2022թ. ապրիլի 14-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը հյուրընկալվեցին Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներին:
Հանդիպման սկզբում ԵՊՀ դասախոս Լիանա Մարուքյանը նշեց, որ ուսանողներն ապագա ոլորտային մասնագետներ են, հետևաբար նմանատիպ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են առնչվել քրեակատարողական համակարգում առկա գործնական խնդիրներին:
Այնուհետև Նարե Հովհաննիսյանն ուսանողներին ներկայացրեց քրեակատարողական հիմնարկների խցերի, կացարանների, կարանտինային բաժանմունքների և պատժախցերի պայմաններն արտացոլող լուսանկարները, որոնք արվել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացված «Մարդիկ ճաղերից այն կողմ. ամրապնդելով ազատազրկված անձանց և հասարակության միջև կապը» ծրագրի շրջանակներում:
Շեշտադրվեց հատկապես այն հանգամանքը, թե այդ պայմաններն արդյո՞ք կարելի է դիտարկել որպես խոշտանգում:
Ռոբերտ Ռևազյանն իր ելույթի սկզբում ներկայացրեց Դիտորդների խմբի ստեղծման պատմությունը, իրավասությունները և քրեակատարողական հիմնարկներում մշտադիտարկման առանձնահատկությունները:
Այնուհետև խոսեց խոշտանգումների կանխարգելման մասին՝ ներկայացնելով ներպետական և միջազգային իրավական փաստաթղթերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերը, ինչպես նաև այդ ուղղությամբ Դիտորդների խմբի արձանագրած խնդիրները և դրանց կարգավորման ուղղությամբ ձեռնարկած գործողությունները:
Քննարկման ավարտին ցուցադրվեց «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի պատրաստած «Ապագայի հույսով» տեսաֆիլմը, որը պատմում է նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված Վահագն Մարուքյանի մասին: Նա սեփական միջոցներով փայտամշակման արհեստանոց է հիմնել և որոշել է այդպիսով ոչ միայն իր ազատ ժամանակը տնօրինել, այլև եկամուտի միջոց ստեղծել: