Օրերս «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, խոսելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի մասին, բարձրաձայնել էր մի քանի խնդիրների մասին:
Նա նշել էր, որ գործող օրենսդրությամբ հանրակրթական կրթությունը պարտադիր է մինչև անձի 19 տարին լրանալը, բայց իրենց դիտարկումները քրեակատարողական հիմնարկներում ցույց են տվել, որ բազմաթիվ են անձինք, որոնց 19 տարին լրացել է, սակայն չունեն կրթություն:
Նա մասնավորապես անդրադարձել էր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գործող «Արթիկի երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ին, որն իրականացնում է 19 տարին լրացած անձանց կրթություն, բայց մինչ օրս չունի հանրակրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզավորում:
Ու քանի որ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացվեն որոշ փաստաթղթեր, բայց այդ փաստաթղթերը ՊՈԱԿ-ը չի կարող ներկայացնել այն հանգամանքով պայմանավորված, որ ՔԿՀ-ի ներսում է գործում, և այդ հիմնարկը որպես ուժային կառույց՝ այդ փաստաթղթերը չի կարող դուրս բերել:
«Առավոտը» այս թեմայի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ նախարար Վահրամ Դումանյանի անունով: Հետաքրքրվել էինք՝ արդյոք մտադի՞ր է ԿԳՄՍ նախարարությունը լուծել այս խնդիրը, և ինչ քայլեր են արվելու այս ուղղությամբ: «Առավոտի» հարցմանը պատասխանել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները և այդ կազմակերպություններում շահառու հանդիսացող անձանց կրթություն ստանալու իրավունքի գերակայությունը` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Արդարադատության նախարարությունը աշխատանքային կարգով բոլոր շահառուներին հաշվառում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում` ապահովելով վերջիններիս կրթություն ստանալու իրավունքի իրացումը:
ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծում նախատեսվել է համապատասխան դրույթ՝ ըստ որի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններ կարող են սահմանվել այդ կազմակերպությունների կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքի ընդունումից հետո նշված կազմակերպությունների գործունեություններն առավել կհստակեցվեն»,-նշված է «Առավոտի» հարցմանը ԿԳՄՍ նախարարությունից ուղարկված պատասխանում:
Աղբյուրը՝ Առավոտ