2022 թվականի հունվարի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Գեղագիտական և կրթական ծրագրերը քրեակատարողական հիմնարկներում» թեմայով քննարկում:
Բանախոսներն էին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական և ուսումնական հարցերով տեղակալ, գիտական քարտուղար Մարտին Ալեքսանյանը, նույն ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Հովակիմյանը և ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանը:
Ազատազրկված անձանց մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը, անձնական աճին, հետագայում նաև՝ վերասոցիալականացմանը և հասարակության մեջ վերաինտեգրվելուն նպաստում են նաև մասնագիտական ուսուցման դասընթացները:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտոմ կատարած անձանց գեղագիտական դաստիարակություն և կրթություն» ծրագիրը Հայաստանում միակն է, որն ուղղված է դատապարտյալների համար գեղագիտական և կրթական դասընթացների իրականացմանը, որոնք ոչ միայն ապահովում են դատապարտյալների զբաղվածությունը, այլև օգնում են ձեռք բերել այնպիսի մասնագիտական հմտություններ, որոնք կարող են նպաստել հասարակության մեջ ինտեգրմանը և աշխատանք ձեռք բերելուն:
Ծրագրի շրջանակներում իրականացվում են տարբեր դասընթացներ՝ բիզնես գրագիտություն, հայոց լեզու և գրականություն, անգլերեն լեզու, դեկորատիվ կիրառական արվեստ (վիտրաժ, գծանկար, բատիկա, մանրանկարչություն, զարդակիրառական արվեստ, խեցեգործություն), համակարգչային հմտություններ և այլն:
Վերջին տարիներին ՊՈԱԿ-ն ընդլայնել է քրեակատարողական հիմնարկների ցանկը, որտեղ իրականացվում են այդ դասընթացները: Դրանք սկզբում միայն «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում էին կազմակերպվում, իսկ ներկայումս՝ նաև այլ ՔԿՀ-ներում:
Մասնագիտական ուսուցման դասընթացներ կազմակերպվում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից:
Այս առումով բավականաչափ աշխատանքներ են կատարել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Գորիսի կանանց զարգացման Ռեսուրս կենտրոնը: Վերջերս Դի-Վի-Վի Ինթերնեյշնալի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել 3 հիմնարկում: Դատապարտյալներին աշխատանքային պրոցեսում ներգրավելով՝ պատրաստել են ուսումնական սենյակներ, զարգացրել են նրանց հմտությունները: Այժմ այդ ուսումնական սենյակները հիմնարկներն օգտագործում են տարբեր կրթական միջոցառումներ իրականացնելու համար:
Մեկ այլ նախաձեռնության շրջանակում 3 հիմնարկում խոհարարական և հացաթխման դասընթացներ են կազմակերպվել, որպեսզի հետագայում այդ դասընթացներն անցած դատապարտյալները կարողանան աշխատանք ունենալ ոչ միայն հիմնարկի ներսում, այլև հիմնարկից դուրս գալուց հետո:
Քննարկումը սկսեց Նարե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով այն խնդիրները, որոնց լուծումը կնպաստի այդ ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
Նա նշեց, որ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերի շարունակականությունը պետք է պետությունն ապահովի՝ իր վրա վերցնելով դրանց հետագա ֆինանսավորումը:
Բանն այն է, որ մասնագիտական ուսուցման դասընթացները պարբերական և շարունակական բնույթ չեն կրում: Հասարակական կազմակերպությունները դասընթացները կազմակերպում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո համապատասխան ֆինանսավորում չեն ունենում դրանց պարբերականությունը և շարունակականությունն ապահովելու համար:
Օրինակ, «Աբովյան» ՔԿՀ-ում կա հասարակական կազմակերպության կողմից կահավորված մարզադահլիճ, յոգայի անցկացման հնարավորություն: Ցանկալի կլինի, որ պետությունը գումարներ հատկացնի մարզիչ կամ յոգայի մասնագետ վարձելու և առկա ռեսուրսներն օգտագործելու համար:
Քանի որ ներկայումս միայն ՊՈԱԿ-ն է նմանատիպ ծրագիր իրականացնում, բանախոսի կարծիքով պետք է մեծացնել վերջինիս ֆինանսավորումն այնքան, որ այդ ծրագրերի ծավալներն ընդլայնվեն, միևնույն ժամանակ ապահովվի դրանց բազմազանությունը:
«Այդ դասընթացները կարևոր են: Մի շարք ազատազրկված անձինք հետաքրքրված չեն բարձրագույն կրթություն ստանալով, բայց գտնվելով քրեակատարողական հիմնարկում՝ կարիք ունեն, որպեսզի իրենց մասնագիտական հմտությունները զարգանան, ինչը ոչ միայն կրթական պրոցեսի մեջ ներգրավվելու, այլև որոշակի աշխատանքային հմտություններ ձեռքբերելու միջոց է»,-ավելացրեց Ն. Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով շատ կարևոր է, որ ազատազրկված անձինք կարողանան 1 հիմնարկում սկսած մասնագիտական ուսուցումը շարունակել այլ հիմնարկում: Օրինակ, նախկինում ՊՈԱԿ-ն այդ դասընթացներն իրականացնում էր «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում: Դա նշանակում է, որ այն տղամարդը, ով ազատազրկման էր դատապարտվել կամ կալանավորվել էր «Վանաձոր» ՔԿՀ-ում, մեխանիկորեն նման դասընթացի մասնակցելու հնարավորություն չուներ: Կամ ազատազրկման ընթացքում «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Նուբարաշեն» ՔԿՀ, մեխանիկորեն դուրս էր մնում կրթական պրոցեսից: Այսինքն՝ ինչպես ազատազրկվելուց, այնպես էլ մեկ հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխվելուց հետո անձը զրկվում էր մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորությունից։
Բանախոսի դիտարկմամբ՝ դասընթացների ազդեցությունը միանշանակորեն դրական է, բայց պետք է նաև լինի նպատակային: Դրանց ծավալներն ընդլայնելուն զուգահեռ կարևոր է, որ դրանք միտված լինեն անձանց աշխատաշուկայում ընդգրկելուն:
Օրինակ, շատ գնահատելի է, որ ՊՈԱԿ-ը կազմակերպում է բիզնեսի գրագիտության դասընթացներ: Կան անձինք, որոնք մասնակցել են դասընթացին և ունեն բիզնես հետաքրքրություններ: Բայց ՊՈԱԿ-ն աշխատում է մարդկանց հետ, երբ նրանք հիմնարկում են կամ երբ դառնում են Պրոբացիայի շահառու: Բոլոր մյուս դեպքերում, երբ անձը դուրս է գալիս հիմնարկից և Պրոբացիայի վերահսկողության ներքո չի հայտնվում, ՊՈԱԿ-ը կամ հիմնարկներն այդ մարդու հետ աշխատելու լծակներ չունեն:
Անհրաժեշտ է, որպեսզի պետությունն իր մյուս լծակներով շարունակի աշխատանքը և հետևողականություն ցուցաբերի իր կողմից դասընթացների վրա կատարված ներդրումներին: Այսինքն՝ բիզնես հետաքրքրություն ունեցած անձանց աջակցի, որպեսզի նրանք ազատվելուց հետո զբաղվեն բիզնեսով:
«Առանց աջակցության դա հնարավոր չէ, որովհետև հիմնարկից դուրս եկած մարդն այլ առաջնային խնդիրներ ունի, որոնք փորձում է կարգավորել: Պարզապես եթե մարդը հիմնարկից դուրս գալուց հետո օրինական աշխատանքի դաշտ չի բերվում, հիմնարկ հետ գալու հավանականությունը մեծանում է»,-նշեց Հովհաննիսյանը:
Բացի այդ, պետությունը պետք է այնքան կարևորի այս վերասոցիալականացման դասընթացների և միջոցառումների ֆինանսավորումը, որ դրանց բազմազանությունը ապահովի, և յուրաքանչյուր ազատազրկված անձ ցանկանություն ունենալու դեպքում կարողանա մասնակցել:
Պետք է նաև ընդլայնվի խմբերի քանակը, քանի որ մի խմբի մեջ կարող են լինել տարբեր կրթական աստիճանով և աշխատանքային փորձառությամբ մարդիկ:
«Կան մարդիկ, որոնք աշխատել են բանկային համակարգում և շատ լավ տիրապետում են համակարգչային հմտություններին, սակայն հիմնարկում նույն մակարդակի համակարգչային դասընթաց է կազմակերպվում՝ 1 խմբի համար: Ստացվում է, որ մարդիկ մասնակցում են, որովհետև իրենց առօրյան զբաղեցնելու կարիք ունեն, բայց այդ հմտություններին արդեն տիրապետում են»-ավելացրեց Ն. Հովհաննիսյանը:
«Մեկ այլ խնդիր է այն, որ կրթական ծրագրերին մասնակցած անձանց վերաբերյալ միայն թվային վիճակագրություն է վարվում, օրինակ՝ այսքան մարդ մասնակցեց այսինչ դասընթացներին: Մինչդեռ անհրաժեշտ է այդ դասընթացների առավել խորքային գնահատում կատարել՝ չափելու համար դրանց արդյունավետությունը, ազդեցությունը մարդկանց կյանքի որակի և վարքի վրա: Դա նաև պետությանը կօգնի կողմնորոշվել, թե հետագայում ինչպես պետք է այդ անձի հետ աշխատանքը կազմակերպել»-իր խոսքն ամփոփեց Ն. Հովհաննիսյանը:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի իրավական և ուսումնական հարցերով տեղակալ, գիտական քարտուղար Մարտին Ալեքսանյանի խոսքով՝ իրենք անցյալ տարվա դեկտեմբերից ՀՀ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-23 թթ ռազմավարությունից բխող մասնագիտացումներ են նախատեսել իրենց լիազորությունների շրջանակներում և կարիքի գնահատում իրականացրել ՔԿՀ-ներում, որպեսզի այնտեղ ներդնեն արհեստագործական կրթություն:
«Արդյունքները ստանալուց հետո կատարել ենք նախապատրաստական աշխատանքներ: Մի շարք մասնագիտությունների գծով կա բավականին շատ հետաքրքրություն: Այս պահին հետաքրքրությունը երկու՝ «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում է: Այլ ՔԿՀ-ներում ևս հետաքրքրություն կա, բայց մեր ռեսուրսների սղության պատճառով առայժմ այդ երկուսում ենք նախատեսում իրագործել ծրագիրը:
Շինարարական հմտությունների առումով ունենք բավականին մեծ հետաքրքրություն, որը նախատեսում ենք անցկացնել «Արմավիր» ՔԿՀ-ում, կոսմետոլոգիական հմտությունների մասով ունենք հետաքրքրություն, որը «Աբովյան» ՔԿՀ-ում է: Այն իր մեջ ներառում է ոչ բժշկական կոսմետոլոգիա: Նույն ՔԿՀ-ում նախատեսում ենք իրականացնել դերձակի հմտությունների տրամադրում, որը կարուձևի լայն հմտություններ է իր մեջ ներառում, նաև՝ հացթուխի մասնագիտություն, որը կներառի հրուշակագործության հմտությունների հետ ծանոթացում»,- հավելեց Մարտին Ալեքսանյանը:
Ասաց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում ծրագրում են անցկացնել փայտամշակման և կահույքագործության դասընթացներ, ինչի համար համագործակցության հուշագիր են կնքել Պրոբացիայի ծառայության հետ, որպեսզի իրենց աշխատանքը շարունակական լինի: Այսինքն՝ երբ անձը պայմանական վաղաժամկետ ազատվելով լինի Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո, կկարողանա շարունակել մասնակցությունը:
Նույն հիմնարկում նախատեսվում է նաև անցկացնել այգեգործության և ջերմոցային տնտեսության կառավարման դասընթացներ, որի շրջանակներում նախատեսվում է 1000 քառ. մետր տարածքով ջերմոցի կառուցում: Դատապարտյալները կարող են մասնակցել կառուցման պրոցեսին, իսկ հետագայում՝ բույսերի մշակման տեխնոլոգիային: Երկարաժամկետ պլանում նախատեսում են, որ ջերմոցում աճեցված բարիքներից օգտվեն դատապարտյալները:
Կարիքի վերհանման ընթացքում պարզ է դարձել, որ մեծ հետաքրքրություն կա ավտոտեխսպասարկման հմտությունների զարգացման նկատմամբ, ինչը ներառում է մեքենաների վերանորոգում, վուլկանացում: Դրա հետ կապված ևս ՊՈԱԿ-ը նախատեսում է մասնագիտացված տարածքներ կառուցել՝ համապատասխան տեխնիկաներով:
Մ. Ալեքսանյանի փոխանցմամբ՝ մոդուլները մշակվել են, մասնագետները կան, սպասում են ֆինանսավորմանը:
«Եթե ֆինանսավորումը լինի, կսկսենք «Աբովյան» և «Արմավիր», հետագայում՝ մնացած հիմնարկներում, բայց եթե նաև լինի մասնակցելու ցանկություն ունեցող անձանց բավարար քանակ: Այս ծրագրերը բավականին ծախսատար են, գոնե 10 հոգանոց խմբեր պետք է ձևավորվեն, որ կարողանանք այդ ծախսը կատարել: 50 անձ մասնակցելու ցանկություն է հայտնել, բայց վստահ եմ՝ երբ մեկնարկենք, ցանկացողների քանակը ավելի է շատանալու»,-նշեց բանախոսը:
ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի և հանրակրթության բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Հովակիմյանը մանրամասնեց, որ յուրաքանչյուր ծրագիր սկսելուց առաջ ՊՈԱԿ-ն իրականացնում է կարիքի գնահատում, և ըստ այդմ ձևավորում խմբերը: Բացի այդ, կատարում են առարկայական և վարքագծային գնահատումներ: Համապատասխան առարկայի դասընթացում ընդգրկվելուց առաջ մասնակիցները լրացնում են նախաթեստեր, իսկ առարկայական և վարքագծային գնահատումները կատարվում են դասընթացի ավարտին:
«Ծրագրերը տարեցտարի զարգանում են, օրինակ, եթե մենք ունեինք դատապարտյալներ, որոնք անգլերենի դասընթացներին մասնակցել են և նախնական գրագիտություն են ձեռք բերել, այժմ ունենք անգլերենի միջին մակարդակ, ինչն ապահովում է սահուն անցումը հաջորդ մակարդակին: Բացի այդ, մենք փորձել ենք հանրակրթության բացը մեղմել «Տարրական գրագիտություն» առարկայի միջոցով»,-նշեց Հովակիմյանը:
Նա ավելացրեց, որ «Աբովյան» ՔԿՀ-ում արդեն 2 տարի է, ինչ ՊՈԱԿ-ն իրականացնում է վարսավիրական դասընթացներ, որոնք անցկացվում են այն սենյակում, որը կահավորվել է հասարակական կազմակերպության կողմից:
Նշեց, որ ՊՈԱԿ-ը փորձում է իր ռեսուրսները առավելագույնս օգտագործել բոլոր քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև Պրոբացիայի ծառայությունում:
«Օրինակ, սկզբնական շրջանում դասընթացներն իրականացրել ենք «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում: Մոտ 3 տարի է, ինչ ինտենսիվ աշխատում ենք այլ հիմնարկներում ևս՝ «Սևան», «Կոշ», «Երևան-Կենտրոն», «Վարդաշեն», «Նուբարաշեն»: Բացի այդ, փորձել ենք այնպես անել, որ կրթությունը չընդհատվի: Անցած տարի եղել է դեպք, երբ անձինք տեղափոխվել են «Վանաձոր», «Վարդաշեն» կամ այլ ՔԿՀ: Նրանք քրեակատարողական ծառայության ցուցումով օնլայն միացել են դասընթացներին»,-ամփոփեց Հ. Հովակիմյանը՝ նշելով, որ համապատասխան ռեսուրսներ ունենալու դեպքում անձի հետ վերասոցիալականացման ուղղությամբ պետք է աշխատել նրա՝ հիմնարկում հայտնվելու առաջին իսկ օրվանից:
ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Նունե Միքայելյանը նշեց, որ հիմնարկը մեծ աշխատանք է կատարում, որպեսզի կանայք և անչափահասները մասնակցեն ծրագրերին: Դասընթացներին զուգահեռ հիմնարկը նույնպես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ, որոնք նպաստում են կանանց և անչափահասների գեղագիտական դաստիարակությանը:
Անդրադառնալով այդ դասընթացների ազդեցությանը՝ Ն. Միքայելյանը նշեց, որ գեղագիտական դաստիարակությունը նպաստում է նոր հմտությունների ձևավորմանը և գիտելիքներ ձեռք բերելուն, ինչպես նաև թերապևտիկ բնույթ է կրում:
«Այդ դասընթացները օգնում են, որպեսզի հիմնարկում ունեցած ազատ ժամանակն արդյունավետ օգտագործեն, օգնում է ամրապնդել միջանձնային փոխհարաբերությունները և զարգացնել հաղորդակցության հմտությունները, որոնք դրսում աշխատանք փնտրելու հարցում կարող են օգնել: Կան դատապարտյալներ, որ ազատվելուց հետո վարսավիրությամբ են զբաղվում: Եղել է դատապարտյալ, որ հիմնարկում գտնվելու ընթացքում բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել և ազատվելուց հետո շարունակել է կրթությունը: Կրթությունը կարևոր է, քանի որ մեր փորձը ցույց է տալիս, որ հիմնականում թերի միջնակարգ կամ միջնակարգ կրթություն ունցող անձինք են հանցագործություն կատարում»,-փաստեց բանախոսը:
Նա ավելացրեց, որ կրթական ծրագրերին և միջոցառումներին մասնակցությունը նկատի է առնվում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելիս: Չբացառեց, որ լինում են դեպքեր, երբ դատապարտյալները հենց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորությունից ելնելով են մասնակցում այդ ծրագրեին: Բայց կարևոր է, որ ընթացքում հասկանում են մասնակցելու դրական ազդեցությունը:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2021 թվականի հունիսից իրականացնում է «Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը:
Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիսներ են կազմակերպվել, որոնք նպաստում են, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:
Ծրագիրն իրականացվում Եվրասիա համագործակցության հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։