Skip to content Skip to sidebar Skip to footer

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Եվրասիա միջազգային համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն 2023 թվականի փետրվարի 28-ին կազմակերպեց Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսական կազմի և ուսանողների այցը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ։

Պատվիրակության կազմում էին համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, Իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս Նունե Ջոմարդյանը, նույն ամբիոնի դասախոս Լիա Թևոսյանը, Իրավագիտության ամբիոնի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները։

Հյուրերին դիմավորեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը, հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության մայոր Հայրապետ Անանյանը, հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մաղաքյանը, հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Համլետ Ամիրյանը և հիմնարկի պահպանության ապահովման բաժնի պետ, արդարադատության մայոր Աշոտ Խաչատրյանը։

Հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լաերտ Գրիգորյանը բարձր գնահատեց դատապարտյալների բարձրագույն կրթության կազմակերպման հարցում համալսարանի ունեցած ներդրումը։ Հավաստեց, որ կան դատապարտյալներ, ովքեր միջնակարգ կրթությունը հաստատող վկայական չունեն, բայց բարձրագույն կրթություն ստանալու ձգտում ունեն։ Ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք կատարվել են քրեակատարողական ոլորտում, այս համատեքստում առանձնացրեց սննդի տրամադրման նոր գործընթացը, ինչպես նաև 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթություն ստանալու հնարավորության ընձեռումը։ Վերջին փոփոխությունը հնարավորություն կտա շարունակել կրթությունը բուհերում։

Հիմնարկի պետ Լ․ Գրիգորյանը կարևորեց նաև ուսանողների այցը քրեակատարողական հիմնարկ։ Նշեց, որ նմանատիպ այցերը կարող են օգնել, որպեսզի հետաքրքրություն առաջանա ոլորտի նկատմամբ, և ուսումն ավարտելուց հետո համակարգում աշխատելու ցանկություն ունենան։  

«Ուսանողների համար շատ կարևոր է այս այցը։ Հուսով եմ՝ այցից հետո նրանք կփաստեն, որ պետությունը պատշաճ ձևով հոգ է տանում ազատազրկված անձանց մասին՝ անկախ նրանից, թե նրանք ճաղերի որ կողմում են։ Բացի այդ, կողմնակից ենք, որ ուսանողները համակարգին ծանոթանան նաև պրակտիկաների անցկացման միջոցով, ինչը կօգնի, որպեսզի հետագայում աշխատանքի անցնելու դեպքում հեշտությամբ ինտեգրվեն»,-ավելացրեց Լ․ Գրիգորյանը։

Համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը շեշտադրեց ազատազրկված անձանց կրթության կարևորությունը և վերահաստատեց, որ համալսարանը պատրաստակամ է աջակցել, քանի որ կրթությունը կարևոր է վերասոցիալականացման համար։ Նշեց, որ պետք է աջակցել, որպեսզի նրանք դառնան մասնագետներ՝ տնտեսագետներ, իրավաբաններ, և հիմնարկներից դուրս գալուց հետո աշխատեն։ Նա առաջարկեց հարցում անցկացնել ազատազրկված անձանց շրջանում, պարզել մասնագիտությունների հետ կապված նախասիրությունները և դրանք ներկայացնել համալսարանին, ինչը կօգնի առավել հասցեական աշխատել։

Ս․ Օհանյանը հետաքրքրվեց, թե ներկայումս դատապարտյալների համար աշխատանքի ի՞նչ հնարավորություններ կան քրեակատարողական հիմնարկներում։

Լ․ Գրիգորյանը տեղեկացրեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ն 2015 թվականին է կառուցվել, հետևաբար այն հնարավորությունները, որոնք եղել են խորհրդային ժամանակաշրջանում, հիմնարկին վերաբերելի չեն։ Սակայն այլ քրեակատարողական հիմնարկներում, օրինակ, «Կոշ», «Արթիկ» ՔԿՀ-ներում, խորհրդային տարիներին գործարաններ են եղել։ Բավականին վերջերս «Վանաձոր» ՔԿՀ-ում հացի արտադրամաս է գործել, որտեղ դատապարտյալներն են աշխատել, և նրանց պատրաստած հացը մատակարարվել է այլ քրեակատարողական հիմնարկներ։

«Ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունը ջանքեր է ներդնում, որպեսզի դատապարտյալների համար աշխատանքային նոր հնարավորություններ ստեղծվեն կամ առկա հնարավորություններն ընդլայնվեն, քանի որ աշխատելն օգնում է գումար վաստակել, նաև օրվա մեջ զբաղված լինել»,-ասաց Լ․ Գրիգորյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատապարտյալների բարձրագույն կրթության կազմակերպման տեխնիկական հարցերը։ Համալսարանը հեռակա ուսուցումը կազմակերպում է նաև շաբաթ օրերին, սակայն հիմնարկների դեպքում դա հնարավոր չէ, քանի որ ոչ աշխատանքային օր է։ Ս․ Օհանյանը նշեց, որ համալսարանը հաշվի է առնում ժամային առանձնահատկությունները, ինչը պայմանավորված է հիմնարկի օրվա կարգացուցակով, և ուսուցումը կազմակերպվում է աշխատանքային օրերին՝ ժամը 14։30-ից 17։00-ն ընկած ժամանակահատվածում:

Անդրադարձ կատարվեց ուսման վարձի հարցին, որը ներկայումս բարձրագույն կրթություն ստանալու ամենամեծ խոչընդոտն է դատապարտյալների համար։ Խնդիրն այն է, որ դատապարտյալների աշխատանքի հնարավորությունները սուղ են, իսկ աշխատավարձը ցածր է, և չի բավարարում, որպեսզի ուսման վարձ վճարեն։ Բացի այդ, կամ նրանք հարազատներ չունեն, կամ ընտանիքների հետ կապն ընդհարվել է, կամ էլ վերջիններս սոցիալական վատ վիճակում են և ի վիճակի չեն աջակցել իրենց դատապարտյալ հարազատին ուսման վարձի վճարման հարցում։

Սուրեն Օհանյանը նշեց, որ այս հարցը համալսարանն իր ուշադրության կենտրոնում կպահի։

Համալսարանի դասախոս Նունե Ջոմարդյանն ավելացրեց, որ համալսարանը համագործակից կառույցների աշխատողների համար ուսման վարձի 20 տոկոս զեղչ է նախատեսում։ Բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանալու ցանկության դեպքում այդ հնարավորությունից կարող են օգտվել նաև քրեակատարողական հիմնարկների աշխատողները։ Համալսարանն այդ հարցում ևս պատրաստակամ է աջակցել։

Հիմնարկի պետը նշեց, որ աշխատողների շրջանում բարձր է հատկապես իրավագիտություն մասնագիտության կարիքը, հետևաբար այդ մասին կիրազակեն աշխատողներին։  

Նարե Հովհաննիսյանը նշեց, որ նման հանդիպումները շատ կարևոր են, քանի որ ուսանողները ծանոթանում են խնդիրների հետ, ինչը կօգնի, որպեսզի հետագայում որպես մասնագետներ՝ փաստաբաններ, քննիչներ, դատախազներ կամ դատավորներ, ավելի պրոֆեսիոնալ լինեն իրենց աշխատանքում։ Ավելացրեց, որ համալսարանի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում կազմակերպությունը նախապատվությունը համալսարանին է տալիս, ուսանողներն ընդգրկվում են կազմակերպության ծրագրերում, համատեղ թեմատիկ քննարկումներ են կազմակերպվում։ Դա ևս նրանց օգնում է ավելի մոտիկից ծանոթանալ ոլորտային խնդիրներին։

Նա պատրաստակամություն հայտնեց քրեակատարողական հիմնարկների աշխատողների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների ժամանակ նկատի ունենալ համալսարանի մասնագիտական ներուժը։

Նաև կարևորեց կրթության նշանակությունն ազատազրկված անձանց ոչ միայն վերասոցիալականացման, այլև քրեակատարողական հիմնարկների ներսում առօրյայի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից՝ վկայակոչելով, որ «Արմավիր» ՔԿՀ-ում կրթական ծրագրերի ընդլայնմանը զուգահեռ ազատազրկված անձանց շրջանում նվազել են ինքնավնասումների դեպքերը։

Հանդիպումից հետո հյուրերը հիմնարկի պետի տեղակալներ Հայրապետ Անանյանի և Արտյոմ Մաղաքյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին «Արմավիր» ՔԿՀ-ում՝ ծանոթանալով հիմնարկի շենքային պայմաններին, ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեսակապի, կարճատև տեսակցության և քննչական գործողությունների իրականացման համար նախատեսված սենյակներին, հոգևոր անկյուններին, ազատազրկված անձանց զբոսանքի կազմակերպման պայմաններին։

Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի սոցիալական աշխատողներ Շիղա Պետրոսյանը և Հովհաննես Համբարձումյանը հյուրերին ներկայացրեցին ազատազրկված անձանց կրթության կազմակերպման հնարավորությունները՝ ուսումնական սենյակները, կավագործության սենյակը, գրադարանը, դպրոցը, որտեղ ներկայումս կազմակերպվում է 19 տարեկանից բարձր անձանց հանրակրթությունը։

Ս․ Օհանյանը զրուցեց կրթական ծրագրերում ներգրավված դատապարտյալների հետ և լսեց նրանց առաջարկությունները, որոնք մեծամասամբ վերաբերում են հանրակրթությունն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու հեռանկարներիին։ Այս առումով դատապարտյալները հետաքրքրված են Եվրասիա միջազգային համալսարանով։

Այցի ավարտին համալսարանի դասախոսները և ուսանողները հիմնարկի գրադարանին նվիրեցին գեղարվեստական և մասնագիտական գրքեր, տեղեկատվական նյութեր, ինչպես նաև համալսարանի «Բանբեր» պարբերականի համարները։  

Նշենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Եվրասիա միջազգային համալսարանի միջև 2022 թվականի նոյեմբերի 24-ին համագործակցության հուշագիր է կնքվել։ Նույն տարվա ապրիլի 12-ին համագործակցության հուշագիր է կնքվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև։ Իսկ կազմակերպության և համալսարանի միջև համագործակցության հուշագիր է կնքվել 2022 թվականի մարտի 22-ին։ Այս համատեքստում հիմնարկ կատարված այցը լավագույնս ամրապնդեց եռակողմ համագործակցության նպատակները՝ նպաստել ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը, զարգացնել համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողների գործնական հմտությունները և գիտելիքները։ 

Ավելացնենք, որ Եվրասիա միջազգային համալսարանում ներկայումս սովորում է «Արմավիր» ՔԿՀ-ի 1 դատապարտյալ։ Մյուս դատապարտյալը, որը ևս սովորում է համալսարանում, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ 

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2025 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.