«Իրավական նախաձեռնությունների կենտրոն»- ՀԿ-ն շնորհավորում է քրեակատարողական ծառայողներին մասնագիտական տոնի առթիվ՝ ի դեմս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Սերգեյ Ատոմյանի:
Կազմակերպությունը գնահատում է պետության և քրեակատարողական ծառայության ջանքերը՝ ուղղված Հայաստանում քրեակատարողական համակարգի և ոլորտը կարգավորող օրենսդրության բարելավմանը, պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցմանը, ազատազրկված անձանց համար աշխատանքային հնարավորությունների ստեղծմանը և կրթական ծրագրերի ընդլայնմանը:
Նշենք, որ դեռևս տարեսկզբին քրեակատարողական ծառայության և կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է կնքվել, որի նպատակն է երկուստեք համախմբել ուժերը՝ ազատազրկված անձանց համար վերասոցիալականացման, կրթական ու աշխատանքային միջոցառումներ և ծրագրեր, քրեակատարողական ծառայողների մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացմանն ուղղված ոլորտային ուսուցողական ծրագրեր և վերապատրաստումներ իրականացնելու և այլ կարևոր գործողությունների ուղղությամբ:
Քրեակատարողական ծառայության հետ արդյունավետ համագործակցության շրջանակներում կազմակերպության կողմից արդեն իսկ մի շարք ծրագրեր են իրականացվել՝ ուղղված ազատազրկված անձանց վերասոցիալականացման հիմնախնդիրների, աշխատանքային և կրթության իրավունքի իրացման խոչընդոտների ուսումնասիրությանը, քրեակատարողական համակարգում գենդերային զգայուն քաղաքականության ներդրման կարևորությանը, ազատազրկված անձանց խնդիրների շուրջ հասարակության զգայունության և իրազեկվածության բարձրացմանը, հասարակության վերաբերմունքի փոփոխությանը և այլն: