Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման քաղաքականության փաստաթուղթ է մշակում

Պատժի դատապարտված կանայք քրեական արդարադատության համակարգում արդեն իսկ անբերանպաստ վիճակում են, քանի որ անուշադրության են մատնվում նրանց՝ սեռով/գենդերով պայմանավորված ներհատուկ կարիքները: Դա կապված է այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են բանտի շենքային պայմանները, կանանց փոքրամասնական խումբ լինելը, զոհայնացման կամ սեռական բռնության ենթարկվելու վտանգը, սոցիալ-հոգեբանական, առողջապահական ծառայությունների և խնամքի ու հիգիենայի միջոցների բացակայությունը կամ ոչ բավարար տրամադրումը, արտաքին աշխարհի ու ընտանիքի անդամների հետ կապի խզումը և այլն:

COVID-19 վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով բանտերում կիրառված ժամանակավոր սահմանափակումների ժամանակ ևս կանանց ներհատուկ կարիքներն անտեսվել են, ինչը հանգեցրել է նրանց իրավունքների ոչ համաչափ ապահովմանը:

Օրինակ,  տեսակցությունները սահմանափակումը բացասաբար է ազդել երեխամայրերի վրա, քանի որ հանգեցրել է ընտանիքի ու երեխաների հետ կապի խաթարմանը, դրանով պայմանավորված՝ հոգեկան վիճակի վատթարացմանը: Այդ սահմանափակումն անհամաչափ է ազդել նաև այն կանանց վրա, որոնց երեխաներն այդ ժամանակահատվածում եղել են մանկատներում կամ խնամքի հաստատություններում:

Հանձնուքների սահմանափակումը բացասաբար է անդրադարձել հղի և իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց վրա, ովքեր զրկվել են երեխաների համար մանկական սնունդ, դեղամիջոցներ, անձնական հիգիենայի ու խնամքի պարագաներ ստանալու հնարավորությունից: Կանանց առանձնահատկություններով պայմանավորված՝ չեն դիտարկվել նրանց տրամադրվող անձնական հիգիենայի տեսակները և չափաբաժիններն ավելացնելու, քրեակատարողական հիմնարկներին կից գործող կրպակների միջոցով ձեռք բերվող ապրանքների գները փոխելու, առողջական խնդիրներ ունեցող կանանց սննդի կալորիականությունը բարձրացնելու կամ նրանց դիետիկ սնունդ տրամադրելու հարցերը:

Ժամանակավորապես դադարեցվել են վերասոցիալականացման միջոցառումները, ինչը մարդկային շփումների բացակայության համատեքստում սրել է կանանց հոգեկան առողջության վիճակը՝ բացասաբար ազդելով նաև նրանց խրախուսանքների տրամադրման, ուղղիչ հիմնարկի տեսակի փոփոխության կամ պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացների վրա: 

Կանանց խոցելիությունն անտեսվել է նաև առողջապահական և սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման, COVID-19 վիրուսի դեմ թեստավորման և պատվաստման գործընթացներում: Ավելին, սահմանափակումների պատճառով պրոբացիայի ծառայությունում հաշվառված շատ կանայք կորցրել են աշխատանքը՝ հայտնվելով սոցիալ-տնտեսական ծանր կացության մեջ: Դա հանգեցրել է ոչ միայն որոշ պատիժների, օրինակ, տուգանքներ և հանրային աշխատանքներ, կատարման անհնարինությանը, այլև առողջապահական ծառայությունների անմատչելիությանը:

Տարբեր հետազոտություններ փաստում են, որ COVID-19 համավարակի ժամանակ աճել են ընտանեկան և գենդերային հիմքով բռնության դեպքերը: Այս համատեքստում կրկնակի խոցելի վիճակում են հայտնվել այն կանայք, ովքեր ազատ են արձակվել քրեակատարողական հիմնարկից կամ հաշվառվել են պրոբացիայի ծառայությունում, քանի որ մի կողմից առկա է եղել նախկինում ազատազրկվածի կամ պրոբացիայի շահառուի կարգավիճակ ունենալու հանգամանքով պայմանավորված խտրականության ենթարկվելու, մյուս կողմից՝ բռնության զոհ դառնալու վտանգ: Նշված գործոնները, զուգորդվելով գենդերազգայուն վերասոցիալականացման ծրագրերի, կացարանի կամ սոցիալական աջակցության տրամադրման բացակայության հետ, այս խմբի կանանց վիճակն անբարենպաստ են դարձրել նաև ազատության մեջ:

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատեքստում պետությունը որոշակի քայլեր է ձեռնարկել այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման, ինչպես նաև պատժից և կալանքից ազատման պրակտիկան խթանելու համար, սակայն նշված գործընթացներում ևս կանայք չեն դիտարկվել որպես առաջնահերթ խոցելի խումբ:

COVID-19 համավարակի դեմ պայքարի համատեքստում կազմակերպության մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է.

  • Գենդերազգայուն մոտեցում ցուցաբերել կանանց իրավունքների ապահովմանն ինչպես պատժի կրման ընթացքում, այնպես էլ ազատ արձակվելուց հետո:
  • Նպաստել, որպեսզի առողջապահական և սոցիալ-հոգեբանական ծառայությունները հասանելի և մատչելի լինեն բանտում և պրոբացիայի ծառայությունում հայտնված կանանց համար:
  • Այլընտրանքային խափանման միջոցների և պատժատեսակների կիրառման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հիմքով պատժից և կալանքից ազատման մեխանիզմների կիրառման ժամանակ կարևորել կանանց ներհատուկ կարիքները և դիտարկել նրանց առաջնահերթությունը:   

Հիմք ընդունելով վերը թվարկված խնդիրները և դրանց լուծման կարևորությունը՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման քաղաքականության փաստաթուղթ է մշակում:  

«Ջատագովելով բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման կարևորությունը» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում:

Նպատակն է շահերի պաշտպանության միջոցով նպաստել բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակմանը և ներդրմանը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.