Skip to content Skip to sidebar Skip to footer

«Քրեակատարողական հիմնարկներում աշխատանքային իրավունքների հիմնախնդիրները». Դիտորդների խմբի 2021թ․ զեկույց

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հրապարակել է 2021 թվականի տարեկան հաշվետվությունը, որտեղ անդրադարձ է կատարվում ազատազրկված անձանց աշխատանքային իրավունքների հիմնախնդիրներին։

Ազատությունից զրկված անձանց աշխատանքով ապահովելը նպաստավոր ազդեցություն է ունենում դատապարտյալների միջանձնային հարաբերությունների հանդարտ ընթացքի, կարգապահության, անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման և հետագայում հասարակության մեջ վերաինտեգրման համար։

Խմբի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ 2021 թվականի ընթացքում քրեակատարողական հիմնարկներում պահվող 398 դատապարտյալ ընդգրկված է եղել քրեակատարողական հիմնարկների տարաբնույթ աշխատանքներում: Վերոնշյալ դատապարտյալներից վարձատրվող աշխատանքներում ներգրավված է եղել 255 անձ, իսկ չվարձատրվող աշխատանքներում՝ 143 անձ, թափուր է եղել 86.25 հաստիքային միավոր: 

Չվարձատրվող աշխատանքի հասկացությունը ըստ Արդարադատության նախարարության

Որոշ դատապարտյալներ, իրենց դիմումի համաձայն, որոշակի աշխատանքներ կատարում են առանց վարձատրության,ովքեր թեև հաշվառվում են որպես աշխատող դատապարտյալ, սակայն նրանց հետ պայմանագիր չի կնքվում: Դատապարտյալները չվարձատրվող աշխատանքներում ընդգրկվում են հանգստյան ժամերից դուրս՝ օրական առավելագույնը երկու ժամ՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի որոշման:

Ըստ դիտորդական խմբի ուսումնասիրությունների՝ չվարձատրվող աշխատանքներում ներգրավված անձանց իրավունքները հաճախ խախտվում են և չի պահպանվում նախարարության կողմից սահմանված օրական 2 ժամյա աշխատանքի պայմանը։ Չվարձատրվող այդ աշխատանքի մի մասը,որը սովորաբար լինում է ՔԿՀ-ի ամենակեղտոտ աշխատանքը,կատարում են տվյալ ՔԿՀ-ում պատիժ կրող նույնասեռականները, այնինչ 2021թ․ առկա են եղել թափուր հաստիքներ։

Տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքի նկարագրությունը ըստ Արդարադատության նախարարության

Քրեակատարողական հիմնարկների տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ընդգրկված դատապարտյալները կատարում են հետևյալ աշխատանքները՝ բանվորություն, շինարարություն, հանձնուքի տեղափոխում, սննդի բաշխում, լվացքատան սպասարկում, մաքրություն և այլն: Վարձատրությունը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նվազագույն աշխատավարձի չափով:

Դիտորդների խմբի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քրեակատարողական հիմնարկներում տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավվող դատապարտյալները չեն խրախուսվում ո´չ ՔԿՀ-ի, ո´չ ազատազրկվածների կողմից։ Ավելին, նրանց ազատազրկվածներն անվանում են «աբսլուգներ», իսկ վերջիններիս ծառայությունը՝«աբսլուգնոց»։ Իրենց կատարած աշխատանքի արդյունքում վերջիններս որակվում են ավելի ստորադաս, քան այն անձինք, ովքեր ապրում են չգրված կանոններով։ Ինչ վերաբերում է ՔԿՀ խրախուսանքներին՝ Դիտորդների խումբը բազմիցս արձանագրել է, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված ազատազրկված անձինք իրենց կատարած որակյալ աշխատանքի և դրական բնութագրի համար չեն ներկայացվում խրախուսանքի, իսկ ներկայացվածները ստանում են մերժումներ։

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հետ կնքված կոմիսիայի պայմանագրերի շրջանակներում հիմնականում կատարվել են (ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի նոյեմբերի 25ի թիվ ՍնԴ/1782/04/21 վճռով «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը ճանաչվել է սնանկ) ստեղծագործական աշխատանքներ՝ ըարբեր նյութերից պատրաստվել են հուշանվերներ և այլ իրեր, որոնք իրացվել են նույն հիմնադրամի կողմից, իսկ վարձատրության չափը կախված է եղել աշխատանքների վաճառքից ստացված գումարից, որը փոխանցվել է դատապարտյալի անձնական հաշվին:

Այլ գործատուի մոտ դատապարտյալներն ընդգրկվում են ցանկացած բնույթի աշխատանքներում (բացառությամբ ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 15ի N 135Ն որոշմամբ հաստատված արգելված աշխատանքերի), իսկ վարձատրության չափը սահմանում է գործատուն՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված նվազ ագույն աշխատավարձի չափից ոչ պակաս:

ՀՀ արդարադատության նախարարությունը Դիտորդների խմբի արձանագրած խնդիրների վերաբերյալ ներկայացրել է հետևյալ մեկնաբանությունները։

«Սևան» ՔԿՀ-ում նախատեսվում է բացել փայտամշակման արտադրամաս՝ ապահովելով դատապարտյալների զբաղեցվածության համար պատշաճ պայմաններ:

Միաժամանակ, հարկ է փաստել, որ փուլային սկզբունքով Կառավարությունը ընդլայնում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց զբաղվածության ապահովման հնարավորությունները:

Անդրադառնալով հաշվետվությամբ նշված դիտարկմանը այն մասին, որ խոցելի խմբերի դատապարտյալների համար չեն ապահովում քրեակատարողական հիմնարկներում աշխատանքների բաշխման համար հավասար պայմաններ, ապա պետք է փաստել, որ քրեական ենթամշակույթի ազդեցության դրսևորումների, ինչպես նաև կալանավորված անձանց ու դատապարտյալների նկատմամբ խտրական վերաբերմունքի բացառումը մշտապես գտնվում է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում և այդպիսի դեպքերի հայտնաբերման պարագայում դրանց տրվում է համապատասխան արձագանք՝ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում։

the Kick-ass Multipurpose WordPress Theme

© 2024 Kicker. All Rights Reserved.

Sign Up to Our Newsletter

Be the first to know the latest updates

Whoops, you're not connected to Mailchimp. You need to enter a valid Mailchimp API key.