Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Հաշմանդամություն ունեցող ազատազրկվածներին հիմնականում օգնում են միայն խցակիցները». disabilityinfo.am

«Հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց խնամքը հիմնականում թողնվում է խցակիցների բարեխճության վրա, կալանավորն էլ շարունակ օգնություն խնդրելիս իրեն վատ է զգում ու շատ հաճախ ամաչում է նեղություն տալ՝ անցնելով պասիվ կենսակերպի, ինչն էլ հավելյալ հիվանդություններ է առաջացնում, – Disabilityinfo.am-ին պատմում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը,- օրինակ՝ ազատազրկվածներից մեկի մոտ պասիվ կենսակերպի պատճառով պառկելախոցեր էին առաջացել»:

Քրեակատարողական հիմնարկների շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին և հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող ազատազրկվածների կամ հիմնարկների՝ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար: Դա վերաբերում է խցային պայմաններին, աշխատանքային սենյակներին, սանհանգույցներին, լոգարաններին, զբոսաբակերին, որոնք չեն համապատասխանում չափանիշներին: Այս մասին ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը:

«Հաշմանդամություն ունեցող ազատազրկվածներին այս դժվարությունները հաղթահարելուն օգնում են հենց իրենց խցակիցները: Հնարավորության դեպքում հաշմանդամություն ունեցող ազատազրկվածներին բնակեցնում են առաջին հարկում, որպեսզի աստիճաններից օգտվելու դժվարություն չառաջանա:
Այս առումով բարենպաստ վիճակում է «Արմավիր» ՔԿՀ-ն, որի շենքը միհարկանի է, խցերն ավելի լայն են, շենքի ներսում աստիճաններ չկան»,- պատմում է ՀԿ նախագահը՝ հավելելով, որ վերջերս հենց «Արմավիր» ՔԿՀ ազատազրկված անձանցից մեկից ահազանգ էր ստացել. հաշմանդամություն ունեցող անձը, որը սայլակով է տեղաշարժվում, դժվարանում է լոգանք ընդունել, քանի որ հարմարություններ չկան: Ազատազրկվածը ինչ-որ կերպ հարմարանքներ է ստեղծել, և, իհարկե, ողջ ընթացքում նրան օգնում են խցակիցները:

Նարե Հովհաննիսյանը նաև պատմում է, որ լսողության կամ տեսողության խնդիր ունեցող ազատազրկվածները դժվարանում են օրենսդրական փաստաթղթաշրջանառության, անձերի հետ հաղորդակցման հարցում, ինչպես նաև խնդիր է խցերում լուսավորությունը: Օրինակ՝ տեսողության խնդիր ունեցող մարդուն իրավունքների ու պարտականությունների մասին պետք է տեղեկացնել բրայլյան գրերով կամ ձայնագրված տարբերակով, ավելի մեծ տառաչափերով: Հարմարեցումներ չկան նաև ճաշարաններում, տեսակցության սենյակներում, մարզասրահներում: Չկան հարմարեցված մարզաձևեր, ուսումնական սենյակներ: Դասապրոցեսը հասանելի դարձնելու համար պետք է լինեն բրայլյան գրքեր, ժեստերի լեզվով դասընթացներ: Այս ամենի մասին ՀԿ նախագահը տեղեկացել է ազատազրկվածների հետ աշխատանքի արդյունքում:

«Ինչ-որ քայլեր ձեռնարկվում են, բայց ոչ ինստիտուցիոնալ առումով: Եթե լինում է նման դեպք, փորձում են իրավիճակային որևէ ելք գտնել: Այս ամենի հետ կապված որևէ ընթացակարգ չկա»,- ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահը՝ խոսելով նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց մասին, որոնց համար թիրախային ծրագրեր չկան. «Օրինակ՝ ՔԿՀ-ներից մեկում Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի քննարկումն էր, ու սպանության համար դատապարտված ազատազրկված անձը հուզական խնդիրներ ունեցավ և լքեց քննարկումը: Այդ կրթական ծրագրերը պետք է խիստ ադապտացված ու անվտանգ լինեն նրանց համար»:

Այս խնդիրներին լուծում տալու նպատակով «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ուշադրության կենտրոնում է պահում ոլորտում առկա հիմնախնդիրները և խնդրի կարգավորման հեռանկարները։ Երևանի «Հայբուսակ» համալսարանում տեղի ունեցած սեմինար-քննարկման ընթացքում ՀԿ նախագահը ուսանողներին առաջարկել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց կրթության իրավունքի թեման օգտագործել գիտական և հետազոտական աշխատանքներ իրականացնելիս։

Աղբյուրը՝ disabilityinfo.am

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.