Ես դատապարտվել եմ Կառավորության կողմից 2003 թվականի օգոստոսի 1-ին ընդունված քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով, որտեղ ասվում էր․ «…պատժվում է ազատազրկմամբ ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ»։
Բանն այն է, որ տվյալ քրեական օրենսգրքում առավելագույն պատժաչափը 15 տարին էր, և դրանից բարձր պատժաչափ գույություն չուներ։ Դատարաններն իրավունք և հնարավորություն չունեին նշանակել դրանից բարձր պատժաչափ, ուստի նշանակում էին ցմահ ազատացրկում պատժատեսակը։
Վերջերս դատախազներից մեկի հետ զրուցելիս հարց հղեցի, թե որն է պատժի նպատակները, որին ի պատասխան դատախազն ասաց, որ պատժի նպատակն այն է, որ անձին ուղղեն, վերասոցիալականացնեն և վերադարձնեն հասարակություն։ Ստացվում է, որ ինձ ցմահ ազատազրկման դատապարտելով՝ դատավորը «ներքին համոզմունք» է ունեցել և միանձնյա որոշում է կայացնել, որ ես չեմ ուղղվի, ուստի և նշանակել է ցմահ ազատազրկում։
Այս տարիներին հանդիպել և զրուցել եմ հազարավոր իրավաբանների հետ, որոնք միաբերան ասել են, որ ինձ ցմահ չպետք է դատեին, սակայն, ինչպես ասում են, մուրճը դատավորի ձեռքում է։ Հետևաբար ճիշտը դատավորն է, այլ՝ ոչ այդ հազարավոր իրավաբանները։
2011 թվականի մայիսի 23-ին տեղի ունեցավ վերը նշված հոդվածի պատժաչափերի փոփոխություն, և «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինվեցին «տասներկուսից քսան տարի» բառերով, որն ըստ էության դատարանին տվեց լայն հնարավորություն։ Որոշ դեպքերում հանցանքների համակցման հոդվածը կիրառելով՝ դատարանը կարող էր նշանակել 25 տարի, բայց՝ ոչ ցմահ ազատազրկում, ինչը վառ ապացույցով երևում է, քանզի վերջին 13 տարում ցմահ ազատազրկման է դատապարտվել ընդհամենը 3 անձ՝ նախկինում տարեկան 7-8 անձի փոխարեն։
Սա ամենևին չի նշանակում, որ Հայաստանում սպանության ելքով պայմանավորված հանցագործություններ չեն կատարվել կամ չեն կատարվում, պարզապես այլևս նման հրահանգ չկա, որպեսզի ցմահ ազատազրկում պատժատեսակը կիրառվի։ Համենայնդեպս առ այժմ չկա։
Վստահաբար եթե ես դատապարտվեի 2011 թվականի մայիսի 23-ի փոփոխություններից հետո, դատարանը կարող էր նշանակել 16, 17, 18, 19, 20 կամ համակցությամբ մինչև 25 տարի, սակայն՝ ոչ ցմահ ազատազրկում։ Վերջին 13 տարիների վիճակագրությանը հետևելով՝ տեսնում ենք բազմաթիվ դատական ակտեր, որտեղ նույնիսկ 2, 3, 4 անձի դիտավորյալ շահադիտական սպանությունների դեպքում ցմահ ազատազրկման ակտեր չկան, վառ օրինակ, 3 անձի սպանության համար 18-ից 21 տարի ինչքան ուզես։
Սակայն ես մեկ անձի սպանության համար (ԱՌԱՆՑ առանձնակի դաժանության) և առաջին անգամը լինելով, միանգամից դատապարտվել եմ ցմահ ազատազրկման։ Այստեղ անզեն աչքով էլ պարզ երևում է, որ համաչափություն չկա, և օրենքի առաջ հավասարության գործոնն իսպառ բացակայում է։ Իմ դեպքում տեղի է ունեցել հիմնարար իրավունքի խախտում։ Դատարանները պարտավոր են նույնաբովանդակ հանցագործությունների համար կիրառել իրարից էականորեն չտարբերվող, միատեսակ պատիժներ, ոչ թե մեկ անձի սպանության համար դատապարտեն ցմահ ազատազրկման, իսկ մի քանի սպանության դեպքում՝ դատապարտեն առավելագույնը 21-23 տարի ազատազրկման։
Սահմանադրության 29-րդ հոդվածը հստակ ասում է, որ բոլորը հավասար են օրենքի առջև և որ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին ՀՀ օրենքի 1-ին հոդվածը հստակեցնում է․
- Սույն օրենքով 2022 թվականի հուլիսի 1-ից գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մայիսի 5-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք):
- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-529-Ն օրենքը:
- Մինչև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ օրենքներն ու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են համապատասխանեցման Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին:
Այստեղից հետևություն, որ դատարանը պարտավոր էր համապատասխանեցնել քրեական հին օրենսգրքի հոդվածները նոր օրենսգրքի հոդվածներին, սակայն իմ վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել է համապատասխանեցումը ՄԵՐԺԵԼՈՒ որոշում։ Բնականաբար, նոր քրեական օրենսգրքով էլ չեմ դատվել։ Հետևաբար տրամաբանորեն, եթե ես դատապարտվել եմ այն օրենսգրքով, որն ըստ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի՝ ուժը կորցրած է ճանաչվել, իսկ դատարանն իր հերթին մերժման որոշում է կայացրել նոր քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխանացնելու մասին, ապա, ըստ էության, ինձ ապօրինի են պահում անազատության մեջ։
Պետությունը կարծես ձեռքերը լվացել է և ամեն բան թողել բախտի քմահաճույքին։ Ինչո՞ւ չեն համապատասխանեցվում։ Քանի որ արդարադատությունը Հայաստանում, մեղմ ասած, հոգեվարքի մեջ է, իսկ այն վերակենդանացման միտված փորձերն էլ կարծես թե իսպառ բացակայում են։
Վերջերս հաճախ եմ զրուցում իրավաբանների հետ։ Նրանք միաբերան ասում են՝ նոր օրենսգիրք են գրել, սակայն իրենք էլ գլուխ չեն հանում, թե ինչպես այն կիրառել։ Տպավորություն է՝ ասես ոլորտը համակարգողներն առհասարակ ձեռքները լվացել են թե Արդարադատությունից, թե Սահմանադրությունից։
Նյութի հեղինակը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում
ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրող Կարեն Դալլաքյանն է։
Նյութում արտահայտված են հեղինակի կարծիքները և տեսակետները։