Անկախացումից ի վեր՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն են ստացել 11 դատապարտյալներ։ Նրանցից 4-ը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցագործություն կատարած։
Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել, սակայն կրթության իրավունքն իրացնելիս դատապարտյալները մի շարք խնդիրների են բախվում: Դրանք կապված են օրենսդրական բացերի, համալսարանների և բանտային համակարգի միջև ոչ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ազատազրկված անձանց նկատմամբ առկա խտրական վերաբերմունքի հետ:
«Օրենսդրական կարգավորումների հետ կարծես խնդիր չունենք, օրենսդրության տեսանկյունից դաշտը կարգավորված է, և կան բոլոր երաշխիքները, որ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ դատապարտյալները կարողանան իրացնել իրենց կրթության իրավունքը, սակայն այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ այդ անձինք գտնվում են քրեակատարողական հիմնարկում՝ փակ հաստատությունում: Իսկ դա խնդիրներ է առաջացնում բուհերի հետ կապ հաստատելու տեսանկյունից»,- «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով Մեդիա կենտրոնի քննարկման ժամանակ նշեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:
«Ըստ մեր դիտարկումների, հիմնական խնդիրներից մեկն այն է, որ գերատեսչությունների միջև համագործակցությունը թույլ է, տվյալ դեպքում ԿԳՄՍ և արդարադատության նախարարությունների միջև: ԿԳՄՍ նախարարության ակտիվ ներգրավվածությունը կարծես չենք տեսնում: Հիմնական պարզաբանումն այն է, որ եթե օրենքով որևէ արգելք չկա, անձինք կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը, սակայն այս դեպքում գործնականում առաջացող խնդիրները բազմաթիվ են: Ըստ էության, ամբողջ բեռը թողնվում է դատապարտյալի վրա՝ բուհեր, կրթական ծրագրեր գտնել և այլն:
Իհարկե , այս առումով դրական փորձ էլ ունենք, Արմավիր քրեակատարողական հիմնարկը բավականին բաց և տրամադրված աջակցում է այդ պրոցեսին: Հիմնական խնդիրը վճարի հարցն է, եթե անձինք ազատազրկված են, իսկ նման հիմնարկներում աշխատանքի հարցը կարգավորված չէ, և եթե անգամ դատապարտյալներն աշխատեն էլ, նվազագույն աշխատավարձ են ստանում, ինչով չեն կարող հոգալ ուսման վարձը: Ստիպված նրանց հարազատները պետք է հոգան և ազատազրկված հարազատի ընթացիկ կարիքները, և ուսման վարձը վճարեն»,- փաստեց Նարե Հովհաննիսյանը:
«Ներկա դրությամբ Արմավիր ՔԿՀ-ի 5 դատապարտյալ սովորում է բուհում: Նախկինում ևս եղել ազատազրկվածներ, որոնք նույնպես սովորել են բուհերում, հիմնականում «Ուրարտու» համալսարանում են ուսանել: Վերջին երկու տարիներին ունենք նաև այլ համալսարանների հետ համագործակցություն:
2020թ. սկզբից փոխեցինք աշխատանքի ձևաչափը, փորձեցինք կապ հաստատել այլ համալսարանների հետ նույնպես, քանի որ դատապարտյալները ցանկանում էին այլ համալսարաններում էլ ուսանել:
Ու քանի որ քովիդի պատճառով բոլոր բուհերն անցել էին ուսուցման օնլայն ռեժիմի, մենք ևս նման պրակտիկա իրականացրինք «Արմավիր» ՔԿՀ-ում և ստացվեց: Նախկինում միայն «Ուրարտուն» էր համաձայն դասերն անցկացնել հեռակա՝ բերում էին թեմաները, հանձնում էին դատապարտյալներին, քննություններին գալիս՝ ընդունում էին, իսկ դատապարտյալները հնարավորություն չունեին մասնակցել դասերին: Այժմ ընձեռվել է հնարավորություն, բոլոր ազատազրկված անձինք կարող են օնլայն ձևաչափով մասնակցել դասերին: Նրանք հեռակա են սովորում»,-ասաց ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանը:
Հավելեց, որ բուհերից բժշկական համալսարանը հրաժարվել է համագործակցել, պատասխանել են, որ չի կարող բժշկի մասնագիտություն ստացող անձը հեռակա սովորել, քանի որ պրակտիկ ուսուցում է անհրաժեշտ: Նշեց, որ ազատազրկված անձինք հիմնականում հոգեբանություն և իրավագիտություն են սովորում, ունեն նաև դատապարտյալ, որը երեք տարի ուսանել է բժշկական համալսարանում, հետո հայտնվել ՔԿՀ-ում. «Նա ցանկություն էր հայտնել վերականգնել ընդհատված ուսումը, բժշկական համալսարանը հրաժարվել էր, «Հայբուսակը»՝ համաձայնել: Բայց այս դեպքում էլ չստացվեց, քանի որ ուսման վարձի խնդիր կար»:
Աղբյուրը՝ Առավոտ