Skip to content Skip to sidebar Skip to footer

«Սոցիալ-հոգեբանական ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում. խնդիրներ և լուծումներ». Քննարկման ամփոփում

2022թ. դեկտեմբերի 22-ին Մեդիա Կենտրոնում տեղի ունեցավ «Սոցիալ-հոգեբանական ծառայությունը քրեակատարողական հիմնարկներում. խնդիրներ և լուծումներ» թեմայով քննարկում։

Բանախոսներն էին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը: Նրանք անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների կազմակերպման հետ կապված առկա խնդիրներին ու լուծումներին՝ շեշտադրելով համավարակով պայմանավորված մարտահրավերները: 

Ծովինար Թադևոսյանը քննարկման սկզբում նշեց, որ մասնագիտական գործառույթների իրականացմանը զուգահեռ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատողները կարևոր դեր ունեն վերասոցիալականացման աշխատանքների կազմակերպման և դրանց իրագործման հարցում: 2022 թվականից քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման հանձնաժողովներ են ստեղծվել, որոնց անդամները հիմնականում հոգեբաններն ու սոցիալական աշխատողներն են:

Անդրադառնալով խնդիրներին՝ բանախոսն առանձնացրեց համակարգում հոգեբանների թվաքանակի քիչ լինելը, նրանց ծանրաբեռնվածությունը և թափուր հաստիքները համալրելու դժվարությունը:

Թադևոսյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում ներկայումս կա հաստիքային 19 միավոր, որից 8-ը թափուր է: «Արմավիր» ՔԿՀ-ում 2021 թվականին ավելացվել է հոգեբանների հաստիքների թիվը՝ 3-ից դառնալով 5, որից 2 հաստիքը թափուր է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կա 3 հաստիքային միավոր, որից 1-ը թափուր է:

Բանախոսը թափուր հաստիքները համալրելու դժվարության մի քանի պատճառներ առանձնացրեց, որոնցից գլխավորը մշակութային առանձնահատկությունն է: Հոգեբանի և սոցիալական աշխատողի մասնագիտությամբ կրթություն են ստանում հիմնականում իգական սեռի ներկայացուցիչները, որոնց համար այդ մշակութային առանձնահատկությունները քրեակատորաղական համակարգում աշխատելու տեսանկյունից ներքին խոչընդոտներ են ստեղծում: Երբեմն խոչընդոտներ են առաջացնում ընտանիքի անդամները կամ հարազատները: 

Երկրորդը կարծրատիպային մտածողությունն է, քրեակատարողական հիմնարկում աշխատելու վախը: Այս հարցում Ծ. Թադևոսյանի կարծիքն այն է, որ հոգեբանի կամ սոցիալական աշխատողի համար աշխատելու և մասնագիտական փորձ ձեռք բերելու տեսանկյունից լավ միջավայր է քրեակատարողական հիմնարկը:

Մյուսն աշխատավարձի հետ կապված խնդիրն է: Աշխատավարձը գրավիչ չէ, հետևաբար նշված մասնագետներն աշխատաշուկայում ավելի բարձր աշխատավարձերի են հավակնում: Այս առումով քրեակատարողական համակարգը գայթակղիչ պայմաններ չի առաջարկում:

Ծ. Թադևոսյանը ներկայացրեց ինքնավնասումների վիճակագրությունը՝ նշելով, որ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի դրությամբ 471 ինքնավնասման դեպք է արձանագրվել, որոնք կատարվել են 161 անձի կողմից: Ինքնավնասումները հիմնականում «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ներում են կատարվում, ինչը պայմանավորված է նշված հիմնարկներում պահվող ազատազրկված անձանց թվով: Բացի այդ, կան մի քանի անձինք, որոնց կողմից մոտավորապես 20-ից 30 անգամ ինքնավնասումներ էր իրականացվել:

Պատճառները տարբեր են: Կան անձինք, որոնք հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն: Ճիշտ է, պարբերաբար բուժում են ստանում, սակայն իրավիճակը չի փոխվում: Ինքնավնասում կատարողները հիմնականում առողջության, քրեական վարույթ իրականացնող մարմնի հետ անհամաձայնության հետ կապված խնդիրներ են բարձրացնում: 

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը բոլոր քրեակատարողական հիմնարկներում ստորաբաժանումներ ունի: Երբ անձը հացադուլ է հայտարարում կամ ինքնավնասում է կատարում՝ որպես պատճառ նշելով իր առողջության հետ կապված հարցը, գրություն է ուղարկվում ստորաբաժանմանը, որպեսզի հետևողական լինեն և փորձեն հասկանալ, թե ազատազրկված անձի բարձրաձայնած հարցը որքանով է օբյեկտիվ:

Ծ. Թադևոսյանը նշեց, որ միայն սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատանքի բարելավման արդյունքում հնարավոր չէ հասնել քրեակատարողական համակարգի բարեփոխմանը: Պատճառները երբեմն իրավական համակարգի խնդիրներից բխող հետևանքներ են: Սակայն հույս հայտնեց, որ մոտ ժամանակահատվածում ավելի բարվոք վիճակ կլինի, քանի որ համակարգը դրական փոփոխությունների տրամաբանությամբ է առաջ շարժվում: 

Անդրադառնալով ձեռքբերումներին՝ Թադևոսյանը նշեց, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակվել և 2021 թվականից գործարկվել են ինքնավնասման և հոգեկան առողջության զննության գործիքները:

«Մենք այս միջոցով փորձում ենք տարանջատել այն անձանց, որոնք առաջնային աշխատանքի անհրաժեշտություն ունեն՝ մեր ներուժը կենտրոնացնելով հենց նրանց վրա»,-մանրամասնեց բանախոսը:

Նրա գնահատմամբ 2022 թվականը բարենպաստ էր նաև վերապատրաստումների առումով: Եվրոպայի խորհրդի կողմից վերապատրաստումներ են իրականացվել, այդ թվում՝ նեղ մասնագիտական և սուպերվիզիոն: «Աբովյան» ՔԿՀ-ում հոգեթերապևտիկ սենյակ է կառուցվել, որը համալրված է հոգեբանական խորհրդատվություն և թերապիա իրականացնելու համար անհրաժեշտ պարագաններով, ինչը ևս մասնագիտական աշխատանքի արդյունավետության բարձրացմանը նպաստող նախապայման է: 

«Վերապատրաստումները հնարավորինս թիրախային են և օգնում են նվազեցնել մասնագետների լճացումը, բարելավել նրանց մասնագիտական հմտությունները: Դրանք հիմնականում իրականացվում են պետական և ոչ պետական կազմակերպությունների կողմից: Մենք փորձում ենք թիրախավորել մեր խնդիրները, քարտեզագրել կարիքները և դրանք ներկայացնել այն կազմակերպություններին, որոնք վերապատրաստումներ իրականացնելու հայտ են ներկայացնում»,-ամփոփեց Ծ. Թադևոսյանը:

 

 

Նարե Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքները կարևոր են մի քանի տեսանկյունից: Դրանք նպաստում են անձի վերականգնմանը, ազատազրկված անձանց և աշխատողների միջև միջանձնային հարաբերությունների կարգավորմանը, անձանց ադապտացմանը և վերասոցիալականացմանը, ապահովում են ազատությունից դեպի ազատազրկում և հակառակը փափուկ անցումը՝ նպաստելով, որպեսզի անձը հնարվորինս պատրաստվի ազատությանը, այսինքն՝ հոգեբանական այնպիսի վիճակում դուրս գա, որ առողջ վիճակում ինտեգրվի և ադապտացվի հասարակության մեջ:

Հետևաբար, Ն. Հովհաննիսյանի կարծիքով, պետք է նպաստել բաժնի դերի և կարևորության ընկալման բարձրացմանը, թափուր հաստիքների համալրմանը, աշխատանքային բավարար պայմանների ստեղծմանը և շարունակական վերապատրաստումների իրականացմանը:  

Բանախոսը նշեց, որ քրեակատարողական համակարգի հետ կապված խնդիրները սովորաբար արդարադատության նախարարության տիրույթում են դիտարկվում, մինչդեռ դրանք պետք է ընդհանուր դիտարկել՝ ներառելով իրավապահ, դատական և առողջապահական համակարգը:

Օրինակ, երբ մարդիկ առողջության հետ կապված դժգոհություններ կամ պահանջներ են ունենում, բողոքը տեղ հասցնելու համար հացադուլ են հայտարարում կամ ինքնավնասում են կատարում, ինչի ծանրաբեռնվածությունը մնում է սոցիալ-հոգեբանական բաժնի ուսերին: Այս դեպքում համապատասխան ազդակներ պետք է ստանա առողջապահական ծառայություն իրականացնող կառույցը, միջոլորտային համագործակցություն պետք է լինի:

Ն. Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ բաժնի աշխատանքների ճկուն և արդյունավետ կազմակերպմանը նպաստում է նաև վերասոցիալակամացման ծրագրերի առկայությունը: Որպես օրինակ մատնանշեց «Արմավիր» ՔԿՀ-ն, որտեղ ազատազրկված անձանց շրջանում ինքնավնասումները և ագրեսիվության մակարդակը նվազել են, ինչին նպաստել է այն, որ վերջին տարիներին ավելի շատ են շեշտը դնում կրթական ծրագրերի և վերասոցիալականացման միջոցառումների վրա: 

Անդրադառնալով թափուր հաստիքների համալրմանը՝ նա առանձնացրեց աշխատավարձերի և աշխատանքային պայմանների հետ կապված խնդիրները: 

«Քրեակատարողական հիմնարկը շատ մասնագետների համար գրավիչ աշխատավայր չի թվում: Երբ մենք խոսում ենք քրեակատարողական հիմնարկների պայմանների մասին, շեշտը դնում ենք ազատազրկված անձանց վրա: Բայց հիմնարկների պայմանները նաև այնտեղ աշխատող մարդկանց աշխատանքային պայմաններն են: Երբ այդ պայմանները բարելավում ենք, բարենպաստ պայմաններ ենք ստեղծում աշխատողների, այդ թվում՝ հոգեբանների, սոցիալական աշխատողների, իրավաբանների համար: Եթե մենք ուզում ենք մրցունակ մասնագետներին տանել քրեակատարողական համակարգ, պետք է ամեն ինչ անենք բավարար աշխատանքային պայմաններ ստեղծելու համար՝ համապատասխան գույքով համալրված և կահավորված աշխատանքային սենյակներ, բարձր աշխատավարձ»,-մանրամասնեց բանախոսը: 

Այս համատեքստում նա կարևորեց այն հանգամանքը, թե քրեակատարողական հիմնարկներն ինչպես են ներկայացվում մեդիադիսկուրսում: Հիմնարկները պետք է ներկայացվեն որպես մի վայր, որտեղ անձանց վերականգնում են և առողջացրած հետ վերադարձնում հասարակություն: Այս ճանաապրհին բավականին կարևոր գործառույթ է իրականացնում սոցիալ-հոգեբանական, իրավական աշխատանքների բաժինը, ինչի հեռահար ազդեցությունն այն է, որ մեր երկրում նվազում են հանցագործությունների և կրկնահանցագործությունների միտումները: Բանախոսի դիտարկմամբ՝ այս տեսանկյունից խնդիրը պետք է ներկայացվի, որպեսզի մասնագետը պատկերացնի իր առաքելությունը և հիմնարկում աշխատելու որոշում կայացնի: 

Նա անդրադարձավ նաև մասնագետների շարունակական վերապատրաստման իրականացմանը: Նշեց, որ մասնագետներն ուժերը վերականգնելու, գիտելիքները թարմացնելու, մասնագիտության նոր զարգացումներին տեղեկանալու, մասնագիտական այրումը հաղթահարելու կարիք ունեն: Մասնագիտական այրման մեջ լինելն ուղղակի հետևանքներ է թողնում գործընկերների և ազատազրկված անձանց հետ շփման մեջ:

Քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց աանձնահատկություններով պայմանավորված՝ երբեմն մասնագետների կողմից տարբեր մոտեցումներ են պահանջվում: Օրինակ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում պահվող անձինք համակարգի աշխատողներ են, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում կանայք և անչափահասներն են պահվում: Նրանց հետ տարվող աշխատանքն իր բնույթով տարբեր է: Հոգեբանները, սոցիալական աշխատողներն ընդհանուր մասնագիտական մոտեցումերից բացի անձանց առանձնահատկություններով պայմանավորված մոտեցումներ և մեթոդներ են կիրառում: Ն. Հովհաննիսյանի առաջարկությունն այն է, որ վերապատրաստումները հասցեական լինեն և հիմնվեն մասնագետների կարիքների վրա:

Նա նշեց, որ սոցիալ-հոգեբանական բաժնի մասին խոսելիս առաջնային շեշտը հոգեբանների վրա է դրվում: Մինչդեռ սոցիալական աշխատողների և իրավաբանների դերը չպետք է ստվերում թողնել: Բացի այդ, վերապատրաստման դասըթացները պետք է կազմակերպվեն նաև քրեակատարողական հիմնարկների տարբեր մասնագետների, օրինակ, անվտանգության և այլ բաժինների աշխատողների համար: 

Բանախոսը հավելեց, որ նախորդ տարիները մարտահրավերներով լի էին՝ պատերազմ, համավարակ, որոնք ծանր հետևանքներ են ունեցել փակ համակարգում հայտնված մարդկանց վրա: Շատերն ունեցել են հարազատներ կամ ընտանիքի անդամներ, որոնք պատերազմական գործողությունների են մասնակցել կամ այդ գործողություններին մոտ տարածաշրջանում են բնակվել: Փակ հաստատությունում գտնվելը մեծացրել է անզորության զգացողությունը: Նրանք որևէ ձևով չէին կարող իրենց օգնությունն առաջարկել:

Ինչ վերաբերում է COVID-19 համավարակին, ապա շատերն ունեին վարակվելու վախ և դրանով պայմանավորված ավելի ծանր իրավիճակներում հայտնվելու մտահոգություն: Նրանք մտահոգվում էին նաև իրենց ընտանիքի անդամների առողջությամբ: Կանայք երեխաների հիմնական դաստիարակողներն են: Երբ նրանց երեխաները կամ ընտանիքի այլ անդամները վիրոսով վարակվել կամ հոսպիտալացվել են, կանայք ունեցել են անզորության և անորոշության զգացում: Ճիշտ է, տեսազանգերը կամ հեռախոսակապն ինչ-որ չափով կոմպենսացրել են ֆիզիկական շփման բացակայությունը, սակայն փակ հաստատությունում, որտեղ տեղաշարժը ֆիզիկապես սահմանափակված է, դա խորացրել է հատկապես հոգեկան առողջության վիճակը:

Առաջարկված լուծումները, բանախոսի կարծիքով, իրավիճակային են եղել, սակայն այդ մոտեցումները պետք է փաստաթղթավորվեն, որպեսզի հաջորդ անգամ, երբ նման իրավիճակներ լինեն, համակարգը բոլոր առումներով պատրաստ լինի արձագանքելուն:

«Նմանատիպ պայմաններում մասնագետները ևս պետք է առավելագույնս պատրաստված լինեն, որպեսզի և իրենք կարողանան նման մարտահրավերների դեպքում հետևանքներն անձնապես հաղթահարել, և որակյալ ծառայություն մատուցեն այն  անձանց, որոնք առաջնային ռիսկային գոտում են»,-ամփոփեց բանախոսը: 

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից իրականացնում է «Ջատագովելով բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման կարևորությունը» ծրագիրը, որի նպատակն է շահերի պաշտպանության միջոցով նպաստել բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակմանը և ներդրմանը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիս է կազմակերպվել, որը նպաստում է, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.