Անկախացումից ի վեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել ընդամենը 11 դատապարտյալ։ Նրանցից չորսը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցագործություն կատարած անձինք: Այս մասին այսօր հայտարարեցին «Մեդիա» կենտրոնում հրավիրված «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկման ժամանակ:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը նշեց, որ օրենսդրության տեսանկյունից այդ բացը կարգավորված է, կարծես թե կան բոլոր նախադրյալները՝ այդ հարցի կարգավորման համար: Սակայն այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ շատ հաճախ բարձրագույն կրթություն ստացող անձինք գտնվում են քրեակատարողական հիմնարկներում, ինչը նշանակում է, որ նրանք հեռու են հասարակությունից, կտրված են, ինչն էլ գործնականում խնդիրներ է առաջացնում բուհերի հետ կապ հաստատելու տեսանկյունից:
Հիմնական արձանագրվող խնդիրներից մեկն այն է, որ գերատեսչությունների մեջ համագործակցությունը թույլ է, տվյալ դեպքում՝ ՀՀ արդարադատության և կրթության նախարարություն:
«Հիմնական բեռը թողնվում է արդարադատության նախարարության վրա, իսկ կրթության նախարարության ակտիվությունն այդ հարցում մենք այնքան էլ չենք տեսնում»,- ասաց ՀԿ նախագահը: Նա նաև նշեց, որ կրթության նախարարությունն իր, այսպես կոչված, չեզոքությունը հիմնականում պայմանավորում է նրանով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բարձրագույն կրթություն ստանալու մասով օրենքի որևէ սահմանափակում չկա:
Հովհաննիսյանի խոսքով՝ գործնականում առաջացող խնդիրները բազմաթիվ են, քանի որ բուհեր, կրթական ծրագրեր գտնելու ամբողջ բեռը թողնված է դատապարտյալների վրա: «Հիմնական խնդիրներից է նաև վճարի հարցը: Գիտենք, որ հիմնարկներում աշխատանքի հարցը ևս կարգավորված չէ, և եթե նույնիսկ ՔԿ-ում դատապարտյալներն աշխատում են, ապա նվազագույն աշխատավարձ են ստանում, որով չեն կարող հոգալ ուսման վարձի վճարի բեռը»,- նկատեց նա:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանն էլ հայտնեց, որ այժմ «Արմավիր» ՔԿՀ-ում սովորում են ազատազրկված 5 անձինք: Նախկինում եղել են անձինք, որոնք արդեն ավարտել են, հիմնականում «Ուրարտու» համալսարանում են կրթություն ստացել, սակայն այժմ ՔԿՀ-ն համագործակցում է այլ համալսարանների հետ եւս: Դատապարտյալները սովորում են հեռակա կարգով: Հարցին, թե կա՞ն արդյոք բուհեր, որոնք հրաժարվում են համագործակցել ՔԿՀ-երի հետ, Անանյանը նկատեց. «Հրաժարվող բուհերից է Հայաստանի պետական բժշկական համալսարանը, նրանց ղեկավարությունը հայտնեց, որ բժշկական կրթություն ստացող անձը չի կարող հեռակա կերպով ուսուցանել, պրակտիկա է անհրաժեշտ»:
Ազատազրկված անձինք հիմնականում հոգեբանություն և իրավագիտություն են սովորում: «Մենք ունենք նաև մեկ դատապարտյալ, որը նախկինում շուրջ երեք տարի ուսանել է ԵՊԲՀ-ում, որից հետո հայտնվել է ՔԿ-ում: Դիմել է, ԵՊԲՀ-ն հրաժարվեց, սակայն Հայբուսակը համաձայնեց, այստեղ էլ ի հայտ եկավ վարձավճարի խնդիր, և անձի կրթություն ստանալը չհաջողվեց:
Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պետրոսյանն էլ նկատեց՝ դատապարտյալները հատկապես շատ են ընտրում հոգեբանություն առարկան, որն օգնում է տվյալ անձանց ինքնակարգավորման գործընթացին: «Բացի դասապրոցեսից ու քննական պրոցեսից, մենք նաև հոգեբանական զրույցներ ենք ունենում»,- ասաց Պետրոսյանը:
Հռիփսիմե Պետրոսյանի կարծիքով՝ ուսանողները հիմնականում ինտերնետային գրականությունից են օգտվում, իսկ ինտերնետից օգտվելու ժամերը սահմանափակ են, գոնե ուսանողների դեպքում մոտեցումն այլ պիտի լինի, և ընդլայնվի այդ հնարավորությունը:
ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել։
Սակայն, բանախոսների դիտարկմամբ, կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում, որոնք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների և բանտային համակարգի միջեւ ոչ արդյունավետ համագործակցության, ինչպես նա7 ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի հետ:
«Կամ մի հայտնի արտահայտություն, երբ երեխան գնում է դպրոց, սակայն ոչինչ չի սովորում, միևնույն է, տարբերվում է այն երեխայից, որն ընդհանրապես դպրոց չի գնում: Նույնը վերաբերում է նաև դատապարտյալներին»,- նկատեց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանը: Նա նշեց, որ վերջին մի քանի տարիներին նոր տենդենց է մշակվել, երբ տարբեր մասնագետներ և ուսուցիչներ են այցելում ՔԿ, դասընթացներ անցկացնում դատապարտյալների համար, խմբեր են ձևավորվում:
«Անալիտիկ վերլուծություն ենք իրականացրել, և ՔԿ-ում այդ դասընթացների մեկնարկից հետո էականորեն իջել է դատապարտյալների ագրեսիվության մակարդակը»,- նկատեց նա:
Աղբյուրը` Հայկական ժամանակ