ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն հրապարակել է Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2021 թվականի զեկույցը (հասանելի է անգլերենով):
Զեկույցն անդրադառնում է նաև խնդիրներին, որոնք առնչվում են Հայաստանի բանտերի և կալանավայրերի պայմաններին, վարչակազմին և անկախ մշտադիտարկմանը:
Նշվում է, որ թեև բանտային բնակչության թիվն էականորեն նվազել է պայմանական վաղաժամկետ և Քովիդ-19 նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման նպատակով ազատման շնորհիվ, այդուհանդերձ, քրեակատարողական ոլորտի խնդիրները համակարգային մարարդակում չեն լուծվել:
Խոցելի խմբերի անձանց իրավունքներին անդրադառնալիս հղում է կատարվում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի հրապարակած հետազոտությանը, որը վերաբերում է ազատազրկված ԼԳԲՏ անձանց իրավունքներին:
Կարևորվում է այն հանգամանքը, որ նշված խմբի անձանց իրավունքները և նրանց վիճակի բարելավումը պետության համար առաջնահերթ չեն, հետևաբար ներառված չեն ոլորտին առնչվող պետական ծրագրերում, ռազմավարություններում կամ հաշվետվություններում:
Ազատազրկված ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և նրանց առանձնացված պահելը քրեական ենթամշակույթի առկայության հետևանք է, մինչդեռ կառավարության քաղաքականության փաստաթղթերում որպես այդպիսին չեն դիտարկվում: Եվ քանի որ քրեական ենթամշակույթի կանխարգելմանն ուղղված նախաձեռնությունների շրջանակներում չի դիտարկվել ազատությունից զրկված ԼԳԲՏ անձանց խոցելիությունը, իրավակիրառ պրակտիկայում դրանք բացասական հետևանք են ունենում նրանց վրա:
Զեկույցը այս տարի ևս արձանագրում է Հայաստանի քրեակատարողական ոլորտի խնդիրների մասին՝ շեշտադրելով դրանք համակարգային մակարդակում լուծելու և ազատությունից զրկված խոցելի խմբերի անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավման անհրաժեշտությունը: