Skip to content Skip to sidebar Skip to footer
166

«Գաղութի ուլունքները․ ի՞նչ կտանի հետը պերուացի կին դատապարտյալը». Հանրային ռադիո

Այս դռները շատերի համար փակ են արդեն տարիներ, բացվելուն էլի տարիներ պետք է սպասեն:    

1460 օր․ դեռ այսքան ժամանակ Մարիա Միրսա Ֆլորես Ալվարադոն՝ Պերուի Հանրապետության քաղաքացին, Հայաստանը կտեսնի ճաղերի հակառակ կողմից: 7 տարի առաջ Հայաստան եկավ որպես զբոսաշրջիկ, բայց չհասցրեց օդանավակայանից դուրս գալ:  Այդ ժամանակ հայերեն չգիտեր, սովորեց այստեղ, ինչպես հանրությունն է սովոր ասել, «կանանց գաղութում»: 

«Ես այստեղ եմ 7 տարի:  Պերուից եմ եկել այստեղ Հայաստան: Որպես տուրիստ եմ եկել, պրոբլեմ եմ ունեցել, ոստիկանները վերցրել են։ Իմ ընկերը ինձ խաբել է։ Ասաց՝ գնա Հայաստան, գաս՝ կամուսնանաք։ Եկա, մնացի այստեղ։ Շատ եմ ուզում գնալ իմ երկիր, որովհետև երկու անչափահաս երեխա ունեմ։ Իմ ծնողները ինձ Պերուում սպասում են, ուզում եմ գնալ  իմ երկիր։ Հիմա փորձում եմ էքստրադիցիայով վերադառնալ։ Ասում են՝ Պերուն պետք է պահանջի»։

Պերուն Մարիային դեռ չի պահանջում, իսկ Հայաստանից, որի օրենքը նա խախտել է, Մարիան չի նեղանում: Այստեղ՝ բանտում, սովորել է ոչ միայն լեզու, այլև արհեստ․ հետո պետք կգա արդեն իր հայրենիքում, կօգնի փող վաստակել, բիզնես սկսել և ընտանիք պահել՝ համոզված է: 

Սպիտակ սրբիչները, որոնք սովորաբար տրամադրվում են բանտարկյալներին, նախշեր չունեն: Նախշերն ավելանում են հետո, երբ սրբիչը հայտնվում է Մարիայի ձեռքում, մյուս պարագաները՝ թելը և ուլունքները, տրամադրում են «Աբովյան» ՔԿՀ-ի աշխատակիցները․ ինքը Հայաստանում այլ բարեկամ և ծանոթ չունի: Անգամ անազատության մեջ Մարիան արդեն փորձել է արհեստով գումար վաստակել: Նա այն 27 ազատազրկվածներից մեկն է, ով մասնակցում է անազատության մեջ գտնվողների համար կազմակեպված ցուցահանդես- վաճառքին: Սա «Իրավական նախաձեռնություններ» ՀԿ առաջին նախաձեռնությունն է:

Սահմանափակումները հաճախ նաև  հնարավորություն են․ 5 կին, 10 ցմահ ազատազրկված, մեկ անչափահաս մասնակցում են ցուցահանդես-վաճառքին՝ ներկայացնելով գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված իրեր՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեհներ և այլ հուշանվերներ՝ իրենց պատրաստածը: Փորձել են իրատեսական գին սահմանել:

Այցելուները շատ են, գնումներն էլ: Ազատազրկված անձանց ձեռքի աշխատանքները հետաքրքրել են մարդկանց: 

Ես շատ հետաքրքիր լամպ եմ գնել, ապակուց պատրաստված, ինձ դուր եկավ:  Իմ կարծիքով՝ ճաշակով է: Դատապարտյալը բավականին նորմալ գնահատել էր իր աշխատանքը: Բայց շատ ուրիշ հետաքրքիր աշխատանքներ էլ կան, հետաքրքիր իրեր կան, շատ ճաշակով, որ կարելի է վերցնել: Օրինակ, այս զարդատուփերից կուզենայի վերցնել:

Ձեզ չի՞ հուզում այն, որ Ձեր վճարած գումարը գնալու է դատապարտյալի գրպանը:

Իհարկե  ոչ: Չի հուզում, որովհետև մարդիկ աշխատել են, և դա գնալու է ստեղծագործող դատապարտյալներին: Իսկ նրանք դրանով և հումք կարող են գնել, և նյութեր վերցնել, և շարունակել ստեղծագործել: Վերջապես դատապարտյալը վաղ թե ուշ վերադառնալու է հասարակություն: Մեր այս քայլը ոնց որ օգնություն լինի, որ մարդիկ կարողանան դուրս գալուց հետո ինտեգրվել հասարակությանը:  

Կտավը, թելը, կավը և այլ նյութերը հումք լինելուց զատ նաև հոգեբանական նշանակություն ունենանազատության մեջ հայտնվածների համար: Մարիա Ֆլորեսի համար, օրինակ, դրանք ապահովում են  կյանքի գույները․  

«Սարքելու ժամանակ ես շատ լավ եմ ինձ զգում, հանգիստ եմ։ Անում եմ իմ գործը, չեմ մտածում իմ խնդիրների ու ընտանիքի մասին։ Հիսուս եմ ասեղնագործել, սիրամարգ եմ պատրաստել, մեկ ուրիշ բան էլ եմ արել։ Քանի որ  այստեղ չունեմ թել, ուլունք, այստեղի աշխատողներին եմ ասում՝ ուլունք եմ ուզել, տվել են, թել եմ ուզում, տվել են, որովհետև ես այստեղ դրսում մարդ չունեմ։ Ես շատ եմ սիրում կարել, կարող եմ զատիկ, տերևներ ասեղնագործել։ Պերուում այսպիսի գործ չեմ արել։ Մտածում եմ՝ կամաց-կամաց գնամ առաջ, մեծ մարդ դառնամ։ Բիզնես եմ ուզում անել»։

Հայաստանի քրեակատարողական տարբեր հիմնարկներում դատապարտյալների համար տարբեր ծրագրեր կան, նաև՝ դասեր՝ լեզուներ, բիզնեսի կառավարում,  կավագործություն, որպեսզի անազատությունից ազատություն գնացող մարդը   այս անգամ էլ հասարակության կարծրատիպերի մեջ «չբանտարկվի»: 

Նարե Հովհաննիսյան` «Իրավական նախաձեռնություններ» ՀԿ նախագահ.

«Իրականում հասարակության և դատապարտյալների միջև խզումը կա, որովհետև հենց այդ կապի խզմանը, կարելի է ասել, հանգեցնում է հասարակության վերաբերմունքը: Այսինքն՝ բանտերը մարգինալացված են: Երբ մենք բանտերի մասին խոսելով անընդհատ վերարտադրում ենք այդ քրեական պատմությունները, դրանով մենք ավելի ենք նպաստում այդ կապի խզմանը, այսինքն՝  այդ «կամուրջների այրմանը»: Մենք մեր աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ հիմնական խնդիրը կապված է հենց այդ կապի վերականգման հետ: Այսինքն՝ հասարակության վերաբերմունքի հետ է կապված հիմնական խնդիրը: Կարծում ենք, որ հենց նման նախաձեռնությունների միջոցով է, որ հնարավոր է նպաստել այդ վերաբերմունքի փոփոխությանը: Ստեղծագործությունների մեջ մարդիկ դնում են իրենց հույզերը, երևակայությունը, իրենց պատկերացումները, ակնկալիքները, գույների իրենց համադրությունը և, եթե օրինակ՝ աշխատանքի նկատմամբ հասարակության որևէ անդամ զգում է դրական հույզ, էմոցիա, ինչ-որ բան փոխվում է դատապարտյալի նկատմամբ, ապա կարող ենք ասել, որ դա նպաստում է այդ կապի ամրապնդմանը»:

Դատապարտյալ Մարիա Ֆլորեսը համոզված է՝ երբ արդեն Պերու հասնի, Հայաստանում սովորածով նոր գործ կգտնի: Այլևս չի կարող վերադառնալ Հայաստան․ դատավճռով է արգելված: Այնպես որ հայերենը դժվար թե հետո պետք գա, բայց զբոսաշրջիկի իր երազանքը դեռ պահպանում է՝ ուզում է տեսնել Սևանը:  

-Այսպես լսում եմ, խոսում եմ, կամաց-կամաց եմ սովորում հայերեն։ Իհարկե, դժվար է, բայց եթե մարդը ուզում է՝ սովորում է։ Շատ սիրուն լեզու է։

-Եթե չլինեին այս ճաղերը, Հայաստանը Ձեզ դո՞ւր է գալիս ։

-Իհարկե։

-Հասցրի՞ք ինչ-որ բան տեսնել։

-Սևանը շատ եմ ուզում տեսնել։ Ասում են՝ շատ գեղեցիկ է։ Հեռուստացույցով եմ տեսել։ Ուրիշ՝ չգիտեմ։ Ասում են՝ քաղաքը շատ սիրուն է։

2021 թվականին պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման միջոցառումների արդյունքում աշխատանքի է տեղավորվել 57 շահառու։ Սա գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:  Ազատազրկվածների առաջին ցուցահանդեսը՝  «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով, ապացուցեց՝ հասարակությունը պատրաստ է ձեռք մեկնել անձանց, որոնք սխալներ են գործել: 

 

 

Աղբյուրը՝ Հանրային ռադիո

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.