Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը աշխարհում 16 օր ակտիվորեն պայքարում են գենդերային բռնության դեմ։ Համաշխարհային ակտիվիզմի 16-օրյակի այս տարվա թեման է` «Նարնջագույն դարձրու աշխարհը. վերացրու կանանց նկատմամբ բռնությունը հիմա»:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ևս միանում է արշավին՝ կարևորելով բանտերում կանանց նկատմամբ գենդերային բռնության կանխարգելումը:
Ազատազրկման վայրերում կանանց` սեռով/գենդերով պայմանավորված առանձնահատկությունների անտեսումը, ոչ համաչափ ուշադրությունը կամ համարժեք խնամքի բացակայությունը, ազատազրկման ընդհանուր պայմանների կիրառումը տղամարդկանց և կանանց նկատմամբ կարող են հանգեցնել կանանց նկատմամբ խտրական և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:
Ազատազրկման վայրերը պատմականորեն կառուցված և նախատեսված են եղել տղամարդկանց համար։ Ուստի դրանց ճարտարապետական կառուցվածքը, անվտանգության համակարգը հարմարեցված չեն կանանց` սեռով/գենդերով պայմանավորված առանձնահատկություններին:
Բացի այդ, ամբողջ աշխարհում ազատազրկված կանանց շրջանում իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ազատազրկված կանայք ավելի շատ են «պիտակավորվում»։ Վերջիններիս՝ հասարակություն վերաինտեգրման գործընթացը ավելի դժվար է: Նրանք ավելի շատ են հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենում և դիմում ինքնավնասումների, քան տղամարդիկ։
Անհրաժեշտ է, որպեսզի պետություններն ուշադրության կենտրոնում պահեն մի շարք առանձնահատուկ խնդիրներ՝ ազատազրկված կանանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք ապահովելու համար:
Օրինակ, երկսեռ անձնակազմի առկայության անհրաժեշտություն; հղի կանանց համար անհրաժեշտ պայմանների ապահովում; կանանց համար առանձնահատուկ հիգիենայի ապահովում և հասանելիություն լվացվելու և լողանալու պարագաներին; անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման տրամադրում; հիվանդությունների կանխարգելիչ միջոցառումներ, օրինակ՝ կրծքի և արգանդի քաղցկեղը կանխելու համար պարբերական հետազոտությունների անցկացում և այլն։