Մայիսի 28-ը Կանանց առողջության համար գործողությունների միջազգային օրն է:
Այդ օրն աշխարհի տարբեր անկյուններում ակտիվիստները համախմբվում են ու քայլեր ձեռնարկում` բարձրացնելու համար կանանց առողջության իրավունքի իրացմանն առնչվող հարցերը:
Այս համատեքստում կարևորում ենք ազատազրկված կանանց առողջությանն առնչվող խնդիրները, քանի որ բանտային պայմաններն անհամաչափ ձևով են ազդում կանանց հոգեկան, սեռական և վերարտադրողական առողջության վրա: Առավել խոցելի են տարեց, խրոնիկ և վարակիչ հիվանդություններ ունեցող, հղի և իրենց մոտ երեխա ունեցող ազատազրկված կանայք: Լեզվական խոչընդոտների պատճառով խոցելի վիճակում են հայտնվում նաև օտարերկրացի կանայք: Շարունակում է խնդրահարույց մնալ գենդերազգայուն առողջապահական ծառայությունների հասանելիությունը բանտերում:
Խնդիրն արդիական է հատկապես հետհամաճարակային իրականության մեջ, քանի որ COVID-19-ը բացասական ազդեցություն է ունեցել կանանց վրա՝ սրելով առկա խնդիրները: