Skip to content Skip to sidebar Skip to footer
152

«Երբեմնի բանտարկյալ, բայց մարդ՝ ընդմիշտ». Ալիք մեդիա

«Ես ձեզնից մեկն եմ», «Դատապարտի՛ր արարքը, ոչ թե մարդուն», «Փոխի՛ր վերաբերմունքդ, փոխի՛ր կյանքեր». այսպիսի ուղերձներ հնչեցին «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՀԿ):

Տեղի ունեցավ ազատազրկված անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որին ներկայացված էին 23 դատապարտյալի և 3 կալանավորված անձի գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված աշխատանքներ՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, համրիչներ և այլ հուշանվերներ: Ողջ հասույթը փոխանցվելու է ստեղծագործող դատապարտյալներին:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմեց միջոցառման կարևորության, ազատազրկված անձանց խնդիրների և դրանց լուծմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրերի մասին:

«2021 թվականի հունիսից իրականացնում ենք «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագիրը: Նպատակն է ստեղծել հարթակ, որի միջոցով անազատության մեջ գտնվող մարդկանց դրսևորվելու հնարավորություն կտրվի»,- պատմում է Նարե Հովհաննիսյանը:

Միջոցառման ընթացքում եղավ նաև www.prisoninitiatives.am-ի մեդիա հարթակի շնորհանդեսը։ Այն տեսաֆիլմերի, ֆոտոպատմությունների և հոդվածաշարերի միջոցով ներկայացնում է ազատազրկված անձանց պատմությունները, բանտային պայմաններին հարմարվելու դժվարությունները:

Ծրագրի ընթացքում նկարահանվել է 14 տեսաֆիլմ, որոնց մասնակցել են «Աբովյան», «Արմավիր», «Գորիս», «Հրազդան» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներից (ՔԿՀ) 9 դատապարտյալ, պրոբացիայի 1 շահառու և 1 նախկին ցմահ դատապարտյալ:
Տեսաֆիլմերի և հոդվածների շնորհիվ ազատազրկված անձինք հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, բանտում անցկացրած տարիների փորձառությունը։

Նարե Հովհաննիսյանը պատմում է, թե որ ֆիլմերն ու հոդվածներն են իրեն ամենից շատ տպավորել. «Ինձ ամենից շատ հուզել էր «Հրազդան» ՔԿՀ-ում պատիժը կրող երիտասարդ տղաներից մեկի մասին ֆիլմը: Նա ունի ընտանիք, երկու անչափահաս երեխա, ու նրան սարսափեցնում էր այն միտքը, որ դպրոցում կամ մանկապարտեզում ինչ-որ մեկը կարող է շահարկել իր՝ կալանավայրում գտնվելու հանգամանքը: Տղայի հայրը զոհվել էր պատերազմում, ու նա ցավով ընդունում էր, որ ինքը ֆիզիկապես կա, բայց իր երեխաների կողքին չէ, ու շատ վատ էր զգում այդ մտքից: Հուզել էր նաև ազատազրկված կանանցից մեկի պատմությունը, որը զրկված էր ընտանիքի ու երեխաների հետ տեսակցելու հնարավորությունից, և նա սարսափելի կարոտում էր»:

Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե այսօր ինչ խնդիրներ ունեն Հայաստանում ազատազրկված անձինք։ Այսպիսիք շատ են՝ վերասոցիալականացման հիմնախնդիրներ, աշխատանքի և կրթության իրավունքի իրացման խոչընդոտներ, քրեակատարողական համակարգում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության դրսևորումներ, գենդերային զգայուն քաղաքականության ներդրման անհրաժեշտություն, իրավախախտում կատարած կանանց և անչափահասների հիմնախնդիրներ:

Կազմակերպությունը պատրաստվում է ազատազրկված անձանց՝ տեսաֆիլմերում և հոդվածներում առաջ քաշած խնդիրները և դրանց կարգավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարությանը և քրեակատարողական ծառայությանը:

Նշենք նաև, որ 2021 թվականին կազմակերպությունը Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է «Պրոբացիայի կին շահառուների հզորացում հանուն կայուն ապագայի» ծրագիրը, որի նպատակն էր խթանել պրոբացիայի կին շահառուների տնտեսական կայունությունը: Դասընթացների մասնակից բոլոր կանայք ծրագրի ավարտից հետո զբաղվում են մատնահարդարմամբ և վարսահարդարմամբ:

 

Աղբյուրը՝ Ալիք մեդիա

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.