Skip to content Skip to sidebar Skip to footer

«Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում». Քննարկման ամփոփում

2022 թվականի հունվարի 21-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Բարձրագույն կրթությունը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում:

Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի տեղակալ Հրայր Անանյանը և Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պետրոսյանը:

 

 

Նշենք, որ անկախացումից ի վեր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում բարձրագույն կրթություն է ստացել 11 դատապարտյալ։ Նրանցից 4-ը եղել են ցմահ ազատազրկման դատապարտված, մյուսները՝ առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցագործություն կատարած անձինք:

Թեև Սահմանադրության 38-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, իսկ քրեակատարողական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին կետն էլ ուղղիչ հիմնարկի վարչակազմին պարտավորեցնում է դատապարտյալի կրթությունը կազմակերպելու միջոցներ ձեռնարկել, սակայն կրթության իրավունքն իրացնելիս ազատազրկված անձինք մի շարք խնդիրների են բախվում:

Քննարկումը սկսեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով այդ խնդիրները:

«Օրենսդրական կարգավորումների հետ կարծես խնդիր չունենք, օրենսդրության տեսանկյունից դաշտը կարգավորված է, և կան բոլոր երաշխիքները, որ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ դատապարտյալները, կարողանան իրացնել իրենց կրթության իրավունքը: Այս դեպքում հիմնական խնդիրն այն է, որ այդ անձինք գտնվում են քրեակատարողական հիմնարկում՝ փակ հաստատությունում, ինչը նշանակում է, որ նրանք հասարակությունից կտրված են, ինչն էլ գործնականում խնդիրներ է առաջացնում բուհերի հետ կապ հաստատելու տեսանկյունից»,-նշեց Ն. Հովհաննիսյանը:

Որպես խնդիր նա մատնանշեց, որ գերատեսչությունների միջև համագործակցությունը թույլ է, տվյալ դեպքում՝ ԿԳՄՍ և արդարադատության նախարարությունների միջև.

«ԿԳՄՍ նախարարության ակտիվ ներգրավվածությունը կարծես չենք տեսնում: Նախարարությունն իր, այսպես կոչված, չեզոքությունը պայմանավորում է նրանով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար բարձրագույն կրթություն ստանալու մասով օրենքի որևէ սահմանափակում չկա: Այսինքն՝ եթե օրենքով որևէ արգելք չկա, անձինք կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը: Սակայն բազմաթիվ են գործնականում առաջացող խնդիրները, քանի որ բուհեր, կրթական ծրագրեր գտնելու ամբողջ բեռը թողնված է դատապարտյալների վրա»:

Հովհաննիսյանի խոսքով՝ այդ խնդիրներից է նաև ուսման վճարը:

«Անձինք ազատազրկված են, իսկ մենք գիտենք, որ հիմնարկներում աշխատանքի հարցը կարգավորված չէ: Եթե նույնիսկ դատապարտյալներն աշխատում են, ապա նվազագույն աշխատավարձ են ստանում, որով չեն կարող հոգալ ուսման վարձը: Ստիպված նրանց հարազատները պետք է հոգան և ազատազրկված հարազատի ընթացիկ կարիքները, և ուսման վարձը վճարեն»,-փաստեց Ն. Հովհաննիսյանը:

Նրա բնորոշմամբ՝ զեղչ սահմանելը կամ բարձրագույն կրթություն ստանալու համար նպաստավոր պայմաններ ստեղծելը բուհի բարեխղճության կամ հիմնարկի պատրաստակամության հարցն է:

Կրթական հաստատությունների և բանտային համակարգի միջև համագործակցությունը ևս թույլ է: Շատ համալսարաններ չեն ցանկանում կազմակերպել դատապարտյալների կրթությունը, դասախոսները հրաժարվում են գնալ բանտ, քանի որ չեն ցանկանում պիտակավորվել՝ աջակցելով այն դատապարտյալի կրթության կազմակերպմանը, ով ծանր հանցագործության համար է դատապարտվել, օրինակ՝ սպանություն: Այսինքն՝ «մարդասպանի» խարանը ազդում է նաև բուհերի կողմից դատապարտյալի նկատամբ ունեցած վերաբերմունքի վրա:

Բանախոսը ներկայացրեց նաև տեխնիկական բնույթի խնդիրները: Այս համատեքստում կարևորեց հիմնարկների շենքային պայմանները, որոնք ուղղակիորեն ազդում են կրթության կազմակերպման որակի վրա: Օրինակ, եթե հիմնարկն ապահովված չէ օդափոխության համակարգով, նշանակում է, որ ուսումնական նպատակով հատկացված սենյակները ևս չեն օդափոխվում:

Բացի այդ, հիմնարկներում բացակայում են դասասենյակները: Օրինակ, «Արմավիր» ՔԿՀ-ում կրթությունը գրադարանում է կազմակերպվում: Կարևոր է, որպեսզի հիմնարկները համալրվեն համապատասխան տեխնիկայով, օրինակ, համակարգիչներ: Անհրաժեշտ է ինտեռնետից կրթական նպատակով օգտվելու հնարավորությունը ընդլայնել:

Ներկայումս տեսակապի համար հատկացված համակարգիչներից են օգտվում բարձրագույն կրթություն ստացող դատապարտյալները: Այս առումով դարձյալ բացառություն է կազմում «Արմավիր» ՔԿՀ-ն, որն ունի ընդարձակ գրադարան՝ համակարգիչներով:

Խնդիրն այն է, որ եթե տեսակապի համար նախատեսված համակարգիչներն այդ պահին զբաղված են, այն անձը, ով պետք է տեսակապի միջոցով հեռավար միանա դասերին, այդ հնարավորությունից կամ չի օգտվում, կամ սահմանափակ է օգտվում:

Գրադարանները ևս պետք է համալրվեն մասնագիտական գրականությամբ, իսկ ուսումնական նյութերը ձեռք բերելը պետք է ավելի հեշտ կազմակերպվի: Ն. Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ եթե այս տեխնիկական խնդիրները չեն լուծվում, ապա հանգեցնում են նրան, որ անձը չի ցանկանում գնալ կրթության հետևից:

Ն. Հովհաննիսյանն ավելացրեց, որ մեխանիզմն այնպես պետք է մշակված լինի, որ կրթության և աշխատանքի միջև կապը կամ հիմնարկում, կամ հիմնարկից դուրս շատ սերտ լինի: Կրթությունը խրախուսանք ստանալու, կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու հետ ևս պետք է կապված լինի, ինչը կարող է նաև մոտիվացնել, որպեսզի ազատազրկված անձինք ցանկանան կրթություն ստանալ:

Այս համատեքստում բանախոսը մտահոգիչ որակեց այն փաստը, որ հիմնարկները խուսափում են դատապարտյալներին խրախուսանք տալուց, քանի որ դատախազությունը դրանք կասեցնում է: Բացի այդ, մատնանշեց, որ կան որոշ մեխանիզմներ, որոնք չեն գործում: Օրինակ, ազատազրկված անձինք, բացառությամբ անչափահասների, կարող են դրսեկության ձևով կրթություն ստանալ, իսկ բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալները՝ ստացիոնար ձևով: Սակայն ազատազրկված անձինք այս տարբերակով կրթություն չեն ստանում, ինչի պատճառները չեն ուսումնասիրվում:    

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների գծով տեղակալ Հրայր Անանյանը հայտնեց, որ ազատազրկված անձինք հիմնականում հոգեբանություն և իրավագիտություն են սովորում: «Արմավիր» ՔԿՀ-ում այժմ բարձրագույն կրթություն է ստանում ազատազրկված 5 անձ: Նախկինում ևս եղել են անձինք, որոնք սովորել են բարձրագույն ուսումնական հաստատությունում, հիմնականում՝ «Ուրարտու» համալսարանում: Այժմ հիմնարկը համագործակցում է նաև այլ համալսարանների հետ:

 «Մենք 2020 թվականի սկզբից փոխեցինք աշխատանքի ձևաչափը: Փորձեցինք կապ հաստատել այլ համալսարանների հետ: Կորոնավիրուսի պատճառով բոլոր համալսարաններն անցել էին օնլայն ռեժիմի, մենք ևս փորձիենք նման պրակտիկա իրականացնել, ինչը ստացվեց: Բացի այդ, «Ուրարտու» համալսարանում դատապարտյալները հեռակա ձևով էին սովորում: Այսինքն՝ դասախոսները գալիս էին հիմնարկ և տեղում ուսումնական նյութերը փոխանցում դատապարտյալներին կամ կազմակերպում ստուգարքները և քննությունները: Դատապարտյալները դասապրոցեսին մասնակցելու հնարավորություն չունեին: Ներկա դրությամբ մենք ընձեռել ենք այդ հնարավորությունը: Բոլոր ազատազրկված անձինք, թեև հեռակա են սովորում, բայց օնլայն տարբերակով մասնակցում են դասապրոցեսին»,-մանրամասնեց Անանյանը:

Հարցին, թե կա՞ն արդյոք բուհեր, որոնք հրաժարվում են համագործակցել ՔԿՀ-երի հետ, Անանյանը պատասխանեց. 

«Արձանագրվել են դեպքեր, երբ համալսարանները հրաժարվել համագործակցել հիմնարկի հետ: Հրաժարվող բուհերից է Երևանի պետական բժշկական համալսարանը: Կա 1 դատապարտյալ, ով նախկինում շուրջ 3 տարի ուսանել է ԵՊԲՀ-ում: Քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո ցանկություն է հայտնել կրթությունը շարունակել, դիմել է համալսարանին, սակայն ղեկավարությունը հրաժարվել է՝ հայտնելով, որ բժշկական մասնագտություն ստացող անձը չի կարող հեռակա կերպով սովորել, պրակտիկ է անհրաժեշտ: «Հայբուսակ» համալսարանին էլ է դիմել, որը համաձայնել է 3-րդ կուրսից կազմակերպել ուսումը, բայց առաջ եկավ ուսման վարձի խնդիր»:

Ճիշտ է, հիմնարկը դասերն օնլայն կազմակերպելու համար որոշակի թվով սենյակներ կահավորել է, հնարավորություն է ստեղծել, որ դատապարտյալները մասնագիտական նյութերը մեյլով ստանան, դրանք տպեն և խցերում պատրաստվեն դասերին, սակայն Հր. Անանյանը հաստատեց, որ քրեակատարողական հիմնարկները կրթության կազմակերպման տեսանկյունից սահմանափակ հնարավորություններ ունեն՝ մատնանշելով դասասենյակների բացակայությունը, առկա տարբերակների հագեցվածությունը:

Որպես կրթություն ստանալը խրախուսելու մեխանիզմ՝ նա առանձնացրեց ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխությունը, այսինքն՝ մեկուսացվածության ավելի բարձր աստիճանից ավելի ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելը.

«Դատապարտյալները, մասնակցելով կրթական ծրագրերին, նաև բարձրագույն կրթություն ստանալով, դրական են բնութագրվում, և ավելի մեղմ ուղղիչ հիմնարկ են տեղափոխվում: Հաջորդը պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունն է: Այս գործոնները հաշվի առնելով՝ «Արմավիր» ՔԿՀ-ում մոտ 20-25 անձ բարձրագույն կրթություն ստանալու ցանկություն ունի, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ վարձավճարը խոչընդոտում է, և այդ գործընթացը հապաղում է»:   

Անդրադառնալով կրթության ազդեցությանը՝ պետի տեղակալը նշեց. «Կա մի հայտնի արտահայտություն, երբ երեխան գնում է դպրոց, սակայն ոչինչ չի սովորում, միևնույն է, տարբերվում է այն երեխայից, որն ընդհանրապես դպրոց չի գնում: Նույնը վերաբերում է նաև դատապարտյալներին»:

Նա փաստեց, որ վերջին մի քանի տարիներին նոր տենդենց է մշակվել: «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տարբեր մասնագետներ և ուսուցիչներ այցելում են հիմնարկ, դասընթացներ անցկացնում դատապարտյալների համար, խմբեր են ձևավորվում:

«Անալիտիկ վերլուծություն ենք իրականացրել, և հիմնարկում այդ դասընթացների մեկնարկից հետո էականորեն իջել է դատապարտյալների ագրեսիվության մակարդակը: Մենք ունենք նման ընթացակարգ, երբ բացասական հակման ենք վերցնում այն ազատազրկված անձանց, որոնք ագրեսիվ վարքագիծ են դրսևորում: Շուրջ 2 տարի է, ինչ որևէ ազատազրկված անձի բացասական հակման չենք վերցրել»,-ամփոփեց բանախոսը:

Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարանն առաջիններից էր, որ ձեռք մեկնեց դատապարտյալներին և օգնեց բարձրագույն կրթություն ստանալ: Կան համալսարանի ինչպես բակալավրիատում, այնպես էլ մագիստրատուրայում սովորող դատապարտյալներ: Մեկը նույնիսկ ատենախոսության վրա է աշխատում: Համալսարանը նաև բավականին ճկուն զեղչային համակարգ է կիրառում:

Համալսարանի «Հոգեբանության» ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու Հռիփսիմե Պետրոսյանն իր խոսքում նշեց.

«Դատապարտյալների պատրաստվածությունը խոսում է այն մասին, որ նրանք սոցիալական ադապտացիայի, շփման կարիք ունեն: Ինքնագիտակցության մեջ խորանալով՝ այն մակարդակին են հասել, որ կյանքում որևէ գործունեություն անելու կարիք ունեն: Նրանք շատ են ընտրում հատկապես հոգեբանություն առարկան, քանի որ այն օգնում է տվյալ անձանց ինքնակարգավորման գործընթացին, շփման գործընթացի ճիշտ կազմակերպմանը, վերագնահատում և վերաարժևորում կատարելուն, սխալների հիման վրա եզրահանգումներ կատարելով՝ հետագա կյանքն ավելի գրագետ ձևով կազմակերպելուն: Բացի այդ, փակ հաստատության ներսում այդ մասնագիտությունն օգնում է ավելի ճկուն և հարմարվող լինել: Մենք ուրախ ենք, քանի որ ոչ թե մենք ենք գովազդում, որ հոգեբանությունը պետք է, այլ իրենք են այդ ցանկությունը հայտնում, և մենք սիրով օգնում ենք: Դասապրոցեսից ու քննական պրոցեսից բացի համալսարանի դասախոսները դատապարտյալների հետ նաև հոգեբանական զրույցներ են ունենում, ինչև ևս դրական է ազդում»:

Պետրոսյանը նշեց, որ ուսանողները հիմնականում ինտերնետային գրականությունից են օգտվում, սակայն հիմնարկներում ինտերնետից օգտվելու ժամերը սահմանափակ են: Օրինակ, վերջերս ուսանողները դասախոսներին խնդրել են գնահատման մեջ մեղմ լինել, քանի որ համակարգչից 1-2 ժամ են օգտվել և չեն հասցրել պատրաստվել: Նա առաջարկեց ուսանող դատապարտյալների դեպքում այլ մոտեցում կիրառել և ընդլայնել այդ հնարավորությունը:

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021 թվականի հունիսից իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել, որոնք նպաստում են, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

Ծրագիրն իրականացվում Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.