Skip to content Skip to sidebar Skip to footer
60

«Դատապարտյալներն իրենց աշխատանքների վաճառքից ստացած գումարները փոխանցել էին երեխաների խնամքի հաստատություններին և զինվորական հաշմանդամություն ունեցողների հարցերով զբաղվող կազմակերպություններին». Առավոտ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն «Իմփաքթ Հաբի» իրականացրած ամանորյա տոնավաճառում այսօր «Ձեռք տուր, հասարակություն» խորագրի ներքո կազմակերպել էր մեկ նախկին ցմահ դատապարտյալի, «Աբովյան», «Արմավիր», Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների ինը դատապարտյալների, որոնցից 2-ը կին է, 6-ը՝ ցմահ դատապարտված և 1-ը՝ անչափահաս, կավից, փայտից և այլ նյութերից պատրաստված ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Նարե Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց. «Մենք անցած տարի կազմակերպել էինք դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես-վաճառք ու նախաձեռնությունը կայացել էր: Հասկացանք, որ մարդկանց մեջ կա հետաքրքրություն: Այս ընթացքում աշխատել ենք ընդլայնել գործընկերային ցանցը ու աշխատանքներ ներկայացնել ամանորյա տոնավաճառ: Իրականում սա մի քանի տեսանկյունից նշանակություն ունի մեզ համար: Նախ, որ դատապարտյալները մասնակցում են հանրային նշանակություն ունեցող միջոցառումների: Այսինքն, սա իրենց հետ հասարակության կապը պահելու տարբերակներից մեկն է: Սա նաև սոցիալական ներառմանն ուղղված կարևոր քայլ է, որովհետև այս աշխատանքները ցուցադրվում են սկսնակ բիզնեսների, սոցիալական ձեռներեցների արտադրանքներին, ապրանքներին զուգահեռ, և հանրությունն իր հետաքրքրությամբ և կատարած գնումներով քայլ է անում դեպի դատապարտյալների սոցիալական ներառումը:

Մենք նաև նպատակ ունենք խթանել դատապարտյալների ստեղծագործական ներուժը և ապահովել հասարակության ու դատապարտյալների կապը: Այստեղ ներկայացված են ծանր հիվանդության հիմքով պատժից ազատված նախկին ցմահ դատապարտյալի պատրաստած փայտե աշխատանքները և կենցաղային տարբեր իրերը: Մյուս ցուցադրանմուշները նույնպես, որ կավից են, հիմնականում պատրաստել են ցմահ դատապարտվածները: Ներկայացված են նաև անչափահաս և կին դատապարտյալների աշխատանքներ: Ստացված հասույթը փոխանցվելու է դատապարտյալներին, այսինքն, այստեղ մեր կազմակերպությունը որևէ շահույթ չի հետապնդում»:

Մեր հարցին, թե դատապարտյալներն այդ գումարներն ինչպես են տնօրինում, Նարե Հովհաննիսյանը պատասխանեց. «Գումարը փոխանցվում է ՔԿՀ հաշվեհամարին, որպեսզի այն ոչ կանխիկ ձևով հասնի հենց դատապարտյալ հասցեատիրոջը: Իսկ թե ինչպես են նրանք այդ գումարը տնօրինում, մեր նախորդ փորձից կարող եմ ասել, որ նրանք այդ գումարները փոխանցել էին երեխաների խնամքի հաստատություններին, նաև զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող տարբեր կազմակերպությունների: Այդպես իրենց վաստակած գումարով նրանք փորձել են օգտակար լինել հասարակությանը: Կար նաև դատապարտյալ, որի ընտանիքը սոցիալապես անապահով է, և նա կարողացել էր իր վաստակած գումարով օգնել իր ընտանիքին:

Սա ևս մենք շատ կարևորում ենք, որովհետև սա մարդուն օգնում է գալ տնտեսական կայունության դաշտ և օրինական եկամուտ ունենալով մարդկանց ու հանրությանը օգտակար լինել: Բայց մենք ավելի շատ ֆիքսվում ենք ոչ այնքան գումարների ծավալի, որքան բովանդակության վրա»:

Աղբյուրը՝ Առավոտ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.