«Արմավիր» ՔԿՀ-ում գործող մեր՝ դատապարտյալներիս ինքնագործ մշակութային միավորման եռամսյա ծրագրի իրագործումը շարունակվում է։ Դիմել էինք «Հայ-եվրոպական մշակութային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Ռուբեն Շուխյանին՝ խնդրելով և ակնկալելով հանդիպումներ ՀԿ-ի անդամ՝ մշակույթի հայտնի ներկայացուցիչների հետ։ Այդ կերպ հնարավոր կլինի առավել մոտիկից առնչվել հայ և համաշխարհային մշակույթին՝ ֆիլմերի դիտման, համերգների և այլ միջոցառումների շնորհիվ։ Ստանալով մեր նամակին դրական պատասխան՝ բոլորս ոգևորված սպասում էինք… Եվ ահա…
Մարտի 10-ին ՔԿՀ-ի գրադարանում միավորման մի քանի տղաներով փորձարկում ենք պրոյեկտորի և համակարգչի աշխատանքը, որպեսզի մեծ էկրանին կարողանանք դիտել պարոն Խզմալյանի ֆիլմերից։ Տեղեկանում ենք, որ նա արդեն ներս է մտել, և ՔԿՀ-ի ղեկավարությունն ընդունելություն է կատարում։ Աշխատակիցների ուղեկցությամբ կամաց-կամաց տարբեր մասնաշենքերից գրադարան են գալիս մեր միավորման անդամները։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ անցկացված միջոցառումից հետո բոլորս արդեն իրար ճանաչում ենք։ Զրուցում ենք պարոն Խզմալյանի ֆիլմերի մասին. շատերը դիտել են «Դեպի Արարատ», «Քրիստոսի կենդանագիր պատկերը», հայոց թագուհիների և Երևանի մասին ֆիլմերը։ Րոպեներ անց ներս է մտնում մեր հյուրը…
Մոտենում եմ, գրկախառնվում ենք, հուզված եմ. դեռ 2012 թվականի նոյեմբերի 29-ին Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում իմ պատմվածքներից մեկի հիման վրա Կարինե Ջանջուղազյանի և Վարդան Պետրոսյանի կատարմամբ ներկայացվեց Տիգրան Խզմալյանի բեմադրած «Մհերի Դուռը» ներկայացումը։
ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի պետ պարոն Բաբլումյանը հավաքվածներին հայտնում է, որ մեզ է այցելել հանրահայտ կինոռեժիսորը։ Տիգրան Խզմալյանը համաստորեն՝ դեմքի արտահայտությամբ փորձում է առարկել։ Շնորհակալություն ենք հայտնում մեր նամակին արձագանքելու և անձամբ այցելելու համար։ Կինոռեժիսորն առաջ է գալիս և նորից ողջունում բոլորիս և հայտնում, որ «Հայ-եվրոպական մշակույթի կենտրոն»-ը պատրաստակամ է շարունակաբար աջակցել միավորման գործունեությանը և իրենց ՀԿ-ի անդամ մշակույթի ներկայացուցիչները ցանկանում են այցելել դատապարտյալներիս և իրականացնել տարբեր միջոցառումներ։
Մենք՝ դատապարտյալներս, միանալով պարոն Խզմալյանին, նույնպես հայտնում ենք մեր շնորհակալությունը ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության և «Արմավիր» ՔԿՀ-ի ղեկավարությանը՝ նման յուրօրինակ միջոցառումների հնարավորություն տալու համար։
Բանտի պատերի ներսում նման հանդիպումները, միջոցառումները մշակույթի միջոցով իրական վերասոցիալականացում են անազատության մեջ գտնվողներիս համար։ Այդ կերպ մենք գրեթե ուղղակիորեն վերադառնում ենք ազատություն։
«Գողացված դար»… Գրադարանի լույսերը անջատել ենք, մեծ էկրանին Հանրապետության հրապարակում հայտնվում է Տիգրան Խզմալյանը և այնտեղից նայում է մեզ ու դիմում… բոլորին…
Պատմություն, մշակույթ, քաղաքականություն… փաստեր և միայն փաստեր, ակնհայտ ճշմարտություն, որը թաքցվում է…
Կենտրոնացած դիտում ենք ֆիլմը։ Այն բազմաշերտ է, և ամեն մի շերտում՝ խորը ճանապարհ…
Անձնական ընկալումներիս մասին այստեղ չեմ գրի։ Տպավորված եմ։ Մի քանի բացահայտումներ, դիտանկյուններ… Նայելով զուտ մշակույթի տեսակետից՝ ակնհայտ է՝ հայ մշակույթը սփյուռքում ծաղկել է, և այլ երկրներում, անկախ դժվարություններից, ընձեռվել են լայն հնարավորություններ, իսկ Խորհրդային միությունում ինչպե՞ս վախճանվեցին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մինասը և մյուսները… Ինչու՞։
Հուսով եմ, որ ազատության մեջ բոլորդ հնարավորություն կունենաք դիտելու «Գողացված դարը»։ Այն չպետք է բանտարկվի, և մարդիկ պետք է իմանան՝ ով է այդ գողը, ումից է գողացել և ինչու…
Ֆիլմի ավարտից հետո լռություն էր։ Հետո քննարկումներ։ Տիգրան Խզմալյանի հետ բոլորս միասին լուսանկարվեցինք։ Դատապարտյալները մոտենում և սեղմում են Տիգրանի ձեռքը, ՔԿՀ աշխատակիցները նույնպես։ Ջերմ մթնորոլտ է, բայց ժամանակը…
Մինչ նոր հանդիպում…
Մհեր Ենոքյան
2022 թվականի մարտի 11