Նամակ բոլոր կանանց, ովքեր ազատության մեջ են․․․
Ես կալանավոր կին եմ։ Հանցագործություն եմ կատարել 24 տարեկանում և դատապարտվել 6 տարի ազատազրկման։
Չնայած նրան, որ լավ ընտանիքից եմ, ունեմ լավ ծնողներ, քույր և եղբայրներ, կանգնեցի սխալ ուղու վրա և քայլ արեցի դեպի հանցագործ աշխարհ։ Սակայն կալանավորման առաջին իսկ պահից զղջացել եմ արածիս համար, քանի որ բերդը շատ դաժան վայր է կնոջ համար։
Քեզ ձերբակալում են քո տնից։ Ծնողներիդ աչքի առաջ քեզ տանում են ոստիկանություն, և դու տեսնում ես՝ ոնց են ծնողներդ և ընտանիքդ հոգեպես տանջվում։ Դա կյանքիս ամենադաժան տեսարանն էր։ Հետո՝ նախաքննություն, կալանավորում և․․․ բերդ։ Եվ ավելի դաժան օրերը սկսվում են, երբ քեզ արդեն բերում են բերդ։
Պետությունը տալիս է մինիմալ կենցաղային պարագաներ՝ ներքնակ, վերմակ, սավան, հիգիենայի միջոցներ, ալյումինից գդալ, ափսե, բաժակ․․․ Քեզ ուղեկցում են բանտախուց, հետևիցդ փակում են հաստ երկաթյա դուռը, և դու 4 պատերի մեջ մեռնում ես մտովի ու հոգեպես։ Դու այդպե՛ս պետք է ապրես, քանի որ հանցանք գործած մարդ ես։
Հետո սկսվում է բերդի առօրյա կյանքդ։ Ժամով քնում ես, ժամով ուտում ես, ժամով զբոսնում ես, ժամով զանգում ես ընտանիքիդ, ժամով գնում ես տեսակցվելու ընտանքիդ հետ։ Մի խոսքով, կյանքդ դառնում է ռեժիմով։
Սկզբնական 1 շաբաթը մենակ ես լինում, քանի որ պետք է կարանտինում լինես։ Հետո տեղափոխում են ուրիշ բանտախուց՝ քեզ նման կալանավորված կանանց մոտ, որոնցից ամեն մեկն ունի իր պատմությունը, և բոլորը տարբեր բնավորության ու հոգեբանության մարդիկ են։
Հետո սկսվում է դատերի փուլը՝ դատալսումներ, մեղադրող կողմ․․․ Ամեն անգամ դատի գնալիս քեզ բերդից դատարան են տանում ուղեկցող մեքենայով։ Մի քանի հսկիչներ ձեռնաշղթաներ են հագցնում․․․ Եվ այդ ամենը դու պետք է հանդուրժես, քանի որ կյանքում արել ես մի այնպիսի անուղղելի սխալ, որի համար պետք է պատասխան տաս միմիայն ինքդ։
Դատերի ժամանակ այդպես էլ լինում է։ Մի ամբողջ դատարանի դահլիճ քննարկում է քո արարքը։ Այդ պահին ամոթի զգացումից ամբողջ սրտով ցանկանում ես՝ գետինը բացվի ու անցնես ընդհատակ։ Բայց, ցավոք, այդքան հեշտ չի ավարտվում ամեն ինչ։ Դաժան իրականության միջով պետք է անցնես։
Իսկ երբ դատավորը կարդում է դատավճիռը՝ 6 տարի ազատազրկում, հասկանում ես, որ պետք է 6 տարի մնաս կալանավայրում՝ զրկված ամեն ինչից ու ամենակարևորը՝ քո ընտանիքից, ընկերներից, բարեկամներից, այգում քայլելուց կամ հանգիստ քո տանը առօրյան անցկացնելուց։ Դու մտովի խելագարության ես հասնում։
Կալանավայրի ծանր ու դաժան տարիների ընթացքում ծնողներիդ գալիս են քեզ տեսակցության։ Դու ասում ես․
«Մամ, պապ, դե վերջ, լրացավ մեր տեսակցության 2 ժամը։ Գնացեք, որ շուտ տուն հասնեք, հոգնած եք, նեղված, լացած։ Ես էլ գնամ տուն»․․․
«Տուն», քանի որ էնքան ես մնացել կալանավայրում, որ այդ արտահայտությունն ես անում՝ «տուն»։ Բայց այդ չակերտավոր արտահայտությունից հետո հասկանում ես, որ կալանավայրը երբեք չի կարող փոխարինել քո իսկական տունը, բայց, ցավոք, պետք է շարունակես ամբողջ 6 տարի գտնվել այդտեղ։
Տարիների ընթացքում մեծանում ես, փոխում են հայացքներդ քո իսկ կյանքի նկատմամբ։ Մեկ ավելի խելացի ես դառնում, մեկ՝ ավելի դաժան, մեկ՝ ավելի սենտիմենտալ․․․ Մեկ սիրտդ բարակում է, մեկ ազատության կարոտն է խեղդում․․․ Ու այդպես գլորվում են ու անցնում երկար, շա՜տ երկար տարիներ։
Եվ երբ գալիս է բերդից ազատվելու ժամանակը, դու կանգնում ես բերդի պարիսպների մոտ, որոնք ազատությունն են սահմանում, քեզ ու մնացած կանանց խոստանում ես այլևս երբեք չվերադառնալ այդ վայրը։
Հետ նայելով այդ պարիսպներին, հետ նայելով անցած տարիներին՝ հասկանսւմ ես, որ դժոխքն ունի 9 շրջան, և ամենավատում դու անցկացրել ես 6 տարի։
Սիրե՜ք ձեր ազատությունը, սիրե՜ք ինքներդ ձեզ, սիրե՜ք ձեր կյանքը․․․
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ
Ա․ Մանուկյան, դատապարտյալ կին
Այս պատմությունները գրվել են ազատազրկված կանանց կողմից և շեշտադրում են քրեական արդարադատության համակարգում մարդկային պատմությունների և կանանց անձնական փորձառության կարևորությունը։ Դրանք կանանց ինքնարտահայտման հնարավորություն են տվել, ինչպես նաև նպաստել են երկար ժամանակ համակարգայնորեն անտեսված խնդիրները տեսանելի դարձնելուն՝ բանտային իրականությունը ներկայացնելով հենց ներսից և կանանց հայացքով։ Այս պատմությունները հրապարակելով՝ նպատակ ունենք բարձրաձայնել կանանց ձայները, դրանք լսելի դարձնել քրեական արդարադատության մարմիններին և լայն հասարակությանը՝ նպաստելով ապրումակցման, զգայունության և փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը։
«Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։


