Դատապարտյալները բանտից դուրս գալուց միանվագ 100-150 հազար դրամ կստանան, բնակության վայր չունեցողների վարձավճարը ժամանակավորապես կփոխհատուցվի։ Արդարադատության նախարարության նախագիծը ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին։
Սոցիալական աջակցության շրջանակներում պատժից ազատվող դատապարտյալներին, մասնավորապես․
– Միանվագ 100 հազար դրամ օգնության կտրվի՝ ևս 50 հազար դրամով ավելացվելու հնարավորությամբ․ լրացուցիչ 50 հազար դրամը պետք է հիմնավորվի կոնկրետ դատապարտյալի անհատական կարիքներով։
– Եթե պատժից ազատվող դատապարտյալը չունի բնակության վայր, բնակարանի վարձավճարը հատուցվելու է մինչև 6 ամիս ժամկետով։
Ազատումից առնվազն 2 ամիս առաջ քրեակատարողական հիմնարկի պետը պետք է ապահովի դատապարտյալի վարձակալությամբ բնակարան գտնելը և առցանց դիմումի ներկայացնի միասնական սոցիալական ծառայություն՝ հատուցում ստանալու համար։
Հատուցման ենթակա գումարի չափը նախագծով չի սահմանվում։
Հիմնարկի վարչակազմը պետք է ապահովի պատժից ազատվող դատապարտյալի անվճար տեղափոխումը մինչև նրա բնակության վայր (կամ տրամադրի դրա համար անհրաժեշտ գումարը), տեղափոխության ընթացքում ապահովի անհրաժեշտ սննդամթերքով (կամ դրա համար անհրաժեշտ գումարով) և սեզոնային հագուստով։
«Սա նոր կարգավորում է։ Այդ առաջարկությունը պարբերաբար ներկայացվում էր․ կան անձինք, որ բանտից դուրս գալուց հետո աշխատանք չունեն, նաև շատերը բնակության վայր որպես այդպիսին չունեն, և նախընտրելի է, որ այս հարցում պետությունը որևէ աջակցություն տրամադրի», – Epress.am-ի հետ զրույցում պատմել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոնի» նախագահ Նարե Հովհաննիսյանը։
Նախագծի ամփոթաթերթի մեջ վարչապետի աշխատակազմի սոցիալական վարչությունը, ի թիվս այլի, առաջարկել է վերահսկել, թե ինչպես է այդ 100 հազար դրամը ծախսվելու։ Ըստ աշխատակազմի՝ եթե դատապարտյալը ազատ տնօրինի տրամադրվող աջակցությունը, նա կրկին կարող է հայտնվել «ծանր սոցիալական վիճակում»։ Առաջարկը ընդունվել է։
Պետությունը պահանջում է, որ դատապարտյալը ներկայացնի իր ծախսերի նպատակայնությունը հավաստող փաստաթղթեր։ Դրանց բացակայության կամ չներկայացման պարագայում պահանջելու են գումարը հետ վերադարձնել։
Իրավապաշտպանը սա ռիսկային է համարում։
«Պետք է ոչ թե էդ գումարը հատկացնել, հետո նոր հասկանալ՝ անձը նպատակային է ծախսել դա, թե ոչ, այլ պետք է անհատական կարիքը գնահատել նախքան ազատ արձակելը։
Օրինակ՝ ինքը ունի բնակության վայր, բայց չունի աշխատանք։ Հիմնարկն ինչ-որ քարտեզագրումներ է արել և պարզել, որ, օրինակ, դուրս գալուց հետո առաջիկա 4 ամիսների ընթացքում ինքը աշխատանք չի կարողանալու գտնել և էդ 100 հազար դրամը պետք է իր կենցաղային կարիքները հոգալու համար։
Այսինքն, էդ սաղ պետք է հասկանալ նախքան գումար տրամադրելը, որպեսզի անձը էդ օգնությունը ստանալուց հետո, իր առաջնային կարիքները հոգալու փոխարեն՝ աշխատանք, սոցալիզացում և այլն, չընկնի հիմնավորումներ ման գա, թե ինչի վրա է այն ծախսել», – նշել է Հովհաննիսյանը։
Պատժից ազատվածներին սոցիալական աջակցություն տրամադրելու առաջարկության հեղինակներից մեկը եղել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոնը», բայց ընդունված նախագծին կենտրոնի նախագահը ծանոթ չէ։
«Դուրս գալուց հետո առաջին 6 ամիսները բավական ռիսկային են։ Եթե արդյունավետ կերպով սոցիալիզացիան չիրականացվի, հավանականությունը, որ նորից որևէ հանցագործության կդիմի անձը և հետ կգնա քրեակատարողական հիմնարկ, մեծ է։
Աջակցությունը պետք է լինի խիստ հիմնավորված, պետք է հիմնվի կարիքի վրա, այլ ոչ թե տրամադրվի բոլորին, որովհետև ոչ բոլորն ունեն դրա կարիքը», – ասել է Հովհաննիսյանը։
Աշխատանք գտնելը նախկին դատապարտյալների հիմնական կարիքներից է, աշխատանքով ապահովելու գործընթացը պետությունն արդյունավետ չի իրականացնում՝ նշել է իրավապաշտպանը․ «Այս տվյալները անձի ազատվելուց առաջ ներկայացվում են միասնական սոցիալական ծառայությանը, հետո, երբ նա ազատ է արձակվում, ներակայանում է տարածքային կենտրոններ, հաշվառվում որպես աշխատանք չունեցող և ընդգրկվում զբաղվածության ծրագրերում։ Այս մեխանիզմով աշխատանքի տեղավորվողների թիվը, սակայն, բավականին քիչ էլ»։
Շատերը, ըստ նրա, սոցիալական կապեր չունեն, հետ են վարժվել աշխատելուց կամ ի վիճակի չեն աշխատել՝ բանտում վատթարացած առողջական վիճակի պատճառով։
ՄԻՊ նոր ռազմավարությամբ նախատեսվում է որոշակիորեն լուծել ՔԿՀ-ներում առողջապահական խնդիրները։
«Հենց անձը հայտնվեց քրեակատարողական հիմնարկում, պետք է ունենանք հստակ պատկեր նրա առողջական վիճակի մասին։ Հիմնարկից դուրս գալուց առաջ այդ պրոֆիլակտիկ բուժզննությունը պետք է արվի, պատժի կրման ընթացքում առողջական վիճակի փոփոխությունը ֆիքսվի, որպեսզի ուղղորդեն անձին որոշակի ծառայությունների»։
Հայաստանում քրեակատարողական հիմնարկներից տարեկան միջինն ազատվում է 300-400 դատապարտյալ։ Օրինակ՝ 2022թ.-ին քրեակատարողական հիմնարկից, այդ թվում՝ պայմանական վաղաժամկետ, ազատվել է 374 մարդ։ Ընդունված նախագծի համաձայն, պատժից ազատվող դատապարտյալներին տրամադրվող միջինացված տարեկան գումարը կազմելու է 3-4 միլիոն դրամ: Նշված գումարները տրամադրվելու են քրեակատարողական ծառայության բյուջեից՝ ասվում է նախագծի մեջ:
Աղբյուրը՝ Epress.am