Skip to content Skip to sidebar Skip to footer
106

«Դատապարտյալներն ուզում են մասնագիտացում ստանալ, սակայն «Գնումների մասին» օրենքը խանգարում է». Առավոտ

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է, որ ազատազրկման ձևով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչև 6 ամիս, և որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են զբաղվածության տարածքային կենտրոններում, իրավունք ունեն ընդգրկվելու մասնագիտական ուսուցման ծրագրերում: «Մեդիա կենտրոնում» կայացած «Մասնագիտական ուսուցման դասընթացները քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանն ասաց, որ իրենց կազմակերպությունը հարցի նկատմամբ հետևողական է 2018թ.-ից, ապա նշեց այն խնդիրները, որոնք առկա են այդ համատեքստում:

«Մեր հարցումներին այն ժամանակվա զբաղվածության պետական գործակալությունից պատասխանել էին, որ այս գործընթացով դատապարտյալների մասնագիտական դասընթացներ կազմակերպելը չի ստացվում: Նախկինում զբաղվածության պետական գործակալությունը «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով պետք է կազմակերպեր այդ անձանց դասընթացները, սակայն այդ դասընթացները կազմակերպող կազմակերպություններ չէին դիմել»,-շեշտեց նա:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահն ասաց, որ ունեն թվային տվյալներ, թե որ ՔԿՀ-ից քանի դատապարտյալ է ցանկություն հայտնել մասնակցելու նման դասընթացների, կար նաև մասնագիտացումների ցանկը, օրինակ հաշվապահ, կոշկակար, դիմահարդար, կահույքագործ և այլն:

«Մենք տարբեր փորձագետների հետ փորձել ենք հասկանալ, թե որ կազմակերպությունները կարող է չդիմեն այդ դասընթացները կազմակերպելու համար: Որպես հնարավոր պատճառներ լսել ենք հետևյալը՝ շատ կառույցներ կխուսափեն այդ դասընթացները կազմակերպել ՔԿՀ-երում, որովհետև նրանք դատապարտյալների հետ պետք է աշխատեն հենց ՔԿՀ-ում: Նաև «Գնումների մասին» օրենքով դիմելը կարող է դժվարություններ առաջացնել: Կարող են նաև ընթացակարգային խնդիրներ լինել, օրինակ, պիտի այդ կառույցը դասընթացը կազմակերպի պատժի կրման ավարտին մինչև 6 ամիս մնացած դատապարտյալների հետ, մինչդեռ մինչև մրցույթ հայտարարվի, մինչև կազմակերպությունները դիմեն, մինչև հասնի դասընթացի մեկնարկի փուլը, հնարավոր է շատ դատապարտյալներ ՔԿՀ-ից դուրս եկած լինեն:

Այլ խնդիր էլ կա՝ հնարավոր է կոնկրետ մասնագիտացումը ստանալ ցանկացող դատապարտյալները լինեն տարբեր ՔԿՀ-երում, օրինակ` Գորիս և Վանաձոր, որոնք տեղակայման առումով հեռու են, և կազմակերպությունների համար դժվար կլինի կազմակերպչական հարցերը համակարգելը»,-նշեց Նարե Հովհաննիսյանը:

Հավելեց, որ 2019թ. Զբաղվածության գործակալությունից փոխանցել էին, թե իրենք էլ արձանագրել են, որ սովորական ընթացակարգով հնարավոր չէ կազմակերպել մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը:

ՀԿ-ի նախագահի ձևակերպմամբ, մի շրջան գործընթացը առաջ չէր գնում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ու պատերազմի, ինչպես նաև զբաղվածության պետական գործակալության վերակազմավորման հետ կապված հարցերի պատճառով: Իսկ այժմ էլ որևէ տեղեկություն չունեն խնդրից:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը միշտ պատրաստ է մասնակցել բոլոր այն քննարկումներին, որոնք կօգնեն ծառայության առջև դրված խնդիրների լուծմանը: Նրա խոսքով, Քրեակատարողական օրենսգրքում լրացում է կատարվել, որի համաձայն՝ այն դատապարտյալները, ում մինչև վեց ամիս է մնացել պատիժը կրելու համար, իրազեկվում են անհատապես զբաղվածության լիազոր մարմնի կողմից ուսումնական ծրագրերի մասին և բոլոր ցանկացողների տվյալները տրամադրվում լիազոր մարմնին: Հավելեց, որ համամիտ է Նարե Հովհաննիսյանի բարձրաձայնած մտահոգության հետ, և որ վեց ամիս ժամանակահատվածը խնդրահարույց է, քանի որ անձը ցանկացած պահի կարող է վաղաժամկետ ազատվել:

Հովհաննես Մարգարյանը միևնույն ժամանակ նշեց. «Սա կարող ենք և որպես խնդիր դիտել, և հակառակ ուղղությամբ նայել: Եթե անձն անգամ վաղաժամկետ ազատվի, հնարավորություն կունենանք այդ անձի կրթությունը պրոբացիայի ծառայությունում շարունակել: Սա ընթացակարգային հարց է, որը դեռ պետք է քննարկվի»:

 

Աղբյուրը՝ Առավոտ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.