Հարգելի՛ ընթերցող, ձեզ եմ ներկայացնում «Ցմահ ազատազրկման հոգեբանական ազդեցությունը դատապարտյալների կյանքում» վերնագրով իմ մագիստրոսական թեզից որոշ հատվածներ։
Հոգեբանական հետազոտություններս զեկույցով ներկայացրել եմ նաև Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում ուսանողական գիտաժողովին։ Դրանք արժանացել են հավանության ու հրապարակվել գիտական հոդվածների ժողովածուում։
Լինելով մահապատժի դատապարտված և շուրջ 27 տարի անձամբ կրելով մահապատիժ-ցմահ ազատազրկում պատժատեսակը Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում՝ հետազոտության մեջ ներկայացրել եմ ներառված դիտման (մասնակցության) մեթոդով մագիստրոսական թեզի շրջանակներում ստացված մի շարք տվյալներ և դիտարկումներ։ Սովորելով «Ուրարտու» համալսարանի մագիստրատուրայում՝ գիտական ղեկավարիս հետ մշակել և պատրաստել ենք համապատասխան հարցաթերթիկներ ցմահ և որոշակի ժամկետով ազատազրկված դատապարտյալների (հսկիչ խումբ), ինչպես նաև ցմահ ազատազրկված անձանց ընտանիքների անդամների համար։ Գիտահետազոտական աշխատանքներին աջակցել է քրեակատարողական ծառայությունը՝ թույլատրելով հարցաթերթիկների լրացումը ցմահ ազատազրկվածների շրջանում և տրամադրելով որոշակի տեղեկատվություն։
Ինչպես Հայաստանում, այդպես էլ ամբողջ աշխարհում ցմահ ազատազրկում պատժատեսակի կիրառումը կապված է մահապատժից հրաժարվելու հոգեբանական-իրավական խնդրի հետ։ Պատժի պայմանները, համապատասխան իրավական կարգավորումներն ու վերասոցիալականացման գործընթացը փոխկապակցված են։ Վերասոցիալականացումը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ ցմահ ազատազրկված անձի հետ տարվում են համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքներ, տրվում է իրական հնարավորություն հասարակության մեջ վերաինտեգրվելու համար։
Հետազոտության արդիականությունը․ Ցմահ ազատազրկում պատժատեսակը Հայաստանում օրենսդրորեն ամրագրվել է 2003 թվականի օգոստոսի 1-ից։ Այս պատժատեսակի կիրառումը մի շարք լրջագույն խնդիրներ է առաջ բերում, որոնց լուծումներն առնչվում են հասարակությանը, որին, վերջին հաշվով, պետք է վերաինտեգրվի ցմահ ազատազրկված անձը։ Հայաստանում ցմահ դատապարտյալների զգալի մասն արդեն իսկ հատել է պայմանական վաղաժամկետ ազատման՝ օրենքով սահմանված 20 տարվա պատժի շեմը, սակայն այս ինստիտուտը դատարանների կողմից սկսել է կիրառվել միայն 2018 թվականից, պայմանական ազատվել է 4 ցմահ ազատազրկված անձ։ Տասնյակ ցմահ դատապարտյալներ շարունակում եմ պատիժ կրել 21 և ավելի տարիներ, ընդհուպ մինչև 30 տարի, սակայն նրանց պարբերաբար մերժում են պայմանական վաղաժամկետ ազատել։ Օրենքի համաձայն, նրանք յուրաքանչյուր 6 ամիսը 1 անգամ կրկին կարող են դիմել պայմանական ազատման համար։
Հետազոտության նպատակն է ներկայացնել ցմահ ազատազրկման վերաբերյալ Հայաստանում պատժի կրման պայմանների և իրավական նորմերի ազդեցությունը ցմահ դատապարտյալների հոգեբանության և վարքի վրա։ Ստացված տվյալների և հիմնավորված եզրակացությունների արդյունքում համապատասխան պետական մարմիններին կներկայացնենք օրենսդրական և իրավակիրառ պրակտիկայում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկներ։
Հոգեբանական հետազոտության վարկածը հաստատվել է։ Ցմահ ազատազրկման պարագայում խցային ծայրաստիճան խիստ պայմանները և երկարատև մեկուսացումը ոչ միայն չեն նպաստում մարդու վերասոցիալականացմանը, այլև, որպես կանոն, ունենում են հակառակ ազդեցություն։ Թեզում ուսումնասիրված է նաև միջազգային փորձը։
2003 թվականի օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետությունը, դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, պաշտոնապես հրաժարվեց մահապատժից: Ինչպես նշում է պրոֆեսոր Ի.Ի.Կարպեցը, «պատժի էվոլյուցիային և դրա նկատմամբ հայացքներին բնորոշ է կանխարգելող ուժի շարժումը ֆիզիկական ներազդեցության միջոցով վախեցնելուց դեպի բարոյական հարկադրանքի միջոցներ»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նշել է, որ մահապատժի հետաձգման յուրաքանչյուր իրավիճակ առաջացնում է երկարատև բացասական հույզերի կումուլյատիվ էֆեկտ, և անձը մշտապես գտնվում է սթրեսի պայմաններում։
Ռուսաստանի Դաշնությունում ուսումնասիրություններ կատարած գիտնականները նշում են, որ պատժողական մոտեցումը և խցային պայմանները դժվարացնում են սոցիալ-դաստիարակչական աշխատանքները, և առավելագույնը 7 տարի անց անձը ենթարկվում է դեզադապտացիայի։ Հետևաբար խելամիտ են համարում ցմահ ազատազրկվածների տեղափոխումը սովորական՝ ընդհանուր պայմաններ 7 տարի անց։ 4-6 տարիների ընթացքում ազատազրկումն արդեն հանգեցնում է էմոցիոնալ խանգարումների, ընկալունակության խանգարումների, մտածողության խաթարման, կյանքի ռեգրեսիվ ընկալման մոտեցումների և, ամենակարևորը, սոցիալական շփումներ ձևավորելու խնդիրների, իսկ Նոթինգեմի համալսարանի 2017 թվականի «Ցմահ ազատազրկումն աշխարհում» զեկույցում նշվում է, որ ցմահ դատապարտյալներից շատերը մտածում են ինքնասպանության մասին և գերադասում մահապատիժը: Որքան երկար է պատիժը, այնքան ավելի հավանական է հոգեբանական խնդիրների ձևավորումը, ինչը կասկածի տակ է դնում պատժի նպատակների, մասնավորապես անձի ռեաբիլիտացիայի և ուղղման իրագործման հավանականությունը։
Մեծ Բրիտանիայի բանտային համակարգում A-D տեսակի քրեակատարողական հիմնարկներ կան, որտեղ դատապարտյալները մեկ տեսակի հիմնարկից մյուսն անցնելու համար ոչ թե կոնկրետ տարիների պատիժ պետք է կրեն, այլ անցնեն համապատասխան վերականգնողական ծրագիրը: Եթե անձն առավել արագ ու արդյունավետ է կարողանում ծրագիրը կատարել, ավելի վաղ է կարողանում անցնել մինչև D տեսակի բանտ, որը կոչվում է նաև առանց ճաղերի բանտ, որտեղ իրավունք է ստանում ցանկության դեպքում ապրել ընտանիքի հետ։
ՄԻԵԴ-ն իր պրակտիկայում ցմահ ազատազրկվածների պայմանական վաղաժամկետ ազատման մերժումը դիտարկում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի լույսի ներքո, այսինքն`«ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»: Այս ենթատեքստում դատարանը գտնում է, որ ցմահ ազատազրկվածի ազատվելու իրական հնարավորության բացակայությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է։
Հայաստանում մահապատիժ-ցմահ ազատազրկում անցման շրջանում խցային պայմաններում դատապարտյալների մոտ արտահայտվում էին տարատեսակ ֆոբիաներ՝ կլաստրոֆոբիա, հիպոխոնդրիա և այլն։ Մեծամասնության մոտ արձանագրվում էին ճնշման կտրուկ տատանումներ, սրտի ծակոցներ, շնչահեղձություն։ Գրեթե բոլորի մոտ տարածված էին նաև աղեստամոքսային հիվանդություններ։ Կպչուն դարձած տարատեսակ մտքերը հանգեցնում էին խուճապային վիճակի։ Շատերի մոտ կարելի էր արձանագրել տանատաֆոբիա՝ արտահայտված օբսեսիվ-կոմպուլսիվ ռեակցիաներով։
Աուտոագրեսիայի ֆիզիկական դրսևորումները կարելի է տեսնել մահապատժի դատապարտված մի շարք անձանց մարմնի տարբեր մասերում՝ ինքնավնասումների կամ ինքնասպանության փորձերի հետքերի տեսքով։ Համատարած նկատվում էին հոգեսոմատիկ հիվանդությունների դրսևորումներ, նևրոտիկ վիճակներ, աճում էր կոնֆլիկտայնությունը։
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն իրողությունը, որ հասարակությունից մեկուսացնելով՝ անձին մեկուսացնում էին նաև ընտանիքից։ Անհնար էր ամուսնանալը և ընտանիք կազմելը։ Որպես հետևանք՝ հասուն տղամարդիկ, հիմնականում՝ 20-35 տարեկան, զրկված էին սեռական հարաբերությունների և սերունդ թողնելու հնարավորությունից, ինչը, անշուշտ, հանգեցնում էր տարատեսակ բացասական հետևանքների։
Միատեսակ պայմանները, տպավորությունների գրեթե բացակայությունը հանգեցնում էին սենսորային դեպրիվացիայի։ Տեսողական ազդակները խիստ սահմանափակ էին, գունային սպեկտորը գրեթե բացակայում էր։ Տարածության, առարկաների փոխադարձ դիրքերի փոփոխությունների, շարժման ընկալումը մարում էր։ Առարկայական աշխարհը նույնպես սակավ էր՝ սև գույնի միատեսակ հագուստ, սեղան, թախտ, ալյումինե բաժակներ և ամաններ։ Մահապատժի (ցմահ) դատապարտվածը լսում էր 1 կամ մի քանի խցակիցների նույն ձայները և նույն պատմությունները տարիներ շարունակ։
Ժամանակի ընթացքում եվրոպական համապատասխան կառույցների պահանջով պայմանների բարելավումը և վերջին տարիներին ազատություն վերադառնալու օրենսդրական մեխանիզմների կիրառումն ակնհայտորեն փոխել են իրավիճակը։
Հետազոտության արդյունքում արձանագրում ենք, որ մահապատժի դատապարտվածների մոտ սկզբնական շրջանում տագնապն ու վախը 2,5 անգամ ավելի բարձր են եղել, իսկ ընկճվածությունն ու հիասթափությունը՝ մոտ 2 անգամ։ Սակայն հետաքրքիր է, որ անմիջապես ցմահ ազատազրկման դատապարտվածների մոտ սկզբնական շրջանում դյուրագրգռվածությունն ու ագրեսիան մոտ 5,5 անգամ ավելի բարձր են, քան մահապատժի դատապարտվածների մոտ։ Հետագա տարիներին 2 խմբում էլ տագնապն ու վախը գրեթե վերանում են, ընկճվածությունն ու հիասթափությունը՝ նվազում, իսկ ներկայում դատապարտյալների շուրջ 90%-ն իրենց հոգեվիճակը գնահատում է որպես՝ նորմալ, հանգիստ։
Քրեակատարողական հիմնարկի հոգեբանի կողմից աջակցության վերաբերյալ հարցին դատապարտյալների 59%-ը պատասխանել է, որ աջակցություն եղել է 2018 թվականից, 35%-ը նշել է, որ աջակցություն չի եղել, 6%ժը նշել է 2012 թվականից աջակցության մասին։ Ակնհայտ է, որ հոգեբանական ծառայության աննախադեպ ակտիվությունը սկսվել է 2018 թվականից։ Դատապարտյալների 74%-ը ցանկություն է հայտնել հոգեբանների հետ առավել հաճախ հանդիպումներ ունենալ՝ առավել ինտենսիվ աջակցություն ստանալու նպատակով։ Պատասխանների մեջ նշել են հետևյալը՝ «լավ հոգեբանը կարողանում է հանել ծանր վիճակից», «հոգեբանի աջակցություն չի եղել, բայց ցանկանում եմ, որ աջակցեն, երբ, օրինակ, հարազատի կորուստ է լինում, թույլատրեն վերջին հրաժեշտը տալ կամ պատերազմից առաջ հանդիպել եղբորորդուս հետ», «լինում են պահեր, երբ պետք է ինչ-որ մեկի հետ խոսես, որ թեթևանաս, թեկուզ ոչ մի բան չանի, ուղղակի լսի․ դա արդեն մեծ օգնություն է»։ 28 մասնակիցներից 6 անձ նշել է, որ հոգեբանի կարիք չունի։
Արձանագրում ենք, որ ցմահ դատապարտյալներն՝ որպես իրենց աջակցող, իրենց վերասոցիալականացմանն ու ազատություն վերադառնալուն նպաստողների ցանկում տոկոսային առումով ճնշող մեծամասնությամբ առաջին տեղում ընտանիքն է։
«Գտնո՞ւմ եք, որ Ձեր ընտանիքը նույնպես այս տարիներին «պատժվել» է և տառապանքներ կրել, եթե՝ այո՛, ապա՝ ինչու՞» հարցին հարցմանը մասնակցած ընտանիքների անդամները (100%) դրական պատասխան են տվել։ Հարցվածների 67%-ը որպես բացասական հետևանք ընդգծել է հոգեբանական և ֆինանսական այլ խնդիրների, իսկ 33%-ը՝ աշխատանքային խնդիրների մասին։ Մեկ անձ նշել է նաև հասարակության բացասական վերաբերմունքը։
Տառապանքի պատճառներից շեշտել են հետևյալը՝ «Տարիներ շարունակ ամուսնուս տեսակցել եմ տարեկան ընդամենը 3-6 օր։ Դա, իրոք, պատիժ է ընտանիքի դեմ», «ընտանիքս նույնպես ցմահ պատժվեց անարդարության պատճառով», «տառապել ենք հոգեպես, ծանր է եղել, հիվանդացել ենք», «այո՝ տառապել եմ՝ կարծես իմ թևերն են ինձնից պոկել»։
Հարցմանը մասնակցած բոլոր (100%) դատապարտյալները նույնպես գտնում են, որ իրենց ընտանիքներն այս տարիներին «պատժվել» և տառապանքներ են կրել։
«Ի՞նչն է օգնել գոյատևել ազատազրկման տարիներին» հարցին ի պատասխան հարցված ցմահ ազատազրկվածները ընդգծել են՝
- 29%՝ ընտանիքի սերը, կապը ընտանիքի հետ,
- 22%՝ հավատն Աստծո նկատմամբ,
- 22%՝ ապագայի հույսը,
- 10%՝ ընթերցանությունը,
- 9%՝ հիմնարկի հոգեբանը,
- 8%՝ անմեղ լինելու գիտակցումը։
Արձանագրում ենք, որ դժվարությունները, տառապանքները հաղթահարելու ճանապարհին թե՛ ընտանիքներին, թե՛ ցմահ դատապարտյալներին առաջին հերթին օգնել են ընտանիքի սերը և կապն ընտանիքի հետ, այնուհետև՝ հավատն առ Աստված և ապագայի հույսը։
Առաջիկայում ընթերցողին կներկայացնեմ հետազոտության որոշ հետաքրքիր արդյունքներ ևս:
Մհեր Ենոքյան
15 օգոստոսի, 2023 թվական