Skip to content Skip to sidebar Skip to footer
60

««Արժանապատվությունը նվաստացնող ու անմխիթար»․ ինչպես են փոխվելու դատարանների ու բանտերի պայմանները». ՍիվիլՆեթ

«Թող լինի այնպես, ինչպես եղել է, չէ որ միշտ ինչ-որ կերպ եղել է»․ այս գրությունը Երևանի քրեական դատարանի կենտրոնի նստավայրի ժամանակավոր պահման խցում է։ Այս խցերը նախատեսված են կալանավորված, դատապարտված կամ ձերբակալված անձանց համար, երբ նրանք տեղափոխվում են դատարան ու պետք է մասնակցեն իրենց վերաբերյալ նիստերին։

Սա միակ գրությունը չէ Կենտրոնի նստավայրի խցում։ Այստեղ կտեսնեք նաև հնդկերեն, անգլերեն, պարսկերեն, անգամ չինարեն գրություններ։ Պատերը զարդարում են նաև դիմանկարները՝ տարբեր տեսքի ու ձևի։

Կենտրոնի, ինչպես նաև Հայաստանի մի շարք այլ դատարանների պատերի այս պատկերները չեն շեղում ուշադրությունը կարևոր մի բանից՝ խցերի կենցաղային վատ պայմաններից ու արժանապատվությունը նվստացնող իրավիճակից։

«Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մենք դատարաններում խցերի վերաբերյալ հրապարակումներ ենք արել, այսօր էլ այդ խնդիրները լուծված չեն»,- ասում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Նրա խոսքով՝ այս վիճակը միայն Կենտրոնի նստավայրում չէ արդիական։

Անահիտ Մանասյան

«Հիմնական նպատակը, որ ինձ համար առավել քան կարևոր է, առնվազն արժանապատվությունը չնվաստացնող պայմաններ ունենալն է»,- շեշտում է պաշտպանը։

Խնդրի մասին գիտեն ու դրա լուծմամբ զբաղվում են նաև դատական իշխանությունում։ Մեզ հնարավորություն տրվեց այցելել ինչպես հին, այնպես էլ վերանորոգված խցեր։

Օրինակ, նույն Կենտրոնի նստավայրում սանհանգույցները բաժանվում են պատով, որն այնպես է կառուցված, որ բնական կարիքները հոգալիս անձը տեսանելի է ինչպես իր խցակիցներին, այնպես էլ կարգադրիչներին ու ոստիկաններին։

Նույնը Ավան նստավայրում էր։ Հենց տեղում զրույցները բացահայտում էին նաև կարգադրիչների ու ոստիկանների մոտեցումները՝ փորձում էին համոզել, որ իրենք պետք է տեսնեն խուց տեղափոխված անձին․ միգուցե ինքնախեղման դիմի։

Մինչդեռ նոր վերանորոգված խցերից մեկում՝ Քրեական դատարանի Աշտարակի նստավայրում, սանհանգույցն այնպես էր կառուցված, որ անձը որևէ մեկին տեսանելի չէր։ Այս դատարանում էլ մեզ վստահեցրին, որ ինքնախեղման դեպքեր չեն եղել։

Կենտրոնի նստավայրում էլ, օրինակ, դրականն այն էր, որ խցերում կար օդորակիչ, որը բացակայում էր շատ տեղերում, այդ թվում՝ նոր վերանորոգված դատարաններում։

Այս խնդիրների լուծման փնտրտուքները ՍիվիլՆեթին տարան Դատական դեպարտամենտ, որի ղեկավար Նաիրի Գալստյանը ոչ միայն ընդունեց դրանց առկայությունը, այլև վստահեցրեց, որ իրենք վաղուց աշխատում են լուծումների վրա։

«Այդ խցերը հիմնականում շատ անմխիթար վիճակում են։ Մենք նախորդ տարի ավարտեցինք խնդիրների ուսումնասիրությունը, և նախատեսել ենք, որ այս տարի արդեն մարզային բոլոր դատարանները, այդ թվում՝ խցերը, կվերանորոգենք ու կավարտենք»,- ասում է Նաիրի Գալստյանը։

Նաիրի Գալստյան

Գալստյանի խոսքով՝ իրենք նաև աշխատում են չափորոշիչների վրա․ միասնական համակարգը թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակներից, ինչպիսիք տեսնում ենք տարբեր դատարաններում։

«Մենք նախատեսում ենք, որ կունենանք ստանդարտներ բոլոր դատարանների համար՝ դահլիճներից մինչև խցեր, թե որն ինչ չափի կլինի, ինչ գույնի կլինի և այլն։ Քաղաքացին պետք է մտնի դատարան ու միանգամից հասկանա, թե ուր է մուտք գործել»,- ասում է Գալստյանը։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նստավայրերը մարզերում երեսունվեցն են, իսկ Երևանում՝ յոթը։ Բացի այդ, խցեր ունեցող դատարաններից են Հակակոռուպցիոնը և Վերաքննիչ քրեականը։ Երևանում ևս պատրաստվում են խնդիրը լուծել, սակայն այլ մեթոդով։

Ըստ Նաիրի Գալստյանի՝ նպատակ ունեն Քրեական դատարանների Երևանի նստավայրերը միավորել մեկում։

Քրեակատարողական հիմնարկներ

Խնդիրը ավելի սրվում ու բազմաբևեռ տեսք է ստանում բանտերի դեպքում։ Այս պարագայում գործ ունենք ոչ թե մի քանի սենյակների, այլ հազարավոր խցերի, շենքային անբարենպաստ պայմանների, հին ու շարքից դուրս եկող շենքերի հետ։

Ներկայում Հայաստանի բանտերում պահվում է 2 590 ազատազրկված անձ, որոնցից 1 350-ը՝ կալանավոր, 1 240-ը՝ դատապարտյալ։

Դրանցից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվում է 27 կին դատապարտյալ և 45 կալանավոր։ Նարինեն (անձի ցանկությամբ անունը փոխվել է) արդեն 5 տարի է՝ բանտարկված է յուրացման համար, մնաց մեկուկես տարի։ Այս կացարանում պայմանները համեմատաբար լավ են, միայն պատերն են խոնավությունից ճաքել։ Նարինեն աշխատում է խոհանոցում, ազատ ժամանակն անցկացնում է մարզադահլիճում։ Ամեն ինչից գոհ է, բացի բուժծառայության որակից։

«Չէի ասի, որ բժշկությունը լավ վիճակում է։ Միայն դրանից եմ դժգոհ: Ինչ վերաբերում է շենքային պայմաններին՝ շատ վատ չեն, բայց մեզ հույս է տալիս այն, որ շուտով կտեղափոխվենք նոր կացարան»,- ասում է մեր զրուցակիցը։ Մոտ ապագայում կացարանում պատիժ կրող կանայք կտեղափոխվեն վերանորոգված մասնաշենքեր, որտեղ լինելու է հոգեբանի սենյակ, ինչպես նաև տեսակապի համար առանձնացված հատված։ Վերանորոգվել են նաև կացարանները, դասասենյակները, մարզասրահը, գրադարանն ու արհեստագործական սենյակը։

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունն իր ստեղծման օրից սկսել է զբաղվել բանտերի պայմանների և անազատության մեջ գտնվող անձանց խնդիրներով։ Կազմակերպության ղեկավար Նարե Հովհաննիսյանի խոսքով՝ բոլոր բանտերը կառուցվել են խորհրդային տարիններին և առաջնային նշանակությամբ նախատեսված չեն եղել որպես քրեակատարողական հիմնարկ։

Ուստի պայմանների մասով խնդիրներ կան բոլոր բանտերում, բացառություն է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որը ևս զերծ չէ խնդիրներից։

«Այստեղ օդափոխության համակարգը վերջերս է տեղադրվել, կառուցելիս որոշ հարցեր նկատի չեն առել, օրինակ՝ կոմունալ հարմար պայմաններ չեն եղել աշխատողների համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Ներկայում կառավարությունը փորձում է անցնել վերասոցիալականացման քաղաքականությանը, սակայն այս տեսանկյունից, ըստ մեր զրուցակից, բանտերի շենքերն իրենց ենթակառուցվածքներով այդ հնարավորությունը չեն տալիս․

Նարե Հովհաննիսյան

«Այդ հիմնարկների ներսում տարածքները նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար։ Ազատ տարածք, որտեղ հնարավոր կլինի որևէ բան անել, գրեթե բացակայում է»,- փաստեց մեր զրուցակիցը։

Շենքային պայմանների տեսանկյունից առավել խնդրահարույց են «Նուբարաշեն» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկները։ Օրինակ՝ «Նուբարաշենում» պարբերաբար նորոգման աշխատանքներ կատարվել են, բայց խնդիրն այստեղ ավելի խորը հիմքեր ունի։

«Տարիների շարունակ իմ կատարած այցերի ընթացքում նկատել եմ, որ շենքի վիճակը որոշակիորեն բարելավվել է, բայց դրա տեղանքը, շենքի գործածության ժամկետը, եթե կարելի է այդպես ասել, այլևս հնարավորություն չի տալիս, որ հատվածական վերանորոգումները ծառայեն իրենց նպատակին։ Օրինակ, որևէ տարածք վերանորոգում են, սակայն պատերի ներսից դուրս եկող խոնավությունը թույլ չի տալիս, որ նորոգումը երկար պահպանվի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ներկայում Հայաստանում գործում են տասը քրեակատարողական հիմնարկներ։ Դրանց մի մասը բավականին լավ վիճակում են, մի մասն էլ կառուցվել է խորհրդային տարիներին և ընթացիկ նորոգումներով հնարավոր չի լինում պահպանել դրանց վիճակը։

Քրեակատարողական ծառայության գլխավոր քարտուղար Տիգրան Իգիթյանը վստահեցնում է, որ իրենք ունեն Երևանի քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակը բարելավելու ծրագիր։ Ասում է՝ կառավարությունը դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում։

Տիգրան Իգիթյան

«Այսկերպ մենք նպատակ ունենք փոխարինել այն քրեակատարողական հիմնարկները, որոնց վրա ընթացիկ ծախսերով հնարավոր չի լիարժեք խցային ու բակային պայմաններ պահպանել։ Այդ քրեակատարողական հիմնարկներն են՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-կենտրոն»»,- ասաց Իգիթյանը։ Նրա խոսքով՝ նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը ոչ թե սաղմնային փուլում է, այլ իրագործվում է ծրագրի նախագծային մասը։

«Պետական բյուջեով նախագծի համար հատկացվել են միջոցներ։ Դրանք ինտենսիվ ընթանում են։ Նախատեսվում է, որ նախագծային փուլը կավարտվի մինչև 2024-ի տարեվերջ»,- նշեց մեր զրուցակիցը։

Այսպիսով, ըստ Տիգրան Իգիթյանի, կլուծվի նաև քրեակատարողական հիմնարկների պայմանների բարելավման խնդիրը։

Աղբյուրը՝ ՍիվիլՆեթ

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.