ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ների 9 սոցիալական աշխատող 2022 թվականի հոկտեմբերի 26-28-ը մասնակցել են «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած վերապատրաստման եռօրյա դասընթացին:
Առաջին օրը մասնակիցները Հավասարության և հոգեկան առողջության իրավունքի փորձագետ Անահիտ Չիլինգարյանի հետ ուսումնասիրել են «Մարդու իրավունքներ և խտրականության արգելք» թեման: Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների հասկացությանը և զարգացման պատմությանը, միջազգային ու ներպետական փաստաթղթերին և պաշտպանության մեխանիզմներին, խտրականության արգելքով պաշտպանված հիմքերին և խտրականության իրավունքի պաշտպանության համակարգերին:
Երկրորդ օրը «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ծրագրերի համակարգող, սոցիալական աշխատանքի փորձագետ Անուշ Դանոյանը ներկայացրել է «Սոցիալական աշխատանքի առանձնահատկություններն իրավախախտում կատարած անձանց հետ» թեման: Փորձագետը հանգամանորեն խոսել է այն մասին, թե որն է դևիանտ կամ շեղվող վարքը սոցիալական տեսությունների համատեքստում: Այնուհետև մասնակիցները ծանոթացել են դեպքի վարմանը՝ որպես սոցիալական աշխատանքի մոդելի, քննարկել են հարցազրույցի վարման մեթոդը և տեխնիկաները, ուսումնասիրել են իրավախախտում կատարած անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի էթիկական նորմերը, սկզբունքները և իրավական հիմքերը:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի շահերի պաշտպանության համակարգող, սոցիալական աշխատանքի փորձագետ Աննա Հովհաննիսյանը դասընթացի երրորդ օրը ներկայացրել է «Գենդերազգայուն սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները կանանց տարբեր խմբերի հետ աշխատանքում» թեման, որի համատեքստում քննարկվել է, թե որոնք են գենդերազգայուն սոցիալական աշխատանքի էությունը և սկզբունքները: Անդրադարձ է կատարվել համակարգային բռնության դրսևորումներին: Քննարկվել են կանանց տարբեր խմբերի և ԼԳԲՏ անձանց հետ տարվող սոցիալական աշխատանքի առանձնհատկությունները:
ՀՀ ԱՆ քրեակատարողական համակարգի սոցիալական աշխատողները գոհունակությամբ են մասնակցել վերապատրաստման դասընթացին, որի օրակարգը բավականին հագեցած էր: Կազմակերպվել են դերային խաղեր և խմբային քննարկումներ, ցուցադրվել են մասնագիտական տեսանյութեր, որոնք օգնել են բարելավել տեսական գիտելիքները և զարգացնել գործնական հմտությունները: Մասնագետները դիտարկել են ստացված գիտելիքները և հմտություններն ազատազրկված անձանց հետ աշխատանքում կիրառելու հնարավորությունները և խոչընդոտները, դրանց լուծման ուղիները։ Միևնույն ժամանակ ուսումնասիրել են այն գործիքակազմերը, որոնք անհրաժեշտ են ազատազրկված խոցելի խմբերի, մասնավորապես կանանց և ԼԳԲՏ անձանց հետ տարվող աշխատանքի ընթացքում:
Ծրագիրն իրականացվում է Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: