Այսօր՝ ապրիլի 12-ին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության միջև կնքվեց համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանը և ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Հուշագրի նպատակն է երկուստեք համախմբել ուժերը՝ ազատազրկված անձանց համար վերասոցիալականացման, կրթական ու աշխատանքային միջոցառումներ և ծրագրեր, քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ոլորտային ուսուցողական ծրագրեր և վերապատրաստումներ իրականացնելու և այլ կարևոր գործողությունների ուղղությամբ:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն արդեն իսկ արդյունավետորեն համագործակցում է Քրեակատարողական ծառայության հետ:
Այդ համագործակցության շրջանակներում կազմակերպության կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրների, աշխատանքային և կրթության իրավունքի իրացման խոչընդոտների ուսումնասիրությանը, քրեակատարողական համակարգում գենդերային զգայուն քաղաքականության ներդրման կարևորությանը, ազատազրկված անձանց խնդիրների շուրջ հասարակության զգայունության և իրազեկվածության բարձրացմանը, հասարակության վերաբերմունքի փոփոխությանը և այլն: