Ժամանակի արդյունավետ տնօրինման միջոցը
Դեռևս 19-րդ դարում անվանի փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսը ասել է. «Եթե բանտարկյալը մատնվում է ժամանակի ձանձրույթին, ապա դատավորը շատ ավելի երկար պատժաչափ է նշանակել նրան»: Ըստ երևույթին Ուիլյամ Ջեյմսի խոսքերը արդիական են այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել մեկուսացման մեջ գտնվող անձանց ժամանակի արդյունավետ կարգավորման խնդիրը: Պրոբլեմը վերաբերում է ոչ միայն Հայաստանի քրեակատարողական հիմնարկներին, այլև զարգացած տնտեսություն ունեցող երկրներին: Ավելի ստույգ, չի կարող լուծվել մեկուսարաններում գտնվող բոլոր անձանց համար հավասարապես:
21-րդ դարը հաջորդական բարեփոխումների դարաշրջան դարձավ, և դրանից անջատ չմնաց Հայաստանի Հանրապետությունը: Սկզբում տեղի ունեցան օրենսդրական և կադրային փոփոխություններ: Այդ փոփոխությունները դե-յուրե պարարտ հող ստեղծեցին հետագա նոր համակարգերի ներդրման և ծառայությունների իրագործման համար: Դրանցից կարելի է հիշատակել անձի ու նրա վարքի գնահատման չափորոշիչների, վերականգնողական ծրագրերի գործարկումը և մի շարք այլ բարեփոխումներ՝ ինչպես դատապարտյալների պահման, այնպես էլ ծառայողական բնույթի:
Ուշագրավ է նաև դատապարտյալների ինքնագործ միավորումների ստեղծումը և դրանց միջոցով սոցիալական ծրագրերի իրագործումը քրեակատարողական հիմնարկներում:
Այս հոդվածում կանդրադառնանք դատապարտյալների ինքնագործ միավորումներին, կլուսաբանենք դրանց միջոցով անազատության մեջ գտնվող անձանց հետ տարվող աշխատանքների բնույթը, սոցիալական նշանակությունը և այն հարցը, թե ինչ հոգեբանական, բարոյական նշանակություն կարող է ունենալ պատժի նպատակներից մեկի՝ դատապարտյալի վերականգնման (ուղղման) համար:
Ինքնագործ միավորումների կարճ նկարագրություն
Դատապարտյալների ինքնագործ միավորումների կազմավորումը և գործունեությունը կարգավորվում են օրենքով և ենթաօրենսդրական ակտերով: Դատապարտյալները կարող են խմբային միջոցառումներ կազմակերպել մշակութային, լուսավորչական, կրոնական և սպորտային բնագավառներում: Ըստ այդ բնագավառների էլ ինքնագործ միավորումները բաժանվում են չորս համապատասխան տեսակների: Բարձր է գնահատվում ակտիվ կամ կազմակերպչական մասնակցությունը: Դատապարտյալները կարող են գրավոր հանդես գալ առաջարկներով՝ ներկայացնել իրենց ծրագրերը հիմնարկի ղեկավարությանը, վերջինս էլ կարող է բավարարել կամ մերժել դիմումները: Հավանության կարող են արժանանալ մարդու անձնային աճն ու հասունությունը ապահովող միջոցառումները կամ նախաձեռնությունները:
Միավորման անդամները, օգտագործելով հեռախոսազանգերի հնարավորությունները, կարող են կապ հաստատել մշակույթի, արվեստի, հասարակական և քաղաքական գործիչների հետ, միջոցառումներին մասնակցելու հրավերներ ուղղել, վարել սեմինար-քննարկումներ, բարոյախոսական լսումներ:
Օրինակ, վերջերս «Արմավիր» ՔԿՀ-ում գործող մշակութային ինքնագործ միավորման ծրագրերի շրջանակներում հրավիրվել էր մշակութային գործիչ, հայագետ, բառարանագետ, կինոքննադատ Արծվի Բախչինյանը, ով իր անձնական նախապատվությամբ ընթերցեց «Հայ ազդեցիկ կանայք» թեմայով բանախոսությունը:
Միջոցառումները տեղի են ունենում հիմնարկի գրադարանում: Կա պրոյեկտորից, համացանցից օգտվելու հնարավորություն: Դատապարտյալներն իրավունք ունեն համագործակցելու հասարակական կազմակերպությունների հետ, վերջիններիս օգնությամբ լուսաբանել միավորման ակտիվությունը, ի ցույց դնել ստեղծագործող դատապարտյալների աշխատանքները, հոդվածներ տպագրել ու առհասարակ աջակցություն ակնկալել հասարակական կազմակերպությունններից: Հաճախ էլ միավորման անդամները կազմակերպում են ժողովներ նոր ծրագրեր քննարկելու համար:
Ինքնագործ միովորումների հոգեբանական ներգործությունը
Մեկուսացման պայմաններում գտնվող անձանց կարգավիճակի (ստատուսի) հասկացումը լի է դժվարություններով ու հակասություններով: Որոշակի ժամկետով կալանք կատարելիս մարդը ժամանակավորապես մեկուսանում է ոչ միայն հասարակական միջավայրից, այլև առաջնային խմբերից ու նրանցում որոշակի դիրքեր, դերեր կատարելու հնարավորություններից: Մարդը ստիպողաբար թողնում է դրանք չիրացված: Փոխարենը հայտնվում է ոչ բնական միջավայրում, միօրինակ առօրյայի, ռեժիմի, տեղաշարժման խիստ սահմանափակման հարկադրանքի տակ:
Պատժի տևողությամբ, միջավայրով և անձի առանձնահատկություններով են պայմանավորված, թե հարմարման ու ինքնակարգավորման ինչպիսի ուղիներ կընտրի դատապարտված անձը: Պատժաչափը կարող է լինել երկարատև ու տևել մի ամբողջ տարիքային պարբերաշրջան: Որոշ դեպքերում կալանքը ուղեկցվում է ճգնաժամային շրջաններով, երբեմն էլ վերածվում է յուրահատուկ գոյապայքարի:
Հոգեբանության առարկան ուսուցանում է, որ յուրաքանչյուր տարիքային փուլ բնորոշվում է իրեն հատուկ գուծունեության առաջնային ձևերով, ընկալումների, ընդունակությունների առանձնահատկություններով և մի շարք այլ ներհոգեկան գոյացություններով: Դատապարտյալի համար դժվարությունն այն է, թե ինչպես պետք է իրացվեն դրանք: Փոխարենն ավելի հաճախ ընկնում է անգործության ու ձանձրույթի ուղեկցման ընթացքի մեջ:
Դատապարտյալի ազատ ժամանակի տնօրինումը կառուցվում ու կարգավորվում է իր անձնական կամարտահայտությամբ: Միջավայրը (կացարան, զբոսավայր, խաղասենյակ և այլն) անձի մեջ շարժառիթներ ապահովել չի կարողանում կամ ապահովում է, բայց շատ թույլ ուժգնությամբ: Ժամանակի ընթացքում վերանում են նորույթի տարրերը, և արդյունքում մարդը կորցնում է ժամանակն օգտակար ծառայեցնելու մոտիվացիան: Անձի ակտիվությունը սահմանափակվում է կենցաղավարության ու միջանձնային սահմանափակ հարաբերություններ վարելով:
Այժմ անդրադառնանք այն հարցին, թե որոնք են ինքնագործ միավորումների հոգեբանական ներազդման հիմնախնդիրները, այսինքն՝ թե ինչպես և ինչով են դրանք աջակցում դատապարտյալի ոչ այնքան դյուրին վերասոցիալականացման կամ ուղղման նպատակին:
Իրավախախտում կատարած անձինք, ինչի համար էլ դատապարտված լինեն, կամ սխալ գործ են կատարել, կամ էլ լավ գործը կատարել են անընդունելի ճանապարհով: Այս պարզագույն նախադասությունն օգնում է բավականին առատ տեղեկություններ քաղել ոչ թե հանցանքի պատճառագիտության, այլ դատապարտյալի հոգեբանական մի շարք առանձնահատկությունների վերաբերյալ, ինչպիսիք են՝ անձնային գծերը, արժեհամակարգը, համոզմունքները, սոցիալական խնդիրներ լուծելու ընդունակությունները և այլն:
Հոգեբանությունը միանգամայն վստահ է, որ անձի զարգացումը նաև նրա սոցիալական հարաբերությունների զարգացումն է, մինչև ծերացումը ձգվող անընդհատ մի բարդ գործառույթ:
Քրեակատարողական ծառայությունում վերջին տարիներին կատարված փոփոխությունները վկայում են, որ հին հայեցակարգերը փոխարինվել են նոր սկզբունքներով՝ վերականգնողական նպատակների շեշտվածությամբ: Ռեսուրսների տրամադրումը և համապատասխան ազատ հաղորդակցման միջավայր հատկացնելը, թույլտվությունների հեշտացումը բավարար պայմաններ են ապահովում: Այդպիսի պայմաններից կարող են օգտվել ինքնագործ միավորումների անդամները՝ իրենց խմբային գործունեությամբ վերափոխելով բանտային միջավայրը, որն այդքան տարբերվում է հասարակական անստույգ ու հնացած պատկերացումներրից:
Դատապարտյալի վերականգնումը ոչ այլ ինչ է, եթե ոչ անձնային որակների վերանայման և վերարժևորման գործընթաց նախ և առաջ այն պատճառով, որ ի զորու է դատապարտյալ անձանց շրջանում ստեղծել հոգեբանական, աճի մոտիվացվածությունը:
Վերջին մեկ տարվա ընթացքում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման անդամների ջանքերով հրավիրվել են մշակույթի գործիչներ, որոնց կազմում էին դերասան, կինոռեժիսոր, հայագետ, քաղաքական գործիչ, լրագրող: Նրանք ընթերցում էին հասարակագիտական թեմաներով բանախոսություններ ու պատասխանում դատապարտյալների հարցերին: Միջոցառումները հետաքրքիր և ուսուցողական էին: Նմանատիպ միջոցառումները կարևորվում են այն պատճառով, որ դրանց միջոցով հարստանում են մարդու գիտելիքները, ընդլայնվում աշխարհայացքը, ծանոթանում նոր բարքերին: Նոր փորձառություն է գոյանում, որը համեմատության մեջ է մտնում գործելու հին եղանակների հետ:
Երկրորդ դրական գործոնը միջավայրի և զբաղվածության բազմազանության ապահովումն է: Բանտային միջավայրում առավելապես գերակշռում է խմբային և պաշտպանական հարմարվողականությունը: Դատապարտյալի մոտ ամենօրյա զգացվող անգործությունն ու ձանձրույթը կարելի է մեկնաբանել նաև դրանով: Ինքնագործ միավորումներին մասնակցելը դատապարտյալին արտոնություններ չեն տալիս, սակայն հաճախակի կազմակերպվող միջոցառումներին մասնակցելը ենթադրում է նաև այլ տարածք մի քանի ժամով տեղափոխվելը:
Գրադարանում կամ արվեստանոցներում բանտ հիշեցնող դետալներ շատ քիչ են աչքի զարնում: Գրապահարանները, դեկորատիվ խեցեղեն իրերը ու պաստառները զգալիորեն փոխում են մթնոլորտը՝ ի հակադրություն կացարանային կամ խցային միօրինակ պայմաններին: Գրադարանում է մարդն իր ձեռքը մատիտ է վերցնում կամ համակարգչի վրա է աշխատում: Աստիճանաբար վերանում է սկզբնական կաշկանդվածությունը, օտար միջավայրը այլևս որպես նորմ է ընկալվում:
Ընդգծեմ նաև այն, որ ինքնագործ միավորման տնօրինումը, ծրագրերի մշակումը, միջոցառումների իրականացումը անդամներից կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, կամային որակներ են պահանջում: Սա հիշատակման արժանի երրորդ դրական գործոնն է, որն ամբողջացնում է հոդվածը:
Հրավերները սովորաբար կատարվում են հեռախոսազանգերի միջոցով, պաշտոնական նամակներ են ուղարկվում համապատասխան հասարակական կազմակերպության նախագահին կամ էլ որևէ հանրային գործչի՝ որպես անհատի: Քրեակատարողական հիմնարկները ոչ բոլորի համար են հաճելի վայր, ուստի բանակցողը, լինի դա միավորման նախագահը թե անդամներից որևէ մեկը, պետք է պատշաճ ներկայացնի հրավերի նպատակները: Այդ ամենն անձից նաև բարձր ներգրավվածություն ու գործնական մոտեցումներ են պահանջում:
Խմբի անդամները կարողանում են ժողովներ կազմակերպել իրենց հետագա պլանների ստեղծման նպատակներով: Դա նաև խմբային փոխգործակցելու աշխատանք է, որի արդյունքում բարձրանում է տոլերանտության մակարդակը, հուզական էմպատիան: Հանդիպումները օգնում են գնահատել խմբի կարիքները, նախագծել, բարձրացնել ոգևորվածությունը, դատապարտյալները ընդօրինակում են իրենք իրենց: Հիրավի, ինքնագործ միավորումները զարգացնող, կրթող, վերականգնողական կոմպլեքսային գործառույթներ են կատարում:
Այդպիսին է «Արմավիր» ՔԿՀ-ի մշակութային ինքնագործ միավորումը, որի անդամների կազմում ավելի շատ են ընթերցասերները, բարձրագույն կրթություն ստացողները և ստեղծագործական աշխատանքներ կատարողները:
Գեորգի Խանամիրյան
Դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման անդամ
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ
Մայիսի 24, 2022 թվական