխանեց․
-Երբ հազարամյակներ առաջ խաչում էին Հիսուսին, ամբոխը հրճվում էր, իսկ իշխանությունները արդարություն էին համարում Սիրո գաղափարը քարոզող Մարդուն սպանելը։ Այս իրողությանը հաջորդած կրոնական աննախադեպ պատերազմները չեն վերջանում մինչ օրս։ Մարդիկ իրենք են իրենց պատժում, – աստղագետը շունչ քաշեց, մի կում ջուր խմեց,- գտե՛ք այն երկիրը և այն հասարակությունը, որտեղ լցվեց Արարչի համբերության բաժակը։ Գտեք այն Սիրող Սրտերին, որոնք խոցվեցին ամենադաժան ձևով՝ հասարակության և իշխանությունների անտարբերությամբ։
Միջազգային այս բարձր խորհրդաժողովին բոլորի համար աննկատ հետևում էր Հիմալայների լեռնագագաթներում պատսպարված և մարդկության ճակատագրին հետևող Հրաշագործների գաղտնի կազմակերպությունը, որի ներկայիս առաջնորդը ձեռքերը վեր բարձրացրեց և դիմեց մարդկությանը․
Մինչև չմիվորվեն Կինն ու Տղամարդը, Կյանքը չի շարունակվի…
Նրա ձայնը դեռ երկար էր արձագանքում լեռնաշղթաներով տարածվող փոթորկի մեջ, որը նոր ալիքներ էր բարձրացնում մոլորակի ջրերում։ Տիեզերական երկու գնդերը արդեն ահագին մոտեցել էին իրար, արբանյակների հեռադիտակները պարզ ցույց էին տալիս՝ այնտեղ կլորավուն մեծ կառույցներ էին։ Ժամեր անց մարդիկ ուղիղ հեռարձակմամբ տեսնում էին, թե ինչպես է առեղծվածային մոլորակի վրա իջեցված մեր ռոբոտը նկարահանում այնտեղի քաղաքների փողոցներում, նստարանների վրա, կլորավուն թռչող սարքերի մեջ քնած բարձրահասակ՝ 3-4 մետրանոց մարդկանց։ Նրանք շնչում էին։ Ռոբոտը մոտենում էր կլորավուն տներին և նկարահանում այնտեղ ննջած, ծծակները բերաններում երեխաներին, որոնք երկրացիների պես՝ հասուն մարդիկ էին։ Բոլորը քնած էին և միայն մի հեքիաթային տնակից էր գալիս օրորոցային երգի քնքուշ ձայնը։ Երբ ռոբոտը մոտեցավ այդ տնակին, դուրս եկավ կարծես երկրային երիտասարդ կին։
Ի՛նչ սիրուն ես, – ասաց երկրային կնոջ նման էակը՝ գիրկը վերցնելով ռոբոտին,- ես Սերատան եմ, քո անունն ի՞նչէ։
Պ.Կ.-105 ռոբոտն եմ, – մեխանիկական ձայնով պատասխանեց շնիկի նմավող այս սարքը։
Շատ սառն է հնչում, արի քո անունը Հաֆ դնենք, համաձա՞յն ես։
Ես միայն նկարահանման և լաբորատոր անալիզների համար պատրաստված սարք եմ,- ասես տարակուսեց ռոբոտը և ավելացրեց,- ինձ հետ այստեղ տարօրինակ բան է կատարվում։
Ի՞նչ,- հարցրեց Սերատան։
Կարծես մի բան եմ զգում, բայց չեմ հասկանում,-ռոբոտը լռեց և ասես ժպտալով նորից խոսեց,-հա՛, ուզում եմ լինեմ Հաֆ։
Սերատան ռոբոտին սեղմեց սրտին․
– Դու կենդանի ես, դու էլ կարող ես այստեղ զգացմունքներ ունենալ…
Հաֆը հուզվեց, դա նրա առաջին հասկացված զգացողությունն էր։
Մաս 4
Այլմոլորակային երկրացիները սկսեցին արթնանալ։ Տղամարդիկ՝ ամրակազմ, կանայք՝ նրբագեղ մարմիններով մարդիկ էին։ Լսվեց մանուկների ուրախ ճիչ՝ նրանք դուրս էին վազում կլոր տներից։ Ամենափոքրերի բերաններում կամ պարանոցներից կախ տված գույնզգույն ծծակներ էին։ Այլմոլորակայինների այս զվարճալի երեխաները նման էին մեր մեծերին։ Նրանք ունեին խաղաքաղաքներ, ինչպես մենք խաղահրապարակներ։ Երեխաներն այստեղ մեծ խորհանարդներից կառուցում էին եկեղեցիներ, մզկիթներ, սինագոգներ։ Ինչպես հետագայում բացատրեցին այլմոլորակայինները՝ իրենց երեխաները մարդկության հեռավոր անցյալից պատմական խաղեր էին խաղում՝ կրոնական բեմականացված պատերազմներ։ Այդկերպ երեխաները սովորում էին անցյալ քաղաքակրթության մասին դասեր՝ ինչ է ատելությունը, անհանդուրժողականությունն ու խտրականությունը, կրոնական ներշնչված վախերը, թե ինչպես են հեռավոր անցյալում սահմաններ գծվել և պետություններ հռչակվել։
Յուրաքնչյուր երկրացի, որ իր մեջ ուներ սիրելու ունակություն և չէր կորցրել զգացմունքները, հնարավորություն ստացավ միանալ միջմոլորակային շփման պորտալին և զրուցել տիեզերքի խորքից ժամանած այլմոլորակայինների հետ։
-Ասացե՛ք խնդրում ենք՝ Աստված գոյություն ունի՞, ձե՞զ մոտ էլ կա չարն ու բարին,- հարցնում էին Պորտուգալիայի բարձր տեխնոլոգիաների համալսարանի ուսանողները։
-Դուք նկատի ունեք ձեր պատկերացմամբ Արարչի՞ն, – արձագանքեց գեղեցկադեմ մի կին, ում կողքին հավաքված էին ծծակներով ժպտերես մարդիկ,- տեսե՛ք՝ մարդկային մարմինները յուրահատուկ մեխանիզմներ են՝ պատրաստված կենսաբանական նյութից։ Մարմինը ստանում է վառելանյութ՝ սնունդ և աշխատում է։ Կենտրոնական նյարդային համակարգը՝ ուղեղը, թվում է, թե ավտոնոմ է գործում։ Սակայն իրականում այն ընդունող-հաղորդող սարք է։ Այն, ինչ դուք անվանում եք չար ուժեր կամ Սատանա, խափանում են ձեր կապը բարու՝ արարչական կենտրոնի հետ։ Այլ կերպ ասած՝ ձեր ուղեղների հաղորդող սարքը դժվարանում է էլեկտրամագնիսական ճիշտ հոսանք արտադրել։ Եվ հակառակը՝ Արարչից եկող հաղորդագրությունները ձեր ուղեղների համապատասխան հատվածը չի կարողանում ընկալել։ Պատճառը ձեր մտքի և զգացմունքների միջև կապի խզումն է և վերջիններիս տարալուծումը։ Ձեր մտավոր-հոգևոր էությունը դուք բաժանում եք մասերի՝գիտակցական, ենթագիտակցական և անգիտակցական, իսկ երազները յուրօրինակ կամուրջ են։ Ձեզ համար մոռացված անցյալում և այժմ մեզ մոտ մարդիկ կարողանում են ոչ միայն Արարչի հետ անմիջական շփվել՝ուղարկելով և ստանալով զգացմունքների և մտքերի էլեկտրամագնիսական ալիքներ, այլ նաև իրար մեջ ազատորեն հաղորդակցվում ենք առանց որևէ տեխնիկական միջոցի։ Մեր ուղեղում չկա տարանջատում՝ մենք ամբողջությամբ գիտակցում ենք մեր զգացմունքներն ու մտքերը, որոնք զերծ են խառնաշփոթից ու բաժանումից։ Իսկ ձեր ուղեղում այժմ կենսաբանական խափանումկա, քանի որ կորցնում եք մարդկային ամենակարևոր զգացմունքը։ Տեսեք՝ դուք մտածել կարողանում եք միայն խոսքերի միջոցով՝ տառերով, բառերով, նախադասություններով։ Ձեր միտքը, մտածողությունը ձևավորվում է արտաքին աշխարհից եկող ազդակներով։ Իսկ ձեր բնական զգացմունքների սկզբնաղբյուրը ձեր մեջ է՝ ի ծնե։ Արարչի կերպով ստեղծված լինելը նշանակում է, որ ձեր մարմնին կյանք է տալիս Աստվածային մասնիկը՝ Հոգին։ Հենց այդ հոգուց են զգացմունքները։ Կյանքի իմաստը այն է, որ Արարչից ստացած մասնիկը մեծացնեք և այդ կերպ Տիեզերքում Լույսը շատացնեք։ Իսկ երբ դուք կորցնում եք հոգին, խավարն է շատանում…
-Կարո՞ղ եք ինձ ավելի պարզ բացատրել,- հարցրեց համակարգչի էկրանի մոտ նստած ավագ դպրոցական թմբլիկ, ժպտերես տղան Մոնղոլիայից։
-Իհարկե,- ուրախացավայլմոլորակայինը,- տե՛ս՝ եթե մարդուց հանվեն զգացմունքները, նա կդառնա կենսաբանական ռոբոտ, ով ունի միայն մտքեր և մտածելու կարողություն, որը հիմնված է ուղեղում պարունակվող ինֆորմացիայի վրա։
Փոքրիկը հոնքերի կիտեց և հարցրեց․
-Այսինքն՝ բանականությունը՞ չէ, որ մարդուն մարդ է դարձնում, կենդանական աշխարհի բուրգի վերևում կանգնեցնում։
-Ձեր դասագրքերում այդպես են սովորեցնում և ամբողջ խնդիրը հենց դրանում է՝ բուրգեր եք կառուցում՝ բաժանում նաև ինքներդ ձեզ խմբերի ու դասերի։ Օրինակ՝ մեղուների և մրջյունների յուրօրինակ քաղաքների կառուցումն ու աշխատանքը, սոցիալական կապերը դուք բանականություն չեք ուզում համարել, այլ բնազդներին եք վերագրում։ Արդյո՞ք մարդը բնազդներով չի ապրում և բանականությունը ընդամենը գործիք չէ՞… եթե բանականությունը շրջապատող աշխարհը ճանաչելու և նպատակաուղղված փոփոխելու մեջ է, ապա այդպես այլ կենդանի էականերն էլ են անում։ Եթե բանականության իմաստն ինքն իրեն ճանաչելու միջոց է, ապա ի՞նչ գիտեք, թե այլ էակներ իրենք իրենց չեն ճանաչում։ Ձեր՝ 21-րդ դարի Երկիր մոլորակում մարդկության որքա՞ն տոկոսն է ապրում օրվա կերակրի և բնակվելու տեղի խնդիր լուծելով ողջ կյանքի ընթացքում։ Նույնն անում են այլ կենդանի արարածներ․ ուրեմն մարդկության մեծամասնությունը բանական էակներ չե՞ն։
Մաս 5
Բոլորը կլանված էին տիեզերքի խորքերից ժամանած մոլորակի տեսարժան վայրերը ուղիղ կապով ուսումնասիրելով և հարց ու պատասխանով։ Միայն «Ջորդանո Բրունո» կրթահամալիրի հիմնադիրը, ում ուսանողները ջերմորեն Բրունո էին կոչում, ուշադրություն դարձրեց, որ Երկրի նմանակը չունի Լուսին։ Այդ ժամանակ մեր բնական արբանյակը մոտենում էր այն դիրքին, երբ հայտնվելու էր երկու իրար շատ մոտեցած մոլորակների արանքում։ Բրունոն հաշվարկեց, որ Լուսինը սեղմվելու է երկու հսկա գնդերի արանքում և նույնիսկ ռեակտիվ ինքնաթիռով հնարավոր կլինի Լուսին հասնել, իսկ այնտեղից եկվորների մոտ։ Օրեր անց պարզվեց, որ Բրունոն ճիշտ էր, բայց… որևէ գերժամանակակից ինքնաթիռ, նույնիսկ տիեզերանավ չէր կարողանում ավելի հեռանալ երկրից։
Սկզբից գիտնականները, հետո ողջ մարդկությունը տեսավ, թե ինչպիսի աներևակայելի պտտահողմ է ձևավորվում երկու մոլորակների արանքում, որի մեջ Լուսինն է։ Այն նմանվեց ծիածանի բոլոր գույներով բոցկլտացող տիեզերական թունելի, որի մի ծայրը հպվում էր Արարատ լեռան գագաթին, իբրև դարպասներ դեպի նոր աշխարհ։ Գերտերությունները բանակային ստորաբաժանումներ ուղարկեցին այդտեղ, սակայն նրանց մեքենաների շարժիչներն անջատվում էին, իսկ զինվորները՝ խորը քնի մեջ ընկնում։
Ծիածանակամար դարպասների մոտ հայտնվեց Սերատան՝ տիեզերական հարսնացուի երկնագույն զգեստով և բարձր ասաց․
-Մեր հյուրերը ողջունում են Մարդկանց և որպես մարդկության պատվիրակներ իրենց մոտ հրավիրում Բրունոյին, նկարչուհի Աստղիկին, քանդակագործ Ավիին, պոետ Առուին, դերասան Վառնիին և կինորեժիսոր Տիրայրին։
Փառասեր կառավարության անդամները վրդովված էին, ուժայինները խոժոռ դեմքերով գոռգոռում էին, որ թույլ չեն տա նման անարգանք իրենց բիրտ ուժի նկատմամբ։ Ինչու՞ են հենց այս մտավորական-արվեստագետներին ընտրել,- հարց բարձրացրեցին նրանք։ Նախագահի աշխատասենյակում խորհրդակցություն էր։ Հրավիրված էր նաև Բրունոն, քանի որ նա գիտական աշխարհում միջազգային հարգանք ուներ և ժամանակին նախագահին օգնել էր, երբ նա հետապնդվում էր նախորդ դիկտատորի կողմից։
-Նմանակ մոլորակից տիեզերական թունելով ժամանած կինը շատ նման է այն աղջնակին, որին անհետացման դատապարտեց մեր գերագույն դատարանը՝ սիրո թույլատրելի սահմանն անցնելու համար, – ասաց դատավճիռ կայացրած դատավորը։
-Հոգուս խորքում ես դեմ էի այդ որոշմանը, և մենք բնության կողմից պատժվում ենք՝ անհայտ վիրուսի տարածում, պատերազմներ, արհավիրքներ, ատելությունը խեղդում է մեր հասարակությունը։ Ընտրեցին այդ մարդկանց, քանի որ նրանք գիտեն սիրո լեզուն և զգացմունքներով են մտածում։Այժմ, որպես երկրի նախագահի, ինձ հետաքրքրում է, թե արդո՞ք այս արվեստագետ-մտավորականներն իրենց էությամբ այլմոլորակայիններ չեն և արդյո՞ք մեր իշխանությանը վտանգ չի սպառնում, – այսպես արձագանքեց նախագահը, մոռանալով, որ երկիրը ողողած ատելությունը բերեց այս իրավիճակին և վտանգը հենց դա է։
Աշխատասենյակի անկյունում նստած էր մի գեներալ, որը զնդանում էր պահում Առնամին։ Նա հազիվ լսելի ձայնով ասաց․
-Մեծարգո՛ նախագահ, ես երբեք չեմ հավատացել սիրուն, չեմ էլ հասկանում, թե դա ինչ է և կարծում եմ, որ այս ողջ խառնաշփոթը հենց այդ սիրուց է, հետևաբար՝ անհապաղ պետք է առհասարակ վերացնել սերը։
-Հիմարության գագաթնակետ, – բացականչեց Բրունոն,- մի՞թե չհասկացաք՝ սիրո նկատմամբ դաժան ու անհոգի մոտեցման պատճառով ողջ մարդկությունը ախտահարվեց և այժմ տիեզերքի խորքից ժամանել են փրկելու համար։
-Ատում եմ կանանց, – փրփրեց բանտապահ գեներալը,- դուք պատկերացում չունեք, որ Սերատան կախարդուհի է, իսկ Առնամը այլմոլորակային։
Նախագահը վեր կացավ տեղից և հրահանգեց․
-Մարդկության պատվիրակաությանն ընտրել են մեր հյուրերը, չնայած դեռ հարց է, թե ով ում հյուրն է։ Ես զգում եմ, որ այլմոլորակային բարձրահասակ մարդիկ եկել են մեզ փրկելու համար, – նա նայեց Բրունոյին, – և մեր հարգարժան մտավորական-արվեստագետներին խնդրում եմ, որ այլմոլորակային մարդկանց փոխանցեք մեր ջերմ ողջունները և համագործակցելու պատրաստակամությունը։
Մաս 6
Սերատան ու պատվիրակության անդամները լայն բացված թևերով սպիտակ նժույգների վրա ճախրեցին տիեզերական թունելով։ Նրանքծանոթացան այլմոլորակային գիտնականների հետ, ովքեր ուրախությամբ շեշտեցին.
-Հենց ձեր՝ 21-րդ դարի Լուսածին արվեստագետների շնորհիվ հնարավոր դարձավ սիրող սրտերի միավորումը,ստացվեց մոլորակի վրա հրաժարվել ամենուր ղեկավարների և ենթակաների դասակարգումից, ինչպես նաև մարդկանց միջև պետական սահմաններից։
Քանդակագործ Ավվին ուշադիր նայեց այլմոլորակային գիտնականներից մեկին.
-Դուք շատ նման եք իմ պապիկին։
-Այո՛, նաև ձեզ,- բոլոր հավաքվածներն անմիջապես դա նկատեցին,- 5 հազար տարի առաջ, երբ Ծիր Կաթին գալակտիկան բազմացավ խաչասերման միջոցով, մի քանի մարդկային ճյուղեր, այդ թվում՝ ձերը շարունակեց վերարտադրվել մատրիցային տարբերակով, մի խոսքով՝ ես և դուք նույն ցեղից ենք։
Նկարչուհի Աստղիկը, ով իր բազմաթիվ նկարներում պատկերում էր տիեզերական տարածությունը, շունչը պահած հարցրեց․
-Խնդրում եմ՝ ասացե՛ք, թե ինչպե՞ս են բազմանում գալակտիկաները։
-Մեծ հաճույքով, տեսե՛ք՝ դուք գիտեք, որ ձեր բջիջները բազմանում են «միտոզի» միջոցով, այսինքն՝ մեկ բջիջը կիսվում է երկու հավասար և նմանակ մասերի՝գեները կրկնօրինակվում են։ Սակայն սեռական բջիջները այլ կերպ են առաջանում՝ «մեյոզի» միջոցով և իրենց մեջ պարունակում են գենետիկ ինֆորմացիայի կեսը, որպեսզի կնոջ և տղամարդու սիրուց, երբ միանում են սպերմատազոիդն ու ձվաբջիջը, սաղմի բջիջները ստանան երկուսի գենետիկ ինֆորմացիայի խառնուրդը՝ նոր կյանք առաջանա։ Նույն կերպ բազմանում են գալակտիկաները, այսինքն՝ կարող են բաժանման միջոցով վերարտադրել ճիշտ և ճիշտ նմանակներին, սակայն, եթե հայտնաբերվում են սխալներ կառուցվածքի մեջ, ապա տարբեր գալակտիկաների մեջ խաչասերում է տեղի ունենում՝ նոր տիպի կյանք ստանալու համար,- տեսնելով, թե ինչպես են երկրացի հյուրերը կլանված լսում, գիտնականն ասաց, – պատկերացրե՛ք, որ միլիարդավոր գալակտիկաներ ընդամենը փոքրիկ բջիջներ են, որոնք կազմում են տարատեսակ հյուսվածքներ մի մեծ կոսմիկական էակի օրգանիզմի մեջ…
Մի պահ խորը լռություն տիրեց։Դերասան Վառնին զարմացած էր և շատ հարցեր ուներ․
-Ասացե՛ք խնդրում եմ՝ ի՞նչ է լինում մեր հոգիների հետ մահից հետո։
-Դուք գիտեք, որ յուրաքանչյուր նորածնի մեջ Արարչի Սերն է, որը հոգի եք անվանում։ Մարմինները զուտ կենսաբանական սկաֆանդրներ են, որոնց մեջ ձեր մոլորակի մթնոլորտում կարողանում են ապրել հոգիները։ Դուք մարմին չեք, դրանք միայն ձեր հագուստներն են, որոնք ժամանակի մեջ մաշվում են՝ ծերանում։ Կյանքի ընթացքում ամեն մեկդ կամ շատացնում եք ձեր հոգուՍերը՝ տալով նաև ուրիշներին կամ պակասեցնում։
Գիտնականներից մեկն առաջարկեց զբոսնել և նարինջի հյութ ըմպել։ Մերոնք զարմացան, երբ բերանները մոտեցնում էին նարինջի ծառի ճյուղերին, պտուղներն սեղմվում էին և ասես ծորակից հյութն էր հոսում։ Ըմպելուց հետո, պատմությունը կիսատ թողած գիտնականը շարունակեց․
Մարմինների մահից հետո հոգիները տեղափոխվում են այլ մարմին, որի գենետիկան համապատասխանում է տվյալ չափաբաժին հոգին ընդունելու համար։ Եթե տվյալ մարդու մեջ Սերը վերացել է, ապա այլևս չկա հոգի։ Եթե Սերը փայփայվել է և մարդն արդեն ամեն ինչ Սիրով է զգում և անում, ապա Սիրով ամբողջովին լցված հոգին վերադառնում է Արարչի տուն։
Պոետ Առուին բացականչեց․
Հիմա հասկանալի է, թե ինչու են մեր զավակները նաև ճակատագիրը ժառանգում և նույն աստվածաշնչյան 7 պորտի մասին անեծքը և օրհնությունը․․․
Գիտնականը ժպտաց․
– Ե՛վ դուք, և՛ մենք զգում ենք աշխարհը մեր զգայարաններով։ Ձեզ հայտնի են 5-ը, այն էլ՝ սահմանափակ։ Օրինակ՝ ոչ բոլոր գույներն եք տեսնում, զգում եք՝ տաք-սառը, կոշտ-փափուկը, հորթ-խորշոտը, լսում եք ոչ բոլոր ձայները, զգում եք ոչ բոլոր հոտերը։ Իսկ որտե՞ղ է և ի՞նչ է ձեր Սիրո զգացմունքի զգայարանը։ Այդպես էլ ձեր գիտնականները չեն կարողանում հստակ պատասխաններ տալ։
Բոլորը միասին թռչունների ծլվլոցի տակ զբոսնում էին դրախտային այգում։ Պահպանում էին բառերի լռությունը, քանի որ նոր, աներևակայելի զգացմունքների բույլ էր արթնացել ամեն մեկի մեջ։ Առանց խոսքերի ավելի քան պարզ դարձավ՝
Սիրո զգայարանը Հոգին է:
-Մեզ մոտ՝ ձեր ապագայի մոլորակում արվեստը համարվում է գիտության ամենակարևոր ուղղությունը, քանի որ այն ինտուիտիվ մակարդակում տեսնում է այն, ինչը հազարամյակներով փնտրում ենք տարատեսակ հետազոտման գործիքներ ստեղծելով։ Մարդկությունը տանջալից փորձեր է անում տելեսկոպներով ուսումնասիրել հեռավոր տիեզերքը, այնտեղ տիեզերանավեր ուղարկել։ Մինչդեռ ամեն մարդ մի ամբողջ տիեզերք է…,- այդ պահին այգու խորքում երևաց արևի շողերով ողողված տարօրինակ հագուստով մի էակ, և մի պահ իր խոսքն ընդհատած գիտնականն աասց,- նրա օգնությամբ մեզ գիտելիքներ են տրվում…
Հյուրը ջերմ բարևեց ներկաներին և դիմեց Երկարցիներիս.
-Ձեր Սերատան Սիրո վերածննդի Կինն է…Փրկությունը
Նրա և Ձեր մեջ է… Առնամը տիեզերական ուժերի հավասարակշռման ցուցիչն է: Քանի դեռ նա զնդանում է, Սիրո և Արդարության նժարները թեքված են: Չարն է տիրում ձեզ մոտ,- Նա մոտեցավ և ձեռքը հերթով դրեց ամեն մեկի ձախ ուսին,- սաղմը ձևավորվում է գենետիկ ծրագրով և մարդու տեսքով լույս աշխարհ բերում մարդուկին։ Նույն կերպ ձեր երևակայությունը՝ մտքի գենետիկ ծրագիրն է և այն նյութական է։ Բաժանված սիրող սրտերին տառապանքի զգացումը տրված է նրա համար, որ գործողություններ անեն, մոտենան և գտնեն իրար, միավորվեն մեկ ամբողության մեջ։ Այժմ ձեր մոլորակի վրա մարդկանց ուղեղում արհեստական մտքեր են ներարկվում՝ ուղղված մեկ նպատակի՝ անկարևոր ապրանքներ գնելով բավարարել ներմուծված անիմաստ պատրանքը՝ մաշվող մարմնի համար դրախտ ստեղծելը, այն է, թե փայփայեք ձեր հագուստները, հոգ տանեք դրանց մասին՝մոռանալով ինքներդ ձեզ։ Այդ կերպ լռեցնում են Սիրո զգայարանը: Մինչև մարդկանց միջև գծված պետական սահմանների վերացումը և պետությունների անկումը, անհրաժեշտ է, որ այդ համակարգի կարևոր պաշտոններում լինեն Սիրող մարդիկ։ Վերադարձե՛ք և ձեր արվեստի միջոցով է՛լ ավելի ուժգին խփեք տիեզերական զանգերը՝ արթնացրե՛ք խորը քնի մեջ անցած Հոգիները։
Աստղագետ Մոգը սարի գագաթին գտնվող իր փոքրիկ տան դիմաց նստած, գինով լի գավաթը բարձրացրեց և դեպի երկինք նայելով ժպտաց․․․
Լույս… այն գնալով ուժգնանում էր… եկվոր մոլորակը Լույս էր արձակում: Այն րոպեների ընթացքում դարձավ Արեգակ։ Առնամը հասկացավ, որ մեր աստղային համակարգը մի մեծ տիեզերանավ է, որը սլանում է դեպի Տուն, որտեղ կա միայն Սեր։ Երբ աչքերը բացեց, գրկում ամուր կրծքին էր սեղմված այնտեղից եկած մեծ, սիրուն աչքերով Լուսավոր Կին-Աղջիկը։
Սերատա՛, – բացականչեց Առնամը,- ի՛մ Սերատուն…
Ես գտա քեզ, ի՛մ Ամուսին:
Տիեզերքում մոլորված կապույտ մոլորակը նորից սլանում էր ճիշտ ուղղությամբ։ Այնտեղ, ուր հանգրվանելու էր, պահպանվում էր գենետիկ ինֆորմացիան բոլոր փրկված՝ Սիրով լցված Հոգիների մասին…
Մհեր Ենոքյան
Ցմահ դատապարտյալ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Փետրվարի 11, 2022 թվական