Skip to content Skip to sidebar Skip to footer

«Քրեակատարողական և պրոբացիայի համակարգի բարելավում. խնդիրներ և առաջարկներ». Քննարկման ամփոփում

2022թ. դեկտեմբերի 23-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Քրեակատարողական և պրոբացիայի համակարգի բարելավում. խնդիրներ և առաջարկներ» թեմայով քննարկում։

Բանախոսներն էին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի պետ Սիրարփի Մուղդուսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:

Սիրարփի Մուղդուսյանը Պրոբացիայի ծառայության 2022 թվականի աշխատանքը հաջողված որակեց: Նախ ներկայացրեց էլեկտրոնային 3 գործիքները, որոնք ներդրվել են՝ հեշտացնելու ծառայության աշխատանքները, նպաստելու փաստաթղթաշրջանառության նվազմանը և տեղեկատվության արագ ստացմանը:

«Առաջինը Ֆինանսների նախարարության հետ համատեղ ներդրված գործիքն է, որը հեշտացնում է մեր տուգանքների գանձման և վերահսկման աշխատանքները: Մենք կարողանում ենք ամենօրյա գրաֆիկով տեսնել, թե որ շահառուն ինչքան տուգանք է վճարել, երբ է վճարել, ինչքան է մնում տուգանքների վճարմանը և այլն: Երկրորդը Ոստիկանության և Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ ներդված էլեկտրոնային գործիքն է: Մենք բավականաչափ գրագրություններ ենք ունենում նշված կառույցների հետ: Հիմա այս ծրագրի միջոցով շատ արագ և կարճ ժամանակամիջոցում ստանում ենք մեզ անհրաժեշտ տեղեկատվությունը: Երորրդը e-probation էլեկտրոնային համակարգն է, որը թույլ է տալիս տեսնել շահառուների հետ կատարվող աշխատանքի ամբողջական գործընթացը՝ ռիսկերի և կարիքների  գնահատումը, փաստաթղթաշրջանառությունը: Այս գործիքները հնարավորություն են տալիս վերլուծություններ կատարել, տեսնել խնդիրները և հնարավոր լուծումներ տալ դրանց»,-մանրամասնեց Ս. Մուղդուսյանը:

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանում բացվել է մասնագիտական ուսուցման կենտրոն, որտեղ շահառուները հնարավորություն կունենան նոր մասնագիտացումներ սովորել: Ներկայումս չորս մասնագիտացման հնարավորություն կա՝ կարի և կահույքագործության հիմունքներ, վարսավիրական և կոսմետոլոգիական հմտություններ: Նպատակ կա հաջորդ տարիներին ավելացնել մասնագիտությունների թիվը՝ այդպիսով նպաստելով շահառուների վերասոցիալականացմանը, վերաինտեգրմանը հասարակության մեջ: 

Այս համատեքստում հաջորդ կարևոր ձեռքբերումն այն է, որ Պրոբացիայի ծառայությունում բացվել է վերասոցիալականացման և վերականգնողական բաժին, որը շահառունների հետ վերասոցիալականացման և վերականգնողական աշխատանքներ է իրականացնելու՝ կրթական, մշակութային, մարզական ծրագրեր, սոցիալական, հոգեբանական աջակցություն: Բաժնին զուգընթաց տարեվերջին բացվել է նաև հոգեբանի սենյակ, որի միջոցով անհատական ծառայություններ կտրամադրվեն շահառուներին:

«Վերականգնողական և վերասոցիալականացման բաժնի ստեղծման նպատակը հենց Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացմանը և հասարակության մեջ վերաինտեգրմանը նպաստելն է: Բաժինը համալրված է հոգեբանով, սոցիալական աշխատողով: Համալրումը դեռևս շարունակվում է: Նպատակն է թիրախային աջակցություն ցուցաբերել Պրոբացիայի շահառուներին: Մենք շահառուներին անվճար կրթություն կտրամադրենք, ինչը կօգնի աշխատանք գտնել և բավարարել իրենց կամ ընտանիքի անդամների առաջնային կարիքները: Մենք թիրախային մոտեցում ենք ցուցաբերում կանանց և անչափահասների նկատմամբ: Այս պահին մասնագիտական ուսուցման կենտրոնում երկու կին շահառու կոսմետոլոգիական հմտություն է սովորում, մեկ կին շահառու՝ կարի հիմունքներ: Դպրոցից դուրս մնացած երկու անչափահաս ընդունվել են հանրակթական դպրոց և շարունակում են ուսումը»,-մանրամասնեց Մուղդուսյանը:

Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված իրավիճակին, ապա Պրոբացիայի ծառայությունը սոցիալական աջակցություն է ցուցաբերել շահառուներին:

«Ծառայությունն առանձին բյուջե չունի: Մենք համագործակցում ենք տարբեր պետական և ոչ պետական կազմակերպությունների հետ: Օրինակ, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սոցիալական ծառայության կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում 100 շահառու պարենային փաթեթներ և հիգենայի պարագաններ են ստացել: Նրանց մեջ ուշադրություն ենք դարձրել անչափահաս և կին շահառուներին: Word Vision կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում 100 շահառունների երեխաներ սեպտեմբերի 1-ին ընդառաջ դպրոցական  պայուսակներ, գրքեր, անհրաժեշտ դպրոցական պարագաններ են ստացել»,-ամփոփեց բանախոսը: 

 

 

Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց քրեակատարողական ծառայության ձեռքբերումները: Նշեց, որ 2022 թվականին լուծվել է օտարերկրյա ազատազրկված անձանց համար անվճար թարգմանության ապահովման հարցը: Այն անձը, ով չի տիրապետում հայերենին, ներկայումս 24/7 գրաֆիկով թարգմանչական ծառայություն ստանալու հնարավորություն ունի: Աշխատանքներն իրականացվում են թարգմանիչների ներգրավմամբ` սկսած իրավունքների ու պարտականությունների ծանոթացումից մինչև բժշկական զննություն:

Հաջորդ ձեռքերումն այն է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելուց հետո 2022 թվականին 19 տարեկանից բարձր դատապարտյալները հանրակրթական ծրագրերում ընդգրկվելու հնարավորություն ստացան: Նախկինում հանրակրթական ծրագիրը մինչև 19 տարեկան անձանց համար էր: Հիմա մոտ 100 դատապարտյալ 6 քրեակատարողական հիմնարկից հանրակրթություն է ստանում:

Հովհ. Մարգարյանի փոխանցմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում ավելացել են տարբեր բնույթի ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, հիմնարկի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառումների շրջանակը:

«2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր քրեակատարողական  հիմնարկներում կազմակերպվել է շուրջ 190 միջոցառում, որոնցում ներգրավվել է 3300 անձ: Համեմատության համար ասեմ, որ 2021 թվականի ընթացքում միջոցառումների թիվը եղել է 160: Մենք ցանկանում ենք հասնել մի իրավիճակի, որ ամեն օր քրեակատարողական հիմնարկում որևէ միջոցառում լինի, ինչը կարևոր նշանակություն ունի և՛ վերասոցիալականացման, և՛ ազատ ժամանակի արդյունավետ տնօրինման համար»,-ասաց բանախոսը: 

Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դասընթացներ կազմակերպվեն նաև այն հիմնարկներում, որտեղ երբեք դասընթացներ չեն եղել: Օրինակ, «Գորիս» ՔԿՀ-ում օճառագործության դասընթաց է իրականացվել, «Սևան» ՔԿՀ-ում՝ կահույքագործության, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ համակարգչային  հմտությունների, շինարարական և կահույքագործության: Զուգահեռաբար, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոչ ֆորմալ կրթություն է իրականացվում, որում 100-ից ավել դատապարտյալ է ընդգրկված:

Ոլորտային բարեփոխումների համատեքստում կարևոր ձեռքբերում է վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի ստեղծումը, որը Քրեակատարողական նոր օրենսգրքով է նախատեսված: Քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի վերասոցիալականացման վերաբերյալ ցանկացած գործառույթի դեպքում` անվտանգային գոտու տեսակի պայմանների փոփոխություն, խրախուսանքի կամ տույժի միջոցի կիրառում, կարճաժամկետ կամ երկարաժամկետ մեկնումներ, հանձնաժողովը եզրակացություն է տալիս, որը ներակայացվում է քրեակատարողական հիմնարկի պետին:

«Կարևոր ենք համարում քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելումը: Այդ նպատակով 2022 թվականի օգոստոսից ներդրվել է գործիքակազմ: Արդյունքները կամփոփենք տարեվերջին, բայց նշեմ, որ ինքնավնասումների պատճառները տարբեր են՝ քրեական գործի հանգամանքներ, առողջական վիճակ, երբեմն անօրինական պահանջներ: Ինքնավասումները հիմնականում մի քանի անձանց կողմից են կատարվում: Տարվա ընթացքում մեկ անձը կատարում է 30-ից ավելի  ինքնավնասման փորձ: Այդ անձանց հետ ռիսկերի գնահատման գործիքի արդյունքում պլան է կազմվում և համապատասխան աշխատանքներ են իրականացվում»,-բացատրեց Մարգարյանը:

Մեկ այլ բարեփոխման շրջանակներում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում ստեղծել նոր անվտանգային կառավարման ստորաբաժանում, որը կհամատեղի անվտանգության և պահպանության ստորաբաժանումները:

«Հիմա ունենք անվտանգության ստորաբաժանում, որն իրականացնում է քրեակատարողական հիմնարկի ներսի անվտանգությունը և պահպանությունը, իսկ պահպանության ստորաբաժանումը՝ դրսի: Այս երկուսը միավորվելու են և գործելու են պարեկային ծառայության օրինակով: Սկզբանական ժամանակահատվածում ստորաբաժանումը կգործի «Արմավիր» ՔԿՀ-ում, հետո՝ մնացած հիմնարկներում: Ստորաբաժանման աշխատանքներում կարող են ընդգրկվել և նոր աշխատակիցներ, և քրեակատարողական այն աշխատակիցները, որոնք կանցնեն 3-ամսյա դասընթաց: Նշեմ նաև, որ քրեակատարողական ծառայողների համար նախատեսվում է ատեստավորման ինստիտուտի ներդնում: Ատեստավորում անցնելուց և դրական արդյունք ստանալուց հետո գլխավոր, միջին, առաջատար և կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողների աշխատավարձը կվերահաշվարկվի, կավելանա հավելավճար, որից կարող են տարվա ընթացքում երկու անգամ օգտվել»,-ամփոփեց բանախոսը: 

Նարե Հովհաննիսյանն անդրադարձավ «Աբովյան» ՔԿՀ-ի խնդիրներին: Նշեց, որ բավարար պայմաններ չկան իրենց մոտ 3 տարեկան երեխա ունեցող մայրերի համար: Հիմնարկի պայմանները հարմարեցված չեն երեխաների տարիքային առանձնահատկություններին: Չկան, օրինակ, մանկական օրորոցներ, խաղահրապարակներ կամ կանաչապատ զբոսաբակեր, խաղալիքներ, զբաղվածության միջոցներ: Չկա նաև տաք ջրի հասանելիություն, ինչը կարևոր է նաև կանանց հիգենայի կազմակերպման համար: Ֆիզիոլոգիական առանձնահատկություններից կամ կլիմայական պայմաններից ելնելով՝ կարիք կա, որպեսզի լոգանքն ավելի հաճախ կազմակերպվի: Մեկուսարանի մարզասրահը վերանորոգման և մարզագույքով համալրման կարիք ունի:  

«Հիմնական մոտեցումն այն է, որ երեխան պետք է հնարավորինս չզգա, որ փակ հաստատությունում է»,-նշեց Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ ինքը շեշտը դնում է մեկուսարանի վրա, քանի որ այնտեղ կանայք խցային պայմաններում են պահվում, իսկ խցային պայմաններն ավելի են ծանրացնում ազատազրկման պայմանները և հոգեբանական վիճակի վրա որոշակի հետևանքներ են թողնում:

«Ես այս խնդիրները կապում եմ համավարակով պայմանավորված մարտահրավերների հետ, քանի որ համավարակի ժամանակ նշված խնդիրներն իրենց ավելի են զգացնել տալիս»,-հավելեց բանախոսը: 

Դեռևս խնդիր է մանկական դեղերի ապահովումը: Դիտարկումները ցույց են տալիս, որ բուժմասում չկան սանհանգույց և մշտական հոսող ջրի հասանելիություն: Բուժանձնակազմն օգտվում է մասնաշենքի սանհանգույցից և ջրից, բայց համավարակով պայմանավորված իրավիճակներում պարտադիր է, որպեսզի միջամտություններից անմիջապես հետո բուժանձնակազմը հիգիենան պահպանելու հնարավորություն ունենա: 

Բանախոսի դիտարկմամբ՝ այն խնդիրները, որոնք արձանագրվում են մասնագետների աշխատանքային սենյակների ու պայմանների, ուսումնական սենյակների, դատապարտյալների աշխատանքը կազմակերպելու համար պայմանների հասանելիության, օդափոխության և ջրամատակարարման համակարգի առկայության տեսանկյունից, կարևոր է, որպեսզի նկատի առնվեն, և քրեակատարողական նոր հիմնարկի շենքը կառուցվի այնպես, որ ոչ թե համակարգում նոր խնդիր առաջացնի, այլ փորձի լուծել առկա խնդիրները: 

Հովհաննիսյանը բարձրաձայնեց մեկ այլ կարևոր խնդրի մասին: Այն իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են աշխատանքային գործունեություն ծավալել դատապարտյալների հետ, հարկային բեռի առջև են կանգնում:

«Երբ մենք ցանկանում ենք այդ գործունեությունը ծավալել հասարակական կազմակերպության շրջանակներում, հարկային բեռ է դառնում շահութահարկը: Դրան զուգահեռ, եթե մենք դատապարտյալին գրանցում ենք հարկայինում, ավելանում են դատապարտյալի հարկերը: Երբ ցանկանում ենք այդ գործառույթն իրականացնել որպես անհատ ձեռներեց, ԱՁ-ի հարկերն են բավականին բարձր: Այս առումով մեր մոտեցումն այն է, որ բացառություն սահմանվի այն իրավաբանական անձանց համար, որոնք ցանկանում են գործունեություն իրականցնել ՔԿՀ-ներում, և որոշակի հարկային զիջումներ տրվեն»,-ամփոփեց բանախոսը: 

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի «COVID-19 Համերաշխության ծրագիր 2020-2022» ծրագրի շրջանակում 2022 թվականի սեպտեմբերից իրականացնում է «Ջատագովելով բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակման և ներդրման կարևորությունը» ծրագիրը, որի նպատակն է շահերի պաշտպանության միջոցով նպաստել բանտերում և պրոբացիայի ծառայությունում COVID-19 համավարակին գենդերազգայուն արձագանքի մեխանիզմների մշակմանը և ներդրմանը:

Ծրագրի արդյունքները հանրայնացնելու և դրանց լայն քննարկումն ապահովելու նպատակով կազմակերպության նախաձեռնությամբ թեմատիկ մամուլի ասուլիս է կազմակերպվել, որը նպաստում է, որպեսզի պատասխանատու պաշտոնյաները դիրքորոշում արտահայտեն բացահայտված հիմնախնդիրների վերաբերյալ և պարտավորություն ստանձնեն դրանց կարգավորման ուղղությամբ:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.