Skip to content Skip to sidebar Skip to footer
122

«Անազատության մեջ գտնվող կանայք չեն ցանկանում, որ հարազատները, երեխաներն այցելեն իրենց». Մեդիալաբ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն արդեն տևական ժամանակ է՝ իրականացնում է «COVID-19-ի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց ու աղջիկների իրավունքների պաշտպանության վրա» ծրագիրը: Ծրագրի շրջանակում մինչ այս պահը ուսումնասիրվել են ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված անձանց շրջանում COVID-19-ի կանխարգելմանը, խնամքին և բուժմանն ուղղված միջազգային չափորոշիչները և ուղեցույցները, ներպետական օրենսդրությունը և փորձը՝ գենդերազգայունության տեսանկյունից:

Ուսումնասիրության, առկա խնդիրների, ինչպես նաև բանտային պայմաններում հայտնված կանանց նկատմամբ խտրականության մասին «Մեդիալաբը» զրուցել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանի հետ։

 

 

– Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ այս հարցին և ի՞նչ հիմնական խնդիրներ եք հասցրել վերհանել քրեակատարողական հիմնարկներում ապրող կանանց վրա համավարակի ազդեցության իմաստով։

– «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվել է անազատության մեջ գտնվող անձանց հիմնախնդիրներով։ Վերջին շրջանում առավել ներգրավված ենք հատկապես քրեակատարողական հիմնարկներում կրթական ծրագրերի իրականացման հարցերում։ Իրականում մեզ համար ակնհայտ էր, որ բոլոր այն խնդիրները, որոնք ունեին ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք ու աղջիկները, պայմանավորված նաև գենդերազգայուն մոտեցումների բացակայությամբ, ավելի են խորացել համավարակով պայմանավորված։ Սա մեր հետազոտության համար ելակետային դրույթ էր։

Պետք է նշեմ, որ սա միայն Հայաստանի խնդիրը չէ։ Արդեն իսկ ակնհայտ է, որ համավարակով պայմանավորված սահմանափակումները անհամաչափ ձևով են ազդում կանանց առողջության վրա, հատկապես՝ հոգեկան։ Խոսքը, մասնավորապես, երեխաների դաստիարակության հարցում ներգրավված լինելու անհնարինության և տեսակցությունների խիստ սահմանափակումներին է վերաբերում, ինչը, բնականաբար, տարբեր ազդեցություն է թողնում կանանց և տղամարդկանց վրա։

Համավարակի ազդեցությունը հատկապես զգալի էր անչափահասների, հղի և իրենց մոտ երեխա ունեցող կանանց վրա։ Խնդրահարույց էր նաև այլազգի կանանց՝ համավարակով պայմանավորված սահմանափակումներն իրենց հասանելի լեզվով մատչելի ներկայացնելու հարցը։

Բանտային պայմանները, ընդհանրապես, անհամաչափ ձևով են ազդում կանանց հոգեկան, սեռական և վերարտադրողական առողջության վրա։ Առավել խոցելի են տարեց, քրոնիկ և վարակիչ հիվանդություններ ունեցող, հղի և իրենց մոտ երեխա ունեցող ազատազրկված կանայք։ Շարունակում է խնդրահարույց մնալ գենդերազգայուն առողջապահական ծառայությունների հասանելիությունը բանտերում։

– Ընդհանրապես, բանտային պայմաններում գտնվող կանանց և տղամարդկանց խնդիրները որքանո՞վ են տարբերվում։

– Խնդիրները բանտային համակարգում նույնն են, տարբեր է դրանց ազդեցությունը։ Կարող եմ ասել, որ դրանք կրկնակի բացասական ազդեցություն են ունենում կանանց վրա, քանի որ շատ հաճախ անտեսվում են կանանց սեռով և գենդերով պայմանավորված ներհատուկ կարիքները, օրինակ՝ լոգանքը։ Լոգանքի հնարավորությունը բանտային համակարգում նույնն է կանանց և տղամարդկանց համար, մինչդեռ բոլորիս համար էլ պարզ է, որ կանայք ունեն որոշակի կենսաբանական առանձնահատկություններ, երբ որոշակի օրերի ունեն ամենօրյա լոգանքի կամ առնվազն տաք ջրի կարիք։

Նույն «Աբովյան» ՔԿՀ-ում կան կանայք, որոնք իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեն, բայց նույն այս հիմնարկում չկա մանկաբույժ կամ մանկական դեղեր։ Առողջական խնդիրներ ունենալու դեպքում կինը ստիպված է դիմել քաղաքացիական հիվանդանոց։ Նույնը վերաբերում է մանկական սննդին։

Երեխա ունեցող կանանց, որպես հավելյալ սնունդ, տրամադրվում է սահմանված չափաբաժնից ավելի կարագ։ Բայց ինքներդ էլ հասկանում եք, որ կարագը չի կարող երեխայի համար հավելյալ սնունդ լինել։

Քրեակատարողական հիմնարկներում չկան երեխայի հետ բնակվելու համար պրոֆիլավորված խցեր կամ մանկական մահճակալներ։ Այսօր կանայք ստիպված են երեխաներին իրենց մահճակալում քնեցնել։ Լուրջ հարց է նաև խցերի օդափոխությունը․ ամռանը, որևէ կերպ, հնարավոր է բացել պատուհանը, սակայն փակ դռների պայմաններում անգամ դա չի կարող օդափոխություն ապահովել։

Այս խցերում նույնպես բացակայում է տաք ջրի կամ երեխայի լոգանքը կազմակերպելու հնարավորությունը։ Սովորաբար այս կենցաղային խնդիրները լուծվում են բանտախցում թեյնիկով ջուր տաքացնելով։

Խնդիր է նաև մանկական սենյակների հասանելիությունը։ Թեև քրեակատարողական հիմնարկներում կան մանկական սենյակներ, սակայն դրանք հասանելի են ոչ բոլորին։ Խնդիրն այն է, որ փակ կամ կիսափակ ռեժիմում պատիժը կրող, կալանավորված կանայք անչափահասների հետ պահվում են նույն շենքում, իսկ մանկական սենյակն այլ մասնաշենքում է գտնվում։ Սա նշանակում է, որ եթե այս կանայք տեսակցության չեն, ապա չեն կարող օգտվել մանկական սենյակից, մինչդեռ երեխայի բնականոն զարգացման համար անհրաժեշտ է, որ նա ունենա խաղալիքներ, զբաղմունք և այլն։ Այս դեպքում, եթե ՔԿՀ-ում գտնվող կնոջ ընտանիքը չի կարողանում ապահովել երեխային անհրաժեշտ խաղալիքներով, ապա երեխան նաև իր առօրյան հագեցնելու խնդիր է ունենում։

Հիմա քննարկվում է «Աբովյան» ՔԿՀ-ում մի քանի խուց վերանորոգելու, երեխայի հետ բնակության համար հարմարեցնելու հարցը, բայց այսօր խնդիրը լուծված չէ։

– Իսկ ինչպիսի՞ն է քրեակատարողական հիմնարկներում գտնվող կանանց ընտանիքի անդամների, հարազատների այցելությունների վիճակագրությունը։

– Իրականում սա ևս խնդիր է, բայց խոսքը հնարավորությունների մասին չէ, այլ մոտեցումների։ Որքանով ես խոսել եմ բանտային պայմաններում գտնվող կանանց հետ, հենց իրենք չեն ցանկանում, որ հարազատները, հատկապես երեխաներն այցելեն իրենց երկարատև տեսակցությունների։

ՔԿՀ-ներում երկարատև տեսակցության համար նախատեսված է մի փոքրիկ սենյակ, որտեղ կան մահճակալ և ինչ-որ կոմունալ հարմարություններ։ Կանայք, հիմնականում, չեն ցանկանում, որ իրենց երեխաները 3 օր փակված լինեն իրենց հետ այդ սենյակում։ Մոտեցումն այսպիսին է՝ «մենք այստեղ ենք, թող մեր երեխաներն այստեղ չլինեն»։ Այսպես կանայք խնայում են իրենց ընտանիքի անդամներին։ Այդ պատճառով էլ կանանց մոտ սովորաբար կարճատև տեսակցությունների են գալիս։

– Սա նշանակում է, որ կանանց համար իրենց ընտանիքների հետ կապի հիմնական միջոցը դառնում է հեռախոսակապը։

– Այո՛, ահա թե ինչու մենք համոզված ենք, որ կանանց դեպքում մոտեցումները պետք է փոխվեն։ ՔԿՀ-ներում գտնվող տղամարդկանց ֆինանսական հնարավորություններն ավելի մեծ են․ նրանց, սովորաբար, ֆինանսապես աջակցում են հարազատները, ընկերները, շրջապատը։

Կանանց դեպքում այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Կանանց մոտ, սովորաբար, քիչ են լինում նաև արգելված իրեր՝ բջջային հեռախոսներ, և կապը սահմանափակվում է միայն հիմնարկի հեռախոսային հանգույցներով, որոնցից օգտվելը վճարովի է։

Սովորաբար, հիմնարկների աշխատակիցներն իրենց հաշվին են գնում քարտերը կանանց համար, սակայն դա հարցի լուծում չէ։ Մենք առաջարկել ենք, որ քննարկվի բանտային պայմաններում գտնվող կանանց անվճար հեռախոսային քարտեր տրամադրելու հնարավորությունը, որովհետև ընտանիքի հետ ամենօրյա կապը չափազանց կարևոր է կանանց հոգեկան առողջության համար։

– Անազատության մեջ գտնվող մարդկանց համար ամենաբարդ խնդիրներից մեկն էլ հասարակական կարծրատիպերն են։ Այս իմաստով և՞ս կանայք առավել խոցելի են։

– Մեր հասարակությունը տղամարդակենտրոն է։ Նրանց դեպքում ամեն ինչ փորձում ենք ընկալել որպես «նորմալ», առնվազն՝ ներելի։ Կանանց դեպքում հասարակությունն ավելի դժվար է ներում։ Այս իմաստով կանանց նկատմամբ խարանն ավելի շատ է։ Սա շատ նկատելի է հատկապես աշխատաշուկայում։

Կանանց գործազրկության մակարդակն առանց այդ էլ շատ բարձր է, իսկ ազատազրկված կանանց նկատմամբ խտրականությունն անհամեմատ մեծ է․ գործատուների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում գործ ունենալ դատապարտված կնոջ հետ։

Բացի այդ, կանայք ավելի հակված են ինքնախարազանման և այդ իմաստով շատ ավելի ծանր են տանում հասարակության նման վերաբերմունքն իրենց նկատմամբ և, սովորաբար, փորձում են թաքցնել դատապարտված լինելու հանգամանքը։

Այս իմաստով շատ կարևոր է մեդիայի դերը, որը պետք է հստակ հասկանա՝ ամեն ռեպորտաժի, նյութի հետևում մարդկային ճակատագիր է, որին չի կարելի զրկել իր կյանքի այդ էջը փակելու իրավունքից։

 

Լրագրող՝ Սոնա Մարտիրոսյան

Աղբյուրը՝ Մեդիալաբ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.