«Մենք ինչպես ենք նախապատրաստում անձի հետ վերադարձը հասարակություն։ Այս առումով մենք դեռևս լրջագույն խնդիրներ ունենք»,- «Մեդիա կենտրոն»-ում «Բանտից՝ հասարակություն․ վերասոցիալականացումն իրականություն դառնո՞ւմ է, թե՞ ոչ» թեմայով քննարկմանն ասաց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նարե Հովհաննիսյանը։
Ըստ նրա, կան անձինք, որոնց դեպքում քրեորեն հետապնդելի արարք կատարելը ինչ որ առումով քրոնիկ վարքագիծ է, այսինքն անձի մոտ կա հանցավոր վարքագիծ, կան դեպքեր, երբ որ անձը քրեակատարողական հիմնարկում է հայտնվում պատահական դիպվածով՝ ճանապարհատրանսպորտային պատահար, վեճ։
«Հստակ պետք է լինի, թե անձի հետ ինչ աշխատանք են կատարում։ Առաջին դեպքում, միգուցե, պետք է անձի մեջ զարգացնել որակական այլ հատկանիշներ, այնպիսի աշխատանք տանել անձի հետ, որպեսզի անձը հետ կանգնի հանցավոր վարքագծից, բայց երկրորդի դեպքում միգուցե կարիք կա այնպիսի աշխատանք տանել, որպեսզի անձը իր որակական կազմը պահպանի, չտրվի ենթամշակույթի, բանտային մշակույթի բացասական հետևանքներին։
Ցավոք, այս դեպքում նույնպես այդ տարբերակված մոտեցումը որպես այդպիսին չունենք։ Այստեղ մի շատ կարևոր խնդիր կա. ամենամեծ խումբը՝ կալանավորվածները, վերասոցիալականացման գործընթացներում չեն ներգրավում։ Ներկայումս այն հիմնավորվում է տարվում, որ վերասոցիալականացման գործընթացը կատարվում է դատապարտյալների հետ, քանի որ նրանց դեպքում կա օրինական ուժի մեջ դատավճիռ, իսկ կալանավորված անձանց դեպքում կա անմեղության կանխավարկած, հետևաբար անձին չեն կարող վերասոցիալականացնեն։ Կարծում եմ, այս հիմնավորումները տրվում են արդարացնելու համար միգուցե այն պայմանները, որոնք չկան, այն միջոցները, որոնք չեն ձեռնարկվում, քանի որ անձի քրեադատավարական վիճակը կապ չունի, եթե անձը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, իր վրա կրում է ազատազրկման բոլոր բացասական հետևանքները։
Մենք ուղղակի մեխանիզմներ ենք մշակել, որոնք շատ դեպքերում իրական կարիքների արձագանքման հետ որևէ աղերս չունեն, փորձում ենք արդարացնել որոշ բացթողումներ, որոնք պրակտիկայում կան»,- ասաց Նարե Հովհաննիսյանը։
Քննարկմանը ներկա «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար, քրեական արդարադատության ոլորտի փորձագետ Արշակ Գասպարյանն ասաց, որ կան քրեակատարողական հիմնարկներ, որտեղ վերասոցիալականացման ունիվերսալ ծրագրեր չկան։
«Բոլոր ՔԿՀ-ներում պետք է լինեն ունիվերսալ վերականգնողականությանը միտված ծրագրեր, որոնք իրականացվում են բանտային բնակչության հետ։
Բոլոր ՔԿՀ-ներում պետք է տեսնել սթրեսակայունությանը, սոցիալական հմտությունների վերաձևավորմանը, կորսված սոցիալական կապեր գտնելուն միտված, ագրեսիվության, բռնության նվազեցման ծրագրեր, որոնք ընդհանուր դատապարտյալների ծրագրեր են։ Պետք է լինեն կոնկրետ ծրագրեր՝ միտված սեռական բռնության, թմրադեղ կամ հոգեմետ այլ նյութերից կախվածություններ ունեցող անձանց համար։ Սրանք սպեցիֆիկ ծրագրեր են, կախված է բանտի բնակչությունից։ Մենք այս ծրագրերի ունիվերասալությունը չունենք»,- ասաց Ա. Գասպարյանը։
Նա ընգծեց, որ դատապարտյալն այն պահից ի վեր, երբ դարձավ դատապարտյալ, ինքը պետք է առաջին իսկ օրվանից պատրաստվի դուրս գալուն, ինչը ամենակարևոր գաղափարն է, որ դեռևս չկա ողջ համակարգում։
Աղբյուրը՝ Panorama.am