2022թ. սեպտեմբերի 27-30-ն Աղվերանում տեղի ունեցավ «Արդարադատության ոլորտում բարեփոխումների մշտադիտարկման, զեկույցների մշակման և շահահապաշտպանության իրականացման կարողությունների զարգացման» քառօրյա դասընթացը, որին մասնակցել են քաղհասարակության 30-ից ավելի ներկայացուցիչներ։
Քննարկումներն ընթացել են 4 թեմատիկ խմբերում, որոնք ուսումնասիրել են հակակոռուպցիոն, դատաիրավական, ոստիկանության, քրեակատարողական, պրոբացիայի ոլորտների ռազմավարությունները և մարդու իրավունքների վիճակը տվյալ ոլորտներում։
Դասընթացին մասնակցել է նաև «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը, ով ներգրավվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտին առնչվող թեմատիկ խմբում։
Նված խմբում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում իրականացվող մոնիտորինգները, ուսումնասիրվել է դրանց գործիքակազմը։ Անդրադարձ է կատարվել ստանդարտների և նորմերի միջազգային շրջանակին, զուգահեռներ են անցկացվել Հայաստանում կիրառվող մեթոդների հետ՝ նպատակ ունենալով ճիշտ ռազմավարություն մշակել և հետագայում կիրառել։
Քննարկումների ընթացքում կարևորվել է քաղաքացիական հասարակության ջանքերի ազդեցությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում։ Ներկայացվել է, թե ինչպես պետք է գործողությունների պլանը մշակվի, որպեսզի ռազմավարության ու մոնիտորինգի մեջ անհրաժեշտ փոփոխություններ իրականացվեն:
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն կարևորում է նմանատիպ դասընթացներին մասնակցությունը, որոնք նպաստում են ոլորտի բարելավմանն ուղղված կարողությունների և հմտությունների զարգացմանը:
Դասընթացը կազմակերպել էր «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն «Արդարադատության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսական աջակցությամբ, Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի, «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության, «Սոցիալական արդարություն» և Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ների կոնսորցիումի կողմից:
Ծրագրի նպատակն է խթանել քաղաքացիական հասարակության իմաստալից դերը արդարադատության ոլորտի բարեփոխումներում: Ծրագրի շնորհիվ քաղաքացիակական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն կստանան մեծացնելու իրենց ազդեցությունը արդարադատության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների վրա և նպաստելու համակարգային փոփոխությունների կայացմանը։