Այն, ինչի վերաբերյալ մենք՝ ցմահ դատապարտյալներս, ունենք հիմնավոր մտահոգություններ, հիմնականում կապված են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման բազմաթիվ խոչընդոտների և խտրական վերաբերմունքի, ինչպես նաև մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ, որոնք առաջանում են դատախազների և դատավորների կանխակալ ու կամայական որոշումների պատճառով։ Այդ որոշումների հիմքում դրվում են այնպիսի մեկնաբանություններ, որոնք որևէ աղերս չունեն արդարադատություն իրականացնելու և օրենքը բոլորի նկատմամբ հավասար կիրառելու հետ։
Իհարկե, առաջին հայացքից կարող է թվալ, թե ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում, սակայն երբ խորքային ուսումնասիրության ես ենթարկում, հասկանում ես, որ տարբեր կառույցներ օրենքները տարբեր կերպ են մեկնաբանում և կիրառում, ասել է թե՝ ինչպես իրենց է նպատակահարմար։ Օրենքների՝ նման կերպ կիրառումը կոպտորեն ոտնահարում է մարդու սահմանադրական իրավունքները և խոչընդոտում դրանց իրացմանը։ Այդ ամենը շղթայական ռեակցիայով խախտում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նորմերն ու պահանջները։
Ըստ էության, Հայաստանում ցմահ դատապարտյալներն ամենախոցելի և խտրական վերաբերմունքի արժանացած խումբն են, որոնց նկատմամբ մշտապես կիրառվում է անմարդկային վերաբերմունք։
Դատարանը քրեական արդարադատություն իրականացնելիս բացառապես պետք է առաջնորդվի քրեադատավարական և քրեական օրենսգրքերի պահանջներով՝ դրանք գարծածելով այնպես, որ չհակասեն Սահմանադրությանն ու միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, դրանց պահանջներին և իմպերատիվ նորմերին։ Վճիռ կայացնելիս դատավորը պետք է համոզված լինի, որ այն արդարացի է և կիրառվում է համաչափ նմանատիպ կամ նույնօրինակ հանցագործությունների համար։ Եվ քանի որ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ պետությունը, ոչ ասելով խորհրդային պատժողական գործելաոճին, որդեգրել է վերասոցիականացման քաղաքականությունը, ապա դատարանը պետք է նշանակի այնպիսի արդարացի հարկադրանքի միջոց, որի ընթացքում պետք է դատապարտյալին ոչ թե փակեն «վանդակում» և կերակրեն, այլ վերջինիս հետ անցկացնեն վերասոցիալականացմանը միտված այնպիսի արդյունավետ աշխատանքներ, որոնք ռեալ հնարավորություն կստեղծեն ոչ թե օրացույցային տարիները լրանալուց հետո, այլ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար։
Եվ քանի որ պետությունն ունի նման բարի և արդար նպատակներ և քրեակատարողական հիմնարկներում ներդրել է սպորտային, մշակութային, կրթական և վերականգնողական ծրագրեր՝ դրանց վրա տարեկան վատնելով ահռելի մարդկային և նյութական ռեսուրսներ, ապա դա պետք է նպատակին ծառայի։
Ինչո՞ւ եմ ասում պիտի, քանի որ տվյալ ծրագրերին մասնակցած դատապարտյալները պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս հանդիպում են մի շարք խոչընդոտների։
Դատախազը պատճառաբանում է, թե դատապարտյալները ձևական են մասնակցում այդ ծրագրերին, որպեսզի միավորներ հավաքեն։ Իսկ ինչո՞վ պետք է մոտիվացված լինի 40-60 տարեկան հասուն անձը, որպեսզի մասնակցի վերը նշված ծրագրերին և միջոցառումներին։ Արդյո՞ք պետությունը մեկ ցմահ դատապարտյալի համար տարեկան մոտ 4,5-5 միլիոն դրամ և մարդկային ռեսուրս է վատնում, 20 տարի 24/7 ռեժիմով անհատական վերասոցիալականացման աշխատանքներ իրականացնում, որպեսզի դատախազի ներքին համոզմունքը մի քանի րոպեում փոշիացնի և այդ ռեսուրսները, և ներդրված ջանքերը։
Դատե՛ք ինքներդ։
Հստակ պատկերացում կազմելու համար փորձեմ էլ ավելի պատկերավոր ներկայացնել ցմահ դատապարտյալի ճակատագիրը՝ դատապարտվելուց մինչև պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու դատական նիստը։ Իսկ թե ինչո՞ւ եմ շեշտը դնում հենց ցմահների վրա, լուսաբանեմ։
Ցմահ դատապարտյալն ունի խիստ սահմանափակ և խտրական հնարավորություններ, որպեսզի հասնի բաղձալի ազատությանը։ Դրանք երկուսն են։ Մեկը ներումն է, որը Հայաստանում ցմահի նկատմամբ երբեք չի կիրառվել։ Երկրորդը պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելն է, որի իրավունքը ցմահը ձեռք է բերում միայն պատիժը 20 տարի փաստացի կրելուց հետո, եթե դրան նախորդող վերջին մի քանի տարիների ընթացքում չի ունեցել տույժեր, ունի դրական բնութագրեր և զեկույցներ քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններից, կապ է հաստատել տուժողի իրավահաջորդի հետ և նրանից ստացել համաձայնություն իր վաղաժամկետ ազատվելու կապակցությամբ, այլ կերպ հարթել է տուժողին հանցագործությամբ պատճառված վնասը և այլն։
Սակայն սրանք հստակ չափորոշիչներ չեն և միակողմանիորեն ոտնահարում են ցմահ դատապարտյալի իրավունքները։ Մի կողմից օրենքով վերջինիս տրվում է պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունք, մյուս կողմից դատախազների և դատավորների կողմից խոչընդոտվում է այդ իրավունքի իրացումը։
Պարզաբանեմ։
Դատախազը վստահություն չի հայտնում հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի բարեխիղճ աշխատակիցների կողմից դստապարտյալների հետ 20 տարի շարունակ տարված քրտնաջան աշխատանքին, անտեսում է վերջիններիս տված բնութագրերն ու զեկույցները։ Սակայն կարող է հիմք ընդունել պրոբացիայի ծառայության աշխատակցի՝ միայն 20 տարի անց դատապարտյալի հետ 5-15 րոպե տևողությամբ առանձնազրույցի արդյունքում կազմած զեկույցը (այն էլ եթե բացասական է) և կառչել դրանից։
Այսինքն՝ արդարադատությանը միտված կառույցները ոչ միայն սինխրոն չեն աշխատում, այլև միմյանց նկատմամբ անվստահություն են հայտնում, ինչն իմաստազրկում և ի չիք է դարձնում պետության՝ այդ ուղղությամբ ներդրված ծրագրերն ու ռեսուրսները։
Համաձայնեք, որ սա, հիրավի, մտահոգիչ փաստ է։
Արդարադատության ոլորտում ներդրվել է տուժողի կամ նրա իրավահաջորդի ինդտիտուտը։ Դատարանն անձին դատապարտում է իր կատարած հանցանքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, այլ ոչ տուժողի իրավահաջորդի առաջարկած մեթոդներով։ Սա օրինական և օրինաչափ է։ Սակայն երբ անձը դատապարտվում է ցմահ ազատազրկման, 20 տարի պատիժ կրելով և պատժի հետագա կրումից վաղաժամկետ ազատվելու իրավունք ստանալով, դատարանում հանդիպում է հետևյալ տեսարանին։
Դատարան է հրավիրվում տուժողի իրավահաջորդը։ Նրան հարց է տրվում, թե արդյո՞ք վերջինս համաձայն է, որպեսզի իր մերձավոր հարազատին կյանքից զրկած անձին դատարանը պատժից պայմանական վաղաժամկետ ազատի։ Եթե բոլոր հանցագործությունների համար նշանակվեր ցմահ ազատազրկում, սակայն մեկին՝ 5, մյուսին 7 տարի անց տրվեր պայմանական վաղաժամկետ ազատվելու հնարավորություն, դատարան հրավիրվեր տուժող կողմը, ապա, վստահաբար, 99 տոկոսի դեպքում վերջինս համաձայն չէր լինի, որպեսզի իրեն որևէ կերպ վնաս պատճառած անձն ազատվի։
Դատախազը մեկնաբանում է, որ եթե տուժողի համաձայնությունը չլինի, ապա մտավախություն կա, որ ազատվելուց հետո դատապարտյալը կարող է տուժողից վրեժխնդիր լինել կամ դառնալ վրեժխնդրության զոհ։ Այս կապակցությամբ վերջերս դատախազներից մեկին հարց հղեցի, թե արդյո՞ք մտավախություն չկա, որ մեկ կամ մի քանի անձի սպանության համար 15-ից 20 տարի ժամկետով դատապարտված անձը, իր օրացույցային պատժաչափը կրելուց հետո ազատվելով, չի դառնա վրեժխնդրության զոհ կամ չի գործի վրեժխնդրություն։ Դատախազը մեկ բառով պատասխանեց, որ չգիտի։ Այսինքն՝ օրացույցային պատժաչափն ավարտվելուց հետո տուժող կողմը կորցնում է տուժողի կարգավիճակը, և վրեժխնդրության մտավախությունը հօ՞դս է ցնդում։ Սա ևս մտորելու տեղիք է տալիս։ Այսինքն՝ պայմանական վաղաժամկետ ազատվելու մերժման հիմքում դնելով տուժողի իրավահաջորդի բացասական ցանկությունը և անընդհատ մերժելով՝ ոտնահարվում է ցմահի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավունքը, և սա ոչ-ոքի չի՞ անհանգստացնում։
Եվ առհասարակ, ինչպե՞ս հասկանալ, թե է՞լ ով է տուժողը։ Տուժող է նա, ով ունեցել է նյութական կամ ֆիզիկական կորուստ։ Սակայն եթե խնդիրը դիտարկենք մեկ այլ կողմից, ակնհայտ է, որ տուժող են նաև դատապարտյալի հարազատները՝ երեխաները, որոնք առանց հոր կամ մոր են մեծանում, կինը, ով եթե նույնիսկ ամուսնու դատապարտվելուց հետո չի լքում նրան, ապա մի ողջ կյանք տառապում է միայնակ լինելով, ծնողները, որոնք գրեթե նույն հոգեվիճակում են, ինչ կորուստ ունեցած տուժողը։ Չհամակերպվելով այն իրավիճակի հետ, որ իրենց զավակը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ նրանք հոգեկան մեծ տառապանք ու վիշտ են ապրում, կորցնում առողջությունը, ոմանք էլ չդիմանալով այդ ամենին՝ հրաժեշտ են տալիս կյանքին։
Հաջորդ խնդիրը հանցագործությամբ տուժողին պատճառված վնասի փոխհատուցման պահանջն է, որը ևս խտրական է ազդում ցմահների վաղաժամկետ ազատման վրա։
Ինչու՞ է այն խտրական։ Պարզաբանեմ։
Անձին, ում դատապարտել են առանձնակի խոշոր չափով ֆինանսական հանցագործություն կատարելու համար, ով միլիոնավոր դոլարներ է հափշտակել, դատապարտում են 5-10 տարի։ Այդ անձը, կրելով իր պատիժը, ազատվում է, սակայն ազատվելու համար նրանից չեն պահանջում վերականգնել տուժողին հանցագործությամբ պատճառված վնասը։ Այնինչ ցմահների վաղաժամկետ ազատումն անընդհատ մերժում են, քանի որ վերջիններս չեն կարողացել աշխատել կամ չունեն վճարունակ հարազատներ, որպեսզի փոխհատուցեն վնասը։
Եվ, ի վերջո, ինչպե՞ս հասկանալ այն հանգամանքը, որ օրենքը հավասար է բոլորի համար, սակայն 2, 3, 4 անձի սպանության համար 1 կամ մի քանի անձանց դատապարտում են 15-ից 20 տարի ժամկետով, իսկ ներկայիս ցմահ դատապարտյալների կեսից ավելին ցմահ ազատազրկման է դատապարտվել միայն 1 անձի սպանության համար։ Արդյո՞ք սա օրինաչափ է։ Վստահաբար՝ ոչ։
Ավելին։ 2011 թվականի փոփոխությունից ի վեր Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտվել է ընդամենը 4 անձ, որոնցից երկուսի քրեական գործը եղել է վարույթում մինչև 2011 թվականի մայիսի 23-ի փոփոխությունը։ Նրանք դատապարտվել են 2012 թվականին։ Մյուս երկուսից մեկը բոլորին քաջ հայտնի Վալերի Պերմյակովն է, ում արարքն անհամեմատելի է մնացած ցմահների արարքների հետ։ Այսինքն՝ վերջին 12 տարում ընդհամենը 4 անձ է դատապարտվել ցմահ ազատազրկման։ Վստահ եմ՝ չեք կարծում, որ Հայաստանում սպանությունով պայմանավորված հանցագործությունների թիվը նվազել է, պարզապես պետությունը գնում է եվրոպական զարգացած երկրների արդարադատության ճանապարհով, ինչը, ինչ խոսք, գովելի է։
- Հետևաբար մեր՝ ցմահներիս խնդրանքն է իրականացնել օրենսդրական այնպիսի փոփոխություններ, որով հստակ չափորոշիչ կստեղծվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համար։
- Բացի այդ, խնդրում ենք վերանայել տուժողի կամ նրա իրավահաջորդի ինստիտուտը։ Այն խտրական կերպով է ազդում ցմահ դատապարտյալի՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու վրա, քանսզի վերջինս հստակ ազատվելու օր չունի և կարող է շարունակաբար կախված լինել տուժողի իրավահաջորդի կարծիքից։
- Խնդրում ենք նաև վերանայել մեկ անձի սպանության համար, առաջին անգամ ու միանգամից ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժատեսակն այնպես, որ վերանա նրանց և մեկից ավելի անձանց սպանության համար 15-ից 20 կամ 25 տարի ժամկետով դատապարտված անձանց պատժատեսակների միջև ընկած ահռելի անջրպետը։
Կանխավ շնորհակալ ենք։
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալներ
Օգոստոսի 27, 2023 թվական