Skip to content Skip to sidebar Skip to footer
63

«Քովիդ-19 համավարակի ժամանակ «Աբովյան» ՔԿՀ-ում ընդամենը մեկ դրական դեպք է գրանցվել». Առավոտ

««Աբովյան» քրեակատարողական հիմնարկում Քովիդ-19 համավարակի շրջանում գրանցվել է հիվանդացության ընդամենը մեկ դեպք, որը ժամանակին բացահայտվել է, նաև բուժումն է պատշաճ կազմակերպվել»,-այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

ՀԿ-ն այս տարի իրականացրել է «Քովիդի ազդեցությունը ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» հետազոտություն, որի թիրախը կանանց և աղջիկների իրավունքներն էին։

Հովհաննիսյանի խոսքով՝ այս հետազոտությամբ պարզվել է, որ ՔԿՀ-ում քովիդի կանխարգելումը պատշաճ է կազմակերպվել։ Նա ասաց, որ անազատության մեջ գտնվող կանանց մեծ մասը սոցիալապես անապահով են, ազատության պայմաններում էլ բժշկական ծառայություններից օգտվելու շատ հնարավորություն չեն ունենում, շատերը համալիր հետազոտության և բուժման կարիք են ունենում․

«Արձանագրել ենք, որ որոշ կանայք գինեկոլոգիական ծառայություններից չեն օգտվել ազատության պայմաներում։ Գուցե չեն գիտակցել, գումար չեն ունեցել, բազմաթիվ խնդիրներ են բացահայտվել սքրինինգային հետազոտության ընթացքում։ Համավարակի ժամանակ մի պահ սահմանափակված մարդկանց էր տեղաշարժը և, օրինակ՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ, որոնք պետք է ներկայանային կենտրոն, ստանային դեղերը, դժվարություններ էին ունենում։ Իհարկե, այդ աշխատանքն այլ ձևով է կազմակերպվել»։

Հովհաննիսյանի խոսքով՝ ՀԿ-ի դիտարկումներով՝ ՔԿՀ-ում այդ խնդիրները շատ չեն եղել, որովհետև այդ ծառայությունների հասանելիությունը եղել է համապատասխան կառույցների միջեւ համագործակցությամբ։

Նա նշեց՝ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կանայք և անչափահասներ և նրանց բժշկական կարիքներն ու խնդիրները տարբեր են, նույն բուժանձնակազմը սպասարկում է և՛ կանանց, և՛ անչափահասներին․

«Այս առումով մենք առաջարկում ենք, որպեսզի բուժանձնակազմի համար կազմակերպվեն նեղ մասնագիտական աշխատանքներ, որպեսզի օրինակ՝ նույն հոգեբույժը կարողանա և՛ անչափահասի, և՛ կանանց հետ աշխատի»։

Ինչ վերաբերում է պրոբացիայի ծառայությունում գտնվող կանանց, Հովհաննիսյանն ասաց, որ պրոբացիոն ծառայությունը միջամտելու լծակ չունի, որովհետև տվյալ անձինք պատիժը կրում են ազատության մեջ, և բոլոր ծառայությունները հասանելի են նրանց այնպես, ինչպես բոլորիին։

«Հիմնական խնդիրն է, որ այդ կանայք սոցիալապես անապահով են և անվճարունակ։ Հատկապես եթե պատիժը տուգանքն է, նրանք խնդիրներ են ունեցել միաժամանակ հոգալ սոցիալական կարիքներն ու զուգահեռ տուգանք վճարել, քանի որ այդ պահին պրոբացիոն ծառայությունում գտնվող կանանց աշխատանքը դադարեցված է եղել, և որոշակի դժվարություններ են ունեցել օգտվելու առողջապահական համակարգի ծառայություններից, քանի որ նաև հիվանդանոցները ծանրաբեռնված էին, մի պահ սպասարկում էին միայն քովիդով հիվանդներին»,-ասաց Նարե Հովհաննիսյանը։

Քննարկման մյուս բանախոսը՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանն էլ հավաստիացրեց՝ ՊՈԱԿ-ը սքրինինգային ծրագիր է իրականացնում Հեպատիտ Ց-ի, ՄԻԱՎ-ի, պապիլոմա վիրուսի, կրծքագեղձի վաղ հայտնաբերման շրջանակներում։

Ինչ վերաբերում է քովիդին, ապա Բաբայանն ասաց, որ անազատության մեջ գտնվող անձանց թեստավորումն ու բուժօգնությունն անվճար է, իսկ տեսակցությունների ժամանակ պարտադիր էր ՊՇՌ թեստը, որի համար վճարում են անազատության մեջ գտնվող անձն ու նրա հարազատը, իսկ պատվաստվածները կարող են առանց թեստավորման տեսակցել։

«ՔԿՀ ում գտնվողները կցագրված են հիմնարկին մոտ գտնվող պոլիկլինիկաներին, որոնց շրջիկ խումբը հենց ՔԿՀ-ում պատվաստում է կատարել։ Իսկ եթե ստացիոնար բուժման կարիք կա, ապա տեղափոխվում են համապատասխան բուժհաստատություններ»։

Բաբայանի խոսքով՝ այս պահին ՔԿՀ-ներում մոտ 2300 ազատազրկված անձ կա, նրանցից 5-ն՝ անչափահաս, 58-ը՝ կանայք։ Այս կանանցից վերջին մեկ տարում երկու հղի է եղել, երկուսն էլ, ըստ Բաբայանի, բարեհաջող ծննդաբերել են․

«Այս պահին քրեակատարողական հիմնարկում մինչև երեք տարեկան երեք բալիկ ունենք։ Օրենքը թույլ է տալիս մինչև երեք տարեկան երեխան մոր հետ լինի»։

Նարե Հովհաննիսյանը հավելեց, որ քովիդի համավարակի ժամանակ, երբ արգելված էին տեսակցությունները, սա շատ կանանց վրա հոգեբանորեն ծանր է ազդել, և թեև կար հնարավորություն տեսակապի կամ զանգի միջոցով շփում հարազատների հետ, սակայն դա չի փոխարինում կենդանի շփմանն ու տեսակցությանը։ Բացի այս, նա նաև նշեց, որ կանայք, սովորաբար, խուսափում են երկարատև տեսակցություններից, չեն ուզում իրենց երեխաներին բերեն քրեակատարողական հիմնարկ,որպեսզի նրանց սթրեսից զերծ են պահեն։

 

Աղբյուրը` Առավոտ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.