ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրապարակել է 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, որտեղ անդրադարձ է կատարվում ազատազրկված անձանց կրթության կազմակերպման հնարավորություններին։
Ներպետական կարգավորումների համաձայն՝ ազատազրկված անձինք ունեն կրթություն ստանալու իրավունք, որի իրացման համար քրեակատարողական հիմնարկների վարչակազմը պարտավոր է համապատասխան պայմաններ և հնարավորություններ ստեղծել: Կրթությունը կարևոր նշանակություն ունի նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման կազմակերպման գործընթացում: Այն նպաստում է նրանց մասնագիտական կարողությունների բարելավմանը և անձնական աճին, բարձրացնում է աշխատանք գտնելու հավանականությունը: Բացի այդ, նպաստում է նրանց սոցիալական վերականգնմանը և հասարակության մեջ վերաինտեգրվելուն:
Կրթության իրավունքի իրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը և մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնումն առանցքային նշանակություն ունեն ՀՀ արդարադատության համար: Այդ ուղղությամբ համապատասխան գործողություններ են նախատեսվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023թթ. ռազմավարությամբ: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել ազատազրկված անձանց մասնագիտական կրթության կարիքների գնահատում և ըստ այդմ մշակել կրթական նոր ծրագրեր կամ փոփոխել առկա ծրագրերը:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2021թ. ընթացքում հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագիրն իրականացվել է «Աբովյան», Արմավիր», «Սևան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում, որին մասնակցել է թվով 15 սովորող: Նրանցից 2-ն ավարտել են 12-րդ դասարանը և ստացել միջնակարգ կրթության ատեստատ և թվով 1 սովորող, ավարտելով 9-րդ դասարանը, ստացել է հիմնական կրթության վկայական: 2022թ. ծրագիրն իրականցվել է «Աբովյան» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում: Կրթությունը շարունակում է 8 սովորող:
Հայաստանում 12-ամյա միջնակարգ կամ նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Ըստ այդմ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է մինչև 19 տարեկան ազատազրկված անձանց հանրակրթական ուսուցումը։ Այսինքն՝ հանրակրթական ուսուցման մեջ ներառված չեն բոլոր այն կալանավորված անձինք և դատապարտյալները, ովքեր ունեն հանրակրթություն ստանալու կարիք՝ անկախ տարիքից։ Մինչդեռ ազատազրկված անձանց շրջանում բազմաթիվ դեպքեր են արձանագրվում, երբ անձը 19 տարեկանից բարձր է, բայց ունի, օրինակ, 2-րդ կամ 5-րդ դասարանի կրթություն: Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2021թ. փետրվար ամսվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում գտնվող թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց թիվը մոտ 300 է։
Խնդրի կարգավորման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը 2021թ. մշակել է «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը, որոնցով նախատեսվում է հանրակրթություն ստանալու օրենսդրական երաշխիքներ սահմանել նաև 19 տարեկանը լրացած ազատազրկման ձևով պատիժ կրող և/կամ կալանավորված անձանց համար՝ ապահովելով նրանց կրթության իրավունքի իրական և արդյունավետ իրացումը: Փոփոխություններն ուժի մեջ են մտել 2022թ. օգոստոսի 1-ից: Դատապարտյալները սեպտեմբերից հնարավորություն կունենան դիմելու և ընդգրկվելու կրթական պրոցեսում։ Ծրագրի շահառու կդառնան այն դատապարտյալները, որոնք 1 տարի կամ ավելի պատիժ պետք է կրեն։ 19 տարեկանից բարձր անձանց համար ավելի խտացված է լինելու ուսումնական ծրագիրը։ Կրթությունն իրականացվելու է ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակներով։
«Արթիկ երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից «Արթիկ» ՔԿՀ-ում իրականացված հանրակրթական ծրագրում 2021-2022թթ. ուսումնական տարում ընդգրկվել է 22 անձ։
Սակայն շարունակում է խնդրահարույց մնալ այն, որ ազատազրկված անչափահասների հանրակրթություն ստանալու գործընթացն ընդհատվում է, երբ նրանք, խափանման միջոցի կամ պատժատեսակի փոփոխմամբ դուրս գալով քրեակատարողական հիմնարկից, համայնքում դպրոց չեն հաճախում: Պատճառն այն է, որ առկա չեն համայնքում նրանց նկատմամբ հետևողականություն ցուցաբերելու, այն է՝ վերահսկողություն իրականացնելու կամ ուղղորդելու մեխանիզմներ:
Օրենսդրական կարգավորումների տեսանկյունից խնդիրներ չկան, որպեսզի դատապարտյալները, ՀՀ մյուս քաղաքացիների նման, բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստանան: Այս դեպքում խնդիրն այն է, որ նրանք գտնվում են փակ հաստատությունում, ինչը նշանակում է, որ հասարակությունից կտրված են: Դրանով պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում ուսումնական հաստատությունների հետ կապ հաստատելու տեսանկյունից: Բացի այդ, նրանք դժվարանում են վճարել ուսման վարձը: Քրեակատարողական հիմնարկներում աշխատանքի հարցը կարգավորված չէ: Եթե նույնիսկ դատապարտյալներն աշխատում են, ապա նվազագույն աշխատավարձ են ստանում, որով հնարավոր չէ հոգալ ուսման վարձը: Առկա են նաև տեխնիկական բնույթի խնդիրներ: Այս համատեքստում կարևոր է նշել հիմնարկների շենքային պայմանները, որոնք ուղղակիորեն ազդում են կրթության կազմակերպման որակի վրա: Օրինակ՝ եթե հիմնարկն ապահովված չէ օդափոխության համակարգով, նշանակում է, որ ուսումնական նպատակով հատկացված սենյակները ևս չեն օդափոխվում:
Այդ պատճառով քիչ է բարձրագույն կամ հետբուհական կրթություն ստացող ազատազրկված անձանց թիվը: Օրինակ՝ 2021թ. Եվրասիա միջազգային համալսարանի «Իրավագիտություն» ամբիոնի բակալավրի ծրագրով առցանց սովորել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1 դատապարտյալ։
ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց զբաղվածության ապահովման, ազատ ժամանակի արդյունավետ օգտագործման, նոր գիտելիքների և աշխատանքային հմտությունների ուսուցման նպատակով մշտապես կազմակերպվում և իրականացվում են համապատասխան միջոցառումներ: Այդ միջոցառումները և կրթական ծրագրերն իրականացվում են ինչպես հեռավար (կորոնավիրուսային հիվանդության (Քովիդ-19) պատճառով), այնպես էլ՝ դեմ առ դեմ ձևաչափով:
«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021թ. քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց համար ՀՀ արդարադատության նախարարի «Իրավախախտում կատարած անձանց 2021 թվականի գեղագիտական դաստիարակության և կրթության ուսումնական ծրագրի (մոդուլ) դասախոսությունների ու գործնական պարապմունքների ցանկերը հաստատելու մասին» N 22-Ա հրամանով հաստատված ծրագրով «Աբովյան», «Արմավիր», «Սևան», «Կոշ», «Նուբարաշեն» և «ԵրևանԿենտրոն» ՔԿՀ-ներում և Պրոբացիայի ծառայությունում իրականացրել է դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Հայոց լեզու և գրականություն», «Օտար լեզու (անգլերեն, ռուսերեն)», «Բիզնես գրագիտություն», «Համակարգչային հմտություններ», «Դեկորատիվ կիրառական արվեստ (խեցեգործություն, գծանկար, գծագրություն, մանրանկարչություն, կոլաժ, վիտրաժ)», «Հայագիտություն և մշակույթ», «Վարսավիրական հմտություններ»,«Ընտանեկան բռնության կանխարգելում (հույզերի կառավարում)»: Միջոցառման մեջ ներգրավված անձանց ընդհանուր թիվը կազմել է 160 անձ, որից ավարտական հավաստագիր է ստացել 83 մասնակից, իսկ մասնակցության վկայագիր՝ 7 մասնակից:
ՊՈԱԿ-ի կողմից «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացված «Վարսավիրական հմտություններ», «Հայոց լեզու և գրականություն», «Ընտանեկան բռնությունների կանխարգելում և հույզերի կառավարում», «Անգլերեն լեզվի» դասընթացներին ընդգրկվել է 15 կին դատապարտյալ։
2021թ. ապրիլ ամսից Հայաստանի շախմատի ֆեդերացիան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացրել է առցանց կրթական ծրագիր՝ շախմատի ուսուցում, որին մասնակցել է 12 անձ: «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» առցանց դասընթացին մասնակցել է«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1 դատապարտյալ։ «Արմավիր» ՔԿՀում «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ՏՏ ոլորտի ժամանակակից գիտելիքներ և քաղաքացիական մասնագիտություն ստանալու դասընթացներում ընդգրկվել է 35 անձ: «Արմավիր» ՔԿՀ-ում Մետրո միջազգային գեղեցկության ակադեմիայի կողմից իրականացված վարսավիրական դասընթացին մասնակցել է 1 դատապարտյալ, ստացել է վկայական: Իսկ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 1 դատապարտյալ հեռավար մասնակցել է ծրագրավորման դասընթացների և այլն:
Ինչպես տեսնում ենք, ազատազրկված անձանց մասնագիտական ուսուցումը կազմակերպելու ուղղությամբ նույնպես քայլեր ձեռնարկվում են, սակայն նշված դասընթացները ոչ բոլոր քրեակատարողական հիմնարկներում են կազմակերպվում։
Բացի այդ, մտահոգության տեղիք է տալիս այն, որ մասնագիտական ուսուցման դասընթացները պարբերական և շարունակական բնույթ չեն կրում: Հասարակական կազմակերպությունները դասընթացները կազմակերպում են դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, որոնց ավարտից հետո համապատասխան ֆինանսավորում չեն ունենում՝ դրանց պարբերականությունը և շարունակականությունն ապահովելու համար: Մյուս կողմից էլ ազատազրկված անձինք չեն կարող մեկ հիմնարկում սկսած մասնագիտական ուսուցումը շարունակել այլ հիմնարկում, քանի որ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի կողմից դասընթացները ոչ բոլոր հիմնարկներում են կազմակերպվում։ Այսինքն՝ ինչպես ազատազրկվելուց, այնպես էլ մեկ հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխվելուց հետո անձը զրկվում է մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորությունից։
ՀՀ արդարադատության նախարարությունը Դիտորդների խմբի արձանագրած խնդիրների վերաբերյալ ներկայացրել է հետևյալ մեկնաբանությունները։
Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ոլորտային շարունակական բարեփոխումների արդյունքում ընդունվել է «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2022 թվականի մայիսի 25-ի ՀՕ-130-Ն օրենքը, որի համաձայն «Կրթության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը լրացվել է նոր՝ չորրորդ պարբերությամբ. «Պարտադիր տասներկուամյա միջնակարգ կրթության իրավունքի իրացման համար սույն հոդվածի 7-րդ մասի առաջին պարբերությունում նշված տարիքային սահմանափակումը չի տարածվում հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող այն դատապարտյալների վրա, որոնց պատժից ազատման ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի: Սույն պարբերությունում նշված անձինք իրենց ցանկությամբ կարող են իրացնել իրենց կրթության իրավունքը (միջնակարգ կրթություն ստանալ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»: Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կրկին իրականացվել է համապատասխան մոնիթորինգ, որի արդյունքներով Հիմնարկներում թերի միջնակարգ կրթություն ունեցող դատապարտյալների թիվը կազմել է 210:
Բոլոր հիմնարկներում իրականացվել է 19 տարեկան և ավելի տարիք ունեցող, ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների նախնական կրթական կարիքի գնահատում, որի արդյունքում տարանջատվել է կրթական երեք աստիճան՝ միջին դպրոց (5-9-րդ դասարաններ), ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ) և անձինք, որոնք տառաճանաչ չեն կամ դպրոց չեն հաճախել, որոնց թիվը կազմել է 92, միջինը 39-ից 41 տարեկան:
Հաշվի առնելով հիմնարկներում ուսումնառություն ստացող դատապարտյալների կարգավիճակի և ունեցած բազային հանրակրթական գիտելիքների առանձնահատկությունները՝ ընդհանուր հանրակրթության ուսուցման մեթոդաբանության հիմքով մշակվել և հաստատվել է ուսումնառության առանձնահատկություններով պայմանավորված նոր մեթոդաբանություն: Համապատասխան հիմնարկներում ընտրվել, առանձնացվել են հանրակրթությունն իրականացնելու համար նախատեսված տարածքներ, ուսումնական սենյակները վերանորոգվել են, ձեռք են բերվել այդ սենյակները կահավորելու համար անհրաժեշտ ուսումնաօժանդակ գույք ուսումնական սեղաններ, աթոռներ, գրատախտակներ, համակարգչային տեխնիկա և այլն, ինչպես նաև սովորողներին տրամադրվող գրենական պիտույքներ և այլ նյութեր: Իրականացվել է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ` hամաձայն Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 336-Ն հրամանի: Մրցույթի արդյունքում ընտրված ուսուցիչների հետ իրականացվել են մասնագիտական վերապատրաստումներ՝ ուղղված կրթության բնագավառում իրավական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների և գործնական կարողությունների ձևավորմանը և դրանց ամրապնդմանը: Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ:
Քրեակատարողական հիմնարկներում հանրակրթական և ոչ ֆորմալ կրթության ծրագրերի իրականացման, կազմակերպչական աշխատանքների աջակցման, դրանց պատշաճ, կանոնակարգված, անխափան և ժամանակին իրականացման նպատակով բոլոր քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժիններից նշանակվել են համապատասխան աջակցող աշխատակիցներ:
Արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքում մշակվել է հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող 19 և ավելի տարեկան դատապարտյալների հանրակրթության ուսումնական ծրագիրը, որի արդյունքում՝ 2022 թվականի սեպտեմբեր ամսից հիմնարկներում գտնվող դատապարտյալները կարող են միջնակարգ կրթություն ստանալ նաև 19 տարեկանից հետո՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:
Ներկայումս «Արմավիր», «Նուբարաշեն», «Արթիկ», «Աբովյան», «Սևան» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում ազատազրկման ձևով պատիժ կրող 92 դատապարտյալներ 19 և ավելի տարեկան ներկայացրել են դիմումներ՝ իրենց կրթության իրավունքն իրացնելու համար: Ուսումնական գործընթացը մեկնարկված է:
Նախատեսվում է առաջիկայում ձեռք բերել մանկական տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ժամանցային և զարգացման խաղեր։
Մեկ հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխվելու պարագայում մասնագիտական ուսուցում ստանալու հնարավորությունից զրկվելու մտավախության վերաբերյալ անհրաժեշտ է նշել, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված դասընթացներում ընդգրկված ազատազրկված անձին այլ հիմնարկ տեղափոխելու պարագայում, որտեղ որ ՊՈԱԿ-ի կողմից դասընթացներ չեն իրականացվում, ապա ազատազրկված անձի ցանկության առկայության պարագայում՝ համապատասխան դասընթացներին մասնակցությունը կիրականացվի հեռավար կարգով:
Աղբյուրը՝ Դիտորդների խմբի 2021թ․ տարեկան զեկույց