Skip to content Skip to sidebar Skip to footer
134

«Կանայք ճաղերից այն կողմ․ երբ անազատությունը նաև հնարավորություն է». Հանրային ռադիո

Սահմանափակումները հաճախ նաև հնարավորություն են․ արդեն 7 տարի անազատության մեջ գտնվող Մարիա Ֆլորեսը մտադիր է պատիժը կրելուց հետո հայրենիք՝ Պերու վերադառնալ ու այնտեղ բիզնեսով զբաղվել:  Պահանջվող հմտությունները ձեռք է բերում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: «Ռադիոլուր»– ը հնարավորություն է ունեցել զրուցելու ՔԿՀ–ում պատիժը կրող կանանց հետ: 

1460 օր․ պերուացի Մարիա Ֆլորեսը դեռ այդքան ժամանակ էլ Հայաստանը կտեսնի ճաղերի հակառակ կողմից: Հենց դրանցով բաժանված էլ զրուցում ենք, չի ցանկանում, որ լուսանկարում դեմքը երևա: 7 տարի առաջ Հայաստան գալիս էր իբրև զբոսաշրջիկ, բայց չհասցրեց օդանավակայանից դուրս գալ:  Այդ ժամանակ հայերեն չգիտեր, սովորեց այստեղ, ինչպես հանրության մեջ ընդունված է ասել, կանանց գաղութում: 

«Ես այստեղ եմ 7 տարի:  Պերուից եմ եկել այստեղ Հայաստան: Որպես տուրիստ եմ եկել, պրոբլեմ եմ ունեցել, ոստիկանները վերցրել են: Իմ ընկերը ինձ խաբել է: Ասաց՝ գնա Հայաստան, գաս՝ կամուսնանաք: Եկա, մնացի այստեղ: Շատ եմ ուզում գնալ իմ երկիր, որովհետև երկու անչափահաս երեխա ունեմ: Իմ ծնողները ինձ Պերույում սպասում են, դրա համար չեմ կարող մնալ այստեղ, ուզում եմ գնալ իմ երկիր: Հիմա փորձում եմ էքստրադիցիայով վերադառնալ: Ասում են՝ Պերուն պետք է պահանջի»:

Պերուն Մարիային դեռ չի պահանջում, իսկ Հայաստանից, որի օրենքը նա խախտել է, Մարիան չի նեղանում: Այստեղ սովորել է ոչ միայն լեզու, այլև՝ արհեստ․ հետագայում պետք կգա՝ արդեն իր հայրենիքում, կօգնի փող վաստակել և ընտանիք պահել՝ համոզված է: Մի քանի օրից ավելի կոնկրետ կզգա, թե ինչ գումար կարող է վաստակել իր ձեռքի աշխատանքով․ ցուցահանդես-վաճառքի է պատրաստվում:  Ազատազրկված ևս 22 անձ՝ Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներից, ներկայացնելու են իրենց աշխատանքները: Դրանք տարբեր են՝ գեղանկարչական, փայտից, կավից և այլ նյութերից պատրաստված իրեր՝ զարդատուփեր, գրչամաններ, գրքեր, գործված թաշկինակներ, գուլպաներ, անկողնային պարագաներ, թզբեխներ և այլ հուշանվերներ:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն փորձում է նաև այս տարբերակով ապահովել ազատազրկված անձանց ինտեգրումը: Անազատության մեջ հայտնվածների համար, սակայն, կտավը, թելը, կավը նաև հոգեբանական նշանակություն ունեն․ դրանք ապահովում են Մարիա Ֆլորեսի կյանքի գույները․

«Սարքելու ժամանակ ես շատ լավ եմ ինձ զգում, հանգիստ եմ: Անում եմ իմ գործը, չեմ մտածում իմ խնդիրների ու ընտանիքի մասին: Հիսուս եմ ասեղնագործել, սիրամարգ եմ պատրաստել, մեկ ուրիշ բան էլ եմ արել: Քանի որ այստեղ չունեմ թել, ուլունք, այստեղի աշխատողներին եմ ասում․ ուլունք եմ ուզել, տվել են, թել եմ ուզում, տվել են, որովհետև ես այստեղ, դրսում մարդ չունեմ: Ես շատ եմ սիրում կարել, կարող եմ զատիկ, տերևներ ասեղնագործել:  Պերուում այսպիսի գործ չեմ արել: Մտածում եմ՝ կամաց–կամաց, գնամ առաջ, մեծ մարդ դառնամ։ Բիզնես եմ ուզում անել»: 

Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում տարբեր դասընթացներ են կազմակերպվում՝ բիզնեսի կառավարում, օտար լեզու, կավագործություն:  Պետությունն այսպես փորձում է անազատության մեջ հայտնված մարդկանց պատրաստել՝ պատիժը կրելուց հետո հասարակության մեջ ավելի հեշտ «ապրելու» համար: Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը «Հետքի»–ն պարզաբանել է․

«Կրթական, մշակութային, հոգևոր ծրագրեր ենք իրականացնում: Նրանք կավագործությամբ են զբաղվում, զբաղվում են ինչ–որ աշխատանքներ պատրաստելով: Մենք ունենք հիմնարկներ, որտեղ այդ զբաղվածությունը ապահովում ենք, և եթե նրանց ցանկությունը լինի, ապա նրանք անպայման կարող են մասնակցել այդ ծրագրերին:  Աշխատանքի մասին էլ ենք մտածում:  Թեպետ նախկինում եղել են դեպքեր, որ դատապարտյալների համար աշխատելու պայմաններ են ստեղծվել, բայց դատապարտյալների շատ չնչին մասն է փորձել ներգրավվել աշխատանքների մեջ»: 

Դատապարտյալ Մարիա Ֆլորեսը համոզված է՝ Հայաստանից Պերու վերադառնալուց հետո այստեղ սովորածն իրեն աճելու և նոր գործով զբաղվելու հնարավորություն կտա: Այլևս չի կարողանա վերադառնալ Հայաստան՝ դատավճռով է արգելված: Այնպես որ, հայերենը դժվար թե հետագայում պետք գա, բայց զբոսաշրջիկի իր երազանքը դեռ պահպանվում է՝ ուզում է տեսնել Սևանը: 

– Այսպես լսում եմ, խոսում եմ, կամաց–կամաց եմ սովորում հայերեն: Իհարկե, դժվար է, բայց եթե մարդը ուզում է՝ սովորում է: Շատ սիրուն լեզու է: 

– Եթե չլինեին այս ճաղերը, Հայաստանը Ձեզ դո՞ւր է գալիս: 

– Իհարկե: 

– Հասցրեցի՞ք ինչ–որ բան տեսնել: 

– Սևանը շատ եմ ուզում տեսնել: Ասում են՝ շատ գեղեցիկ է: Հեռուստացույցով եմ տեսել:

– Ուրիշ՝ չգիտեմ: Ասում են՝ քաղաքը շատ սիրուն է: 

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրողներն ամեն դեպքում փորձում են չկտրվել կյանքից:  Անգամ հետևում են նորաձևության տենդենցներին, փորձում են խնամված լինել: Մինչև մեր զրույցը որոշ ժամանակ սպասեցի հատկացված սենյակում, իսկ ուղեկցողը բացատրեց՝ երևի պատրաստվում են հարցազրույցին:

 

Աղբյուրը՝ Հանրային ռադիո

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.