Skip to content Skip to sidebar Skip to footer

«Կորոնավիրուսի ազդեցությունն ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց առողջության վրա». Քննարկման ամփոփում

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական օգնության կազմակերպման, սպասարկման և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Բաբայանը 2022 թվականի դեկտեմբերի 9-ին հյուրընկալվել են Հանրային ռադիոյի «Ես առողջ եմ» հաղորդմանը և զրուցել են ազատազրկված և պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանանց վրա կորոնավիրուսի ունեցած ազդեցության մասին:

Բանախոսներն անդրադարձել են մի շարք կարևոր հարցերի՝ ազատազրկված կանանց բուժսպասարկում, կորոնավիրուսի թեստավորում և պատվաստում, դրական դեպքերի հայտնաբերում և բուժում, հանձնուքների տրամադրում, տեսակցությունների կազմակերպում, հեռախոսակապից և տեսակապից օգտվելու հնարավորություններ, կրթական ծրագրերի իրականացում և այլն:

Նաիրա Բաբայանը ներկայացրել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնական գործառույթները՝ անդրադարձ կատարելով կանանց հոգեկան առողջության վրա ազդեցություն ունեցող գործոններին և դրանց հաղթահարմանը:

«ՊՈԱԿ-ը սկրինինգային հետազոտությունների արդյունքում վերհանում է անձի մոտ հոգեկան կամ հոգեբանական խնդրի առկայությունը, դրանից հետո տարանջատում է կատարվում: Եթե հոգեկան առողջության մասին է խոսքը, զբաղվում է հոգեբույժը, ինչը ՊՈԱԿ-ի գործառույթների տիրույթում է: Եթե հոգեբանական խնդրի մասին է խոսքը, զբաղվում է սոցիալ-հոգեբանական ծառայությունը՝ փորձելով հոգեբանների աջակացությամբ և միջամտությամբ մարդկանց վերականգնել»,-նշեց Ն. Բաբայանը: 

Սկրինինգը կատարվում է ազատազրկված անձի՝ հիմնարկ մուտք գործելու պահից սկսած առաջին 24 ժամվա ընթացքում: Բուժծառայության աշխատակիցները հատուկ հարցաշարով զրույց են իրականացնում ազատազրկված անձի հետ: Թեստի վերջում միավորների հաշվարկային վերլուծության արդյունքում եզրակացություն է տրվում խորքային հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ: Բաբայանը նշեց, որ սկրինինգով որոշվում է ոչ թե հոգեկան կամ հոգեբանական խնդրի առկայությունը, այլ՝ խորքային զննության կարիքը: Եթե խորքային զննության իրականացման արդյունքում հայտնաբերվում է հոգեբուժական խնդիր, զբաղվում են ՊՈԱԿ-ի հոգեբույժները: Եթե հոգեբանական խնդիր է բացահայտվում, սոցիալ-հոգեբաններն են զբաղվում:

«Սկրինինգից բացի, անձի՝ հիմնարկ մուտք գործելուն պես առաջին 24 ժամվա ընթացքում իրականացվում է առաջնային արտաքին զննություն՝ վերհանելու խոշտանգման, մարմնական վնասվածքների առկայությունը, ինչն արձանագրվում է բժշկական քարտերում և համապատասխան մատյաններում: Բացահայտ խոշտանգման դեպքի առկայության դեպքում հատուկ ձևաթուղթ է լրացվում, փաստն արձանագրվում է, և այդ մասին տեղեկացվում են իրավապահ մարմինները»,-մանրամասնեց բանախոսը: 

Մարմնական առաջնային զննությունից բացի անձինք ենթարկվում են նաև բժշկի զննության: Առաջին 24 ժամվա մեջ բժիշկն ընդունում է ազատազրկված անձին, հասկանում է՝ ֆիզիկական առողջության հետ կապված ինչ գանգատներ կամ խնդիրներ կան: Իրականացվում են Հեպատիտ Ց-ի, ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի և COVID-19-ի թեստավորումներ: 

«COVID-19-ի թեստավորումը կատարում ենք անձի ցանկացած տեղաժարշի ժամանակ, ինչը մեզ հնարավորություն տվեց խուսափել մեծ բռնկումներից»,-նշեց բանախոսը: 

Նա ներկայացրեց նաև ազատազրկված կանանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման առանձնահատկությունները՝ անդրադառնալով հատկապես հղի կանանց և իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող մայրերի շրջանում առկա խնդիրներին։

«Փակ պայմանները պատժի կրման ընթացքում հղի կանանց ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական առողջության վրա են ազդեցություն թողնում այնքանով, որ թթվածնի կամ մաքուր օդի պակասը սահմանափակ է: Շարժունակության պակասը ևս կարող է բերել խնդիրների: Շենքային պայմանների առումով միանշանակ ցանկալի է, որ հղի կինը չգտնվի ազատազրկման վայրում: Սակայն եթե հղի կինն ազատազրկման վայրում է, չի նշանակում, որ մեր ուշադրությունից դուրս է»,-նշեց Բաբայանը՝ հավաստելով, որ ազատազրկման վայրում գտնվող հղի կնոջ բժշկական օգնությունը և սպասարկումը չեն տարբերվում ազատության մեջ գտնվող հղի կնոջը տրամադրվող ծառայությունից:

Մասնավորապես, «Աբովյան» ՔԿՀ-ն ունի գինեկոլոգ, ով շուրջօրյա հսկողություն է իրականացնում: Կանայք կցագրված են Աբովյանի ծննդատանը, և ըստ ցուցումների կամ պլանային հետազոտության նպատակով տեղափոխվում են ծննդատուն, որտեղ նաև խորհդատվություն են ստանում:

 

 

Նարե Հովհաննիսյանը զրույցի սկզբում նշեց, որ կանանց պարագայում ազատության սահմանափակմանը զուգընթաց կան որոշ գործոններ, որոնք նրանց կրկնակի խոցելի են դարձնում: Դա շենքային պայմանների ոչ հարմարեցված լինելն է կանանց սեռով պայմանավորված առանձնահատկություններին: Խնդիր են նաև օրենսդրական կարգավորումները, որոնք ընդհանուր են բոլոր ազատազրկված անձանց համար, և սեռով պայմանավորված առանձնահատկությունները նկատի չեն առնվում, օրինակ, զբոսանք տրամադրելիս կամ տեսակցություններ կազմակերպելիս:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ծանր հետևանքներից հնարավոր է եղել խուսափել, քանի որ վերջին տարիներին ազատազրկված անձանց թիվը կիսով չափ նվազել է:

Բացի այդ, եթե անձը փակ հաստատությունում է, ապա պետության անմիջական վերահսկողության ներքո է: Բանախոսի դիտարկմամաբ՝ փակ հաստատությունում գտնվելն օգնել է, որպեսզի անձինք խուսափեն ծանր հետևանքներից: Եթե, օրինակ, ազատության պայմաններում COVID-19-ի թեստավորում կամ պատվաստում անցնելն անձի հայեցողությանն էր թողնված կամ քաղաղաքացիական հիվանդանոցները գերծանրաբեռնված էին, ապա քրեակատարողական հիմնարկում հնարավոր է եղել հարցը հեշտությամբ կարգավորել, քանի որ բուժսպասարկումը կազմակերպվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի և քաղաքացիական հիվանդանոցների միջև համագործակցության արդյունքում:

«Փակ հաստատությունում գտնվելն օգնել է նաև հեշտությամբ գտնել վարակի հետագիծը, կանխարգելել վիրուսի ներթափանցումը»,-նշեց Ն. Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ «Աբովյան» ՔԿՀ-ում 1 դրական դեպք է արձանագրվել, որը բավականին շուտ բացահայտվել է, և բուժումը կազմակերպվել է:

Ճիշտ է, վիրուսի ներթափանցման ուղիները բացահայտվել են և համապատասխան սահմանափակումներ են կիրառվել, սակայն, բանախոսի կարծիքով, հետևանքները պետք է ավելի լայն դիտարկել:

«Կան կանայք, ովքեր իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեն: Երեխային խցային պայմաններում պահելն ինքնին դժվար է: Կա երեխայի առօրյան բանտային պայմաններում կազմակերպելու խնդիր, ինչը կապված է լոգանքի կազմակերպման, տաք ջրի  հասանելիության, զբոսանքի համար անհրաժեշտ տարածքի հետ և այլն: Երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանները բանտում հնարավոր չէ կազմակերպել»,-նշեց Հովհաննիսյանը:

Նա ավելացրեց, որ հանձնուքների սահմանափակման ժամանակահատվածում չի դիտարկվել կանանց տրամադրվող անձնական հիգիենայի պարագաների չափաբաժինների ավելացման հարցը: Տեսակցությունները փոխարինվել են հեռախոսակապով, բայց կանայք խնդիրներ են ունեցել հեռախոսաքարտեր ձեռք բերելու հարցում, քանի որ դրանց գները բարձր են: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելուն ուղղված ծրագրեր կային, բայց այդ ծրագրերում որպես առանձին խոցելի խումբ այս խմբերի կանայք ներառված չեն եղել: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատժից ազատման ընթացակարգերում հղի կանայք դիտարկվել են որպես խոցելի խումբ, սակայն մեր իրականության մեջ նրանք որպես առանձին խոցելի խումբ չեն առանձնացվել:

Նարե Հովհաննիսյանը դրական գնահատեց այն, որ քայլեր են ձեռնարկվել ազատազրկված անձանց կրթությունը հեռավար կազմակերպելու համար։ Տարբեր երկրներում կրթության հետ կապված խնդիրներ ունեին ազատազրկված անձինք: Հայաստանում բավականին սահուն է կազմակերպվել անցումը հեռավար կրթության: «Աբովյան» ՔԿՀ-ում դա կանանց համար օգտակար էր, քանի որ ֆիզիկական շփումն ընտանիքի անդամների հետ սահամանփակված էր, և հեռավար դասերը լրացնում էին ֆիզիկական շփման բացակայությունը:

«Ճիշտ է, մենք կարողացել ենք խուսափել ծանր հետևանքներից, բայց պետք է դիտարկենք հակառակ սցենարը, երբ պետությունը նույն ինտենսիվությամբ աշխատում է, բայց մի քանի տարի հետո մենք ունենում ենք մեկ այլ համավարակ, և ազատազրկված անձանց թիվն ավելանում է: Ջանքերն արդյունավետ էին նաև այն պատճառով, որ անձինք քիչ էին, ինչը թույլ է տվել խուսափել կուտակումներից կամ հեռավորության պահպանման անհնարինությունից: Բայց պետք է առաջնորդվել բացասական սցենարով»,-նշեց բանախոսը: 

Անդրադառնալով Պրոբացիայի ծառայությունում հայտնված կանանց՝ Հովհաննիսյանը նշեց, որ այս դեպքում հիմնական խնդիրը հասարակության կողմից պիտակավորվելն է, ինչն անուղղակիորեն հանգեցնում է այս կանանց սոցիալական վիճակի վատթարացմանը, քանի որ աշխատանք գտնելու հարցում դժվարություններ են ունենում: Դա անդրադառնում է նաև առողջական վիճակի վրա: Եթե մարդը չունի բավարար ֆինանսական միջոցներ, չի կարողանում հետևողականություն ցուցաբերել իր առողջական վիճակի նկատմամբ:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներին, ապա կար ժամանակահատված, երբ աշխատանքները դադարեցված էին, տեղաշարժը սահամափակված էր: Այդ ժամանակահատվածում տուգանք պատժատեսակ կատարող կանայք երկու տեսակի խնդրի էին բախվում՝ սոցիալական վիճակի ապահովում և պատժի կատարում: Երբ աշխատանքը դադարեցված էր, անհնար էր նաև հանրային աշխատանքներ կատարելով պատիժը կատարելը: Այս խնդիրներն ազդել են նրանց առողջական վիճակի վրա: Եթե քրեակատարողական հիմնարկում բուժսպասարկումը կազմակերպելը հեշտ է եղել ՊՈԱԿ-ի և քաղհիվանդանոցների միջև առկա համագործակցության շնորհիվ, ապա Պրոբացիայի ծառայությունում հաշվառված կանայք քաղաքացիական հիվանդանոցներ դիմելու խնդիր են ունեցել, քանի որ հիվանդանոցները գերծանրաբեռված էին, բացի այդ, սպասարկում էին կորոնավիրուսով հիվանդներին: Կար նաև ֆինանսական միջոցների սղության հարց: Այդ ժամանակահատվածում կանայք եկամուտ չունեին, բնականաբար, չէիր կարող օգտվել բուժսպասարկումից:

Խնդրահարույց է նաև այն, որ շահառուների ֆինանսական և սոցիալական վիճակով պայմանավորված Պրոբացիայի ծառայությունում անձանց կրթություը հեռավար ձևաչափով որոշակի ժամանակահատված հնարավոր չի եղել կազմակերպել: Անձինք համակարգիչներ և ինտերնետ հասանելիություն չեն ունեցել:

Ամփոփելով զրույցը՝ Ն. Հովհաննիսյանը նշեց, որ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն մշակում է համավարակների ժամանակ քրեակատարողական համակարգում և պրոբացիայի ծառայությունում գենդերազգայուն մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ քաղաքականության փաստաթուղթ, որը կօգնի, որպեսզի համավարակի կանխարգելմանն ուղղված իրավիճակային արձագանքը համապատասխան ամրագրումներ ունենա ոլորտը կարգավորող իրավական ակտերում՝ շեշտադրելով հատկապես կանանց խնդիրները և կարիքները: 

 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից իրականացնում է «Ջատագովելով բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման կարևորությունը» ծրագիրը, որի նպատակն է շահերի պաշտպանության միջոցով նպաստել բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակմանը և ներդրմանը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիս է կազմակերպվել, որը նպաստում է, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.