2022 թվականի հունիսի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Ինչո՞ւ է դատախազությունը խոչընդոտում ցմահ դատապարտյալների ռեժիմների փոփոխությանը» թեմայով քննարկում:
Քննարկման բանախոսներից էր «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Ն. Հովհաննիսյանը նշեց, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, սակայն կառույցից ներկայացուցիչներ չեն եկել: Նա բացասական գնահատեց դատախազության գործելաոճը:
Նա նշեց, որ դատապարտյաների հետ պարբերաբար զրույցներ է ունենում: Նրանք պնդում են, որ 2018 թվականից սկսած քրեակատարողական ծառայության և հիմնարկների վերաբերմունքը փոխվել է դատապարտյալների նկատմամբ, սակայն դատախազությունը դեռևս շարունակում է մնալ պատժողական մտածելակերպի կրողը:
Բանախոսը մանրամասնեց, որ պետությունը վերասոցիալականացման քաղաքականության անցել է 2018 թվականից, մինչ այդ պատժողական բնույթ է կրել: Դա փաստում են նաև քրեակատարողական հիմնարկները: Նշում են՝ նախկինում վստահ էին, որ ուղղելու համար դատապարտյալներին պետք է ծեծել ու պատժել, իսկ հիմա կարծում են՝ պետք է կրթելու միջոցով ուղղել:
Բանախոսի համոզմամբ՝ դատապարտյալներին չպետք է դարձնել քավության նոխազ, քանի որ վերասոցիալականացումը երկուստեք տարվող գործընթաց է: Եթե մեկ կինոդիտում է կազմակերպվել, ապա դա ոչ թե դատապարտյալի խնդիրն է, այլ՝ քրեակատարողական հիմնարկի:
«Դատապարտյալն ինքն իրենով չի կատարում վերասոցիալականացման ծրագրերը, դա երկուստեք կատարվող գործընթաց է: Այդ ծրագրերի իրականացումը պետք է ապահովեն արդարադատության նախարարությունը, քրեակատարողական ծառայությունը և հիմնարկները, իսկ դատապարտյալը պետք է մասնակցելու պատրաստակամություն հայտնի: Եթե մասնակցում է այնքանով, որքանով կազմակերպվում են, ապա պետք է հարցը քննարկման այլ տիրույթ տանել և առաջարկություն ներկայացնել նախարարությանը և ծառայությանը՝ նշելով, որ դրանք բավարար չեն, այլ անհրաժեշտ է դրանք ընդլայնել: Եթե նման առաջարկություններ կան, ապա ցանկալի է դրանք հրապարակային դարձնել, որպեսզի նման քննարկումների ժամանակ չվերարտադրվի այն կարծիքը, որ դատախազությունը պատժողական քաղաքականության կրողն է և պատժիչ միջամտություններ է կատարում»,-ասաց Ն.Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վերջերս հանդիպում է ունեցել ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանի հետ և ծանոթացել նրա ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխությունը կասեցնելու վերաբերյալ դատախազության որոշումներին, ինչի արդյունքում հանգել է այն եզրակացությանը, որ դատախազությունը կարծես թե «տառակերությամբ» է զբաղվում: Օրինակ, կասեցման որոշումների մեջ դատախազությունը նշում է, որ 1 կինոդիտման կամ մի քանի միջոցառման մասնակցելը բավարար չէ, որպեսզի դատապարտյալի վարքագծում դրական դինամիկա արձանագրվի:
Ն. Հովհաննիսյանն իր հարցն ուղղեց դատախազությանը, թե արդյո՞ք վերջինս տիրապետում է որևէ գործիքակազմի, որի հիման վրա նման եզրակացություններ է կատարում:
«Գնահատելու համար, թե այդ կինոդիտումն ինչպես է ազդել դատապարտյալի վարքագծում դրական դինամիկա արձանագրելու համար, գործիքակազմ է պետք, որը պետք է մշակեն մասնագետները՝ սոցիալագներ, հոգեբաններ: Այդ եզրակացությունն ինչի՞ հիման վրա է տալիս դատախազությունը: Այլապես դա կամայական որոշում է»,-հավելեց բանախոսը:
Չի բացառվում, որ նախկինում խրախուսանքների տրամադրման կամ ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխության գործընթացներում եղել են կոռուպցիան ռիսկեր: Դատապարտյալները նշում են, որ այժմ նման պահանջ ներկայցված չէ, քրեակատարողական ծառայությունը և հիմնարկներն օրենքի տիրույթում են գործում:
Բանախոսը չի բացառում, որ դատախազության «հետապնդումները» կապված են այդ գործընթացներում որոշակի կոռուպցիոն ռիսկեր բացահայտելու հետ: Սակայն այդ մասին որևէ հանրային հրապարակում չկա:
«Արդյո՞ք այս հարցը 2018 թվականից հետո հետաքրքրել է դատախազությանը, փորձե՞լ են պետական լծակներով ուսումնասիրել այս հարցերը, արդյո՞ք այդ կոռուպցիոն սխեմաները հիմա չկան: Եվ եթե չկան, ապա ի՞նչ նպատակ են հետապնդում այդ կասեցումները»,-հարցրեց Ն. Հովհաննիսյանը:
Խնդրահարույց է այն, որ կարգապահական տույժերի դեպքում դատախազությունը նույն ակտիվությունը չի ցուցաբերում: Այն, որ դատապարտյալի մոտ արգելված իրեր են հայտնաբերվում, դատախազությունը համարում է, որ դա հիմնավոր է նրան տույժի ենթարկելու համա: Այս դեպքում էլ բանախոսին հետաքրքրում էր՝ արդյո՞ք դատախազությունը քայլեր է ձեռնարկում այդ արգելված իրերի՝ քրեակատարողական հիմնարկներում հայտնվելու ուղիները և ներթափանցման շղթաները բացահայտելու համար:
«Երկու դեպքում էլ դատապարտյալն է դառնում հետևանքի կրողը: Մի դեպքում տույժի է ենթարկվում, դա դատախազության կողմից չի կասեցվում, ավելին՝ արգելված իրերի ներթափանցման ուղիները չեն բացահայտվում: Մյուս կողմից էլ վերասոցիալականացման ծրագրերի ծավալն ընդգրուն չէ, ինչի պատասխանատուն դատապարտյալը չէ, բայց դա դատախազությանը կասկածների տեղիք է տալիս: Եվ կասեցումների հետևանքով դարձյալ տուժում է դատապարտյալը»,-նշեց բանախոսը՝ ավելացնելով, որ հերթական կասեցումից հետո ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի առողջական վիճակը վատթարացել է, պետք է տեղափոխեն հիվանդանոց ՄՌՏ հետազոտություն անցկացնելու նպատակով:
Բանախոսի գնահատմամբ՝ դատախազությունն ամեն ինչ անում է, որ դատապարտյալը ոչ թե կիսաբաց, այլ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկից ներկայացվի պայմանական վաղաժամկետ ազատման, սակայն հակառակը պետք է լինի: Դատապարտյալը պետք է հասնի ազատությանն ավելի մոտ ռեժիմի, նախապատրաստվի ազատությանը, նոր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվի:
Դատախազությունը կասեցման որոշումների մեջ նշում է նաև, որ հոգեբանի աշխատանքը դատապարտյալների հետ բավարար չէ:
«Դատախազությունը նույնիսկ մտնում է հոգեբանների կողմից դատապարտյալների հետ տարվող հոգեբանական աշխատանքների որակական գնահատման տիրույթ: Սակայն անձի հետ տարվող սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքը գնահատելու, դրա արդյունավետությունը չափելու գործիքակազմ արդյո՞ք ունի դատախազությունը»,-ամփոփեց Նարե Հովհաննիսյանը: