Skip to content Skip to sidebar Skip to footer

2022 թվականին Կազմակերպությունն ամփոփել է ազատազրկված անձանց հիմնախնդիրները հանրայնացնող ֆոտոշարքերը, հոդվածաշարերը և տեսաֆիլմերը

2022 թվականին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն ամփոփել է «Հայացք ներսից» խորագրով 15 ֆոտոշարք, որոնք տեղադրվել են www.prisoninitiatives.am կայքի «Ֆոտոպատմություններ» բաժնում:

Ներկայացվել են քրեակատարողական հիմնարկները, դրանց ներսում գործող ուղղիչ հիմնարկների տեսակները, ազատազրկված անձանց սննդի կազմակերպման, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու հնարավորությունները, աշխատանքով, կրթությամբ, ընթերցանությամբ և մարմնամարզությամբ զբաղվելու, հեռախոսակապից, տեսակապից և զբոսանքից օգտվելու կարգը, արհեստագործական, կարճատև և երկարատև տեսակցության, մանկական և ուսումնական սենյակները, եկեղեցին, զբոսաբակերը, ընթերցասրահները, գրադարանները, մարզասրահները, կարանտինային խցերը, պատժախցերը և դրանց շենքային պայմանները:

Իրականացվել է «Ձեռքդ տո՛ւր, հասարակություն» խորագրով ֆոտոարշավ՝ հետևյալ ուղերձներով. «Դատապարտի՛ր արարքը, ոչ թե մարդուն» «Երբեմնի դատապարտյալ, բայց մարդ՝ ընդմիշտ» «Փոխի՛ր վերաբերմունքդ, փոխի՛ր կյանքեր» «Ձեռքս բռնի՛ր, հասարակություն, ինձնից երես մի դարձրու»:

2022 թվականին ամփոփվել են «Բանտային պատմություններ» և «Նամակներ բանտից» հոդվածաշարերը, որի շրջանակում www.prisoninitiatives.am կայքի «Հոդվածաշար» բաժնում հրապարակվել է 20 հոդված:

«Բանտային պատմություններ» խորագրի 2 հոդված ներկայացնում են նախկինում կալանավորված տրանս կնոջ և նախկին ցմահ դատապարտյալի ազատազրկման փորձառությունը:

«Նամակներ բանտից» խորագիրն ամփոփում է անազատության մեջ գտնվող անձանց կողմից ներկայացված հոդվածները: «Աբովյան» ՔԿՀ-ից ուղարկվել է 7 հոդված, որից 6-ի հեղինակները կալանավորված (3 կին) և դատապարտյալ (3 կին) կանայք են: 1 հոդված պատմում է կալանավորված անչափահաս տղայի մասին: Մնացած 11 հոդվածները գրվել են «Արմավիր», «Դատապարտյալների հիվանդանոց», «Կոշ», «Հրազդան», «Նուբարաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում պահվող ազատությունից զրկված 9 տղամարդկանց կողմից, որոնցից 1-ը կալանավորված է, 4-ը՝ ցմահ, մյուս 4-ը՝ որոշակի ժամկետով ազատազրկված դատապարտյալներ:

2022 թվականին ամփոփվել է «Մարդիկ՝ ճաղերից այն կողմ» խորագիրը կրող 16 տեսաֆիլմ, որոնց մասնակցություն են ունեցել «Աբովյան», «Արմավիր», «Գորիս», «Հրազդան» և «Սևան» ՔԿՀ-ներում պատիժ կրող 9 դատապարտյալ (2 կին և 7 տղամարդ, որից 2-ը՝ ցմահ դատապարտյալ), 2 նախկին ցմահ դատապարտյալ, պրոբացիայի 1 տղամարդ շահառու, քրեակատարողական հիմնարկների հոգևոր սպասավոր և ցմահ դատապարտյալի ընտանիքի անդամ:

Հաշվետու տարում ամփոփվել է նաև «Կրթությունը՝ ճաղերից այն կողմ» խորագրով տեսաֆիլմերի շարքը, որը ներկայացնում է ազատազրկված անձանց հանրակրթության, ոչ ֆորմալ և բարձրագույն կրթության կազմակերպման գործընթացը և խնդիրները: Տեսաֆիլմերի նկարահանմանը մասնակցություն են ունեցել «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում պատիժ կրող 3 դատապարտյալ (1-ը` ցմահ, 2-ը՝ որոշակի ժամկետով ազատազրկված):  

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտին առնչվող խնդիրներն առավել առարկայական և հանրության լայն շերտերին հասանելի դարձնելու, նրանց իրազեկվածությունը և զգայունությունը բարձրացնելու, ինչպես նաև վերաբերմունքի փոփոխությանը նպաստելու համար Կազմակերպությունը տեսաֆիլմերի նկարահանման մեջ ներգրավել է ազատազրկված անձանց, ովքեր անձնական փորձառության միջոցով ներկայացում են համակարգային խնդիրները:

Հոդվածների և տեսաֆիլմերի շնորհիվ անազատության մեջ գտնվող անձինք և նրանց ընտանիքի անդամները հնարավորություն են ունեցել բարձրաձայնել իրենց մտահոգությունները, ներկայացնել անձնական պատմությունները, ազատությունից զրկվելու հետևանքները, բանտային կյանքի դժվարությունները և այնտեղ անցկացրած տարիների փորձառությունը։

Նախաձեռնությանը մասնակցած ազատազրկված անձինք և պրոբացիայի շահառուներն արժանացել են շնորհակալագրերի, իսկ հոդված ներկայացրած անձինք նաև հոնորարներ են ստացել: Շնորհակալագրերը կցվել են ազատազրկված անձանց անձնական գործերին և նպաստել են, որպեսզի նրանք քրեակատարողական հիմնարկների պետերի կողմից դրական բնութագիր ստանան և խրախուսանքների արժանանան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոդված ներկայացրած 2 դատապարտյալ բարձրագույն կրթություն են ստանում, Կազմակերպությունը հոնորարները փոխանցել է համալսարանին՝ որպես նրանց 2021 թվականի 1-ին կիսամյակի 1 ամսվա ուսման վարձ:

Նկարահանումից հետո Կազմակերպությունը նախաձեռնել է այդ տեսաֆիլմերի քննարկումները, որոնց մասնակցել են պատասխանատու պետական կառույցների ներկայացուցիչները: Այդպիսով Կազմակերպությունը պետական կառույցների շրջանակներում հանրայնացրել է տեսաֆիլմերի միջոցով վերհանված խնդիրները։ Տեսաֆիլմերում առաջ քաշված խնդիրները և կարգավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացվել են Արդարադատության նախարարությանը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայություններին:

Առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի գրասենյակում: Հանդիպմանը մասնակցել են Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի այն աշխատակիցները, որոնք կազմում են պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցները:

Հանդիպման ժամանակ ցուցադրվել է 3 տեսաֆիլմ, որին հաջորդել են քննարկումը և մտքերի փոխանակումը: Պրոբացիայի ծառայության աշխատակիցները նշեցին, որ տեսաֆիլմերի միջոցով վերհանված խնդիրներն ու մտահոգություններն իրենց կօգնեն դատապարտյալների հետ աշխատանքի ընթացքում ուշադրություն դարձնել նրանց կողմից մատնանշված խնդիրներին: Առաջարկել են հետագա նմանատիպ նախաձեռնությունների ժամանակ հակիրճ անդրադարձ կատարել այն հարցին, թե ազատազրկված անձինք ինչ վերաբերմունք ունեն իրենց կողմից կատարված արարքի նկատմամբ, արդյոք զղջում են, թե՝ ոչ։ Այս մոտեցումը հասարակությանը կօգնի ավելի ամբողջական պատկերացում կազմել ազատազրկված անձանց վերաբերյալ։

2022 թվականի ապրիլի 14-ին Կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը հյուրընկալվել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագրի ուսանողներին: Նրանք ապագա ոլորտային մասնագետներ են, և նմանատիպ քննարկումներն օգնում են առնչվել քրեակատարողական համակարգում առկա պրակտիկ խնդիրներին:

Ն. Հովհաննիսյանն ուսանողներին է ներկայացրել քրեակատարողական հիմնարկների խցերի, կացարանների, կարանտինային բաժանմունքների և պատժախցերի պայմաններն արտացոլող ֆոտոշարքերը, որոնք դիտելուց և քննարկելուց հետո ուսանողները շեշտադրել են այն հանգամանքը, թե այդ պայմաններն արդյո՞ք կարելի է դիտարկել որպես խոշտանգում: Քննարկման ավարտին ցուցադրվել է «Ապագայի հույսով» տեսաֆիլմը, որը պատմում է նախկինում ցմահ ազատազրկման դատապարտված Վահագն Մարուքյանի մասին:

Հանդիպման ավարտին ուսանողները նշել են, որ ֆոտոշարքերի միջոցով առավել ընդհանրական պատկերացում են կազմել բանտային առօրյայի և խնդիրների մասին, իսկ տեսաֆիլմն օգնել է կենտրոնանալ ցմահ ազատազրկման փորձառություն ապրած մարդու զգացմունքների և կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի վրա: 

Նախաձեռնության շրջանակներում Կազմակերպության և դատապարտյալների միջև կայուն և շարունակական համագործակցություն է ձևավորվել: Հաշվետու տարում այն առավել սերտ է եղել «Արմավիր» ՔԿՀ-ում գործող դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման հետ:

Կազմակերպությունը միավորման անդամներին հնարավորություն է ընձեռել www.prisoninitiatives.am կայքում հրապարակել միավորման գործունեության մասին հոդվածներ և բանտային նամակներ: Նրանք այդկերպ հանրությանն իրազեկել են միավորման մասին և համագործակցության առաջարկներ ներկայացրել.

2022 թվականի մայիսի 10-ին «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի է ունեցել ամփոփիչ միջոցառում՝ նվիրված միավորման ստեղծման մեկամյակին։ Դատապարտյալները ներկայացրել են միավորման գործունեությունը՝ հանդիպումներ տարբեր ոլորտի մասնագետների հետ, դասընթացներ, քննարկումներ և այլն: Նրանք անդրադարձել են միավորման առաջիկա ծրագրին, որի շրջանակներում պատրաստվում են շարունակել հասարակական, մշակութային գործիչների հետ հանդիպումների շարքը, կազմակերպել մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր, կապեր հաստատել գրախանութների և լրատվամիջոցների հետ:

Միավորման գործունեությանն աջակցելու և վերջինիս հետ սերտ համագործակցելու համար Նարե Հովհաննիսյանը միավորման անդամ դատապարտյալների կողմից շնորհակալագրի է արժանացել:

2022 թվականի մայիսի 22-ին Ն. Հովհաննիսյանը  հանդիպել է միավորման անդամների հետ: Քննարկվել են Կազմակերպության և միավորման հետագա համագործակցության հնարավորությունները: Դատապարտյալներն առաջարկություններ են ներկայացրել ձեռքի աշխատանքների վաճառքի և մշակութայի միջոցառումների կազմակերպման ձևաչափի վերաբերյալ: Կարևորվել է այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնք կնպաստեն ազատազրկված անձանց և հասարակության միջև հաղորդակցության ամրապնդմանը:

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.