Գարնանային մի թախծոտ, անձրևոտ օր կանգ առավ կյանքը։
2019 թվականի մարտի 2՝ ոստիկաններ, խառնաշփոթ իրարանցում, ասեկոսեներ, քչփչոց, ձերբակալվածների պահման վայր, այնուհետև՝ դատարան, 2 ամիս նախնական կալանք, դատավճիռ՝ 13 տարի, 9 ամիս ազատազրկում․․․
Ու սևացավ կյանքս, փշրվեց վերջին հույսս․․․ Սկսվեց դաժան իրականությունն այս 4 պատերի մեջ։
Այս պայմաններն ինձ դառնացնում են։ Փակ դուռն ազդում է ինձ վրա։ Մեջքով եմ նստում դեպի դուռը։ Եթե նայեմ, կգժվեմ։ Չեմ նայում, որ փակ դուռ չտեսնեմ։ Թեև դաժանն այն չէ, որ դուռը փակ է, այլ՝ այն, որ դու գիտես՝ քո ընտանիքը որևէ խնդիր ունի, դու այդ պատը, արգելված գոտու պարիսպն անցնելով՝ կարող ես հասնել քո ընտանիքին, օգտակար լինել, բայց․․․ չես կարող։
Չարացել եմ ճակատագրիս նկատմամբ, որ հայտնվել եմ այստեղ։ Այն ժամանակ, երբ նոր էի եկել, չէի գիտակցում, ասում էի՝ տարիներ են, կանցնեն։ Բայց չեն անցնում։ Օրերը գլորվելով դառնում են տարիներ։ Այդ 6 տարի, 4 ամիսը չեմ կարող ասել՝ ինչ են դարձել ինձ համար։
Չէ, չթվա, թե ուզում եմ միայն վատը թողնել այս էջերին։ Լավն էլ է եղել իմ կյանքում։ Չորս բալիկ ունեմ։ Մեծս 12 տարեկան է, միջնեկս՝ 10 տարեկան, աղջիկս՝ 8 տարեկան, փոքր տղաս՝ 4 տարեկան։ Այս 4 պատերի մեջ եմ ունեցել չորրորդ հրեշտակիս, ով, առանց գիտակցելու, կիսեց ինձ հետ «անազատություն» ասվածը։
Շատ դժվարությունների միջով եմ անցել։ Փոքր խցում երեխայի խնամքը կազմակերպելը շատ դժվար էր։ Հարմարություն չկար։ Շատ քիչ դեղորայք էին տրամադրում, ասում էին՝ բժշկական հաստատությունները չեն հատկացնում։ Կոնկրետ ժամանակահատվածով էին թույլատրում զբոսանքը, բայց երեխաս մեծանում էր, դրսին էր ձգտում, խաղալ, աշխուժություն էր ուզում։ Սակայն չէի կարողանում ապահովել։
Երեխա ունեցող ծնողի համար չարիք է բանտը։ Չեմ կարող բացատրել կարոտս։ Ներաշխարհս խառնվում է իրար։ Երեխաներիս համար էլ է դժվար։ Ամաչում են ասեն, որ իրենց մայրը բանտում է։ Տատիկին են մամա ասում։ Մամաս ասում է՝ միջնեկ տղաս մի անգամ գիշերն արթնացել է, ասել՝ «Ուֆ, էս մամաս էլի տուն չի՞ եկել»։ Ամեն րոպե սպասում է ինձ։ Փոքրս հարցնում է՝ մամա, դեռ տուն չե՞ս հասել։ Ասում եմ՝ ո՞նց հասնեմ։ Չեմ կարող խաբել, սպասեցնել երեխաներիս։ Շատ դաժան է, եթե ընտանիք ունես, գիտես, որ քեզ դրսում սպասող կա։ Ես չեմ դիմանում։
Կուզենայի ամուսնուս կողքին լինել։ Ամուսինս կալանավոր է։ Չեմ կարող հեռախոսազրույցներ ունենալ իր հետ։ Նամակներ եմ գրում։ Ինքը զանգում է, պատասխանը տնեցիներին ասում, ես զանգում եմ, տնից իմանում։ Նամակներս պահում է։ Երկարատև տեսակցության ժամանակ ցույց է տալիս, տեսնում եմ։ Երեք ամիսը մեկ անգամ երկարատև տեսակցություն ենք ունենում՝ 3 օրով, բայց ամենադաժանը սկսվում է երրորդ օրից հետո․․․ Նորից բաժանում, նորից օրացույցի մեջ ջնջված օրեր, նորից օդում թողնված բառեր։
Շատ դժվար է ընտանիքից հեռու ապրելը։ Շատ եմ կարոտում ամուսնուս, երեխաներիս, մորս․․․ Ահավոր է, այս կարոտը խեղդում է ներսից, սպանում է հոգիս․․․
Կորցրել եմ ամեն ինչ՝ սիրելի բարեկամներ, ժամանակ, ժպիտ, քուն․․․ Նրանց կորցնելուց հետո կորցրեցի կյանքիս գույները։ Կուզենայի ժամանակը հետ տալ, փոխել ամեն ինչ, որ կատարվել, զարգացել է իմ շուրջը։ Կուզենայի կորցրածս հետ բերել․․․
Ես միշտ կենսուրախ եմ եղել, միշտ ժպտացել եմ։ Ինձ համար կյանքը եռում էր։ Հիմա մահվան լուրն էլ, ծննդյան լուրն էլ, հարսանիքի լուրն էլ դեմքի նույն արտահայտությամբ եմ ընդունում։ Ինձ համար 2025 թվականը չկա, դեռ 2019 թվականի մարտի 2-ն է, իմ մեջ ոչ մի բան չի փոխվել։ Ժամանակը կանգ է առել։ Ես նույն 23 տարեկանն եմ։ Կապ չունի, որ արդեն 6 տարի է՝ բանտում եմ։
Ես օտար լեզուներ գիտեի, այստեղ մոռացել եմ։ Ես իմ կյանքի ժամանակը կորցրել եմ։ Եթե ուզում են մարդուն ուղղեն, չպիտի ցավ պատճառեն։ Այստեղ չեն ուղղվում, այստեղ չարանում են։ Պայմաններ չկան, որ մարդ սովորի, զարգանա։ Հետ ենք զարգանում։ Դա ցավ է։
Փոխվել եմ այստեղ, սովորել եմ դիմակայել բոլոր դժվարություններին, սովորել եմ մտածածս արտահայտել մարդկանց ճակատին։ Բայց մարդկանց նկատմա՛մբ չեմ չարացել։ Չի եղել մի վայրկյան, որ չարանամ մարդկանց հանդեպ, ընդհակառակը, միշտ փորձում եմ բարին տեսնել թեկուզ ամենավատի մեջ։
Պարզապես մեր կյանքն այստեղ սև է։ Մենք կյանքը գորշ գույների մեջ ենք տեսնում։ Հիմա հագուստի գույնն էլ են սևացրել։ Ուրիշ գույն չեն թույլատրում։ Պիտի սև համազգեստ կրենք։ Միապաղաղ է դառնում ամեն ինչ։ Գնում ես հիվանդանոց, բոլորն իրենց շորերով են, դու՝ ուղեկցող խմբի հետ, «սպեցովկայով»։ Կաշկանդվում ես։ Թեև երբ ծննդաբերության ժամանակ հարցնում էին՝ ովքեր են, կես կատակ, կես լուրջ, ասում էի՝ ախռանաս է։ Ծիծաղի էի վերածում էդ ամեն ինչը։ Բայց մարդիկ քչփչում են, մատնացույց են անում՝ դատապարտյալ ա․․․
Էլի առանձնացնում են հասարակությունից, հասարակության աչքին կրկին սևանում ես։ Բայց եկեք, մտեք բանտ։ Այստեղ ամեն մեկն իր տան ուրախությունն է, իր տան լույսը՝ անչափահաս տղայից մինչև դեռատի աղջիկ։
Սիրելի՛ ընթերցող, ամենադաժանն այն չէ, որ այստեղ դուռը 24 ժամ փակ է, այլ՝ այն, որ քո ձեռքերը, ոտքերը կապված են, որ զրկված ես շատ բաներից։ Արգելված գոտու բարձր պարսպից այն կողմ կյանքը եռում է իր բոլոր գույներով, իսկ մենք, սևացած հասարակության աչքերում, մտքերով ենք հասնում մեր ընտանիք և հետ գալիս։
Ես իմ կյանքում շատ բաներ եմ տեսել, շատ մարդկանց հետ եմ առնչվել, բայց մի բան եմ հասկացել։ Պետք չէր վստահել մարդկանց։ Պետք չէր նվիրվել անձնուրաց ոչ-ոքի։ Միևնույն է, միշտ մեկը լինելու է, որ թիկունքից հարվածի։
Իմ սիրելի մարդկանց վանեցի հեռու ինձանից, ցավացրեցի, բայց չգիտակցեցի, որ իմ տված ցավը սպիացել է նրանց հոգում։
Հիմա ամեն տողիս մեջ ներողություն կա, զղջում կա, ուղերձ կա բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ մի տեղ սայթաքել են, բայց ում համար հավատարմությունն ամենակարևորն է եղել ընկերության մեջ։
Սիրելինե՜րս, եղե՛ք հավատարիմ և մի՛ ընկճվեք, որ դա չի գնահատվում։ Դա ձեզանից չէ, այլ սխալ մարդկանց եք ընտրել։ Ուղղակի բա՜ց թողեք, նրանց թողե՛ք ազատ։ Գնահատե՜ք ձեր ազատությունը։
Ու մի՛շտ հիշեք՝ բանտը ճակատագրեր է խեղում, ընտանիքներ է բաժանում, մարդկանց իրարից հեռացնում է։
Ապրե՛ք այնպես, որ չհայտնվեք այս դաժան իրականության մեջ, որտեղ մարդիկ կորցնում են ամեն ինչ իրենց կյանքում։
Գնահատե՛ք ինքներդ ձեզ, սիրե՛ք ամեն մի վայրկյանը, մի՛ ընկճվեք, քայլե՛ք առաջ։
Հիշեք՝ ամեն վատ վայրկյանը մի նոր լավի սկիզբ է, իսկ ազատությունն անգին է։
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Նարե Բոյաջյան
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


