Շրջապատը շատ վատ բան ա։ Էդ պահին մտածում ես՝ քեզ մխիթարում են, բայց․․․
Հայաստանում բնակարան ունեի։ Արտերկրից եկել էի, որ վաճառեի։ Հոգնել էի անընդհատ գալ գնալուց, վարձով տալուց։ Հոգնեցուցիչ էին էդ պրոցեսները։ Էդ թռիչքների, ստեղ մնալու վրա ավելի շատ էի ծախսում։ Ծախսերը շատ էին։ Եկա վաճառեցի։
Ու մեկ էլ տղաս զանգում ա, ասում ա, որ իրան դիմավորեմ։ Եկել ա, որ Հայաստանում ծառայի։ Էդ ժամանակ էլ համավարակը սկսվեց։ Ես էլ տունը վաճառել էի, մի ամսվա ընթացքում պիտի ազատեինք։ Չէի կարում ուրիշ բնակարան գտնեի։ Ոչ մեկը տուն ցույց չէր տալիս։ Ահավոր վիճակ էր։ Ոչ մեկս չէինք աշխատում։
Տղայիս տարան բանակ, ու մի քանի ամիս անց պատերազմը սկսվեց։ Իրանց չաստը ռմբակոծել են՝ ճաշարանը, ավտոպարկը․․․ Տղաներին առանձին-առանձին իջացրել են պադվալ, մնացած էրեխեքը խումբ-խումբ պայթել են։ Իմ բախտը բերել ա, որ տղաս էդ պահին սանչաստում ա եղել։ Տղայիս ասելով՝ ընկերներից մեկն իրա հեռախոսն ուզել ա, որ զանգի իրա ծնողներին։ էդ տղան հեռախոսը մոտը մահացել ա։ Հեռախոսներն անվանական են եղել։ Տղայիս քցել են մահվան ցուցակի մեջ։ Հեռուստացույցով ցուցակի առաջին շարքերում տղայիս անունն էի կարդում, որ մահացել ա․․․
Մինչև էդ էլ պապաս էր մահացել, որ իմ մեջք ու թիկունքն էր։ Հետո ես էի վիրահատվել։ Վիրահատությունից հետո ուժեղ ցավեր ունեի․․․
Հարվածը՝ հարվածի վրա․․․
Շատ էի խմում։
Հետո ծանոթացա մարդկանց հետ։ Ասացին՝ ավելի լավ ա մի քիչ կոկաին անես։ Վիրահատվելուց առաջ ես արդեն փորձել էի, բայց վիրահատվելուց հետո սկսեցի ստաբիլ օգտագործել։ Մի խոսքով, կարելի ա ասել՝ ընկա վատ շրջապատ։ Ինձ ծանոթացրին էդ վատ սովորությանը։
Գիտե՞ք՝ ոնց ա։ Սկզբում հյուրասիրում են, հետո սկսում են վաճառել։ Ասում են՝ հյուրասիրություն չկա, բայց լիներ, լավ կլիներ։ Մտածում ես՝ փող տաս, որ բերեն։
Ինձ էդ անհասկանալի առաջարկը որ արել են, ես թույլ եմ գտնվել։ Ես դրա պատճառով եմ ստեղ։ Չգիտեմ՝ ո՞նց էս իրավիճակից դուրս գամ։ Տղաս ինձ հետ տառապում ա․․․ Օր ու գիշեր ուզում եմ գնամ, տղայիս կողքին լինեմ։
Հոդվածիս համար 6-12 տարի ա հասնում։ Ամեն անգամ դատիս օրը տղաս գնում ա էն աշխարհ, հետ գալիս։ Տեսակցության ժամանակ ասում ա՝ ոչինչ, թող 20 րոպեով քեզ տեսնեմ, մամա։ Էդ ամեն ինչն ինձ սպանում ա։ Իմ անձնական կյանքն էր, ոչ-ոք չգիտեր, բայց խայտառակ եղա․․․ Տղաս իմացավ։ Իմացավ՝ հերիք չի նարկաման եմ, մի հատ էլ ընկեր ունեմ։ Ինձ համար շատ ամոթ ա, որ էդքան բանից հետո գալիս ա ինձ տեսնելու․․․
Ոստիկանությունում, քննչականում շատ վատ էին վերաբերվում։ Երբ 2 ամսով կալանավորեցին, ես ոչ թե վախեցած եմ եղել, այլ՝ խայտառակ վիճակում։ Ես ամաչում էի։ Ամաչում էի, որ էս ամեն ինչն ինձ հետ ա կատարվում, իմ անվանն ա կպնում։ Երկու ամիս ինձ զրկել էին ամեն ինչից՝ ոչ տեսակցություն, ոչ զանգ․․․ Երևի վատ վիճակի մեջ էին քցել, որ ճնշվեմ։
Մի տարի, 2 ամիս ա՝ կալանավորված եմ․․․
Մի տարի, 2 ամիս ա՝ պայքարում եմ, որ ազատվեմ․․․
Ստեղի պայմաններին ոչ մի ձև չես կարա հարմարվես։ Ես լույսի տակ եմ գիշեր-ցերեկ, անդադար։ Երբ տեսադաշտ չկա, իմ մեջ ներվային դող ա սկսվում, շնչահեղձ եմ լինում։ Քնում եմ, պետք ա լույսը վառեմ։ Կարող ա իմ ներքին վախն ա, մտածում եմ՝ աչքերս հանկարծ բացեմ, մութ լինի, ես չե՞մ հասկանա՝ որտեղ եմ։ Հետո չգիտես՝ ում հետ ես խցում։ Կարող ա քեզ ժպտում ա, որ իրա ուզածին հասնի, բայց իրականում ամեն ինչի ընդունակ ա։ Կամ էլ կարող ա սկզբում իմ մեջ վախեր են եղել, որ դեռ չե՞ն անցել։
Հոդվածները կապ չունեն, մենք բոլորս ստեղ ենք ու նույն ձևով ենք ապրում, բայց զարմանում եմ, երբ տեսնում եմ՝ մեկը մյուսին նախանձում ա, փնովում ա․․․ Ոչ մեկն իրա գործի մասին չի մտածում։ Ընտանիքի կարոտ չունեն։ Հարմարվել են ստեղին։
Կարան պատասխան տան աշխատողին։ Ես չեմ սիրում տենց բաներ։ Մարդիկ տուն-տեղ թողած, եկել են՝ մեզ հսկում են մեր արած քայլերի համար։ Պետք ա մի քիչ էլ հասկանաս, որ էդ մարդկանց պետք ա հարգես, ու կապ չունի՝ կին են, թե տղամարդ․․․
Չեն հասկանում, որ իրանք իրանց արած քայլերի համար են ստեղ՝ կարող ա սուտ մատնություն ա եղել, կարող ա սայթքել են, կարող ա սխալվել են․․․ Բայց վե՛րջ, ստե՛ղ են․․․ Պիտի իրանցից բացի ոչ մեկին չմեղադրեն։ Սաղ աշխարհը մեղավոր ա իրանցից բացի՞։
Տղայիս շատ եմ սիրում, իմ մինուճարն ա․․․ Իմ ներսի մայր տեսակը շատ-շատ ա ավելացել։ Ես շատ լավ մայր եմ եղել, լավ տղա եմ դաստիարակել, բայց հիմա կրկնապատկվել ա էդ ամեն ինչը։ Ես ուզում եմ ապրեմ միայն իրա համար։
Ես կարող ա մինչև ստեղ ընկնելս իմ անձնական կյանքն եմ ունեցել՝ բոլորից գաղտնի, բայց հիմա ոչ մեկին չեմ ուզում տեսնեմ։ Ուզում եմ տանը լինեմ, աչքերս բացեմ՝ տղաս լինի, աչքերս փակեմ՝ տղաս լինի։ Ավելի շատ ա հիմա ինքն իմ կարիքը զգում։ Ավելի շատ ա կարոտում։
Դա շատ մեծ աջակցություն ա ինձ համար։ Երբ գիտեմ՝ էս ամեն ինչից հետո դրսում ինձ սպասող կա, հույս ա տալիս, որ որպես մարդ պետք եմ։
Էդ ամեն ինչն ինձ կործանեց։ Անգամ հեռուստացույցով երբ տեսնում եմ՝ մեկին բռնեցին, վատանում եմ։ Զզվանք ա առաջանում մոտս։ Ատում եմ թմրանյութը։ Ինքն իմ ճակատագրի հետ խաղաց։ Իմ էս տարիքին ես իրավունք չունեի սենց սխալվելու։ Սաղ կյանքս օրինական ապրել եմ։ Էն վախն ա եղել մեջս, որ հանկարծ գլուխս չկախեմ։
Երբ բերել էին ստեղ, ես չէի կարում ընդունեմ, որ ես նարկաման եմ։ Ես նոր եմ ադեկվատ դառնում։ Նոր եմ ուշքի գալիս։
Ինձ պետք ա ոչ թե կալանավորեին, այլ տանեին նարկոլոգիական, գործի քննությունն անեին։ Երբ հաստատող հիմք ունենային, նոր կալանավորեին։ Այ տենց կփրկեին․․․ Սենց իմ օրգանիզմն ավելի շատ ա քայքայվում։ Ես մինչև հիմա հիվանդ եմ։ Ուժեղ ցավեր ունեմ։ Մի օր ոտքերս են ցավում, մի օր ճնշումս ա բարձրանում։
Ես պայքարում եմ նման թույնի դեմ․․․
Չի կարելի կնոջը սենց պատժել․․․ Ոչ մի ելք չեմ կարում գտնեմ․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Կալանավորված կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


